Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հրաշալի, հրաշալի Գագիկ Ծառուկյանը

Հրաշալի, հրաշալի Գագիկ Ծառուկյանը
05.10.2018 | 22:26

Հոկտեմբերի 2-ից հետո ԲՀԿ-ի եռօրյա լռությունը երեկ խրոխտ խախտեց Գագիկ Ծառուկյանը, որ, կարծես, կարճատև պատմական այցով Հայաստան է վերադարձել: Տրամաբանական կլիներ, որ սեփական հեռուստաալիքով հարցազրույցում նա նախ պատասխաներ մեկ հարցի` ինչու՞ ու ինչպե՞ս ԲՀԿ-ն միացավ ու քվեարկեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի փոփոխության նախագծին, հետո անցներ մյուս հարցերին: Բայց այդ հարցի պատասխանը ոչ շարքային ԲՀԿ-ականները, ոչ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չունեն: Վիրավորված ինքնասիրության պոռթկու՞մ էր, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ «հին օրերի երգի» նո՞ր կատարում, թե՞ փորձարկում ինչ-որ ծրագրի: Ու դա առաջին պարադոքսը չէ, հավերժական պարադոքս է, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի փոխվում ու խորապես համոզված է, որ բոլորն իրեն պիտի շնորհակալ լինեն, որ ոչինչ իրեն պետք չէ ու ինքը ընդամենն ուզում է, որ բոլորի համար լավ լինի: Ի՞նչ կապ ունի դա քաղաքականության հետ: Հրաշալի մարդ, հրաշալի բարերար` ապրիր քեզ համար` դու ամեն ինչ ունես ու պաշտոն չես ուզում, Ալեք Մանուկյանն էլ չէր ուզում, ապրում էր ու բարեգործություն էր անում, մինչև հիմա անունն ու գործը ապրում են, փողոց էլ կա իր անունով: Ինչու՞ ոչ: Ճիշտ է` Ալեք Մանուկյանն իր մասին երբեք չէր ասում, որ ինքը հզոր մարդ է ու իր բարեգործությունները ոչ մեկի երեսով չէր տալիս, բայց Գագիկ Ծառուկյանի դեպքում համարենք դա քաղաքականության ռեցիդիվ:
Իսկ ի՞նչ էր ասում Գագիկ Ծառուկյանը: Որ ԲՀԿ-ն դեմ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն դեկտեմբերին, եթե ժողովուրդն այդպես է ուզում: «Մենք, ասենք թե, էսօր իրա կողքին էղել ենք, կանք, այսինքս՝ մենք կանք մեր պետության, մեր ժողովրդի կողքին, պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, նորից եմ ես ասում, այդպիսի հարց չկա, որ մենք ինչ-որ ուզում ենք խանգարենք կամ եսիմ ինչ անենք», «Ժողովրդի ցավը տանեմ, ժողովուրդը ուզում ա դեկտեմբերին՝ եթե ժողովուրդը ուզում ա, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում: Մենք, ասենք թե, էսօր այդպիսի խնդիր չունենք ժողովրդի հետ: Ես ինչի՞ համար եմ չարչարվում, անում՝ ժողովրդի համար, ես ապահովված մարդ եմ, խնդիր չունեմ՝ ոչ պաշտոնի, ոչ, ասենք թե, գումար վաստակելու, այլ ամեն ինչն էլ ուզում եմ լավ լինի, որ էսօր էդ հնարավորությունը, ծանոթությունը օգտագործենք, իրականացնենք, զարգացնենք, ծաղկացնենք, դա ա ուզածը: Իմ ժողովրդի ցանկությունից մի քայլ հետ գնացող չկա»: Ինչքա՞ն եք լսել այս հայտարարությունները, քանի՞ նախագահի օրոք: Լսում եք և հիմա: Թեթև տարեք: Գագիկ Ծառուկյանը սկսել է ընտրարշավը և արդեն նախընտրական խոստումներ է տալիս` «Ես 5000 ներդրող եմ բերելու Հայաստան: …Ես ժողովրդի ցավը տանեմ, ինձ ոչ փող է պետք, ոչ պաշտոն։ Հեղափոխություն արիք պրծաք, հակահեղափոխական չկա»: Վերջ: Սա, թերևս, միակ ռացիոնալ հատիկն էր` հեղափոխությունը պրծաք, հերիք է հակահեղափոխություն խաղաք: Ինքը` Ծառուկյանը, որ հեղափոխությանը մասնակցել է, պարզվում է, Երևան մտնելու առաջին օրից` («…Նիկոլ Փաշինյանը, որ Գյումրիից եկավ առաջին հանդիպմանը 800 հոգի մարդ կար հետը, հետո ո՞նց եղավ էդքան ավելացնել՞։ Ես ավտոյով ջրեր եմ ուղարկել, կարո՞ղ է՝ ասեն, չեմ ուղարկել: Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին որ ձերբակալեցին, ո՞վ էր նրանց կողքին: Ես հայտարարեցի, որ իմ ժողովրդի կողքին եմ։ Ես կանգնել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ես Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Իմ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ եթե քո գործընկերը լինեի, քո կողքին կլինեի: Ես ընդդիմադիր եմ, իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ։ ...Երբ Սերժ Սարգսյանը մեր հայտարարությունից հետո հրաժարական տվեց, այդ ժամանակ սառույցը կոտրվեց, հազարավոր մարդիկ դուրս եկան: Խորհրդարանում 1/3-ը մենք ապահովեցինք Նիկոլ Փաշինյանի ընտրվելիս»), պատրաստ է ևս մեկ ծառայություն մատուցել`
«Կազմակերպել եմ, որ պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական բոլոր այն ուժերի հետ, ով հանդիպում չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Թարմացնելու ենք, կյանքը շարժվում ա, մենք չենք կարա ձեռներս ծալենք, մյուսների պես, նստենք սպասենք»:


Սա նրա ելույթի ամենավտանգավոր կետն է` փաստացի Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ արտախորհրդարանական ուժերի հետ նախապատրաստական աշխատանքներ է կատարելու խորհրդարանական ընտրությունների համար: Ի՞նչ է դա նշանակում: Մինչև նրա երեկվա ելույթը առանցք, ճիշտ է` ընդդիմության, դառնալու հայտ էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը: Ակնհայտորեն այդ առանցքի անհեռանկարայնությունը հասկանում են թե երկրորդ նախագահը, թե նրան առանցք դարձնողները երկրի ներսում ու երկրից դուրս: Եվ հիմա արդեն Գագիկ Ծառուկյանի ձեռամբ է փորձվում նոր առանցքի ձևավորումը` հատուկ շեշտադրումով, որ այդ առանցքի հետ կապ չունեն ՀՀ երեք նախագահները: Նրանց բոլորին Գագիկ Ծառուկյանը շռնդալից հանձնեց ԲՀԿ-ի պատմության արխիվ: Իսկ ո՞վ կապ ունի: ԲՀԿ-ն իր դրոշի տակ է հավաքելու ու դաշինք է կազմելու ու՞մ հետ և ի՞նչ նպատակով: Այդ ո՞ր ուժերն են, որ ասելիք ու անելիք ունեն, բայց մնացել են քաղաքականությունից դուրս: Եվ ու՞մ է պետք նրանց ռեինկարնացիան:


Փաստացի` Գագիկ Ծառուկյանը, որ «ապացուցում է», որ Նիկոլ Փաաշինյանի հետ հեղափոխության համահեղինակ է, չի ընկալել` ինչ է արել: Հայաստանին պետք են քաղաքական ուժեր` գաղափարախոսությամբ, տեսակետով ու նպատակով: Ունի՞ ԲՀԿ-ն որևէ գաղափարախոսություն` բացի «Ձեր ցավը տանեմ, ես ժողովրդի կողքին եմ»-ից: Հայաստանի քաղաքական նոր դաշտին բուֆերներ պետք չեն, ոչ էլ այս ու այն կուսակցության կցորդներ: Փաստացի, ցանկանում է Գագիկ Ծառուկյանը, թե ոչ, նրա պատկերացրած դաշինքում են հավաքվելու քանդվող համակարգի բեկորները և ոչ թե նրան ալիքի վրա են պահելու, այլ կշռաքարի պես կախվելու են պարանոցից:


Եվ ԱԺ արտահերթ ընտրություններում, երբ էլ կայանան, այդ ռազմավարությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժին, թե ուժերին դարձնելու է ոչ թե երկրորդը նոր ԱԺ-ում, այլ վտանգելու է ԱԺ մտնելը այդ ընթացքով: Երբ չկա փող, կապիտալ է դառնում գաղափարը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կանի Գագիկ Ծառուկյանը, եթե ժողովուրդն իր ընտրությամբ խնդրի հեռանալ քաղաքական դաշտից ու ամբողջությամբ նվիրվել իրեն ծառայելուն` իբրև բիզնեսմեն: Ու՞մ կողքին կմնա Գագիկ Ծառուկյանը, ու՞մ կողքին` ԲՀԿ-ն:

Դիտվել է՝ 5043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ