«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Օրվա հարցը` ո՞վ է լինելու երկրորդը

Օրվա հարցը` ո՞վ է լինելու երկրորդը
09.10.2018 | 00:44

…Շառլ Ազնավուրը գնաց Աստծուն հարցեր տալու: Ճանապարհին նրան միացավ Մոնսերատ Կաբալիեն: Հոկտեմբերի 1-ից գրում ու գրում են Ազնավուրի մասին, խոսում ու խոսում են, ոչ ոք շնորհակալություն չհայտնեց Միշա Ազնավուրյանին, որ համարյա մեկ դար առաջ Թիֆլիսից ոչ թե Հայաստան կամ Ռուսաստան, այլ Ֆրանսիա գնաց: ՈՒ Փարիզում Շահնուր-Վաղինակ Ազնավուրյանը ծնվեց: ՈՒ եթե 1924-ի մայիսի 22-ին Միշա ու Քնարիկ Ազնավուրյանների որդին Ֆրանսիայում ծնված չլիներ, աշխարհն այսօր Շառլ Ազնավուր չէր ունենա: Արմատները գեն են, որ պիտի միջավայր գտնեն դրսևորվելու: Կյանքում երբեք այդքան ակնհայտ չէի զգացել Ֆրանսիայի ու Հայաստանի քաղաքակրթական տարբերությունը: Զգետնող: Որևէ մեկի մտքով անցե՞լ է համեմատել Նիկոլ Փաշինյանի ու Էմանուել Մակրոնի խոսքը: Որևէ մեկը գիտի՞` ինչու՞ Մակրոնը կարող էր ձևակերպել «Պետություն` պետության մեջ ու հայրենիք` հայրենիքի մեջ», իսկ Փաշինյանը` ոչ: Բարի խոսքով չհիշեք ելույթ գրողներին, նրանք կապ չունեն: Խնդիրը մտածողությունն է` Ֆրանսիան ազատ ու կայացած պետություն է, որ աշխարհին իր պատմությունն ու հզորությունն ապացուցելու կարիք չունի, Ֆրանսիան կարող է իրեն թույլ տալ ծիծաղը ծիծաղել, լացը լացել` առանց շուրջբոլորը նայելու: Հայաստանը` ոչ: Մեր մեջ նստած է բարդույթավորված գենը հավերժական ձախողակի ու դժբախտի, որ անվերջ ուզում է աշխարհին ապացուցել իր հաջողակ ու երջանիկ լինելը: 100 տոկոսով հայ Շառլ Ազնավուրը այդ էջը փակել էր, որովհետև 100 տոկոսով ֆրանսիացի էր: Հայաստանը ինքնահաստատման որոնումների մեջ է, որ շարունակվելու են անվերջ, քանի դեռ չկա ինքնանույնականացումը: Հենց այդ պատճառով Մակրոնը իրավունք ուներ ասել. «Ֆրանսիայում բանաստեղծները երբեք չեն մեռնում», իսկ Փաշինյանը անձնական նամակ պիտի կարդար ու երդում տար: Հենց այդ պատճառով Մակրոնի ձայնը հնչում էր ցածր ու ազդու, իսկ Փաշինյանը, անկախ իրենից, բղավում էր: Հենց այդ պատճառով որևէ հայ երգիչ համաշխարհային հռչակ չի ունենա` ապրելով Հայաստանում: Եվ որևէ հայ գրող Նոբելյան մրցանակ չի ստանա` թեկուզ հանճարեղ ու համամարդկային արժեքներ ստեղծած: Մեր կենսատարածքը մենք տեղավորում ենք Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ, լավագույն դեպքում` պատմական Հայաստանի, ու մեր երազները թևեր չունեն, մենք կտրել ենք կապը խելահեղության երջանկության հետ ու դարձել ենք հողեղեն արարածներ, որ ապրում են մինչև մեռնելը: Սիրո ու ատելության մեջ էլ մենք առաջին տեղում դնում ենք մեզ, հետո նրան, ում սիրում ու ատում ենք: Ազնավուրն արդեն 9 օր չկա, բայց գոնե նրա վերջին դասը հասկացա՞նք: Մոմեր վառելով ու Երևանի փողոցներում նրա ձայնի հետ թափառելով` զգացի՞նք նրա ու մեր հավերժությունը` սիրո, կյանքի ու տիեզերքի դեմ հանդիման: Ցավը կուտակեցի՞նք մեր բռունցքներում Ժան Պոլ Բելմոնդոյի պես. հազարից ավելի մարդկանց կողքին նա մենակ էր ընկերոջ առաջ, որ այլևս իրեն չէր զանգահարելու, որ հետո մեր բռունցքները բացվեն ու մեր մատները լույս արարեն` բառի մարմնով, որովհետև բանաստեղծները երբեք չեն մեռնում, ու երբեք չի մեռնում բառը: Զգացի՞նք` ինչ խելահեղ ցավ կար Ֆրանսիայի Ազգային գվարդիայի սպայի ձայնի մեջ, որ գուցե կյանքում առաջին ու վերջին անգամ էր հայերեն երգում, որ չէր երգում, Նապոլեոնի աճյունի կողքին անարցունք լաց էր լինում: Զգացի՞նք, որ միայն Ֆրանսիան կարող էր իր ազգային արարողության պահին դուդուկ հնչեցնել, որովհետև հավերժության առաջ սահմաններ չդնելու իմաստնությունն ունի: Չգիտեմ: Աշխարհի բազմաշերտության առաջ մենք մնում ենք միտակ, ու դա մեր բարդույթն է, որ նույնիսկ Ազնավուրը չէր կարող ամոքել: Ապացույցը այս օրերին Հայաստանում նրա հիշատակին ասված խոսքերն են, որ գնում-գալիս ու դեմ էին առնում նույն պատին` ես Ազնավուրի հետ հանդիպել եմ այսինչ տեղում ու այնինչ օրը: Գագաթնակետն էլ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հպարտ հայտարարությունն էր` ամեն ինչ անելու ենք, որ Ֆրանկոֆոնիայի օրերին չզգացվի Ազնավուրի բացակայությունը: Ո՞նց եք անելու ու ինչու՞: Աշխարհը սգում է, մենք …բացակայությունը չզգալու խնդի՞ր ենք լուծում: ՈՒ մեր երկրում հենց այդ պատճառով բանաստեղծները մեռնում են, և խոսքը չունի տիեզերական արժեք ու դուրս չի գալիս մեր սահմաններից, իսկ եթե դուրս է գալիս, չի լսվում ու չի ընկալվում:

Հենց այդ պատճառով ԱՄՆ-ում հայերը Ազնավուրի հուղարկավորության օրը առիթ են գտնում… խորոված անելու ու հրապարակային մակարդակով տոնախմբություն կազմակերպելու, իսկ Հայաստանում Ազնավուրի մահվան հաջորդ օրը ԱԺ պատգամավորները նիստը սկսում են նրա հիշատակը լռությամբ հարգելով, իսկ ավարտում են արտահերթ նիստով ու գիշերային հայտնի իրադարձություններով: Ներաշխարհի ու արտաքին աշխարհի բախում չկա` մենք միտակ ենք ու մեր միտակությունը ամեն ինչում է: Ի՞նչ վիճակ է հիմա Հայաստանում: Ռեալության հետ ոչ ոք չի ուզում հանդիպել: Ոչ ոք հայելու կարիք չի զգում: Եվ ստացվում է, որ.


1. ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց քաղաքական ուժերի հետ բանակցությունների մասին, բայց ՀՀԿ-ից հետո թերևս ոչ մի ուժի հետ չի բանակցի: Անհայտ է, թե ինչ են խոսել Վահրամ Բաղդասարյանն ու Նիկոլ Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ այդ հանդիպումից հետո իրադարձությունները այլ ընթացք ստացան: Հիմա բանակցությունները կորցրել են իմաստը, համենայն դեպս` նախկին օրակարգով: Նոր օրակարգի մեկնաբանությունների տարբերությունը հանգում է «Եթե ընտրությունները դեկտեմբերին են, ինչի՞ շուրջ բանակցել» հարցին: Այդպես Աժ կանոնակարգը փոխելու ԱԺ արտահերթ նիստով ընդունված օրենքը, որ գուցե այդպես էլ օրենք չդառնա` նախագահականից ՍԴ գնալով, հանգեցրեց ԲՀԿ ու ՀՅԴ նախարարների պաշտոնանկությանը ու կոնֆլիկտային դարձրեց ոչ միայն վարչապետ-Աժ հակասությունները, այլև հակասությունները ԲՀԿ-ում ու ՀՅԴ-ում:


2. Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Աժ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ԱԺ մեծամասնությունը` ՀՀԿ+ՀՅԴ+ԲՀԿ, դիմադրում է: Ճիշտ է` Գագիկ Ծառուկյանը հեռավոր երկրներից վերադարձավ ու հայտարարեց, որ ժողովրդի կողքին է` ԲՀԿ-ն նորից ռևերս արեց, բայց շարքային ԲՀԿ-ականները դա չեն ընկալել: Վարչապետը հիմնավորում է, որ քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի արտահերթ ընտրություններով, ու ներդրումների համար պետք է կայունություն լինի` սա համարվում է հեղափոխության տեսակետ, նրա բնորոշմամբ` «հակահեղափոխության» տեսակետը` պետք չէ շտապել, կառավարության ծրագիրը հաստատելիս նշվել է մեկ տարի ժամկետը, պետք է նոր Ընտրական օրենսգիրքը ընդունել, կուսակցությունների մասին օրենքը, մթնոլորտը փոխել, որ երկրում մենիշխանություն չհաստատվի: Անհարկի ուռճացվում է հիպոթետիկ գաղափարը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս և ԱԺ-ն դավադրաբար այլ վարչապետ է ընտրում: Ընտրեց, հետո՞: Ընտրում է, որ թիկնապահներով շրջապատված գնա տուն ու դուրս չգա՞: Հակահեղափոխական որակվող բոլոր քաղաքական ուժերը միասին, ներառյալ դրսի ֆանտաստիկ աջակցությունը (Ռուսաստանը գործի դնի Գյումրիի ու Երևանի ռազմաբազաներում տեղակայված զորքը) իրավիճակ չեն փոխի, քաղաքացիական պատերազմ Հայաստանում չի լինի` պետք չէ վախեցնել հանգուցյալի ուրվականով, որ ողջ է:


3. Բացահայտ ու բացարձակ անվստահության մթնոլորտում վճռորոշը ոչ թե հրապարակային իրադարձություններն են, այլ կուլիսային: Այն տեղեկությունները, որ շրջանառվում են տարբեր առանձնասենյակներում ու ստիպում արագացնել կամ դանդաղեցնել գործողությունները: Առաջնահերթ խնդիրը այդ մթնոլորտը ցրելն է` ժողովրդին չի կարելի մասերի բաժանել ու ինքն իր հետ թշնամացնել, պարբերաբար ոմանց «աղբարկղ» ուղարկել` պատմության կամ «Սանիտեկի»: Առաջինը Նիկոլ Փաշինյանը պետք է դադարեցնի այդ հռետորաբանությունը, որ հետո շարունակում են ՔՊ-ականները, եթե իսկապես ուզում է հանդարտ մթնոլորտում ընտրությունների գնալ: Քաղաքական առճակատմանը զուգահեռ նույն գործն է անում տեղեկատվական դաշտը` տիրաժավորելով ու խորացնելով հակասությունները: Համաճարակ են դարձել բաց նամակ գրողները, որ իրենց պարտքն են համարում դաս տալ առարկայից, որ չեն անցել: Այս ընթացքով հանուն կուսակցական շահի պայքարը վերածվում է պետության դեմ պայքարի, որի իրավունքը ոչ ոք չունի:


4. Բոլորը խոսում են փոփոխությունների անհրաժեշտությունից, բայց պատրաստ չեն փոփոխությունների: Հընթացս կատարվում է սկզբունքային սխալ` ելակետ է ընդունվում ընտրություններին կուսակցությունների պատրաստվածության աստիճանը, որ ենթադրում է մինչև հիմա խորհրդարանում եղած ու չեղած քաղաքական ուժերի վերընտրություն: Ո՞վ ասաց, որ նրանք պետք են Հայաստանին, նրանք են ներկա ու ապագա որոշելու: Բոլոր դեպքերում` Աժ արտահերթ ընտրություններով ընտրված խորհրդարանը լինելու է անցումային, հին ու նոր քաղաքական ուժերը այդ ընթացքում պետք է վերապատրաստվեն նոր` հերթական ընտրությանը: Այդ ժամանակն անհրաժեշտ է նոր իրավիճակն իմաստավորելու, նոր խնդիրների լուծումներ տալու համար` թե ընտրվողներին, թե ընտրողներին:


5. ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ժամանակի վրա մյուս խաղացողների հաշվարկը, որ ձմեռն ու գնաճը, բացասական գործոնների համախումբը միասին նվազեցնելու են Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ռեալ չէ: Լավ, թող 80-ից դառնա 70, կամ` 60 տոկոս, միևնույն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն հաղթելու է ընտրություններում: Կայուն կողմնակիցներից բացի` փոփոխական տրամադրություններով ընտրազանգվածը, որ այսօր վազում է Նիկոլ Փաշինյանի հետևից, փաստ չէ, որ նրանից հիասթափվելու դեպքում կգնա ընտրությունների, որ նրա կորցրած ընտրողներին գտնելու են մյուս կուսակցությունները:


6. Փաստացի` խնդիրը հիմա պտտվում է արտահերթ ընտրություններում երկրորդ քաղաքական ուժը դառնալու շանսերի շուրջ: Այստեղ է սկսվում բուն պայքարը. այս կետում նորից հեղափոխությանը միացավ ԲՀԿ-ն ու հիշեցրեց հեղափոխությանը ջուր տալու իր պատմական առաքելությունը` ուղղակի ու փոխաբերական իմաստով: Եվ ինչպես ամեն ինչ Հայաստանում, այս հարցն էլ մակերևույթին սահելով քննարկվեց` տվել է, չի տվել, խմել են, չեն խմել: Պարադոքսալ չի լինի, եթե պարզվի` չի տվել, բայց խմել են: Երբ խնդիրը համակարգը փոխելն է, իրենց ընկալումներում ոչինչ չփոխած քաղաքական ուժերը վերարտադրում են հին համակարգը: Տասնյակ կուսակցություններ ընտրություններին մասնակցելու բարոյական իրավունքը սպառել են, բայց չունեն դրա գիտակցությունը և կորցրել են կապը իրականության հետ: Ընտրություններում ամենամեծ սպառնալիքը կարող են դառնալ «Սասնա ծռերը», որ հավակնում են սպասարկել ազգայնական գաղափարախոսությունը, նրանք ԱԺ-ում հայտնվելու դեպքում մի քանի քայլից հետո դեմ են դուրս գալու հեղափոխությանը:


7. Պատահական չէ, որ «Ելքը» տրոհվեց և ՔՊ-ն, «Հանրապետությունը», «Լուսավոր Հայաստանը» ԱԺ արտահերթ ընտրությունների դաշինքով չեն գնալու: Նույնքան պատահական չէ, որ առաջինը հեռացած ՔՊ-ն հայտարարում է, որ «Լույս» դաշինքը որոշեց միայնակ մասնակցել, իսկ իրենք այլ դաշնակիցներ ունեն: Ճամփաբաժանին արժեքային համակարգի տարբերությունն է, որ կար ի սկզբանե իբրև արտաքին քաղաքականության վեկտորների տարբեր ընկալում և այդ վեկտորները տնտեսությանը ծառայեցնելու նպատակադրում: Մի կողմում Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ-ում տեսնելու, տնտեսությունը ԱՊՀ ու ԵԱՏՄ տարածքում զարգացնելու միտումն է, մյուս կողմում` դիվերսիֆիկացված անվտանգության համակարգ, անվիճելիորեն առավել զարգացած տեխնոլոգիաներ, մեծ ռեսուրսներ ու շուկա ունեցող Արևմուտքին ինտեգրվելու: Հայաստանի ներկայի ու ապագայի մասին մտածող ընտրողը պիտի ընտրություն անի ոչ թե հին ու նոր համակարգերի, այլ արժեքային համակարգերի միջև: Իսկ դրա համար ժամանակ ունեցել է Հայաստանի անկախացումից սկսած:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Այսօրվա Հայաստանի ամենաբնորոշ պատկերը` հոկտեմբերի 7-ին սկսվեցին ֆրանկոֆոնիայի միջոցառումները, 6-ին իրար վրա կրակեցին ԱԺ նախկին պատգամավորները: Մեկը սպանվեց, մեկը ինքնասպան եղավ` ըստ նախնական վարկածի: Գույքը չբաժանեցին: Երբ իրավապահ համակարգը ներքաշվում է քաղաքականության մեջ, քաղաքացիներն զբաղվում են ինքնադատաստանով: Նաև այստեղ է Հայաստանի ու Ֆրանսիայի տարբերությունը, և ոչ մի ֆրանկոֆոնիա չի փոխի:

Դիտվել է՝ 2463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ