Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անվերջ բարեփոխվող ընտրական օրենսգիրքն այդպես էլ ավարտուն տեսք չի ստանում

Անվերջ բարեփոխվող ընտրական օրենսգիրքն այդպես էլ ավարտուն տեսք չի ստանում
05.10.2018 | 01:07

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր կառավարիչները հանձն առան մշակել մի այնպիսի գերօրիգինալ ընտրական օրենսգիրք, որը կվերացնի բոլոր կնճռոտ դրույթներն ու ընտրական գործընթացներն առավել պարզ, դյուրին ու ընկալելի կդարձնի բոլորի համար: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ դեռևս հունիսին վարչապետին առընթեր ձևավորված հանձնաժողովը մինչև այսօր հանրության դատին չի ներկայացրել օրենսգրքի նախագիծը: Նկատենք սակայն, որ հանձնաժողովականներն ասում էին, թե բարեփոխումների փաթեթը կազմելու են հնարավորինս սեղմ ժամկետներում, խոսվում էր անգամ հուլիսի վերջին պատրաստի նախագիծ ունենալու մասին, բայց որևէ ժամկետ, փաստորեն, չի պահպանվել:


Չեն պահպանվել նաև Վենետիկի հանձնաժողովի որոշ գնահատականներ, որոնք տրվել էին դեռևս նախորդ՝ 2016-ին ընդունված ԸՕ-ի ժամանակ: Ավելին, մեզ հետ զրույցներում թե՛ վերոնշյալ հանձնաժողովի ներկայացուցիչները, թե՛ օրենսգրքով հետաքրքրված ՀԿ ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, հենց Եվրոպայից են ֆինանսավորվում, նշում էին, թե Վենետիկի հանձնաժողովի ասածները հալած յուղի տեղ ընդունելու կարիք չկա, քանի որ քաղաքական օրակարգից ելնելով, կարող են և աչք փակել նրանց մատնանշած որոշ թերությունների վրա: Խոսքը, մասնավորապես, ընտրողների ստորագրված ցուցակներն ընտրություններից հետո հրապարակելու, բաց համամասնական ցուցակներով (ռեյտինգային) ընտրակարգից առհասարակ հրաժարվելու և ԸՕ-ի ընդունումից հետո նվազագույնը մեկ տարի անց ընտրություններ անցկացնելու մասին է:
Դեռևս հայտնի չէ, թե ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը կարդալուց հետո ինչ եզրակացություններ կարող են տալ Արևմուտքի մասնագետները, բայց ակնհայտ է, որ, օրինակ, ռեյտինգային ընտրակարգից հարաժարվելու կամ ընտրությունների ժամկետների մասով բացասաբար են արտահայտվելու, քանի որ, ըստ նրանց, դա սպառնում է խորհրդարանում մարզերից ներկայացուցիչներ ունենալուն:


Եթե մինչ այս պահը քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում էին, թե այդ դրույթը խախտում համարել չի կարելի, ապա այժմ, Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Յուլիա Լովոչկինայի ուղերձից հետո, որտեղ նա ընդգծում է Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությունների խիստ կարևոր նշանակությունն ու կոչ անում հարգել եվրոպական չափանիշները, իշխանություններն սկսել են ավելի մեղմ արտահայտվել:
Էդմոն Մարուքյանը, օրինակ, օրերս մեզ հետ զրույցում ասաց, որ կարևոր է եվրոպական բոլոր մարմինների կարծիքները հաշվի առնել` ապագայում ընտրությունների հետ կապված միջազգային լեգիտիմության որևէ խնդիր չառաջացնելու համար: Նա նաև չբացառեց, որ ընտրությունները կարող են հին օրենսգրքով կազմակերպվել:


Վարչապետ Փաշինյանն էլ ընտրական օրենսգրքի ընդունման կամ չընդունման հարցը գցեց օրենսդիր մարմնի վրա, ասելով, որ ԱԺ պատգամավորները պետք է ընդունեն կամ չընդունեն օրենսգիրքը, և դա այն դեպքում, երբ խորհրդարանը նախագիծը դեռևս չի ստացել:
Չի բացառվում, որ իշխանությունները, չցանկանալով «նեղացնել» եվրոպացի իրենց գործընկերներին, ընտրությունները կազմակերպեն հին օրենսգրքով՝ մեկնաբանելով, որ կարևորը ոչ թե օրենսգիրքն է, այլ արդար ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքը: Այդ դեպքում, սակայն, կստացվի, որ մի ամբողջ հանձնաժողով աշխատեց մի բանի շուրջ, ինչի կարիքը գոնե այս փուլում չկար:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ