Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեսին ֆուտբոլային կատարելություն է

Մեսին ֆուտբոլային կատարելություն է
05.10.2018 | 03:09

Չեմպիոնների լիգայի խմբային երկրորդ հանդիպումները մեծ բավականություն պարգևեցին ֆուտբոլասերին: Գոլառատ հանդիպումների պակաս չեղավ, երեք հեթ տրիկը կատակ բաների շարքից չէ, սակայն առանցքայինը կա ու մնում է Մեսին, որը ևս մեկ անգամ հավաստեց, որ ֆուտբոլային կատարելություն է:

A ԽՈՒՄԲ
«Աթլետիկոյի» համար «Բրյուգեին» հաղթելը պիտի որ առանձնակի բարդություն չներկայացներ, ինչն էլ մադրիդցիները հավաստեցին առանց ավելորդ գերլարումների՝ 3:1: Դուբլ է գրանցել Գրիզմանը: Հաշվի առումով նման մի թեթև հանդիպում էլ ունեցել է Դորտմունդի «Բորուսիան», որի մրցակիցը «Մոնակոն» էր՝ 3:0: Վեցական միավորով առաջատարներն են «Բորուսիան» ու «Աթլետիկոն»:

B ԽՈՒՄԲ
Այստեղ հաղթել են հյուր գնացած թիմերը: «Ինտերը» դա արել է ՊՍՎ-ի նկատմամբ՝ ի հաշիվ Իկարդիի գոլի (1:0), իսկ «Տոտենհեմ»-«Բարսելոն» մրցավեճը վեր է եղել ամեն կարգի սպասումներից: Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսին ակտիվացան տանտերերը, ու մինչ այդ բարսելոնյան կատարմամբ մենահամերգը ստացավ երկրորդ կատարող կողմ: Արդեն ծեծված արտահայտություն է դառնում, բայց այս անգամ էլ պիտի օգտվենք դրանից, ասելով՝ ժամանակ գտեք ու այդ դիմակայությունը նայեք, ստացեք կատարյալ գեղագիտական հաճույք, նայեք ու ևս մեկ անգամ համոզվեք, որ Մեսին իսկապես երկրորդը չունի այս աշխարհում, ու խոշոր հարց է՝ երբևիցե կունենա՞, թե՞ ոչ: Նայեք ու տեսեք, թե ինչ է նշանակում խոշոր անհատը թիմում, որը չորս գոլի ստեղծմանն էլ անմիջական մասնակցություն է ունեցել. առաջին երկուսում անմիջապես դարպասը գրավողի, մյուս երկուսում` գոլային կատարյալ փոխանցում անողի տեսքով:

Այս խմբում, ի դեմս «Բարսելոնի» ու «Ինտերի», երկիշխանություն է վեցական միավորով, ու եթե «Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի մրցաշարին լուրջ մասնակցություն է ուզում ունենալ, հետագա խաղերում պիտի ձերբազատվի իր անվան դիմաց այնպես տխրորեն տրամադրություն ստեղծող զրո միավորից:

C ԽՈՒՄԲ
«Պարի Սեն Ժերմեն»-«Ցրվենա զվեզդա» կարգի հանդիպումները գալիս են առարկայնորեն ցույց տալու, որ Չեմպիոնների լիգայում 32 թիմի ընդգրկումն արդարացված չէ, ու պատահական չէ, որ վերևներում լրջորեն մտմտում են կառուցվածքային փոփոխությունների մասին: Ինչևէ, ֆրանսիական ազրայելը վեց անգամ խեղճ «Ցրվենա զվեզդային» ստիպեց գնդակը հանել դարպասից, ու այնպես էլ չէ, որ այդ օրը հյուրերի օրացույցի վրա կարմիր օր էր: Ինչ վերաբերում է մեկ գոլով պատասխանելուն, դա ավելի շուտ ու ավելի շատ նման է հոգեվարքից առաջ եղող խռխռոցի:
Ծանրագույն լարվածությամբ հանդիպում ունեցան «Նապոլին» ու «Լիվերպուլը»: Տանտերերին 90-րդ րոպեին հաջողվեց գրավել Յուրգեն Կլոպի սաների պաշտպանած դարպասը ու, եթե անկեղծ, դժվար է ասել՝ դա վաստակա՞ծ հաղթանակ էր, թե՞ ոչ: Ինչևէ, եղածը եղած է:
Այստեղ աղյուսակը չորս միավորով գլխավորում են իտալացիները, «Լիվերպուլն» ու «Պարի Սեն Ժերմենն» ունեն երեքական միավոր:

D ԽՈՒՄԲ
«Պորտու»-«Գալաթասարայ» դիմակայության ելքը որոշել է տանտերերի խփած միակ գոլը: Նույն հաշիվն է գրանցվել խմբային մյուս՝ «Լոկոմոտիվ»-«Շալկե» մրցակցությունում, որտեղ առավել հաջողակ են եղել հյուրերը: Ռուսների համար այս պարտությունն առավել ծանր է եղել նրանով, որ ամբողջ խաղի ընթացքում կարողացել են ցույց տալ հավասար մրցակցություն ու հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ են բաց թողել գոլը:
Առաջատարները չորսական միավոր ունեցող «Պորտուն» ու «Շալկեն» են:

E ԽՈՒՄԲ
ԱԵԿ-«Բենֆիկա» մրցակցությունը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի առաջին օրվա զարդերից էր: Վաղ երկու գոլով հյուրերը միանգամից կոտրեցին տանտերերի մեջքը, ու հանդերձարանում մարզչի ցուցումներ էին անհրաժեշտ, որ թիմը վերադառնա խաղ: Վերադարձավ նույնքան արագ երկու գոլով, սակայն առանձնակի ագրեսիվ տրամադրված պորտուգալացիներն իրենց համար հաստատապես վճռել էին տուն վերադառնալ երեք միավորով ու արեցին այդ բանը՝ 3:2:
Միանգամայն անսպասելի ավարտ ունեցավ «Բավարիա»-«Այաքս» դիմակայությունը: Իհարկե, մյունխենցիների հիմնովին անելիք բանն է հետխաղյա վերլուծությունն ու պարզելը, թե հատկապես որտեղ վրիպեցին, սակայն եկեք արժանին մատուցենք հոլանդացիներին, որոնք տուն գնացին միավոր վաստակած՝ 1:1: Հենց նրանք էլ մյունխենցիների հետ չորս միավորով աղյուսակի առաջին երկու հորիզոնականում են:


F ԽՈՒՄԲ
Շատ լավ իմանալով, որ օրվա ահեղ մրցակցի հետ խաղում զուտ պաշտպանության դիմելով առանձնակի բանի չի հասնի՝ «Հոֆենհայմը» գրոհեց ու առաջին իսկ գրոհով հասավ արդյունքի: Հասկանալի է, որ սա թեթև խաղի նախանշան չէր կարող լինել, ու «Մանչեստր Սիթին» շատ արագ տվեց հասցրած ապտակի պատասխանը: Արդեն ութերորդ րոպեին 1:1 հաշիվը խոստանում էր գոլառատ խաղ, սակայն գոլառատության առումով սպասվածը չիրականացավ, իսկ, այ, լարվածության առումով ֆուտբոլասերը կատարելապես բավարարվեց: Խաղավարտին հյուրերը հարկավ վշտացրին տանտերերին, սակայն, թող ներվի ասել, դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև աշխարհում այսօր շատ քիչ թիմեր կգտնվեն, որ տագնապ չեն կարող չունենալ Պեպ Գվարդիոլայի թիմի հարձակման գծից:
«Լիոն»-«Շախտյոր» մրցակցությունը նույնպես հետաքրքրական ստացվեց, սակայն տպավորություն էր, որ տանտերերը սպասում էին մրցակցից երկու գոլ «ուտելուն», որ նոր-նոր «միանան» խաղին: Արդյունքում` 2:2 հաշիվ ու խմբայինում գրեթե հավասար հնարավորություններով իրավիճակ: «Լիոնն» ունի չորս, «Մանչեստր Սիթին»՝ երեք միավոր:

G ԽՈՒՄԲ
ԲԿՄԱ-Մադրիդի «Ռեալ» առճակատմանը վիճակվեց դառնալ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության երկրորդ տուրի ամենախոշոր սենսացիան: Այս խաղարկության վերջին երեք տարիների գավաթակիրը հանդիպման հենց մեկնարկում գոլ բաց թողեց՝ Վլաշիչն օգտվեց Տոնի Կրոսի սխալից: Խաղի մնացած մասում այդպես էլ «արքայական» ակումբին չհաջողվեց գրավել Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասը:
Ինչ խոսք, արձանագրված արդյունքը միանշանակ անակնկալների դասից է, սակայն երբ նայում ենք անցյալում Ռուսաստանում ռուսական թիմերի հետ մադրիդցիների հանդիպումների վիճակագրությանը, անակնկալի մասին պատկերացումներն այնքան էլ հիմնավոր չեն ներկայանում:
Խմբային երկրորդ դիմակայությունում «Ռոման» անարգել անցավ Պլզենի «Վիկտորիայի» վրայով՝ 5:0: Այստեղ էլ է գրանցվել հեթ տրիկ: Դրա հեղինակը Էդին Ջեկոն է: Խմբային առաջատարը չորս միավոր ունեցող ռուսական ակումբն է, երեքական միավորով նրան են հաջորդում իսպանական ու իտալական թիմերը: Այնպես որ, այսպես էլ է լինում:

H ԽՈՒՄԲ
«Յանգ Բոյզը» կա ու մնում է համակրելի թիմ, սակայն «Յուվենտուսի» նման գրանդի հետ հավասար ոտքը գցելը դեռևս նրա բանը չէ, իսկ ով էլ կասկածում էր սույնին, խաղը համոզչորեն փակեց նման բերանները: Սոսկ ավելացնենք, որ երեք գոլն էլ Դիբալայի անվան դիմաց է գրանցված, ու միայն ՊՍԺ-ի Նեյմարը կամ «Ռոմայի» Ջեկոն չեն, որ տուրում հեթ տրիկի հեղինակ են դարձել՝ 3:0:
Թվում էր, թե ներքին առաջնությունում ճգնաժամային իրավիճակում հայտնված «Մանչեստր Յունայթեդը» իրավիճակ շտկելու փորձեր կաներ «Վալենսիայի» հետ մրցակցությունում, սակայն իսպանացիներն իրենք գոլ չխփեցին, բայց մրցակցին էլ այդ հաճույքից զրկեցին:
Վեց միավորով առաջին հորիզոնականում «Յուվենտուսն» է, երկու միավոր պակաս ունի Մոուրինյոյի գլխավորած թիմը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ