Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

Բաղդադը ուշի ուշով հետևում է Քրդստանի խորհրդարանական ընտրություններին

Բաղդադը ուշի ուշով հետևում է Քրդստանի խորհրդարանական ընտրություններին
02.10.2018 | 01:06

Սեպտեմբերի 30-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Արդյունքների մասին զրուցում ենք թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։


-Իրաքյան Քրդստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները։ Ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին, ի՞նչ քաղաքական պատկեր ունենք այստեղ։
-Խորհրդարանական ընտրություններից դեռևս չկան նախնական տվյալներ, սակայն, իմ տեղեկություններով, բավականին հետաքրքիր քաղաքական դասավորվածություն է ստացվել Իրաքյան Քրդստանի խորհրդարանում։ Առաջին տեղում Բարզանիների քաղաքական ուժն է՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը։ Եթե նախկին խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը «Քրդստանի հայրենակցական միություն» կուսակցությունն էր, այժմ, կարծես, այլ դասավորվածություն ունենք. երկրորդ տեղում, իմ տվյալներով, Քրդստանի իսլամական միությունն է։ Երրորդ հորիզոնականում Գորրանն է, չորրորդում՝ «Քրդստանի հայրենակցական միություն» կուսակցությունը:
-Կա՞ն հայեր, որոնք ներգրավված էին ընտրական պայքարում, և ի՞նչ արդունքներ են արձանագրել։
-Հայերից 6 թեկնածու է մասնակցել ընտրություններին։ Ես նախկինում ասել էի, որ ֆավորիտ եմ համարում մի քանի թեկնածուների։ Ըստ իմ աղբյուրների նախնական տվյալների, Վահիկ Սարանյանը Զախոյում ստացել է 449 ձայն, իսկ Դուհոկում՝ 33։ Գործող պատգամավոր Երվանդ Ամինյանը Զախոյում ստացել է 102 ձայն, Դուհոկում՝ 182, իսկ Արամ Բոզոն՝ Զախոյում 458, Դուհոկում՝ 65 ձայն։
-Բաղդադը չէր ողջունում մեկ տարի առաջ Իրաքյան Քրդստանի անցկացված անկախության հանրաքվեն, որ հետո լարվել էին Բաղդադի և Էրբիլի հարաբերությունները։ Խորհրդարանական ընտրություններից հետո ինչպիսի՞ն կլինեն Բաղդադ-Էրբիլ հարաբերությունները։
-Մեկ տարի առաջ անկախության հանրաքվեն լարվածություն մտցրեց Էրբիլի և Բաղդադի միջև, ինչը հանգեցրեց Քրդստանի հողերի կորստի։ Խորհրդարանական ընտրություններին Բաղդադը ուշի ուշով հետևում էր, որոշ չափով աջակցում Քրդստանին ժողովրդավար ընտրություններ անցկացնելու հարցում։ Դրա մասին էին խոսում նաև միջազգային կազմակերպությունների, դիտորդների, հյուպատոսների արձագանքները, քաղաքացիներին ուղղված հորդորը, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Բաղդադն անհամբեր սպասում է այս քվեարկության արդյունքներին, քանի որ ընտրությունների արդյունքներով է պայմանավորված Իրաքի խորհրդարանում կոալիցիա կազմելու հարցը։ Խորհրդարանում իրաքյան երկու քաղաքական ուժեր գրեթե հավասար ձայներ ունեն, նրանց անհրաժեշտ է Քրդստանից ընտրված պատգամավորների կամ քաղաքական ուժերի հետ համաձայնության գալ, որպեսզի կոալիցիա, այնուհետև կառավարություն կազմեն Իրաքում։ Տվյալ դեպքում, ըստ իս, կոալիցիա կկազմվի հենց Բարզանիների կուսակցության հետ, քանի որ վերջինս, կարծես, հաղթել է այս ընտրություններում։
-Խորհրդարանական ընտրություններն ի՞նչ են տալիս քրդերին, ի՞նչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում։
-Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային դեռևս 2017 թվականին, սակայն դրանք 8 ամսով հետաձգվեցին Իրաքի և Քրդստանի միջև եղած տարաձայնությունների, պատերազմի պատճառով։ Մինչ այդ հրաժարական տվեց նաև Քրդստանի նախագահ Բարզանին։ Այսինքն, Քրդստանը դեֆակտո առանց նախագահի էր։ Խորհրդարանական ընտրություններից հետո Քրդստանն ավելի լեգիտիմ իշխանությամբ է գնում բանակցությունների Իրաքի հետ։ Մինչ այս պահը բանակցություններ տեղի չէին ունենում Բաղդադի և Էրբիլի միջև, քանի որ Բաղդադը չէր ճանաչում նախկին խորհրդարանը։ Բանակցություններն այսուհետ կարող են կայանալ։ Խորհրդարանական ընտրություններն ավելի լայն լիազորություններ են տալիս Քրդստանին Իրաքի խորհրդարանում իրենց հարցերը բարձրացնելու համար։ Բարզանիները բազմիցս հայտարարել է, որ իրաքյան կառավարությունում պաշտոններ չի ակնկալում, կոալիցիա է իրաքյան խորհրդարանում, որպեսզի բարձրացնի Քրդստանին վերաբերող հարցեր։


Զրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan