«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               

Վերհիշենք 30 տարի մեզ կառավարողների էությունը

Վերհիշենք 30 տարի մեզ կառավարողների էությունը
05.10.2018 | 02:09

(Նախորդ մասը)

Չեմ կարող չհիշել մի զավեշտալի պատմություն: 1994-ի դեկտեմբերն էր։ Փողոցում կսպանեն Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանին և սպանության մեջ կմեղադրեն դաշնակցական Միքայել Մանուկյանին: Միքայելին բերման ենթարկողները երազում էին, որ նա փախուստի կդիմի, կսպանեն նրան, և ՀՀՇ-ն իր պրովոկացիան ավարտած կհամարի: Բայց Միքայելը չփախավ: Միքայելին ներկայացրին ճանաչման Համբարձում Գալստյանի եղբորը, որը դեպքի վայրում էր եղել:


Թե ինչպես է անցել անձին ճանաչման ներկայացնելը, խոսքը տանք ՀԿԳ քննիչ Գևորգ Աբաջյանին, որի պատմածը կապշեցնի նորմալ մարդուն. «Գիշերվա կեսին քնած տեղից ինձ արթնացրին, թե սպանություն է եղել, արի դեպքի վայր: Որտեղի՞ց ճարեմ ընթերականեր այս ուշ ժամին, չեմ կարող գալ` պատասխանեցի։ Տասը րոպե անց զանգահարեցին, թե` Գևորգյանը քեզ շտապ կանչում է դատախազություն: Էն ժամանակվա ԿԳԲ-ի պետ Դավիթ Շահնազարյանը զանգահարել էր գլխավոր դատախազին և ասել, թե Աբաջյանը հրաժարվում է ճանաչում կատարելուց: Եկա: Դեսից-դենից նրանք ճարել էին ընթերականեր, բայց հարկ չէին համարել ճարել ևս երեք անձի, որոնք պիտի ներկայացվեին Միքայել Մանուկյանի հետ ճանաչման: Երբ Միքայել Մանուկյանին ներկայացրին ճանաչման, Համբարձում Գալստյանի եղբայրը նայելով ճանաչվողին, միամտաբար ասաց. «էս տղան է, որի նկարը ցույց էր տվել ինձ Սուրեն Աբրահամյանը և ասել, թե սա է սպանել եղբորդ»:


Բոլորս ապշած իրար նայեցինք: Եղբայրն ասաց, թե նման է հանցագործին, բայց նա չէ: ԿԳԲ-ի կազմակերպած պրովոկացիան տապալվեց: Առավոտյան, երբ հավաքվեցինք գլխավոր դատախազի մոտ, այդտեղ էր նաև Վազգեն Սարգսյանը: Իմ հարցին, թե ինչ անեմ ձերբակալվածի հետ, Գևորգյանը նայեց Վազգենի երեսին, նա էլ ասաց, թե մի երկու ամիս պահեք կալանքի տակ, կարող է խոստովանի, որ ինքն է: Գևորգյանը հլու հնազանդ ենթարկվեց»:
Դեկտեմբերին Լևոնը դաշնակցություն կուսակցության գործունեությունը արգելեց Հայաստանում, իսկ Մարուքյանին արտաքսեց երկրից: Ես իմացա, թե ով է Միքայելյանի հայրը: Նիհարավուն, մի ոտքից կաղ, տանջված դեմքով հայ մարդ էր: Նրան մի կողմ քաշեցի դատախազության գլխավոր մուտքից և ասացի ողջ ճշմարտությունը, միաժամանակ քաջալերելով, թե քո որդուն ոչինչ չեն կարող անել, նա անմեղ է:


ՀՅԴ-ն արգելվեց: Ես միշտ պաշտպանում էի այդ կուսակցությանը: Նրանցից շատերին, այդ թվում և պարագլխին, վերջում բանտ ուղարկեցին: Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, նրանք ազատվեցին և հետագայում մաս կազմեցին նրա իշխանության: Երբ դաշնակցությունը դուրս եկավ բանտից, հասկացա` ովքեր են նրանք, հեռացա նրանցից: Քոչարյանից հետո սկսեցին սիլի-բիլի անել, հետո հեռանալ, նորեն սիլի-բիլի Սերժ Սարգսյանի հետ: Երբ հեռացավ Սերժ Սարգսյանը, նրանք «բարոյական» կերպարով նետվեցին հեղափոխության գիրկը, հավանաբար մտածելով, թե ժողովուրդը կհավատա, որ իրենք կույսի կարգավիճակով են հարս գնում: ՀՅԴ-ն երկրում կատարված բոլոր այլանդակությունների մասնակիցն է: Մասնակից է նաև ԲՀԿ-ն: Ինչևէ։
Սպանեցին Վարդգես Պետրոսյանին, չբացահայտվեց: Սպանեցին Ղանդիլյանին, չբացահայտվեց: Սպանեցին Յուզբաշյանին, չբացահայտվեց: ՈՒ՞մ խղճին են նրանց սպանությունները:


Ինչու սպանեցին Ղանդիլյանին: Մինչև ԽՍՀՄ-ի տապալումը ապրանքներով վագոնների փոխարեն միայն ապրանքագրերն էին մտնում Հայաստան: Ապրանքը ծախվում էր ճանապարհին: Ղանդիլյանը այդ մասին ասել էր Յուզբաշյանին, որն էլ պատրաստվում էր կարևոր ինֆորմացիան հայտնելու Լևոնին: Դժվար թե Յուզբաշյանն այդքան միամիտ էր և չգիտեր, թե ով է հովանավորում հանցագործներին: ՈՒրբաթը շաբաթից շուտ եկավ: Երկուսն էլ սպանվեցին օրը ցերեկով:
Ո՞վ սպանեց Աշտարակի գործկոմի դաշնակցական նախագահին, գործը մնաց չբացված:
Ո՞վ սպանեց գեներալ Խոռխոռունուն: Հիշենք Վազգեն Մանուկյանի վարչապետության ժամանակ կադրային քաղաքականության մի քանի դեմքերի` Ժոկո նախարարին, Եսայի Ստեփանյանին: Այդ սոված ստահակի (իսկ ՀՀՇ-ից ո՞վ սոված չէր) բարոյական կերպարը ապշեցրել էր նույնիսկ թուրք պաշտոնյային, որն էլ Ստեփանյանի առաջարկի մասին, թե` ինձ տվեք կանխիկ երեք միլիոն դոլար, ինչ պայմանագիր ուզում եք` կնքեմ, հայտնել էր հայ պատրիարքին: Հայ նախարարը իր ժողովրդի հաշվին պատրաստ էր ցանկացած գործարքի թուրքի հետ:


Ես բանիմաց և աչքաբաց մարդ էի, ինչպե՞ս կարող էի հակաժողովրդական բազում ինֆորմացիայի տիրապետել և այդքանից հետո հարգել Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ո՞վ սպանեց Արթուր Մկրտչյանին: Հավանաբար այդ մասին մի օր կխոսի նրա կինը, երբ զգա, որ իր և իր երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակե՞մ հայ ժողորդի կյանքում այլանդակ դեր խաղացած լևոնապատումը, թե՞ վերջակետ դնեմ։
Երբ 1998-ին Լևոնին և նրա վարչախումբը քշեցին իշխանությունից, ժողովուրդը թեթևորեն շունչ քաշեց: Ժողովրդի երբեմնի կուռք Լևոնն ու իր շրջապատը ահաբեկված էին: Նրանք կարծում էին, թե տարիներ շարունակ իրենց վարած ազգադավ, տնտեսություն ավերող, արդյունաբերություն ոչնչացնող քաղաքականությունը կբացահայտվի, և նոր իշխանությունները դրա քաղաքական, իրավական գնահատականը կտան: Ավա՜ղ…
Քոչարյանը չէր պատրաստվում որևէ գնահատական տալու: Ինչու՞: Շատ պարզ պատճառով: Նա Երեմիա մարգարե չէր: Նախ` ինքը եկավ իշխանության կեղծիքի ճանապարհով: Մի հայտնի իրավաբան, ինչպես ինքն էր հետագայում գլուխ գովել, թե` այնպես հիմնավորեցի Քոչարյանի ՀՀ-ի 10 տարվա քաղաքացիության հարցը, որ որևէ մեկը չկարողացավ խոսել: Այդ հայտնի իրավաբանը Մհեր Խաչատրյանն էր, որի մասին, որպես իմ դասախոսի, կարող եմ ասել` ՀՀՇ-ի օրոք նա կորցրեց իրավաբանի իր խիղճը:


Քոչարյանը Լևոնին որևէ գնահատական չտվեց, որովհետև նա ևս պիտի գնար այդ ճանապարհով: Եվ ոչ միայն պիտի գնար այդ ճանապարհով, այլև պիտի գերազանցեր Լևոնին իր ավերիչ քաղաքականությամբ: Նա, ինչպես իր նախորդը, իշխանության եկավ ընտրությունները կեղծելով: Ընտրություններում «պարտված» Կարեն Դեմիրճյանը լռեց։ Խորհրդարանը նրան ընտրեց նախագահ, իսկ Վազգենին՝ վարչապետ: Այդ տանդեմը հաստատ մտածում էր, որ իրենց նման երկու հզոր ֆիգուրների գոյության պայմաններում Քոչարյանը կվերածվի իսկ և իսկ անգլիական թագուհու, և երկրի բուն իշխանությունը կլինի իրենց երկուսի ձեռքում:
Քոչարյանը, սակայն, կոչված չէր կատարելու անգլիական թագուհու դերը: Սառը, հաշվենկատ և ստվերում անթերի գործելու ունակությունները, Սերժ Սարգսյանի աջակցությունը նրան դարձրին այն, ինչին նա կոչված էր ճակատագրով:
Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց գլխավոր երկու ֆիգուրները գնդակահարվեցին ԱԺ-ում:


Ռոբերտ Քոչարյանը կարող էր հանգիստ շունչ քաշել: Քաղաքական գործչի ճանապարհն այլևս վտանգի տակ չէր: 1999-ի հոկտեմբերի 27-ի գործը չբացահայտվեց:
Քրեական գործի հարուցումից կարճ ժամանակ անց քրեական գործի հետագա քննությունը զինվորական դատախազության վարույթ վերցրեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նրան թվում էր, թե հանցագործները հայտնի են, գործի բացահայտումը որևէ բարդություն չի ներկայացնում, մինչդեռ ահավոր մեծ կլինեն ստանալիք դիվիդենդները: Հանուն ճշմարտության ասեմ, որ Գագիկ Վրեժովիչը լավ իրավաբան է, բայց նման գործ բացահայտելու քննչական խմբի իր փորձն ու գիտելիքներն անբավարար էին: Նկատեմ նաև, որ խմբի քննիչները ոչ թե փորձ ու գիտելիքներ ունեցող, այլ շատ հարցերում անփորձ քննիչներ էին: XX դարի այդ կեղծարարը (երկրում առաջին ընտրակեղծիքները հաջող իրականացնելու համար նրան այդպես էր բնութագրել Վազգեն Մանուկյանը) Լևոնի վստահությանը արժանացավ, հասավ այն բանին, որ բոլոր դատավոր թեկնածուները իր երաշխավորությամբ էին հաստատվում կամ մերժվում։ Ջհանգիրյանը, առանց որևէ կարգի կամ օրենքի, թեկնածուներից քննություն էր ընդունում. ում կուզեր, կերաշխավորեր դատավորի պաշտոնում: Այդ ապօրինի քննությանը, առանց հարց տալու իրավունքի, մասնակցում էր Մհեր Խաչատրյանը: Տողերիս հեղինակը չանցավ այդ քննությամբ, որովհետև ինձ ուղղված հարցը ոչ թե իրավական էր, այլ քաղաքական` հոդվածներ ես գրում, հա՞, դաշնակներին էլ պաշտպանում ես:


Երբ հոկտեմբերի 27-ի գործը վերցրին գլխավոր դատախազության ենթակայությունից, Աղվան Հովսեփյանը, որն այդ ժամանակ հատկապես կարևոր գործերով քննչական մասի պետն էր, հավանաբար փա՜ռք տվեց Աստծուն: Գործը քննվե՜ց, քննվե՜ց, բայց Ջհանգիրյանը տապալեց այն։ Բացի ակնհայտ հանցագործներից ոչ ոք չնստեց մեղադրյալի աթոռին, անգամ քննությամբ չպարզվեց` ով էր կազմակերպել, ով էր կանգնած այդ հանցագործության գլխին:
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի ձեռքերն ազատ էին:
Նա սկսեց արագ թափով անել այն, ինչ Լևոնը վախվորած էր անում։ Երբ Երևանի քաղաքապետը տրտնջաց, թե` փող չկա Երևանում շատ ծրագրեր իրականացնելու համար, նա շշպռեց, ասելով` նստել ես միլիոնների վրա, ինձնից փո՞ղ ես ուզում:
Քոչարյանն սկսեց արագ և էժան գներով ծախել Երևան քաղաքի հողատարածքները: «Հաղթանակի» զբոսայգու կանաչ գոտիները կարճ ժամանակ անց վերածվեցին շինհրապարակի: Հարցրեք ազատության մեծ «ջատագով» Զորի Բալայանին, թե քանի՞ հեկտար հող է գնել Երևանում և ինչ գնով:


Քոչարյանը գործի մարդ էր: Նա կարողացավ անձամբ հանդիպել Քրքորյանի հետ: Քրքորյանը մեծ գումարներ հատկացրեց ճանապարհաշինության, քաղաքաշինության ծրագրերին, իսկ թե ինչու հրաժարվեց հետագա ֆինանսավորումից, պարզ է: Կոնկրետ նպատակի հատկացված փողերի զգալի մասը մսխվեց։
Արարատի ցեմենտի գործարանը Քոչարյանի ցուցումով հասավ Գագիկ Ծառուկյանին: Վանոյի ժամանակ ծաղկած Խաչատուր Սուքիասյանի կլանը մղվեց հետին պլան: Քոչարյանի ժամանակ ծաղկեց Ծառուկյանի բիզնեսը:
Բայց ավելի լավ է վերջացնեմ Քոչարյանի թեման:


Նիկոլ: Չեմ ցանկանում ոգևորված առաջ ընկնել: Միայն կասեմ, որ իրոք շտապել պետք չէ:
Ո՞րն է լինելու առաջին կարևոր քայլը: Սահմանադրության ոչ թե փոփոխությունը, այլ ապրիլյան հեղափոխության ոգով նոր սահմանադրության մշակումը: Գաղտնիք չէ, որ Սահմանադրությունը գրված օրվանից ծառայել է ոչ թե ժողովրդին, այլ պատվիրատուին: Նույնիսկ այն կետը, որ ցանկացած փոփոխություն սահմանադրությունում պետք է կատարվի հանրաքվեի ճանապարհով, զավեշտական է: Կարծես թե գրվել է ժողովրդական սահմանադրություն և այն պետք է հեռու պահել ցանկացած միջամտությունից: Քոչարյանը հանրաքվեով (ավելորդ ծախսեր) այն վերաձևեց իր հագով: Բոլորին է հայտնի, թե ինչպես է կեղծվել քոչարյանական հանրաքվեն: Սերժ Սարգսյանն իր դիկտատուրան ամրապնդելու համար գնաց ավելիի ճանապարհով: Հիմա վերաձևել այդ Սահմանադրությունը «հեղափոխական» ոգով` սխալ է: Պիտի գրվի բոլորովին նոր սահմանադրություն, այնպիսի սահմանադրություն, որ կարիք չլինի ամեն եկող իշխանավորի հագով վերաձևելու:
ԱՄՆ-ի Սահմանադրությունը ավելի քան 200 տարի ծառայում է ԱՄՆ-ի ժողովրդին, և այդ ընթացքում կատարվել է ընդամենը 18 ուղղում, այն էլ` ոչ հանրաքվեով: Կգնա՞ ապրիլյան իշխանափոխության առաջնորդն այդ ճանապարհով, թե՞ եղածը կվերանայի իր հագով, ցույց կտա ժամանակը։

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 8773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao