USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ո՞վ էր Նիկոլը, որ չունենալով լեգեոնի և ոչ մի զինվոր, Գյումրիից սկսեց իր քայլը և ընդամենը 200 հոգով հասավ Երևան ու վերցրեց իշխանությունը

Ո՞վ էր Նիկոլը, որ չունենալով լեգեոնի և ոչ մի զինվոր, Գյումրիից սկսեց իր քայլը և ընդամենը 200 հոգով հասավ Երևան ու վերցրեց իշխանությունը
09.10.2018 | 00:51

Հոկտեմբերի չորսին Փարաքար համայնքի մշակույթի տանը, «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության հաշվետու ժողովն էր: Նպատակս ամենևին էլ այդ ժողովում քննարկվող հարցերի մասին թերթի ընթերցողին ինֆորմացիա տալը չէ, որովհետև համոզված եմ, որ որոշ ԶԼՄ-ներ այդ միջոցառումը կմեկնաբանեն: Ասեմ, որ միջոցառմանը հրավիրվածի կարգավիճակով ելույթ ունեցավ նաև երրորդ հանրապետության ցրտի ու խավարի տարիներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած հայտնի գանգրահեր տղան` Հրանտ Բագրատյանը: Ինչպես միշտ նրա ելույթը «խոհափիլիսոփայական» զգացմունքներով առլեցուն տնտեսական ժանրից էր: Կարելի է ասել, խոսեց այնքան, որքան ցանկացավ և միայն տողերիս հեղինակը ռեպլիկի կարգով նետեց.
-Ելույթների համար ռեգլամենտ կա՞, թե՞ ոչ:
Երբ Բագրատյանը վերջացրեց ելույթը, նրան ուղղվեցին հարցեր։
-Պարոն Բագրատյան,- դիմեցի նրան,- մինչ հիմնական հարցերիս անցնելը խնդրում եմ այո կամ ոչ պատասխանել` Հայաստանը աղքա՞տ, թե՞ հարուստ երկիր է:
Անկեղծ, նախապես գիտեի նրա պատասխանը:
-Այո, աղքատ երկիր է:
-Շնորհակալություն: ՈՒրեմն կարող եմ ելույթ ունենալ: «Հայի իմ տեսակը» գրքում բոլոր նրանց, ովքեր ասում են` Հայաստանը աղքատ երկիր է, որակել եմ որպես ստորների կամ էլ տնտեսապես թերուսների, որոնք գիտակցաբար ներշնչել են ժողովրդին հավատալու իրենց խեղճությանը, որպեսզի նրան միշտ խաբեն և թալանեն:
Փորձեմ պատմական փոքրիկ էքսկուրս կատարել, պարոն Բագրատյան: 1918-ին Ֆրանսիայի նախագահին ասում են, թե հայերը մեր պաշտպանությունն են ակնկալում: Նախագահը հարցնում է, իսկ նրանք կարողանու՞մ են իրենց պաշտպանել: Ո՛չ, լինում է պատասխանը: Այդ դեպքում նրանք մեզ պետք չեն: Համարյա այդպիսի պատասխան են տվել մեզ անգլիացիները, թե մեր նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները, Ամերիկայի սենատը մերժեց Ազգերի լիգայի մանդատը Հայաստանին տեր կանգնելու հարցով: Իսկ Ռուսաստանը դարեր շարունակ մեզ հետ վարվել է միայն և միայն իր ազգային շահից ելնելով, և արդյունքում շագրենի կաշվի պես միշտ կրճատվել են Թուրքմենչայի պայմանագրով նրան անցած Արևելյան Հայաստանի տարածքները, իսկ Արևմտյան Հայաստանը քարտեզի վրայից վերացավ:
1920-ին Խատիսյանը Հայաստանում Անգլիայի ներկայացուցչին ուղղակի ասել է, եթե հայ-թուրքական սահմանին երկու հարյուր անգլիացի զինվոր լիներ, ապա հայ-թուրքական պատերազմ չէր լինի: Պատմությունը ցույց է տվել, որ որտեղ հայերս հույսներս դրել ենք մեզ վրա, հաղթել ենք, երբ փորձել ենք ապավինել ուրիշներին, մեզ սպանդանոց են քարշ տվել: Ցանկացած ժողովուրդ իր ինքնուրույնությունը պաշտպանելու համար ապավինում է իր կառավարողին: Սոկրատեսն է ասել, որ ցանկացած հովվապետ պարտավոր է ամեն տարի ավելացնել իր հոտի քանակը, եթե ոչ, ուրեմն նա գիշատիչ է: Իսկ ես հավելում եմ, որ եթե չի ավելացնում, այլև պակասեցնում է, ուրեմն նա գերգիշատիչ է:


Երրորդ հանրապետության մոտ չորս միլիոն բնակչությունն այսօր չկա: Իսկ առաջին հանրապետության մասին կուզենայի հիշել, վկայակոչելով Թումանյանի խոսքերը` մենք հիմնովին թալանել ենք մեր երկիրը:
Հիմա քեզ եմ հարցնում, պարոն Բագրատյան, երբ ստեղծվեց երրորդ հանրապետությունը, Երևանի կոնյակի գործարանում կար երկու միլիարդ դոլարի կոնյակի հումք: Այդ թիվը ես չեմ ասում, այլ ասել է մի պատվավոր մարդ, անչափ հայրենասեր մի մարդ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, հիանալի կառավարող, տնտեսագետ Ալեքսեյ Կիրակոսյանը: Այն էլ ասեմ, որ այդ թվերին մեր երկրի բյուջեն ընդամենը 250 միլիոն ԱՄՆ դոլար էր: Ի՞նչ եղավ այդ հարստությունը, պարոն Բագրատյան: Եթե Ամուլսարի շահագործումից շահագործողը պիտի ստանա 3,5 միլիարդ դոլարի շահույթ, իսկ Հայաստանն ընդամենը կես միլիարդ, բնական է, այն պիտի միշտ աղքատ մնա և ավելին, ժողովրդին կմնա միայն ռադիոակտիվացված տարածքը: Ասեմ, որ Հայաստանը աշխարհում առաջին տեղում է քաղցկեղ հիվանդության ցուցանիշներով:


Ի՞նչ եղան, պարոն Բագրատյան, Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Հիշո՞ւմ ես խոսքերդ. «Ինձ պետք չի ձեր խաղողը (այսինքն գյուղացիների արտադրածը), ես էժան սպիրտը Պարսկաստանից կբերեմ»: Եվ Հայաստանում հիմնովին ոչնչացվեց խաղողագործությունը։ Որպեսզի ժողովուրդը սովից չմեռներ, քանդված այգիների տեղում ցորեն էր ցանում: Հիշո՞ւմ ես, աջ ձեռքդ ձախ ձեռքի ազդրի և սրունքի հատման տեղում դնելով ասում էիր` ես էդ չափի բադրիջան Պարսկաստանից կբերեմ: Հիշու՞մ ես, երբ գյուղացին քեզ հարցրեց` գյուղտեխնիկան ոչնչացված է, հողն ինչպե՞ս վարենք: Հիշեցնեմ, որ Հայաստանում այդ ժամանակ եղած «ԽՌՐՏՉպՓ» հզոր տրակտորները տանում էին Ռուսաստան և փոխում էին «Վոլգա» ավտոմեքենայով: Դա թալանչիական սեփականաշնորհման հետևանք էր: Դու, որ չէիր ջոկում կովը եզից, ասացիր, թե որձ կովերով հողը վարենք: Դու վաուչերներով ծախեցիր այդ երկիրը: Յուրաքանչյուրին հասավ մեկ, երկու, երեք կամ ավելի վաուչեր, յուրաքանչյուրը 10 հազար դրամ արժեքով և ստացողը չգիտեր ինչ աներ այն և մի քանի օր հաց ունենալու համար այդ վաուչերը ծախեց երկու կամ երեք հազար դրամով: Եվ երբ տերերիդ մոտ հավաքվել էր բավականին թվով վաուչեր, դու մեկեն դրանց արժեքը դարձրիր քսան հազար դրամ: Եվ սկսվեց արդյունաբերական գործարանների թղթային սեփականաշնորհումը, որից պետությունը բնավ չհարստացավ: Դու խորհրդային Հայաստանի հզոր գործարանների ոչնչացման հիմքը դրեցիր: Հիշո՞ւմ ես խոսքերդ, թե` ո՞ւմ են պետք այդ արտադրված լամպերը, դրանք ավելի շատ տաքություն են տալիս, քան թե լույս: Փոխանակ գործարանը վերազինվեր ժամանակակից տեխնիկայով և լույս արտադրող լամպեր արտադրվեին, դու գնացիր հսկա էլեկտրալամպերի գործարանի ոչնչացման ճանապարհով, որովհետև դա էր դրսի տերերի պահանջը` ոչնչացնել Հայաստանի արդյունաբերությունը: Անգամ ԱՄՆ-ն հայամետ սենատորն էր ասել` այդքան փոքրիկ Հայաստանն ինչո՞ւ պիտի ունենա նման հզոր արդյունաբերություն: Այդ գործարանները հենց այնպես չէին ավերվում:
Հենց այնպես չէ, որ թույլ են տալիս Ամուլսարը շահագործել: Ո՞Ւր գնաց Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում կուտակված հազարավոր տոննաների հասնող հանքանյութը:


Տեղին է հիշել նաև, պարոն Բագրատյան, որպես հաղթող երկիր միլիարդավոր դոլարների հասնող տրաֆեյը ու՞մ գրպանը մտավ, իհարկե, ո՛չ կռվող զինվորի և ո՛չ էլ պետության: Եթե մենք աղքատ երկիր ենք, պարոն Բագրատյան, այդ միլիոնավոր դոլարներ արժողությամբ տները ինչպե՞ս են կառուցվել: Եթե մենք աղքատ երկիր ենք, ապա հարյուր հազարավոր դոլարներ արժողությամբ ավտոմեքենաներն ինչպե՞ս են գնվել: Եթե մենք աղքատ երկիր ենք, ապա որտեղի՞ց այն միլիոնավոր դրամները, որ դատարանները կիրառում են մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց գրավ կիրառելու ժամանակ: Տեր-Պետրոսյանից, քեզանից սկսված և մյուս բոլոր նախագահներով վերջացրած հանուն անձնական շահի ոչնչացրել և թալանել եք այս երկիրը: Հզոր արդյունաբերության վերջին հսկայի մահվան վճիռը կայացրել է Տիգրան Սարգսյանը երրորդ նախագահի հանցավոր թույլտվությամբ:
Ո՞վ էր Նիկոլը, որ չունենալով լեգեոնի և ոչ մի զինվոր, Գյումրիից սկսեց իր քայլը և ընդամենը 200 հոգով հասավ Երևան ու առանց կրակոցի վերցրեց իշխանությունը: Դա ինչպե՞ս եղավ... Պարզապես ժողովուրդն անցած տարիներին ոչ թե հոգնել էր կառավարողներիցդ, այլ զզվել էր ձեր թալանչիական ազգակործան, ընչաքաղց էությունից: ՈՒ գնաց առաջին իսկ պատահածի հետևից։ Սեփական ուժերին հավատալու, հենվելու և հաղթելու համար պետության գլուխ է պետք, թե չէ ինչի՞ է նման միշտ ուրիշին ապավինելու ստոր մտածելակերպը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. Երբ վերջացրի, դահլիճը ծափահարում էր: Չգիտեմ ելույթիցս հետո իմ որոշ կոլեգաներ խղճի խայթ զգացի՞ն Բագրատյանին քծնանքի խոսքեր շռայլելու համար։

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao