USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Չի կարելի ասել, որ նոր քաղաքական իրավիճակ է, ու պետք է մոռանալ ամեն ինչ»

«Չի կարելի ասել, որ նոր քաղաքական իրավիճակ է, ու պետք է մոռանալ ամեն ինչ»
05.10.2018 | 01:47

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» խմբակցության անդամ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ վստահ է, որ դա ավագանու ընտրություն չէր, այլ ընդամենը հանրաքվե, օրակարգն ավագանու ընտրություններից ամբողջությամբ շեղվել էր, ու երևանցիներին պարտադրվել էր մեկ հարց` հեղափոխությանը վստահու՞մ են, թե՞ ոչ։

-Եթե այս տրամաբանությամբ էլ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նույն պատկե՞րն ենք ունենալու։
-Չեմ կարծում, որովհետև ընտրություններին մասնակցելու է ողջ հանրապետությունը, և իրական ընտրություններ են լինելու, մարդիկ իրենց տեսակետը հայտնելու են՝ ըստ իրենց նախասիրությունների, մոտեցումների։ Բնականաբար, կրկին ՔՊ-ն կհավաքի լուրջ ձայներ, բայց պատկերը հաստատապես այլ կլինի։
-Տեսանելի՞ են այն ուժերը, որոնք խորհրդարանական ընտրություններում իշխանության հակառակ բևեռը կներկայացնեն։
-Մեկ բան արձանագրենք. մեր երկրում միշտ այնպես է եղել, որ ընդդիմադիր ուժը մշտապես պետք է ընդդիմանա, պայքարի։ Պայքարելու խնդիրը, որպես այդպիսին, պետք է վերանա։ 20 տարի բոլորս պայքարում էինք, որ իշխանությունը փոխվի։ Հիմա ընդդիմության կարևորագույն գործառույթը պետք է լինի այն, որ ԱԺ-ն իր պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնի, իսկ ընդդիմությունն էլ իր այլընտրանքային տեսակետը ներկայացնի, որպեսզի ունենանք նորմալ օրենսդրություն, քաղաքական միջավայր ու մթնոլորտ։ Եզակի հնարավորություն ենք ստացել գաղափարական, քաղաքական հողի վրա, ոչ թշնամանքի մթնոլորտում միմյանց հետ մրցակցելու։
-Ստացվել է այնպես, որ այս իշխանության միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, որի հանդեպ հանրային վստահություն չկա, ասել է՝ մրցակցային դաշտ էլ չկա։
-Այդպես չեմ կարծում։ Այդպես էր սրանից մի քանի ամիս առաջ, երբ այս իշխանությունը ընդդիմություն չուներ։ Հենց այս հանգամանքն է նաև կարևորվում խորհրդարանական արտահերթ ընտրություննեում, երբ կձևավորվի քաղաքական այն ներկապնակը, որն առաջիկա տարիներին արտահայտելու է Հայաստանում ստեղծված ուժերի դասավորությունը։
-Բայց մինչ ընտրություններ պետք է ի հայտ գան այդ ուժերը, որպեսզի հասարակությունն իշխանության և ընդդիմության միջև ընտրության հնարավորություն ունենա։
-Ընտրության ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ծրագրով կներկայանա, և մարդիկ, ըստ դրանց, նաև քաղաքական կենսագրությամբ կարող են ընտրություն անել։
-Հին ուժերի ռեստավրացիա՞ պետք է լինի, որովհետև, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին, նոր ուժեր հազիվ թե կազմավորվեն։
-Չեմ կարծում, որ հին ուժերի ռեստավրացիա հնարավոր է։ Քաղաքական գործիչը պետք է լինի այնպիսին, որ քնած տեղից էլ արթնացնես, ասես՝ քաղաքական գործընթաց կա, դրան մասնակցելուն պատրաստ լինի։ Այն, որ քաղաքական նոր ուժեր ստեղծողներ կան, պարզ է, բայց դրանցում չեն լինի քաղաքական փորձառություն ունեցող, ճանապարհ անցած գործիչներ, որոնք, գիտեն` ինչ է քաղաքականությունը, ոչ թե ցանկություն ունեն դրան մասնակցելու։
-Իսկ հասարակությունը ճանապարհ անցածներին վստահու՞մ է։
-Հասարակությունը ինչու չպետք է վստահի, օրինակ, Հրանտ Բագրատյանին։ Կան մարդիկ, քաղաքական թիմեր, որոնք կարող են հասարակությանը մատուցել այն, ինչ պետք է և ինչ հասարակությանն անհրաժեշտ է։ Չի կարելի ասել` նոր քաղաքական իրավիճակ է, ու պետք է մոռանալ ամեն ինչ։ Քաղաքական գործիչների մի ստվար հատված կա, որն ունի հսկայական փորձ, ինչն անհրաժեշտ է պահպանել, զարգացնել ու փոխանցել։ Մեր հասարակությունը երկար տարիներ եղել է մեկ քաղաքական միավորի լծի տակ և այսօր դրանից ազատագրումը համարում է բացարձակ ձեռքբերում, մնացած հարցերն այս փուլում չի կարևորում։ Շատ կարճ ժամանակ անց կլինեն քաղաքական ուժերի տարբերակումներ։
-Դուք կմասնակցե՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
-Հիմա կարևոր է հասկանալ` երբ են լինելու այդ ընտրությունները, ինչ քաղաքական դասավորությամբ։ Կարծում եմ, եթե ընդհանրապես չլինեն էլ, այսօրվա գործիքակազմը թույլ է տալիս շարունակել աշխատել, որևէ վտանգ չկա ներկայիս իշխանության և ժողովրդի համար։


Էջը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao