USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

«Գնալու ենք խորհրդարանական ընտրությունների քաղաքական համերաշխության մթնոլորտու՞մ, թե՞ պարտադրանքով»

«Գնալու ենք խորհրդարանական ընտրությունների քաղաքական համերաշխության մթնոլորտու՞մ, թե՞ պարտադրանքով»
09.10.2018 | 01:21

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ վարչապետի ընտրության, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ դաշնակցության արտահայտած դիրքորոշումը չի փոխվել։


-Այս իրավիճակի հանգուցալուծումը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ,- շարունակեց պատգամավորը։- Բայց ցանկացած ընտրություն, լինի արտահեթ, թե հերթական, եթե միայն մեկ բովանդակություն ունի, այն է՝ ընտրության օր նշանակել և չփոխել ոչինչ, չի հանգեցնի իրավիճակի լուծման։ Տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, սակայն ի՞նչ օրենքով, ի՞նչ պայմաններում, ի՞նչ մթնոլորտում. այս հարցերը պատասխան չեն ունենալու։ Եթե հիշում եք, ամռանը ԱԺ խմբակցություններն արձակուրդ չգնացին, իրենց ներկայացուցիչներին ուղարկեցին նոր ընտրական օրենսգիրք մշակելու, և, եթե չեմ սխալվում, օգոստոսի 1-ին արդեն մենք նախագիծն ուղարկեցինք կառավարություն։ Եթե ԱԺ որևէ խմբակցություն ցանկանար, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, նման արագացված ռեժիմով չէր աշխատի։ Եթե այդ ռեժիմով աշխատում էինք, հասկանում էինք, չէ՞, որ երբ ԸՕ-ի փաթեթն օգոստոսին ուղարկում ենք կառավարություն, տրամաբանական է, որ սեպտեմբերին այն կմտնի ԱԺ, կքննարկվի ու կքվեարկվի, իսկ հոկտեմբերին արդեն կունենանք նոր ԸՕ։ Սա ենթադրում էր, որ կոնսենսուսով ընդունվել է մի ԸՕ, և չի բացառվում, որ դեկտեմբերին արդեն պատրաստ կլինենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ընտրությունները կլինեն դեկտեմբերին, հունվարին, թե մայիսին, դա չէ խնդիրը, այլ` ինչ օրենքներով, կոնսենսուսի առկայությա՞մբ, թե՞ բացակայությամբ։
-Ինչու՞ է իշխանությունը շտապում և դեկտեմբերին ցանկանում անցկացնել ընտրությունները, երբ ԸՕ-ն անգամ խորհրդարանում չի քննարկվել։
-Չգիտեմ, այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացվում են ոչ թե արտահերթ, այլ խորհրդարանական հապշտապ ընտրություններ անցկացնելու օգտին, քննադատության չեն դիմանում, այլ ցանկություն կա դրանք մեկնաբանելու։ Բոլոր մեկնաբանությունները ենթադրություններ են, քաղաքական գործընթացի հետ կապ չունեցող պատճառաբանություններ և չեն պատասխանում «ինչու» հարցին։ Խնդիրը հետևյալն է. Հայաստանի քաղաքական դաշտը միակամ, կոնսենսուսով, խաղի նույն պայմաններով, հավասար հնարավորություններո՞վ է գնալու խորհրդարանական ընտրությունների, թե՞ ոչ, անկախ այն հանգամանքից` ընտրությունները կլինեն 20 օր, թե 10 շաբաթ կամ 3 ամիս հետո։ Եթե նույնիսկ մի կողմ դրվի ընտրությունների մասին նոր օրենքը, բայց ընդհանուր կոնսենսուսի արդյունքում քաղաքական ուժերը հանգեն այն եզրակացության, որ ընտրությունները պետք է անցկացվեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու։ Ինձ համար կարևոր է մեկ բան՝ գնալու ենք խորհրդարանական ընտրությունների քաղաքական համերաշխության, ազատ մրցակցության, գաղափարական պայքարի մթնոլորտու՞մ, երկրի ապագայի համար ծրագրեր ներկայացնելո՞վ, թե՞ պարտադրանքով։
-Ինչպե՞ս ընդունեցիք այն փաստը, որ հինգ ամիս իր հետ համագործակցած ուժին Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխական անվանեց։
-Հակված չեմ հանրահավաքային տրամադրությունների հիման վրա ասված արտահայտությունները գնահատելու քաղաքական սթափ մտածողության դիրքերից։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ