Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մեզ համար այդ լիդերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել»

«Մեզ համար այդ լիդերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել»
05.10.2018 | 01:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի սկզբին: Քաղաքական ուժերի մի մասն ընդունում է այս տարբերակը, մի մասն էլ ասում, թե ընտրություններին նախապատրաստվելու համար ժամանակ է պետք: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին հարցրինք` ինչպես է վերաբերվում վարչապետի՝ օր առաջ ընտրության գնալու կոչին:

-Վարչապետն այս պահին քաջ գիտակցում է, որ իր վարկանիշն անկում է ապրում, քանի որ սոցիալական որևէ ծրագիր, տնտեսական կոնցեպցիաներ կյանքի չեն կոչվում, ու ոչ մի ոլորտում տեսանելի շարժ չկա,- ասաց պարոն Հարությունյանը։- Ընդամենը տեսարաններ են, իսկ հացը չի ապահովվում: Մենք տեսնում ենք, որ նա կադրային ծայրաստիճան վատ քաղաքականություն է վարում, ու իր նշանակած մարզպետները, նախարարները ոլորտին չեն տիրապետում, որևէ արդյունք չեն գրանցում: Պարզվում է, որ, օրինակ, մարզպետը գաղափար չունի հողերի չափման միավորներից և այլն: Բայց նա, փորձելով օգտվել իրավիճակից ու հանգամանքից, որ իր վարկանիշն այս պահին բավականաչափ բարձր է, ուզում է գնալ արտահերթ ընտրությունների: Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության մեջ ինքն իր համար փոփոխություն է արել, «ժողովուրդ» բառի առջևից գրել է «հրապարակի», և ստացվում է, որ իշխանությունը պատկանում է հրապարակի ժողովրդին: Բայց հրապարակի ժողովուրդը քանի՞ հոգի է, ո՞վ է բերել նրանց կամ ինչպե՞ս է բերել: Վարչապետի հրավիրած հանրահավաքի ժամանակ մենք տեսնում ենք վերջինիս հիստերիկ շարժումները, հիստերիկ ելույթները, մտքի թելն անընդհատ կորցնում է, ինչն այս պաշտոնի ու գերագույն գլխավոր հրամանատարի կոչման հետ անհամատեղելի է:
Խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը բոլորին վստահեցրեց, որ Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխվի, կուսակցությունների մասին նոր օրենք պետք է գրվի, ընտրությունների համար նախապատրաստական աշխատանքներ տարվեն, ինչից հետո միայն արտահերթ ընտրություններ կազմակերպվեն: Իսկ այժմ հայտարարում է, թե հենց հիմա պետք է ընտրությունների գնալ, ինչը նշանակում է, որ Փաշինյանը տնավարի կերպով փորձում է ամեն ինչ իրենով անել:
Եթե փողոցներում, հանրահավաքներում այլ մտածողությամբ մարդիկ չկան, դա դեռ չի նշանակում, թե ամբողջ հանրապետությունը կիսում է նոր իշխանության գաղափարախոսությունը: Իսկ որ ասում են` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «գազելներով» մարդ չեն բերել նախորդ ընտրությունների նման, այդքան էլ այդպես չէ, որովհետև «գազելների» փոխարեն սեփական ավտոմեքենաներով են նույն գործն արել, ինչի ապացույցը տեղամասերի դիմաց նկատված խցանումներն են: Ի վերջո, չմոռանանք, որ նույն ընտրական հանձնաժողովն է իրականացրել այս ընտրությունները, հետևաբար «բարի ավանդույթները» կարող էին շարունակվել, ու այդ նույն թիմն այս անգամ էլ կարող էր Փաշինյանին օժանդակել:
-Բայց Նիկոլ Փաշինյանի թիմում կայի՞ն մարդիկ, որ կարող էին ստանձնել այդ պարտականությունն ու փոխարինել ԿԸՀ գործող անձնակազմին:
-Իհարկե, նա այդպիսի թիմ չունի, ու իրեն պետք էր, որ հին թիմը մնա, քանի որ նրանք խոցելի են, ու վերջիններիս վրա ազդելն ավելի հեշտ կլիներ: Եթե նկատել եք, «նիկոլականներն» այսօր ԿԸՀ նախագահին վատ բան չեն ասում, ինչպես չեն քննադատում այն դատավորներին, որոնք Փաշինյանի քիմքին հաճելի որոշումներ են ընդունում: Փոխարենը հարձակվում են այն դատավորների վրա, որոնք իրենց ոչ ձեռնտու որոշում են կայացնում:
Նիկոլ Փաշինյանը եթե մտածում էր արտահերթ ընտրությունների մասին, կարող էր մայիսի 8-ին հանել իր թեկնածությունն ու ինքնըստինքյան գնալ արտահերթ ընտրությունների: Դա ամենաբարենպաստ իրավիճակն էր, ժողովուրդը ոգևորված էր, միասնական էր, քաղաքական ուժերի միջև համերաշխություն կար: Բայց այս 4-5 ամսվա ընթացքում Փաշինյանին հաջողվեց վարկաբեկել եկեղեցին, բանակի գեներալներին, հասարակությունը բաժանել «սևերի» ու «սպիտակների»:
-Փաստորեն, ըստ Ձեզ, արտահերթ ընտրությունների պետք էր գնալ դեռևս 2018-ի մայիսի՞ն:
-Այո, բայց Նիկոլ Փաշինյանը չկատարեց իր այն խոստումը, թե խորհրդարանը երկու անգամ նիստ չի գումարում, վարչապետ չի ընտրում, ու գնում ենք արտահերթ ընտրությունների: Նա գայթակղվեց իշխանությամբ: Եվ եթե նայենք նրա՝ մինչև իշխանափոխությունն ունեցած ելույթները, կնկատենք, որ հրավիրում էր քաղաքական բոլոր ուժերին, անուններ էր տալիս, ապա շնորհակալություն հայտնում, որ միացել են համաժողովրդական շարժմանը: Բայց, չգիտես ինչպես, նա միանգամից վերցրեց բարձրախոսն ու սկսեց ոչ մի ուժի ձայն չտալ: Պահը կհասունանա, ու ես առավել մանրամասն կպատմեմ այդ օրերի մասին, թե ինչպես էին բարձրախոսը վերցնում տարբեր մարդկանցից, այդ թվում նաև այն ուժերից, որոնք իրենց համար լուրջ գործ էին անում:
-Ասում եք` հրապարակներում հավաքվածների թվով չի կարելի ենթադրել, թե հասարակությունն ամբողջապես վստահում է վարչապետին, բայց նրա թիմը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում 81 տոկոս ձայն ստացավ: Չե՞ք կարծում, որ խորհրդարանական ընտրություններում էլ պատկերը նույնը կլինի:
-Ասեմ, որ նա կարող էր և չհավաքել այդքան ձայն, որովհետև չգիտենք, թե մարզերում ինչքանով են ոգևորված նոր իշխանություններով: Եվ եթե ընտրությունները նախկին ընտրակարգով անցկացվեն, ապա Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդրի առաջ է կանգնելու, որովհետև ռեյտինգային կարգով առաջադրվող թեկնածուների խնդիր են ունենալու: ՈՒրիշ խնդիր է, որ օգտագործելով վարչական ռեսուրսն ու տարբեր այլ միջոցներ, նա հրապարակում այժմ հոծ բազմություն է հավաքում, բայց, կրկնում են, դա ամբողջ ժողովուրդը չէ: Նրա կառավարման այս հինգ ամիսը ցույց տվեց, որ չի տիրապետում իրավիճակին. երկիր կառավարելը հանրահավաք անելն ու կես ժամում մարդ հավաքելը չէ: ժողովրդավարություն` չի նշանակում ամբոխավարություն: Մենք նայում ենք հրապարակներում հավաքված մարդկանց դեմքերին, սոցիալական ցանցերի նրանց էջերն ենք ուսումնասիրում ու տեսնում ենք, որ երբևէ ընդդիմադիր չեն եղել: Եվ այս պարագայում պարզ չէ, թե ով է Փաշինյանի էլեկտորատը:
-Այսինքն, Փաշինյանի ասած «իրավիճակին չեք տիրապետում» հայտնի արտահայտությունն այժմ իր գլխի՞ն է կոտրվել:
-Ինքն իրականում, այո, չի տիրապետում իրավիճակին: Ի՞նչ է նշանակում խոչընդոտել Ազգային ժողովի աշխատանքները, մատ թափ տալ, թե նախագիծը հետ կանչեք, այլապես ես մարդկանց փողոց կհանեմ: Պատկերացրեք, որ վարչապետը հրաժարական է տալիս, ու Նաիրի Հունանյանի պես մեկը պառլամենտը պատանդ է վերցնում այդ ընթացքում, երկու շաբաթ անընդմեջ ԱԺ-ում նիստ չի լինում: Հիմա ի՞նչ, դրանից հետո խորհրդարանը պետք է ցրվի՞:
-Եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունները տեղի ունենան, պատրաստվու՞մ եք մասնակցելու դրանց և ի՞նչ ձևաչափով:
-Իհարկե մասնակցելու ենք ու այն թիմում ենք լինելու, որը դեմ է Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, նրա քաղաքականությանը ու համարում է, որ վարչապետը մսխեց հեղափոխության ամբողջ կապիտալը: Ես դեռևս ապրիլի 14-ին իմ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտում Փաշինյանը բացառիկ հնարավորություն ունի մերանի դեր կատարելու, բայց հակառակը տեսանք: Նա պառակտեց ամբողջ քաղաքական դաշտը, հասարակությունը, ինչ է թե իշխանության ղեկին մնար:
-Դաշինքո՞վ, թե՞ առանձին կգնաք ընտրությունների:
-Այսօր կարևոր է լիդերի դերը, այնպիսի լիդերի, որը կփորձի համախմբել քաղաքական ուժերին, ու մարդիկ կհավատան, որ նա մինչև վերջ գնացող է: Կարևոր է, որ լինի մեկը, որը վերջին պահին չասի, թե «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ», կամ, առանց իր թիմին նախապես զգուշացնելու, հեռանալու որոշում կայացնի: Այդ հարցում ընտրությունը շատ մեծ է, ու մեզ համար այդ լիդերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել: Անկախ ամեն ինչից, թե ով ինչ կարծիքի է Քոչարյանի մասին, նրա կառավարման տարիներին երկիրը երկնիշ տնտեսական աճ է գրանցել, արտաքին քաղաքականության մեջ լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել և այլն:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ սցենարով է առաջնորդվում Փաշինյանն այժմ:
-Ինձ թվում է, նրա հիմնական սցենարն այն է, որ Գյումրու ռազմական 102-րդ բազան դուրս գա Հայաստանից: Ըստ իս՝ հեղափոխության հիմնական ֆինանսավորողը եղել է Արևմուտքն, ու ընդհանրապես կապ չունի, որ Փաշինյանն այսօր անընդհատ սեր է խոստովանում Ռուսաստանին կամ Պուտինին, դա անում է ռուսների ուշադրությունը բթացնելու համար:
-Այսինքն, ուկրաինական կամ վրացական սցենա՞րն է գործում:
-Չգիտես ինչու, համոզված եմ, որ Արևմուտքի սցենարի մեջ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չպետք է լիներ, բայց նա, ինչ-որ պահից սկսած, իր վրա վերցրեց այդ ամենը: Անգամ Բագրատյանի անունն է տրվում, ու պատահական չէ, որ Բագրատյանին Փաշինյանն այժմ «բլոկ» է անում ու չի շփվում վերջինիս հետ: Տրվում է նաև Դավիթ Տոնոյանի անունը: Նկատում ենք նաև, որ վարչապետ Փաշինյանը չի ցանկանում, որ իր թիմից որևէ մեկը երևա՝ հասկանալով, որ Արևմուտքը կարող է մեկ ուրիշի վրա կանգ առնել:
-Այս պարագայում ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի վերաբերմունքը:
-Ցանկացած գերտերություն ուզում է, որ իր դաշնակիցը լինի կանխատեսելի, բայց Փաշինյանը, իր կուսակցությունով, կանխատեսելի չէ ոչ մեկի համար: Նա ադեկվատ անձ չէ, և օրվա տարբեր ժամերի տարբեր բաներ է ասում՝ դեմքի տարբեր արտահայտությամբ:

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ