Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ընդամենը երկու թիմ՝ «Պարի Սեն Ժերմեն» ու «Յուվենտուս»

Ընդամենը երկու թիմ՝ «Պարի Սեն Ժերմեն» ու «Յուվենտուս»
02.10.2018 | 01:28

Եվրոպական թոփ առաջնություններում ընդամենը երկու թիմ ունի բացարձակ արդյունք: Մնացածներն այս կամ այն կերպ կորցրել են միավորներ, իսկ ինչ վերաբերում է «Բարսելոնին», կատալոնյան ակումբը երրորդ խաղն անընդմեջ տհաճորեն զարմացնում է:

ԻՍՊԱՆԻԱ
Լալիգայի 7-րդ տուրը նշանավորվեց մադրիդյան դերբիով: «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Աթլետիկոյի» հետ: Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցավ լարված պայքարում: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին Սիմեոնեի ֆուտբոլիստները, որոնք չկարողացան օգտագործել մի քանի ռեալ գոլային պահեր: Երկրորդ խաղակեսում իրավիճակն արմատապես փոխվեց: Այս անգամ «սերուցքայինները» տիրեցին խաղային առավելությանը և մի քանի անգամ լրջորեն անհանգստացրին Օբլակին: Չնայած այս ամենին, հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0: Ոչ-ոքի գրանցվեց նաև «Բարսելոն»-«Աթլետիկ» դիմակայությունում: Տանտերերը պարտությունից կարողացել են խուսափել միայն խաղավարտին մոտ: Ի դեպ, սա արդեն երրորդ անընդմեջ խաղն է, որտեղ կատալոնցիները միավոր են կորցնում: Այս երկու մրցակցություններից հետո Լալիգայում իրավիճակն այսպիսին է. 14-ական միավորով առաջին երկու հորիզոնականում «Բարսելոնն» ու «Ռեալն» են, նրանցից մեկ միավորով է հետ մնում «Սևիլիան»: Իր հերթին անդալուզցիներից մեկ միավորով է հետ «Աթլետիկոն»: Եթե կարճ՝ լալիգան սովորականի պես եվրոպական թոփ առաջնություններում շարունակում է մնալ ամենագայթակղիչներից մեկը:

ԱՆԳԼԻԱ
Չափազանց լարված, սուր մրցակցային ոգով է անցել «Չելսի»-«Լիվերպուլ» դիմակայությունը, որտեղ, ի հաշիվ Ստարիջի գեղեցկագույն գոլի, հյուրերը հանդիպման 89-րդ րոպեին են միայն կարողացել խուսափել պարտությունից: Հետաքրքրական է, որ ընդամենը երեք օր առաջ այս նույն թիմերը մրցում էին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: Այն ժամանակ էլ լիվերպուլցիներն էին մինչ վերջին վայրկյանները հաղթողը, սակայն լոնդոնցիները ոչ միայն ուժ գտան հաշիվը հավասարեցնելու, այլև դիմակայությունը հաղթական հանգրվան բերելու համար:
Այս մրցակցությունն ուշագրավ է էլի մի երկու կողմով: Ինչպես գավաթային, այնպես էլ առաջնության առճակատումում լիվերպուլցիները չգտան Էդեն Ազարին չեզոքացնելու բանալին: Երկրորդ՝ պարտությունը ցանկացած մեկի համար կնշանակեր միավորների առաջին լուրջ կորուստը ընթացիկ մրցաշրջանում: Ինչևէ, փաստենք, որ Անգլիայի առաջնության յոթերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն ունի հետևյալ տեսքը. առաջին երկու տեղերը 19-ական միավորով կիսում են «Մանչեստր Սիթին» (սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Բրայտոնին») ու «Լիվերպուլը», «Չելսին» ունի երկու միավոր պակաս: Երեքն էլ ընթանում են առանց պարտության:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց երկրի գործող չեմպիոն՝ ՊՍԺ-ն: Փարիզյան թիմը հյուրընկալվել էր «Նիցցային» ու առավելության հասել երեք անպատասխան գնդակի տարբերությամբ: Դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի Նեյմարը: «Պարի Սեն Ժերմենը» մոտակա մրցակցից՝ «Լիլից» (սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Մարսելին»), առաջ է ութ միավորով, ինչն ահռելի առավելություն է: «Լիլ»-«Մարսել» դիմակայության արդյունքը նույնությամբ կրկնվել է «Մոնպելիե»-«Նիմ» մրցակցությունում՝ տանտերերին հնարավորություն տալով 15 միավորով հանգրվանելու աղյուսակի պատվավոր երրորդ հորիզոնականում:

ԻՏԱԼԻԱ
«Պարի Սեն Ժերմենի» ավանդույթներին խստորեն հետևում է սկուդետեի առաջատար «Յուվենտուսը»: Հերթականում նրա մրցակիցը «Նապոլին» էր, թիմ, որն անցած մրցաշրջանի վերջում միայն թուրինցիների հետ ունեցած չեմպիոնական մրցավազքի տեմպից ընկավ ու բավարարվեց արծաթե մեդալներով: «Յուվենտուսն» այս անգամ էլ եղավ անհյուրընկալ՝ 3:1: Չնայած պարտությանը՝ 15 միավոր ունեցող նեապոլցիները չկորցրին աղյուսակային երկրորդ հորիզոնականը: 13 միավորով «Նապոլիի» պոչին է նստած միանգամից երեք թիմ՝ «Ֆիորենտինան», «Ինտերը» ու «Սասուոլոն»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Արտագնայում «Բայերի» հետ ունեցած խելահեղ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիան» իրեն պարգևատրեց առաջին հորիզոնականի տիրակալի պարտականություններով: Խաղի մասին ասենք լոկ այն, որ առաջին կեսում հյուրերը զիջում էին 0:2 հաշվով: Դորտմունդցիներն ունեն 14 միավոր:
Ինչ վերաբերում է «Հերտային» ու «Բավարիային», մրցաշարի վեցերորդ տուրը հենց այս երկու թիմն էր հանել իրար դեմ: 2009-ից հետո առաջին անգամ հաղթելով մյունխենցիներին՝ բեռլինցիները բարձրացան երրորդ հորիզոնական և ընդամենը լրացուցիչ գործակիցների հաշվարկով են զիջում նրանց:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ