ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Համատեղ բացած ակոս

Համատեղ բացած ակոս
02.10.2018 | 00:11

Համաշխարհային բազմազգ ընտանիքի անդամների միջև քաղաքակիրթ փոխհարաբերություններ հաստատելու անգերազանցելի միջոց են մշակութային շփումները, փոխճանաչումը, համատեղ և միասնաբար ապրելու և արարելու շնորհը, որը հաճախ կայանում է ոչ թե հրամանագրերով, որոշումներով և կոչերով, այլ ինքնաբերաբար, ներքին մղումով և համոզմունքով, միայն թե անհրաժեշտ է, որ այդ մշակույթները պահպանած լինեն իրենց անաղարտությունը, ազգային ուրույն դիմագիծը՝ չլղոզելով իրենց ինքնատիպությունն օտարամուտ միջամտություններով և խիստ ազդեցություններով, առավել ևս, միտումնավորությամբ յուրացնելով մեկ այլ արժեհամակարգի առանցքային հատկանիշները և վերագրելով իրենց: Մշակույթների փոխճանաչումը նաև հոգևոր հարստացման գործիք է, կարևորագույն խթան ոչ միայն ժողովրդական, այլև պետական դիվանագիտական քաղաքականության անցնցում ընթացքի, գործնական կապերի հաստատման համար, որտեղ կողմերն իրավահավասար են, հաղորդակցվում են հարգանքի և վստահության իրենց իսկ ձևավորած միջավայրում:


Բարեկամական այս որակի և մակարդակի կամուրջներ են կառուցված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև, որոնց ակունքները հասնում են վաղ միջնադար, գուցե և ավելի հեռավոր ժամանակներ, որոնց վերաբերյալ, ըստ երևույթին, պատմագիտությունը փաստերի չի տիրապետում: Հավանաբար երկու ազգերի միջև գոյություն ունեն տեսանելի և աներևույթ ընդհանրություններ, ազգային բնավորության, մտավոր և հոգևոր արժեքների գնահատման առանձնահատկություններ, և դրա շնորհիվ է, որ փոխադարձ անշահախնդիր հյուրընկալությամբ են իրենց երկրների դարպասները բացում միմյանց առջև: Նոր ժամանակներում, մասնավորապես Հայոց ցեղասպանությունից հետո, Ֆրանսիան և ֆրանսիացիները դարձել են եվրոպական տարածաշրջանի ամենահյուրընկալ երկիրն ու պետությունը հայերիս համար: Մեր օրերում, Խորհրդային Միության փլուզումից և ՀՀ անկախ պետականության վերականգնումից հետո, երբ հնարավորություն է ստեղծվել ինքնուրույն կարգավորելու միջպետական և միջմշակութային բարեկամությունը, այն թևակոխել է նոր շրջափուլ և մարմնավորվում է ամենատարբեր ուղղություններում մշակութային շփումների ակտիվացմամբ: Դա ակնառու է մասնավորապես Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի օրինակով: Սակայն փորձենք առավել ամբողջական ուրվագծել երկու ժողովուրդների միջև հաստատված կապերի նկարագիրը:
Պատմությունն արձանագրել է մի շարք լրջագույն փաստեր, որոնք հավաստում են երկկողմ աշխարհայացքային և բարոյահոգեբանական ընկալումների և զուգահեռների մասին, որոնց գործնական վկայությունները բազմաթիվ են և դրսևորվել են տարբեր հարթություններում: Կարծում ենք՝ խոսուն իրողություն է հայոց վերջին թագավոր Լևոն VI-ի՝ կյանքի մայրամուտին ֆրանսիական արքունիքում ապաստանելը և հուղարկավորությունը Սեն Դընի արքունական դամբարանում 1393 թվականին: Իսկ մինչ այդ սերտ հարաբերություններ էին հաստատվել Կիլիկյան Հայաստանի և Ֆրանսիայի միջև. տակավին XI դարում հայոց թագավորության սահմաններում ֆրանսիացի ասպետներին տրվում է ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն՝ տրամադրելով տարածք և արտոնություններ, որը հետագայում վերաճում է սերտ բարեկամության հայ ազնվականական տների հետ: Ոչ պակաս նշանակալի փաստ է կապված Իսրայել Օրու անվանը, որպես ֆրանսիական բանակի հիմնական մատակարարի: Իսկ Նապոլեոն Բոնապարտի կողքին իրենց անվեհեր ծառայությունն էին մատուցում հայազգի զորականներ Մյուրատն ու Ռոստոմը:


Իրավիճակն այլ դրսևորումներ ունեցավ մեկ դար առաջ՝ 1918 թվականին, երբ Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին երկու երկրների միջև: Այդ ժամանակ Հայաստանում իրենց գործունեությունը ծավալեցին ֆրանսիական մի շարք կազմակերպություններ և նրանց ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև մեր հասարակական շրջաններում քիչ հայտնի Անտուան Պուադեբարը: Մինչդեռ վերջինս աշխարհահռչակ հնագետ, պատմաբան, քարտեզագիր, օդաչու, միսիոներ էր, որը հնագիտական հետախուզություններում առաջինը կիրառեց օդային լուսանկարչության մեթոդներ: 1900-ական թվականների սկզբին նա տեղափոխվել է Թուրքիա և Հայաստան, կատարելապես սովորել հայերեն և թուրքերեն: Նրա մասին ասել են, թե Աստծուց հետո ամենից շատ պաշտել է Հայաստանը և օդագնացությունը: 1917-ից հետո, երբ Ռուսաստանի հարավում նվազել էր ֆրանսիական ազդեցությունը, ծառայել է Կովկասում՝ Հայաստանում, Իրանում և Վրաստանում:


Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանատան հետ համատեղ կազմակերպված «Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը ֆրանսիական դիվանագիտական վավերագրերում» ժամանակավոր ցուցահանդեսում, որի բացմանը մասնակցեց նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, ներկայացված են նրա զեկույցները, հեռագրերը, նամակները՝ հասցեագրված և՛ ֆրանսիական, և՛ հայկական իշխանություններին, տարբեր գերատեսչությունների, որոնցում վերլուծում է իրադրությունը տարածաշրջանում, ներկայացնում միջպետական, պանթուրքական, ռազմական և այլ ոլորտներ շոշափող հավանական զարգացումները, որտեղ արտացոլված են նաև պանթուրանական շարժման գործունեության, հայերի հայրենադարձության, հայ փախստականներին Կովկաս տեղափոխելու և նրանց համար գաղթօջախներ ստեղծելու, ինչպես նաև այլ կնճիռների առնչվող հիմնախնդիրներ: 1924 թվականին, Բեյրութի Սբ Հովհաննես համալսարանում դասավանդելու տարիներին, որտեղ կուտակվել էին բազմաթիվ հայ փախստականներ, Պուադեբարը զգալի օգնություն է ցուցաբերել և ջանքեր թափել նրանց համար տներ և աշխատանքային պայմաններ ապահովելու, արհեստանոցների շինարարության կազմակերպման ուղղությամբ, նույնիսկ մտահղացել և ստեղծել է ծալովի բազկաթոռը՝ հայկական արդյունաբերությանն աջակցելու համար: Ինչևէ: Անտուան Պուադեբարին և նրա գործունեությանը առավել մանրամասնորեն կարելի է ծանոթանալ թե՛ հիշյալ ցուցադրության, թե՛ «Բանբեր Հայաստանի արխիվների»-ի 2004 և 2011 թվականների համապատասխան հրատարակություններում:


Հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման տեսանկյունից անհնար է չանդրադառնալ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնաճյուղ՝ Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում փառահեղ ինքնապաշտպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքներին: Ֆրանսիական իշխանությունները, մասնավորապես ռազմածովային ուժերը, բախտորոշ և ճակատագրական դերակատարում ունեն այդ հերոսական իրադարձությունների հայանպաստ հանգուցալուծման գործում, որի արդյունքում, ավելի քան հիսունօրյա կենաց-մահու հերոսական դիմադրությունից հետո, թուրքական զորքի շրջափակումից դուրս բերվեցին և տարհանվեցին չորս հազարից ավելի հայ քաջեր, խաղաղ բնակիչներ: Մուսա լեռան հերոսամարտին բազմիցս անդրադարձել են և՛ մշակույթի ու գրականության, և՛ գիտության գործիչներ՝ թե՛ հայազգի, թե՛ օտար: Այն իր բնույթով, որպես ազատատենչության, հայրենապաշտության, արժանապատվության և միասնության պատմական իրողություն հիշատակվում է նմանատիպ ծայրահեղ իրավիճակներում հայտնված այլ ազգերի մի շարք ապստամբությունների և ընդվզումների պատմություններում, որպես ոգեղենության և հերոսականի օրինակ: Աննախադեպ էին Հերոսամարտի 100-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում հայ ժողովրդի երախտագիտության դրսևորումները և՛ համայն մուսալեռցիների կողմից ի սփյուռ աշխարհի և՛, մասնավորապես, Սարդարապատի թանգարանի կողմից: Առաջին անգամ և հետայդու Մուսա լեռան հուշահամալիրում ՀՀ պետական դրոշի, Մուսա լեռան նշանավոր փրկարար Խաչադրոշի կողքին ծածանվեց Ֆրանսիայի հանրապետության պետական դրոշը, Ֆրանց Վերֆելի դիմաքանդակի հարևանությամբ տեղադրվեց Ֆրանսիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Լուի Դարթրիժ Դյու Ֆյուռնեի կիսանդրին, նրա անվամբ կոչվեց Երևան-Էջմիածին մայրուղու մի հատված և այլն: Հայերեն թարգմանությամբ հրատարակվեցին ֆրանսիական կողմից փրկարարական գործողությունների անմիջական մասնակից Շառլ Տիրան Թեքեյանի «Մուսա լեռան հայերի փրկությունը» հուշ-վավերագրությունը, Ժորժ Կևորկյանի կազմած և հեղինակած «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին 1909-1915 թթ.» ֆրանսիական արխիվային փաստաթղթերի ժողովածուն: Իր տեսակի մեջ միանգամայն ինքնատիպ լուծում տրվեց թանգարանի՝ Հերոսամարտը ներկայացնող մշտական ցուցադրությանը, որը հայաստանյայց թանգարանային ոլորտում եզակի է թե՛ մտահղացման, թե՛ նյութի մատուցման և ցուցադրության առումով: Մուսա լեռան հուշարձանի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներին զուգընթաց, թանգարանի տնօրենությունը ձեռնամուխ եղավ նոր ցուցադրության կազմակերպմանը, որին աջակցեցին մեր մուսալեռցի հայրենակիցներ Հակոբ Ճանպազյանը՝ Կանադայից և Զոհրապ Թազյանը՝ ԱՄՆ-ից: Եվ այժմ թանգարանի այցելուն, մուտք գործելով Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված այդ հրաշակերտ հուշարձանից ներս, հայտնվում է փրկարար ռազմանավի նավասենյակում, որտեղ հայտնի իրադարձությունները, իրենց պատմական միջավայրի ամբողջական նկարագրով, ներկայացված են տարբեր ցուցանմուշների և տեղեկատվական պաստառների միջոցով: Բարձրանալով նավի տախտակամած՝ հնարավոր է դառնում վերապրել այն հուզմունքն ու ապրումները, որ հարուցում է դեպի Մուսա լեռ լողացող հածանավը՝ ճեղքելով փրփրադեզ ալիքները, իսկ այդ համապատկերում ցուցադրվում են Մուսա լեռան հերոսամարտը և մուսալեռցիների հետագա ճակատագիրը ներկայացնող վավերագրական շարժանկարներ, որոնցում հիմնական շեշտադրումը՝ ինքնապաշտպանության խիզախ մարտիկների անկոտրում կամքի արժևորմամբ, ուղեկցվում է Ֆրանսիայի ռոզմածովային ուժերի հրամանատարության, Ֆրանսիայի ժողովրդի և պետության հանդեպ երախտագետ վերաբերմունքով: Հանդիսավոր բացմանը մասնակցեցին հյուրեր Ֆրանսիայի ռազմածովային գերատեսչությունից, ինչպես նաև Լուի Դարթրիժ դյու Ֆյուռնեի իրավահաջորդները, որոնք գրեթե անտեղյակ էին իրենց մարդասեր և արդարամիտ ազգակցի կենսագրության այդ էջերին:
Ֆրանսիայի պատմության հուշամատյանում ոսկե տառերով են գրված ֆրանսիական դիմադրության անվեհեր կազմակերպիչ Միսաք Մանուշյանի, մշակութային կյանքում՝ Ժորժ Կառվարենցի, Անրի Վեռնոյի, Գառզուի, Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Անրի Թրուայայի և մեծատաղանդ բազմաթիվ այլ մտավորականների ու գործիչների անուններ: Նշանակալի են նաև Ֆրանսիայում կազմակերպված Հայաստանի, Արցախի մշակութային օրերը, Հայաստանում ֆրանսիական մշակույթի հանդիսությունները, ինչու ոչ, նաև Ֆրանսիայի հրապարակի բացումը Երևանում և Ֆրանսիայի նախկին նախագահի նվիրած՝ Օգյուստ Ռոդենի քանդակած Ժյուլ Բատիստ Լըպազի արձանի տեղադրումը: Արժե հիշատակել նաև, որ ֆրանսաբնակ հայերին ազատ հնարավորություններ են տրված ազգային կրթարանների բացման, հայերեն մամուլի և պարբերականների լույսընծայման, ազգային մշակույթի պահպանման համար:


Վերադառնալով Սարդարապատի թանգարանի գործունեությանը հայ-ֆրանսական հարաբերությունների ծիրում՝ հիշենք նաև, որ այս տարի, Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը նշելու հոբելյանական օրերին Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանում, Ռաֆայել Իսրայելյանի էսքիզների վերականգնմամբ, բացվեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը նվիրված աղբյուր-հուշարձան, որի պատերին փորագրված են հարյուրամյա վաղեմություն ունեցող և հայ ժողովրդի հիշողության մեջ երբեք չխամրող իրադարձություններին՝ մուսալեռցիների փրկության սխրանքին մասնակից նավաստիների անունները: Բարեկամության հուշաղբյուրի բացման արարողությանը, որին անապակ ջուր մատակարարելու գործին անմասն չէր ֆրանսիական կողմը՝ ի դեմս «Վիոլա ջուր» ընկերության, մասնակցեցին և ողջունեցին Ֆրանսիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները՝ Ժան Իվ լը Դրիանը և Զոհրաբ Մնացականյանը՝ իրենց խոսքում կարևորելով, նավաստիների սխրանքը, որպես մարդասիրական մեծ ուղերձ համայն աշխարհին, որպես խորհրդանիշ հանուն ազատության և արժանապատվության պայքարի:


Հայերի և ֆրանսիացիների մարդկային և պաշտոնական բարեկամական հարաբերությունները եղել և շարունակում են զարգանալ փոխադարձ վստահության և համակրանքի մթնոլորտում, նորանոր ծրագրերի և մտահղացումների ցանկությամբ: Դրա վկայությունն է հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որը, անտարակույս, կնպաստի Հայաստանի և ֆրանսախոս երկրների համաշխարհային համագործակցության անդամների միջև բարեկամության ամրապնդմանը: Վերոնշյալ երկրների միջազգային կազմակերպությանն անդամագրված է 57 լիիրավ, 3 ասոցիատիվ և 20 դիտորդի կարգավիճակով, շուրջ ինը հարյուր միլիոն բնակչություն ունեցող երկիր, որոնցից 33-ում ֆրանսերենը հռչակված է պետական կամ երկրորդ պետական լեզու: Այդ երկրները միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության, հակամարտությունների կանխման և լուծման, կրթության և գիտության, բնապահպանության, մշակույթի և քաղաքակրթության, երկխոսությունների և լեզվական բազմազանության շահախնդրությունը, գաղափարներն ու սկզբունքները: Հայաստանն այդ կազմակերպության լիիրավ անդամ է 2004 թվականից:


Ժողովուրդների բարեկամությունը բավական հայտնի, նույնիսկ չարչրկված կարգախոս է, որը երբեմն ձևական, երբեմն ցուցադրական բնույթ է կրում, հաճախ հնչում որպես պարտադիր պահանջ՝ երկու և ավելի ազգային տարբեր հավաքականությունների միջև, մինչդեռ կան բարեկամ ազգեր, որոնք չունեն այն արհեստականորեն կամ ըստ պահանջի ու հանձնարարականի իրացնելու կարիք: Նրանց բարեկամությունը ձևավորվում է ակամայից, բնականորեն, պատմական-հասարակական հանգամանքների թելադրանքով, նրանք խնամքով և հոգատարությամբ են վերաբերվում դրան, որովհետև այն ենթադրում է կոնկրետ գործողությունների պատասխանատվություն, նրբանկատություն և պարտականություն՝ ի խորոց սրտի: Այն նախ և առաջ երկուստեք հոգևոր պահանջ է՝ մեկմեկու ներկայության անհրաժեշտություն և քաղաքակիրթ գոյատևման առաջմղիչ ուժ, որի վկայությունները Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տեսանկյունից դիտարկելով՝ ի հայտ են գալիս ժամանակին, տարբեր դրսևորումներով և դրվագներով, որովհետև մշակութային, բարեկամական այդ ակոսը բացվել է համատեղ, միասնաբար, փոխօգնության և փոխըմբռման պայմաններում:


Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ