Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաղաքական դաշտի գլխավոր խնդիրը` վստահություն չկա

Քաղաքական դաշտի գլխավոր խնդիրը` վստահություն չկա
02.10.2018 | 15:04

Քաղաքական ուժերի հետ բանակցությունները սկսված են: Երեկ «Արմենիա-Մարիոթում» վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Հանդիպումը կոնկրետ պայմանավորվածության չհանգեց: Հանդիպումից առաջ էլ դա հայտնի էր` դատելով ասպարեզում շրջանառվող հարցազրույցներից ու հայտարարություններից: Հանդիպումից հետո լրագրողներին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ՝ 2-3 ամսվա ընթացքում: …Այս պահին հանրապետականները, ըստ էության, ... մեծ հաշվով նրանք հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2020-ին տեղի ունենան, ես կարծում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև քաղաքական պրոցեսների արդյունքում ամեն ինչ հանգել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար թիվ 1 օրակարգային հարցը դարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն՝ մինչև էդ հարցը չլուծվի, ուրիշ հարց երկրում չի լուծվելու։ Հիմա եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ, դա սխալ մոտեցում է»։


Վահրամ Բաղդասարյանը, որ 49 հանրապետականի անունից էր բանակցում, գտնում է, որ ոգևորության, էյֆորիայի արդյունքում ընտրություններ չեն կազմակերպում: «Պետք է ունենանք լիարժեք քաղաքական պառլամենտ, որտեղ իշխանությանը հարիր ընդդիմություն կձևավորվի: Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի ոչ թե ոգևորության արդյունքում ձևավորենք պառլամենտ, այլ՝ ճիշտ գնահատականների արդյունքում»: Նրա կարծիքով` «Փողոց դուրս գալով՝ պառլամենտ չեն ձևավորում, եթե մենք պետք է այդ ճանապարհով գնանք, մենք կարող ենք այն ամենը, ինչ ձեռք ենք բերել քաղաքական դաշտի ձևավորման արդյունքում, կորցնենք: Պետք է ունենանք լիարժեք քաղաքական պառլամենտ, որտեղ իշխանությանը հարիր ընդդիմություն կձևավորվի: Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի ոչ թե ոգևորության արդյունքում ձևավորենք պառլամենտ, այլ՝ ճիշտ գնահատականների արդյունքում: Այստեղ պետք չէ շարժվել այն ուղղությամբ, թե ում է ձեռնտու, պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե որ պարագայում կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի քաղաքական դաշտը և միտված կլինի ապագայի զարգացմանը»:
Փաստացի.
1. ՀՀԿ-ն ռեալ փաստարկ չունի, թե ինչու՞ Աժ-ն չպիտի լուծարվի: Նրա խաղը ժամանակ ձգելու վրա է` հույսով, որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը կկորցնի փողոցը և վարկանիշը, բայց դրա համար մինչև հերթական ընտրություններ ձգելն էլ քիչ է: Հասարակության մեջ դեռ երկար Նիկոլ Փաշինյանի հաջողության ֆենոմենը պայմանավորելու է ՀՀԿ-ին իշխանազրկելը: Շրջանը պետք է փակվի: Հեղափոխության ավարտի համար ամբողջական իշխանափոխություն է պետք: Չի կարող ՀՀԿ-ն պահպանել խորհրդարանական մեծամասնությունը ու լինել ընդդիմություն` խորհրդարանական հանրապետությունում:
2. Մյուս քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքներն են նաև պայմանավորելու ՀՀԿ-ի դիմադրության աստիճանն ու մակարդակը: Բայց այդ ընթացքում ՀՀԿ-ն կորցնելու է ԱԺ արտահերթ ընտրություններում հաջողության շանսերը` իր ձգած ժամանակին ուղիղ համեմատական: Այս քաղաքական մաթեմատիկան ընկալելը պետք է լինի ՀՀԿ-ի օրակարգի թիվ 1 խնդիրը:
3. Խառնիճաղանջ վիճակում է ԲՀԿ-ն: Խոստովանեն-չխոստովանեն` բոլորն էլ գիտեն, որ առանց ընտրական «բարեգործության» ԲՀԿ-ն չի դառնա խորհրդարանական երկրորդ ուժ, առավելագույնը կմտնի Աժ: Առասպելական ներդրումների մասին էլ մոռացեք` ոչ մի շեյխ փող չի տա անիրական ծրագրերի համար, իսկ Գագիկ Ծառուկյանը լիովին կկորցնի բարեգործություն անելու իմաստը, ուրեմն ի՞նչ գործ ունի քաղաքական դաշտում:
4. ՀՅԴ-ի վիճակն ընդհանրապես աղետալի է` ոչ ոք չի կարող ասել` ի՞նչ է ուզում այսօր ՀՅԴ-ն, բացի ընդհանուր ֆրազներից, որ բոլորս անգիր գիտենք և ու՞մ է պատրաստ հավատարմության երդում տալու: Իսկ որ ՀՅԴ-ն արդեն չի կարող ինքնաբավ ուժ լինել ու ինքնուրույն գործել` առանց հենարանի, մեղավորը գուցե 20 տարի եղել է ՀՀԿ-ն, բայց ո՞վ էր ասում, որ այդքան սերտաճեն իշխանական կերակրատաշտին, որ կորցնելուց հետո անելիքը չիմանան ու հիմա հստակ չկարողանան որոշել` դե՞մ, թե՞ կողմ են խորհրդարանի լուծարմանը:
5. Միայն ՔՊ-ից փաստացի արդեն առանձին գործող «Լույսն» է հրապարակավ ու հաստատուն հայտարարում, որ ԱԺ-ն պետք է լուծարվի` հակասելով Նիկոլ Փաշինյանի սրտաճմլիկ հայտարարություններին, որ ինքը վարչապետ դարձավ խորհրդարանում ունենալով միայն 4 ձայն, որոնցից մեկն էլ իրենն էր:
6. Արտախորհրդարանական դաշտում ձևավորվում է երկու ուղղություն` բոլոր նախկինները բաժանվել են երկու խմբի: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ևս մի քանի մանր-մունր կուսակցություններ կողմ են արտահերթ ընտրությունների: Մյուսները` սկսած մարդ-կուսակցություններից մինչև անմարդ կուսակցություններ ու հայտնի աբիժնիկներ փորձում են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի հովանու տակ` դիմելով ակնհայտ ռիսկի: Գուցե դա ինչ-որ ժամանակ էլ ինքնապահպանվելու, ինքնագովազդվելու ու բուռն հայրենասիրական ճառերով հասարակությանը «խելքի բերելու» վերջին շանսն է նրանց համար, բայց` ինքնանպատակ: Ոչ ոք չի կարող ասել` Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կանի: Ռեալ քաղաքականության մեջ հարցազրույցի ձևաչափից բացի ռեալ քայլեր են պետք` հանդիպումները, ծրագրերը, մտադրությունները փաստ չեն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ու իր խոսքը կասի այսօր կամ վաղը:
7. Բացահայտ հակահեղափոխական ու բացահայտ սպառնալից ուժ է ձևավորվում ընդհանուր անուշադրության մթնոլորտում` «Սասնա ծռերը», որ հավակնում է գործունեություն ծավալել նաև Ղարաբաղում: «Մեղմացուցիչ դեպք հանցանաց» չէ աբսուրդ գաղափարախոսությունը` աբսուրդը միշտ էլ ձգում է ֆանատիկներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աժ արտահերթ ընտրությունների երկու տարբերակ կա` Սահմանադրական փոփոխություններ կամ համաձայնագրի ստորագրում, որ վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը չեն առաջադրում թեկնածու երկու անգամ և տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, երկու տարբերակներն էլ առավելություններ ու ռիսկեր ունեն, պետք է հաշվի առնենք, տեսնենք, թե որն ընտրենք` երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոչ նա, ոչ մյուսները չեն բարձրաձայնում գլխավոր խնդիրը` կողմերը միմյանց չեն վստահում:

Դիտվել է՝ 2670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ