Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ կա-չկա Թուրքիայում

Ինչ կա-չկա Թուրքիայում
08.10.2018 | 11:14

Սեփական վայրիվերումներում մենք մի քիչ մոռացել ենք մեծ աշխարհը: Օրինակ` Թուրքիան: Իսկ հարևան երկրում պակաս կաևոր իրադարձություններ չեն ծավալվում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով TRT համաժողովում` հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով կարող է հանրաքվեի դիմել:

«Ես տեսնում եմ, որ ամեն ինչ մոտենում է ավարտին: Մենք պիտի որոշենք մեր ուղղությունը: Նրանք մեզ դեռ շեղում են: Այդպես չպետք է լինի: Եթե դուք մեզ վերցնում եք` վերցնում եք: Չեք վերցնում` մենք գնում ենք մեր ճանապարհով: Ես տիկին Մերկելին ուղիղ ասացի: Մենք չենք ստեղծվել, որ ԵՄ-ն քանդենք: Մենք պիտի պարզապես գնանք ու հարցնենք` ինչ են որոշել 81 միլիոն մարդիկ: Ոչ ամբողջ ճշմարտությունը կարելի է ասել որտեղ պատահի»: Եվ հետո` «Հինգ մշտական անդամների դարաշրջանն անցել է: ՄԱԿ-ը մինչև հիմա պատասխան չի տվել արդարադատության որոնման հարցին: ՄԱԿ-ը չկարողացավ ոչինչ անել Կիպրոսի հետ: Այն, ինչ կատարվում է Սիրիայում: Աֆղանստանում, Եմենում` ոչ մի հարց լուծված չէ: Արդարադատությունը փլուզվել է ամբողջ աշխարհում: Եթե Իսրայելը հրաժարվում է, ոչ ոք ՄԱԿ-ում ոչինչ չի խոսում: Եթե հինգ մշտական անդամներից մեկն ասում է «ոչ», հարցը փակվում է»:


Գերմանիայից բացի Թուրքիան փորձում է հարաբերությունները նորմալացնել Նիդեռլանդների հետ: NTV-ն հաղորդել է, որ հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ու Նիդեռլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Համատեղ մամլո ասուլիսում Չավուշօղլուն ասել է, որ սերտ համագործակցում են հարաբերությունները նորմալացնելու համար և կարողացել են տարբեր հարթակներում հանդիպումների հնարավորություններ գտնել:
Թուրքիայի ֆինանսների նախարար ու գանձապետ Բերատ Ալբայրաքը հայտարարել է, որ Նոր տնտեսական ծրագրի համաձայն` ֆինանսների նախարարության ու գանձապետարանի շրջանակներում ստեղծվելու է «Հասարակական ֆինանսների փոփոխությունների ու վերափոխման գրասենյակ» և աշխատելու է ամերիկյան McKinsey կոնսալտինգային ընկերության հետ, որ մասնագիտացած է կառավարման խնդիրներում: Cumhuriyet-ը մեջբերել է Քիլիչդարօղլու խոսքերը. «Կառավարությունը խաղից դուրս է դնում Հաշվիչ պալատը` Թուրքիայի բոլոր պետական գաղտնիքները վստահելով արտասահմանյան ընկերության: Եթե ինչ-որ մեկը պետք է ստուգի Թուրքիայի Հանրապետության տնտեսական հաշիվներն ու վիճակագրությունը, կանի խորհրդարանը, և կոչվում է այդ հաստատությունը Հաշվիչ պալատ: Դուք անտեսում եք Հաշվիչ պալատը և թաքցնում եք նրանից որոշ տեղեկություններ ու թաքցնում եք Հաշվիչ պալատի հաշվետվությունները: Իսկ ԱՄՆ-ի համար բացում եք բոլոր դռները, բոլոր գաղտնիքները: Իսկ հետո ասում եք, որ հայրենասեր ու ազգասեր եք»: Երջանկություն կուսակցության նախագահ Թեմել Կարամոլալօղլուն հայտարարեց, որ McKinsey Թուրքիան կտանի դեպի ավելի մեծ պարտքեր: «Դուք չեք կարող երկրի կարևորագույն հաստատությունը հանձնել մասնավոր ընկերության: Այդ կազմակերպության պատմությունն էլ հուսալի չէ: Ընկերությունը, որին նա ֆինանսական աջակցություն է ցույց տվել (Enron), սնանկացել է: 10000 աշխատակիցներ գործազուրկ են դարձել: McKinsey ոչ մի պատասխան չի տվել դրա համար»` ասել է նա:


Sözcü –ն գրում է, որ կանկորդատոյի (պետական աջակցության խնդրանք` սնանկությունից խուսափելու համար) խնդրանքով 3000 ընկերություններ են դիմել: Պարտատեր ընկերությունների թիվը, որոնց խնդրանքը բավարարվել է, արդեն հասել է 3000-ի: Դատարանի վճռին սպասող ընկերությունների թիվը հաշվի առնելով` տարեվերջին նրանց թիվը կհասնի 5-7000:
Dünya-ն գրել է, որ BOTAŞ-ը հայտարարել է բնակիչների համար բնական գազի սակագնի 9%, արդյունաբերողների համար 18,5% թանկացում: Էլեկտրաէներգիայի դրույքաչափերը բնակիչների համար բարձրացել են 9%, արդյունաբերողների ու առևտրականների համար` 15%: Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը (TÜİK) տեղեկացրել է, որ գնաճն ամենից շատ վերաբերում է ավիատոմսերին` 192%: Ձմերուկի գինը բարձրացել է 120,3%, պոմիդորինը` 109%:


Ահա այսպիսի հարևան ունենք: Չի բերում, Էրդողանի բախտը չի բերում` այս անգամ նրա իշխանությունը համընկավ տնտեսական անկման ալիքի հետ: Նրա ընտրողները նրա բոլոր պահանջները կատարեցին, նա չի կարողանում իր խոստումները կատարել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փոխարենը բրիտանացիներն են մխիթարել թուրքերին` Telegraph-ը հրապարակել է աշխարհի ամենահին կառույցների ցանկը և առաջին տեղում Թուրքիան է: Ուրֆայի Գյոբեկլիթեփե պատմական տաճարային համալիրը թվագրվում է մ.թ.ա, 9-րդ դար` 12000 տարի: Պատկերացնում եք` թուրքեր մ.թ.ա. 9-րդ դարում:
Եվ միայն երկրորդը ֆրանսիացիներն են իրենց Բառնենես դամբարաններով (մ.թ.ա. 4850), երրորդը` իտալացիները Սարդինիայի զիկուրատով (Մոնտե դ’Ակորդիի սրբավայրը, մ.թ.ա. 4000−3650):

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ