Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանը պատասխանատու է Հայաստանի ճակատագրի համար

Փաշինյանը պատասխանատու է Հայաստանի ճակատագրի համար
04.10.2018 | 10:42

Հայաստանը ողողեց երկրորդ «հեղափոխական ալիքը»: Արտաքուստ իրադարձությունները մայրաքաղաքում հիշեցնում են սովետական շատ կինոֆիլմերի ներշնչած բեմականացումներ` փողոց թափված մարդիկ շրջապատում են խորհրդարանը, առաջնորդը ուլտիմատում է ներկայացնում կառավարությանը: «Ես բարձրացա ԱԺ նախագահի առանձնասենյակ, որտեղ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էին,-ցուցարարներին պատմեց վարչապետ Փաշինյանը:-Մենք արձանագրեցինք` երկրում քաղաքական ճգնաժամ է, որ պետք է հաղթահարել: Խմբակցությունների ներկայացուցիչները համաձայնեցին: Ի՞նչ ճանապարհով:

Առաջիկայում ես հրաժարական կտամ: Եվ ես հույս ունեմ, որ ՀՀԿ, ՀՅԴ ու «Ծառուկյան» խմբակցությունները չեն սրի իրավիճակը: Նրանք տեսականորեն կարող են առաջադրել իրենց թեկնածուին ու վարչապետ ընտրել: Բայց նրանք պետք է գիտակցեն, որ դա կհարուցի, մեղմ ասած, բացասական արձագանք, դա խելամիտ սցենար չի լինի: Ես նաև ասել եմ` գտնում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք փաստաթուղթ ստորագրենք, որտեղ կնշվի իմ հրաժարականի օրը, նրանք չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին, որի արդյունքում դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, եթե տարընթերցումներ լինեն, կճշտեն իմ ասածը: Իմաստն այն է, որ նրանք ըստ էության ընդունում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերվում, բոլոր 3 խմբակցություններն էլ նշեցին, որ չեն պատրաստվում իրենց թեկնածուին առաջադրել: Կա քաղաքական ճգնաժամի հաղթահարման միայն մեկ ճանապարհ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, դա քաղաքացիական պահանջ է»:


Իհարկե, ապագայի պատմաբանները մանրամասն կուսումնասիրեն իրադարձությունների ներկա ընթացքը Հայաստանում, կբացահայտեն ներկա բավականին սուր քաղաքական ճգնաժամի պատճառները, կփորձեն գտնել կոճակը, որը սեղմելուց հետո հանրապետությունում ամեն ինչ սրընթաց սկսեց պտտվել: Առայժմ մենք կարող ենք արտաքին, գուցե մակերեսային դիտարկումներ անել: Փաշինյանն իշխանության եկավ ամբոխի ուսերին` ստիպելով խորհրդարանին, որտեղ փոքրամասնություն էր, քվեարկել իր վարչապետության օգտին: Այդպես ձևավորվեց երկիշխանություն` իշխանության ոչպաշտոնական կենտրոն հրապարակում ու խորհրդարան, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն է: Դրանով ուրվագծվեց քաղաքական ճգնաժամի հաջորդ փուլը (առաջինը ապրիլի 23-ի փողոցային ընդվզումներն էին, որ հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին): Ակնհայտ էր, որ իշխանության մոր մոդելը ժամանակավոր է, բայց ձևականորեն բոլոր քաղաքական գործընթացները, իրավիճակի վերահսկողությունը պահպանելու համար, տեղի են ունեցել ու տեղավորվում են ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Գործողությունների հետագա ալգորիթմը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասին հայտարարեց Փաշինյանը, ճիշտ է, սկզբում առաջարկելով անցկացնել 2019-ի մայիս-հունիսին: Բայց երբ «Իմ քայլը» նախընտրական դաշինքը, որի անդամ է վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հաղթց Երևանի ավագանու ընտրություններում, ստանալով 81,06% ձայներ, պարզ դարձավ, որ մայրաքաղաքը նվաճված է և պետք է առաջ գնալ:

Այսինքն` մոտեցնել ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետը: Այդպես էլ արվեց: Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունները պետք է լինեն 2018-ի դեկտեմբերին: Հենց այս իրավիճակում խորհրդարանը երկրորդ ընթերցումով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որ նախատեսում է խորհրդարանի աշխատանքի շարունակում նույնիսկ վարչապետի հրաժարականի դեպքում` չընդհատելու համար օրենսդիր օրգանի աշխատանքը: Վարչապետը այդ քայլը որակեց «հակահեղափոխության մեկնարկ» (ժանրի օրենքներով` հենց այդպես է), պահանջելով քաղաքական դաշտից ՀՀԿ-ի հեռացում ու կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց ու շրջափակել Ազգային ժողովը: Ինչ եղավ հետո` հայտնի է: Բայց հետո ի՞նչ է լինելու: Փաշինյանի կուսակցությունը կհաղթի դեկտեմբերին, որ վարչապետի իշխանությունը լեգիտիմ դառնա Սահմանադրության տեսակետից: Կհայտնվի խորհրդարանական մեծամասնություն: Բայց այդ պահից Փաշինյանը լիակատար քաղաքական պատասխանատվություն կկրի Հայաստանի ճակատագրի համար` պետականության պահպանության, որի համար նրան անհրաժեշտ է բողոքողների առաջնորդից դառնալ կառավարիչ ու պետական գործիչ: Սակայն ամբոխի առանձնահատկությունն է, որ սկզբունքորեն ի վիճակի է հեշտ կոտրել պետությունը, բայց ամբոխը ունակ չէ կառավարել: Փորձը, այդ թվում հեղափոխական, ցույց է տալիս, որ «հեղափոխական ալիքի» վրա մեծ սպասումներով կարելի է պաշտոնյաներին իրենց կաբինետներից վտարել, սակայն շատ բարդ է տարերքն ուղղել ստեղծարար, կառուցողական հուն: Փողոցի հեղափոխականները չունեն բավականաչափ կառավարչական հմտություններ ու չեն տիրապետում խոստումների կատարմանն անհրաժեշտ ռեսուրսներին:

Այդ ճանապարհին վարչապետը բախվելու է լուրջ խնդիրների, պիտի դրսևորի հավասարակշռություն ու կոմպրոմիսների ունակություն, կառուցի գործադիր ու օրենսդիր ուղղահայացն ու հորիզոնականը: Կամ շարունակի «հեղափոխական կանոններով» պաշտպանել երկրի քաղաքական դաշտը, լարել հասարակության դիմակայության բարձր աստիճան, թեժացնել իրենց կողմնակիցներին աջակցության պայքարի կրակը` քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու մշտական մոբիլիզացիայի պայմաններում: Դրանից բացի կա տնտեսություն, մարդկանց կենսապայմանների ապահովում… Վերջապես` ի՞նչ է անելու Փաշինյանը քաղաքականության փորձառու վետերանների հետ, որ այսօր պարտվում են, իսկ վաղը, օգտվելով նոր իշխանության սխալներից, կարող են խաղարկել իրավիճակի անկայունությունը, երբ իշխանական կաբինետներում հայտնվեն մարդիկ, որ դեռ նոր են պիտի դրսևորեն իրենց պրոֆեսիոնալիզմը անցումային փուլում: Ինչպե՞ս է նա տնօրինելու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի «ժառանգությունը», երբ Ստեփանակերտը հայկական նոր իրականության մենթալ սիմվոլն է: Երևանի սխալներն այդ ուղղությամբ ընդհանրապես կարող են քաղաքական քարտեզից ամբողջ Հայաստանը ջնջել:


Իսկ Մոսկվան Երևանի ներկա ճգնաժամը հաշվարկել էր: Ռուսաստանը զուսպ է արձագանքում, առանց հույզերի, գտնելով, որ Հայաստանի նոր իշխանությունները ի վիճակի են կանգնեցնել անարխիստական հանրահավաքային տարերքը, ուղղել ստեղծարար հուն, նվազեցնել հակամարտող ճամբարների դիրքորոշումների հետագա ռադիկալացումը և քաղաքական գործընթացը նորմալ հուն վերադարձնել:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Պատկերացրի՞ք` ի՞նչն է Հայաստանին բաժանում եվրասիական տարածքից: Ամբոխի ու ժողովրդի տարբերությունը` այդ տարածքում կա իշխանություն ու կա ամբոխ, որին պետք է պահել ճնշած, այլապես, ինչպես սովետական կինոֆիլմերում` փողոց թափված մարդիկ շրջապատում են խորհրդարանը… Ոչ մի նման կինոֆիլմ չհիշեցի: Այս ամբողջ շարադրանքը բացահայտում է` ինչպես է հետխորհրդային տարածքը սպասում, որ Հայաստանում իշխանությունը ձախողվի ու «քաղաքականության վետերանները» վերադառնան ուղղելու «սխալները», երբ կառավարում էր «անարխիստական հանրահավաքային տարերքը»: Նրանք չգիտեն` ինչ է նշանակում ժողովուրդ և չեն պատկերացնում, որ «փողոցը» նույնպես կարող է իրենց տարածքը լինել, որովհետև կաբինետից դուրս նրանց համար սկսվում է վտանգի կարմիր գոտին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ