Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հոկտեմբերի 3-ի գիշերն ու ցերեկը

Հոկտեմբերի 3-ի գիշերն ու ցերեկը
03.10.2018 | 23:37

Սկսենք հոկտեմբերի 2-ից` Աժ-ն 19.30-ին հրավիրած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ ընդունեց վիճահարույց փոփոխությունները Աժ կանոնակարգ օրենքում: Ցերեկը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային պայմանավորվածություն էր եղել, որ օրինագիծը չի քվեարկվի` մինչև նրա հետ խորհրդակցելը: Հետո, ըստ ՀՀԿ պատգամավորների` վարչապետը գնացել էր Աժ` տեղեկացնելու, որ քննարկում չի լինի ու դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ են: Օրինագծի կողմնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում: Ոչ առանց հիմքի: Սա երեկվա իրադարձությունների պատրվակն էր, որ հետո զարգացան կինոյի արագությամբ` Փաշինյանի Ֆեյսբուքյան կոչով ժողովուրդը հավաքվեց Ազգային ժողովի շենքի մոտ ու գործնականում փակեց պատգամավորների ելքը: Տեխնիկական պատճառներով ձգձգված իր ելույթի ընթացքում վարչապետը հրապարակավ աշխատանքից ազատեց ԲՀԿ ու ՀՅԴ նախարարներին, խոստացավ` մարզպետներին, ասաց, որ հրաժարական է տալու ու ընտրությունները լինելու են դեկտեմբերին ու գնաց Աժ բանակցությունների: Կեսգիշերն անց` ԱԺ-ից դուրս գալով` նա հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի` հնարավորություն ստեղծելով նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին Աժ արտահերթ ընտրություններ անցկացնել և վստահեցրեց, որ խորհրդարանական ուժերից ոչ մեկը չի պատրաստվում իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրել: Մարդկանց մաղթեց բարի գիշեր ու ուղարկեց տուն:


Այսօր ամբողջ օրը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հավաստիացնում են, որ ոչ մի պայմանավորվածություն չի կայացել: ՀՀԿ-ն վարչապետին առաջարկել է արտահերթ ընտրությունները եկող տարվա մայիսին, Նիկոլ Փաշինյանը մերժել է:


«Ծառուկյան» խմբակցությունում դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որ գիշերը մասնակցել է վարչապետի հետ հանդիպմանը, ասել է, որ իրենք ողջամիտ են համարում ընտրությունները անցկացնել հաջորդ տարի՝ մինչև հունիս: Եթե վարչապետը համաձայներ 2019-ի մայիսին-հունիսին անցկացնել ընտրությունները, իրենք քննարկում էին վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու հնարավորությունը: Սակայն Փաշինյանը չի համաձայնել:


Ամբողջ օրը լռեց ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ն պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանից հետո միայն հրապարակեց երեկ գիշերը խոստացված հայտարարությունը: Նոր` ոչինչ: ՀՀԿ խմբակցությունը վերստին հիմնավորում է
2018-ի հոկտեմբերի 2-ին ընդունված «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի «անմեղությունը»` վստահեցնելով, որ մեկ նպատակ է հետապնդում` ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։ Սա, իհարկե, ծաղր է և օրինագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանի անուրանալի ներդրումի ուրացում: ՀՀԿ-ն նաև բացատրում է օրենքի ընդունումը վարչապետի` պայմանավորվածությունը դրժելով ու անսպասելի հայտարարությամբ, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Վարչապետի հետ հանդիպումից պարզ դարձավ.


«• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դետեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։ Դրա պարզ վկայությունն է նաեւ այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք, սակայն, մերժվեցին։
• Թեեւ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա Աժ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօորոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որեւէ երկխոսության հնարավորությունը։ Այդ պայմաններում ՀՀԿ խմբակցությունը որեւէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։ ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019-ի մայիս-հունիս ամիսներին»։


Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Նրանք, ովքեր շարժվում են այն տրամաբանությամբ, որ այս քաղաքական ճգնաժամը պետք է շարունակվի մինչև մայիս, և այդ ժամանակ ընտրություններ տեղի ունենան, նրանք իրենց նեղ խմբային շահերն ավելի բարձր են դասում պետական շահերից», և չբացառեց շուրջօրյա հանրահավաքները: Ավելին` լրագրողներին նա ասաց. «Մենք մեր պլանով գնալու ենք առաջ և ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է և ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն և մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»։ Ռեմարկին, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ իրենց օրակարգում չկա դեկտեմբերին արտահերթ ընտրությունների հարց, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Չկա՝ իրենք չեն մասնակցի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու համար Փարիզ մեկնող վարչապետը վերադարձից հետո խրվելու է ֆրանկոֆոն իրադարձությունների մեջ և միայն հոկտեմբերի 15-ից հետո ժամանակ ու հնարավորություն կունենա անդրադառնալ ներքաղաքական ճգնաժամին: Այս դադարը ելքեր որոնելու ու գտնելու երկկողմ շանս է: Ազգային ժողովի` իբրև պետության կառավարման համակարգի մի մասի, բացարձակ անտեսումը, նրա հետ հարաբերվելու միայն մեկ միջոց` շանտաժն օգտագործելը վտանգավոր նախադեպ է ու անթույլատրելի` սա մի կողմից, մյուս կողմից` ԱԺ-ում այսօր ներկայացված քաղաքական ուժերն էլ պարտավոր են կուսակցական ու պետական շահի տարբերությունը գնահատել ու ընտրություն կատարել: Ցավոք, երկու կողմից էլ դիմակայությունը վերածվում է տղայական կամակորության, հնչում են միայն կոչեր ու մեղադրանքներ և չեն բացատրվում բարձրաձայնված որոշումների բուն դրդապատճառները, ժողովուրդը նորից օգտագործվում է իբրև դագանակ «անհնազանդ» խորհրդարանին «հնազանդեցնելու» համար: Այս ընթացքով Հայաստանը կորցնելու է միջազգային ասպարեզում խաղաղ հեղափոխությամբ իր ստացած շահեկան կարգավիճակը և առավել խոցելի է դառնալու դրսից միջամտությունների առաջ:

Դիտվել է՝ 3809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ