Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը
05.10.2018 | 21:04

Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ
Պարոն վարչապետ,
Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք և պարոնայք կառավարությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Սիրելի Ուլլա Ազնավուր,
Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ,
Տիկնայք և պարոնայք,


Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ:
Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց Երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»:


Բայց ինչի՞ մասին են պատմում այդ վերնագրերը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը: Մի՞թե ունայնության կամ հուսահատության: Ո´չ, ամենևին, այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու և նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին:
Շառլ Ազնավուրի նախնիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` դեգերեցին աշխարհում և, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթևան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր:


Կրելով անասելի դժվարություններ՝ Վաղինակ-Շառլը ի վերջո գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին բացի իրենից չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմը իր գործը չէ, երգելը իր կոչումը չէ, որ ճակատագիրը առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով Ցեղասպանության աղետից: Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն և նա գիտեր իր առաքելությունը, և այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներևակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց, ու գրեց, և նա գրեց ու երգեց դատարկ և կիսադատարկ դահլիճներում և նա երգեց անհոգնել ու աննահանջ և մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու և գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները:
Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը:


Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ՝ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով:
Նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար:
Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և նա թերևս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք:
Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ:


Ֆրանսիայի հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն,
Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում, չեմ կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եվ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը և բոլոր ֆրանսիացիներին ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթևան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձևավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը և Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել:


Շառլ Ազնավուրը, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և Հայաստանի Հանրապետության դեսպան:
Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, և մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին:
Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաև Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ և ինձ ուղղված վերջին նամակում մասնավորապես գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը և ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։


Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին:
Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն այնուամենայնիվ հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։
Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր.


Ձեր նամակում Դուք ճշգրտորեն ձևակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եվ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի:


Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»։

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ