Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք ուզում ենք ո՛չ միայն կոչվել, այլև լինել քրիստոնյա, բայց դժգոհում ենք մեր խաչի ծանրությունից

Մենք ուզում ենք ո՛չ միայն կոչվել, այլև լինել քրիստոնյա, բայց դժգոհում ենք մեր խաչի ծանրությունից
02.10.2018 | 00:15

«Այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից. որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով Ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն» (Մատթ. 16;24-25)։
«Եւ ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. և ով իր անձը կորցրեց Ինձ համար, այն կգտնի» (Մատթ. 10;38-39):


Անձը ուրանալ և խաչը վերցնել` նշանակում է սեփական կամքից հրաժարվել և այլոց ծառայել: Մարդիկ սարսափում են այդ փաստից: Ինչպե՞ս նրանք կարող են կայանալ, եթե մի կողմ դնեն իրենց եսը` իրենց փափագները, իղձերը, ծրագրերը, նախագծերը, սիրելի գործը, որը իրենց առաքելությունն են համարում: Ինչպե՞ս կարող են սեփական անձը ոչինչ համարել և իմաստալից ու նպատակասլաց կյանքով ապրել: Սակայն այդ ոչինչը հայտնվելու է Արարչի ստեղծագործ ձեռքերում, և Փրկիչը շնորհելու է լիուլի կյանք: Եթե անգամ խաչը բարձրանանք, դարձյալ վտանգ կա փրկության ճանապարհից վրիպելու, քանի որ կգտնվեն նրանք, որ կասեն. «Իջի՛ր այդ խաչից» (Մատթ. 27; 40): Շատ հաճախ մենք տրվում ենք մեր խաչը թողնելու գայթակղությանը և փափագում ենք ավելի թեթևն ու գողտրիկը, որովհետև մերը մեզ թվում է ծանր ու անհարմար կամ էլ երբեմն, ընդհակառակը` ավելի ծանրակշիռն ու ներկայանալին, քանի որ մեր խաչը մեզ թվում է ավելի թեթև ու աննկատ, քան մենք կարող ենք տանել:
Մենք ուզում ենք ո՛չ միայն կոչվել, այլև լինել քրիստոնյա, բայց դժգոհում ենք մեր խաչի ծանրությունից, անհարմարությունից և մեր ունեցած ակնկալիքների հետ նրա անհամատեղելիությունից: Դեռ Գողգոթա չհասած և արյուն թափելու չափ մեղքին չհակառակված` մասունքի պես կտրատում ենք մեր խաչի «ավելորդ» մասերը և հարմարեցնում մեր պատկերացումներին:


Մենք փափագում ենք նահատակվել Աստծո համար, բայց չենք հանդուրժում եղբայրական կամ ծնողական հորդորն ու հանդիմանությունը: Երազում ենք կերակրել աշխարհի աղքատներին, բայց չենք նկատում մեր բակի աղբամանը բարիքի աղբյուր համարող չքավորին: Պատրաստ ենք մեր կյանքը զոհելու բոլորի համար, բայց չենք ուզում անգամ անհատույց ժպտալ կամ առանց սեփական անփոխարինելիության զգացման մեկ բաժակ ջուր տալ մեր հարազատին:
Ընկնելով անիրական պատրանքների ու անիրականանալի երազանքների հետևից` մենք կորցնում ենք մեր իրական կյանքն ապրելու մեր բաժին միակ հնարավորությունը: Պետք չէ հրաժարվել խաչից, բայց մեզ պես տկար մեղավորների համար անհնար է նաև կրել այն առանց վշտակից ու մխիթարող խաչակցի: Եվ մեծ երջանկություն է, երբ կյանքը շնորհում է մեզ այդպիսի մի «սիմոն կյուրենացու», որն իր սրտացավ, անկեղծ ու իմաստուն խորհրդատվությամբ կարողանում է մեր խաչակրությունը դարձնել նպատակային և կատարյալ:


Ուրիշի խաչը թվում է մեզ ավելի հարմար ու լավ, բայց Տերը զգուշացրեց Իրեն հետևելու միակ ընդունելի կերպի մասին: Խաչը ընտրում ենք մենք, սակայն չենք կարող այն փոխել, փոխարինել կամ ընդհանրապես թողնել: Խաչերը ծանր են յուրովի: Խաչից կփախչենք, ծանրությունից` ոչ: Բայց չէ՞ որ Տերը հավաստիացնում է. «Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը` թեթև» (Մատթ. 11;30): Մեր խաչը ծանր է թվում, որովհետև չենք հավատում Նրան, Ով Հավատարիմ է և Ճշմարիտ, որովհետև «ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկ. 9;22): Դեռևս Եսայի մարգարեն դարերի խորքից տեսավ «հարվածներին ենթակա մարդուն», երբ Նա դեռ չէր ծնվել, բայց տեսավ ասես Նրա ժամանակակիցների աչքերով. «Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե. Իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց: Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք Նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան: Բայց Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա՛ պատիժ կրեց, և Նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք: Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը Նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար: ՈՒ Նա վշտից Իր բերանն անգամ չի բացում: Ինչպես ոչխար՝ Նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ և նրա նման Իր բերանը չի բացում: Խոնարհության շնորհիվ Նրա դատաստանը վերացավ, և Նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով Նա մահվան մատնվեց» (Ես. 53;3-8): Նա հոժարակամ հանձն առավ Խաչը, որ Իր փառքի աթոռը դարձրեց: Հպարտությունը և բարձրամտությունը եղան արարչության անկման պատճառ, և միայն Աստվածորդու խոնարհությունը կարողացավ վերստին նորոգել և կատարելագործել այն: Մենք պետք է ընդամենը վստահենք Նրա ընտրությանը և ընթացքին` արդեն վերցնելով մեր սեփական խաչը: Մենք չենք փրկում ինչ-որ մեկին, անգամ ինքներս մեզ, մենք գնում ենք մեզ համար արդեն իսկ պատրաստված փրկությանն ընդառաջ: Վերցնել սեփական խաչը` այն մինչև գողգոթա տանելու հաստատ մտադրությամբ. «Իսկ նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները` կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղ. 5;24):


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ