«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կյանք` նվիրված գրադարանին

Կյանք` նվիրված գրադարանին
02.10.2018 | 00:20

Հայրս` Աշոտ Ղազարյանը, կոմունիստ էր։ Երբ ծնվեց նրա առաջնեկը` դուստրը, հայրս նրան կոչեց Կլարա` ի պատիվ Կլարա Ցետկինի։ Սակայն հորեղբայրս աղջնակին դիմում էր Ադա։ Եվ ավագ քույրս ունեցավ երկու անուն` Կլարա և Ադա։ Կլարան չէր սիրում Ադա անունը։ Ասում էր` «ад» բառից է։


Հետագայում քրոջս ավելի հաճախ դիմում էին Ադա թե՛ հարազատները, թե՛ հարևանները, թե՛ գործընկերները։ Եվ քույրս կատակով ասում էր. «Ադան խնամում է Կլարային»։
Ադան ծնվել էր Լենինականում։ 1943-ին նա ծնողների և եղբայրների հետ տեղափոխվեց Երևան, որտեղ ավարտեց միջնակարգ դպրոցը։
ՈՒսումը շարունակեց Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում, որն ավարտելուց հետո ստացավ գրադարանավարի որակավորում։
Գրադարանային ոլորտում աշխատեց 50 տարի։ Աշխատեց Երևանի տարբեր գրադարաններում։ 50-ականներին փակ շուկայի երկրորդ հարկում կար գրադարան, որտեղից էլ սկսվեց նրա գործունեությունը։ Ապա աշխատեց Զեյթունի մշակույթի տան, Ավ. Իսահակյանի անվան, Նորքի զանգվածի գրադարաններում։
Երկար տարիներ աշխատեց Երևանի թիվ 5 մասսայական գրադարանում։ Շատ էր սիրում գրքերի աշխարհը, գործընկերներին, ընթերցողներին։ Բարության և համերաշխության մթնոլորտ էր տիրում այս գրադարանում։ Այստեղից Ադան գործուղվեց վերապատրաստման, փորձի փոխանակման մեկնեց Լենինգրադ, մերձբալթյան հանրապետություններ։
Ադայի վերջին աշխատավայրը Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի գրադարանն էր։


Նկարչի լավ ձիրք ուներ։ Գրադարանի բոլոր ցուցահանդեսները, ֆոտոմոնտաժները, ալբոմներն ինքն էր ձևավորում։ Այդ ցուցահանդեսների թեմատիկան բազմազան էր` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն, մշակույթ։ Հետաքրքիր և ուսուցողական էին ֆոտոմոնտաժներն ու ալբոմները` նվիրված տարբեր գրողների հոբելյաններին, կյանքին և ստեղծագործությանը։ Այդ աշխատանքներն արժանանում էին ղեկավարության, ընթերցողների բարձր գնահատականին։


Ադան բարձր կարգի պրոֆեսիոնալ էր, հմուտ մասնագետ։ Ավելի հասուն տարիքում Ադան ստեղծեց ձեռագործ կտավներ։ Նա պատկերում էր բնության գողտրիկ տեսարաններ, ծաղիկներ, կենդանիներ, սյուժեներ հեքիաթներից։ Այդ կտավները նա նվիրում էր հարազատներին, հարևաններին, գործընկերներին։ Հաճույքով էր աշխատում և ուրախությամբ նվիրում իր գործերը։ ՈՒներ տիկնիկների հավաքածու։ Ինքն էր պատրաստում այդ տիկնիկները և զգեստներ էր կարում նրանց համար։ Ի դեպ, շնորհալի դերձակ էր։ Գեղեցիկ աշխատանքներ ուներ և ֆլոմաստերով։
Ադան հոգատար մայր էր, շատ էր սիրում իր թոռներին, ծոռնիկին։ Մեծ սեր էր տածում դեպի ծնողները, եղբայրները, քույրը։ Բարեկամասեր էր։ Բարի էր և օգնության հասնող։ Չափից ավելի հյուրասեր էր, շռայլ։ «Համով» ձեռք ուներ, համեղ ուտեստներ էր պատրաստում. հատկապես պասուց տոլման անմահական էր։


Հումորի մեծ զգացում ուներ։ Մութ ու ցուրտ տարիներին նրա հետ զավեշտալի դեպքեր են պատահել, և նա ուրախ-ուրախ պատմում էր դրանց մասին, նույնիսկ գրի էր առել։ Այդ հումորը նա չկորցրեց նույնիսկ կյանքի վերջին օրերին, երբ ծանր հիվանդ էր։ Հիվանդացավ գարնանը, օգոստոսի 1-ին կնքեց մահկանացուն։
Լույս դառնաս, սիրելի քույրիկ։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ