Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եթե արհամարհես, Աստծո առջև ես մեղանչում»

«Եթե արհամարհես, Աստծո առջև ես մեղանչում»
02.10.2018 | 00:16

Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք (Ա Հովհ. 2; 20)
Մեր օրերում, թե՛ մամուլում, թե՛ ինտերնետային կայքերում և թե ժողովրդի մի փոքր զանգվածից հոգևորականների մասին զանազան բամբասանքներ, հերյուրանքներ ու երբեմն արդարացի բողոքներ ենք լսում կամ կարդում:
Անշուշտ, մենք համապատասխան կերպով պատասխանում ենք նրանց անմտություններին: Չարը մոլորեցնում է մարդկանց, որպեսզի դատաստանի ենթարկի, և այս բազում մոլորությունների կողքին է նաև այս մոլորությունը: Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ քահանան Աստծո օծյալն է, և քահանայի մասին վատ բաներ խոսելը նույնն է թե Աստծո մասին խոսելը: Մարդը, իր բերանը սատանայի բերան դարձնելով, սկսում է դատել, մինչդեռ Ավետարանում հստակ Հիսուս ասում է. «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մատթ.7;1), այսինքն մարդը, ուրիշին դատելով, ինքն իրեն է դատում և ոչնչով չի տարբերվում Քրիստոսին խաչողներից: Հիշենք. Մարիամ Մագդաղենացուն քարկոծել ցանկացող հրեաներին Հիսուս ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջին քարը նա նետի» (Հովհ.8;7), ոչ ոք չնետեց, որովհետև բոլորն էլ մեղավորներ էին: Այսօր այլ է պատկերը, մարդիկ արհամարհում են Տիրոջ խոսքը և ում ասես, ինչպես ասես դատում են՝ սրանով իրենք իսկ իրենց դատաստանի ենթարկելով: Ահա թե ինչ է ասում քահանայության մասին սուրբ Հովհան Մանդակունին. «Քահանան Ամենակալ Աստծու հրեշակն է: Եթե արհամարհես, Աստծու առջև ես մեղանչում, որը նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում Պատարագի խորհուրդն ու մկրտությունը: Թեպետ և նրանք արժանի չեն ահեղ խորհրդին մոտենալու, սակայն մարդկանց փրկության համար Աստված չի արգելում Սուրբ Հոգու շնորհները, որովհետև եթե էշի միջոցով և Բաղաամի դյութական ճանապարհներով խոսեց մարդկանց փրկության համար, որչափ ևս առավել անարժան քահանայի միջոցով ինքը գործի կդնի ամեն ինչ մեր փրկության համար: Իսկ եթե դու սրբությամբ հաղորդակից դառնաս սուրբ Խորհրդին, քահանայի պղծությունը քեզ չի վնասի: Նույնպես, եթե որևէ մեկը պղծությամբ մերձենա սուրբ Խորհրդին, քահանայի սրբությունը չի օգնի: Իսկ եթե համարես, թե արատավոր քահանայի ձեռքով Սուրբ Հոգու շնորհները չեն իջնում Պատարագի մեջ, և Աստված նրանով չի գործում, հիշի՛ր, որ խախտում ես Եկեղեցու կարգը և քո քրիստոնյա լինելու անունը: Եվ եթե այդպես է, և Պատարագը Պատարագ չէ ըստ քեզ, ուրեմն նաև ձեռնադրությունը ձեռնադրություն չէ, ինչպես նաև քահանայության կարգը հաստատուն չէ: Այսպիսով, քրիստոնեությանդ հույսը սնոտի է, որովհետև բոլորս էլ մեղքերով լեցուն ենք»:


Քահանաներին երբեմն մեղադրում են արտասահմանյան մեքենաներ վարելու մեջ, մինչդեռ, եթե քննենք, կտեսնենք որ մեծմասամբ դա համայնքի հավատավոր, կարողություն ունեցող զավակների նվերն է: Եթե անգամ քահանան արտասահմանյան շքեղ մեքենա է վարում, ապա դա իր իսկ համայնքի պատիվն է միայն: Այս կարգի բամբասողներին խորհուրդ կտայինք իրենց հայացքը սևեռել աղանդապետերին, որոնք իրենց հավաքույթների ժամանակ 10-15-լիտրանոց դույլերով են դրամ հավաքում և հետո էլ անամոթաբար հայտարարում. «Մեզ ասում են` ու՞ր են այն դրամները, որ հավաքում եք, ի՞նչ եք անում, իսկ ես ասում եմ՝ ծախսվում են»,- իսկ զոմբիացած ամբոխը կուրացած ծափահարում է («Կյանքի խոսք» աղանդի դիվագլուխ Արթուր Սիմոնյան): Սևեռեք ձեր հայացքը և տեսեք, որ ամեն մի աղանդապետ մի քանի շքեղ առանձնատուն ունի Երևանում, էլ չեմ ասում՝ ինչ կալվածքներ ունեն արտասահմանում, ինչ շքեղ ու բավականին թանկարժեք ավտոմեքենաներ են վարում: Հիշեցնեմ «Կյանքի խոսքի» Ռուսաստանի աղանդապետ Իվանկինի խոսքերը. «Ուզում եք բարեկեցիկ, անհոգ կյանք վարել, սեփական աղանդ ստեղծեք և խուզեք ձեր հիմարացած ոչխարների բուրդը տասը տակ»։ Այդպես են մտածում բոլոր աղանդապետերը, հետևությունը թողնում ենք ընթեցողին:
Հարգեցե՛ք և սիրեցե՛ք ձեր քահանաներին, նրանք Աստծո դեսպաններն են երկրի վրա, քանզի քահանային պատվողը Հիսուսին է պատվում, նրա օրհնությունը ամրացնում է հիմքերը ձեր տան: Քահանայի կատարած մկրտությունը կնիք է աստվածային հավիտենական կյանքի համար, նրանով Աստված Իր խաղաղությունն ու սերն է փոխանցում ձեզ: Քահանայի օրհնած պսակը օրհնում է Աստված, և դուք այս օրհնությանը եթե արժանանաք, ձեր սերունդների ծաղկունքը պիտի տեսնեք: Քահանայի արած աղոթքների շնորհիվ դուք կբժշկվեք շատ հիվանդություններից, նա ձեզ կպաշտպանի աղանդավորներից, որոնք սատանայի առաքյալներն են և եկել են կորստյան մատնելու մարդկանց որդիներին: Քահանայի միջոցով ձեր գործած մեղքերից թողություն ստանալով՝ աստիճանական սրբացումով Երկնքի արքայության զավակներ կդառնաք, քանզի աստվածախոս առաքյալն այսպես է ասում, «Մեր քաղաքացիությունը այս աշխարհում չէ, այլ Երկնքում» (Փիլ. 3;20)։

Տեր Ահարոն քհն. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ