Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շատ բաներով անսովոր աղյուսակներ

Շատ բաներով անսովոր աղյուսակներ
09.10.2018 | 02:25

«Յուվենտուսն» ու «Պարի Սեն Ժերմենը» շարունակեցին անպարտ հանդիպումների շարքը՝ ավելի ու ավելի սպասված դարձնելով առաջիկա տուրը, իսկ գուցեև առաջիկա տուրերը, «Բարսելոնը» միավոր կորցրեց Վալենսիայում, ու սա առաջինը չէ այս մրցաշրջանում, վերջին երեք խաղում երկրորդ պարտությունը կրեց «արքայականը»՝ միանգամայն օրինաչափորեն դուրս մղվելով առաջին եռյակից, նույնն արեց և Մյունխենի «Բավարիան», սակայն ավելի քան «համոզիչ»՝ երկուսից երկուսում: Բնականաբար, այս երկու անընդմեջը չէր կարող նրան էլ դուրս չմղել առաջին եռյակից: ՈՒ թեպետ անցնելիք դեռ երկար ճանապարհ կա, սակայն մրցաշարային աղյուսակները պակաս հետաքրքրական պատկեր չեն ներկայացնում, իսկ եթե կուզեք ավելի հավաստի, ապա նաև շատ առումներով հետաքրքիր վելուծությունների մղող:

ԻՍՊԱՆԻԱ
Վերջին երեք խաղում հաղթական սերիայի հեղինակ դարձած անդալուզական «Սևիլիան» անողոք եղավ նաև «Սելտայի» հետ մրցակցությունում՝ 2:1: Այս հաղթանակը նրան նույնիսկ Լալիգայի առաջատար դարձրեց, ու դրա վերջնական հաստատմանը կարող էր խոչընդոտել միայն մեկ թիմ՝ «Վալենսիային» հյուր գնացած «Բարսելոնը»: Չեմպիոնների լիգայի վերջին խաղում փայլած կատալոնացիները չկարողացան կոտրել տանտերերի դիմադրությունն ու ընդամենը մեկ միավոր վաստակեցին մրցակցությունից (հերթական խայտառակությունից «կապտանռնագույներին» փրկել է Մեսին): Արդյունքում «Սևիլիան» 16 միավորով մնաց առաջին հորիզոնականում, «Բարսելոնը» նրանից հետ է մեկ միավորով:
Նույն 15 միավորն է շողշողում և «Աթլետիկոյի» անվան դիմաց, որը «Բետիսի» հետ տնային դիկայությունն ավարտեց նվազագույն հաշվով հաղթանակով ու երրորդ հորիզոնականում է ի հաշիվ ունեցած ավելի վատ լրացուցիչ գործակիցների:
Վերջին երեք խաղում երկրորդ անգամ պարտության դառնահամը ճաշակեց Մադրիդի «Ռեալը», որի հանդեպ անհյուրընկալ տանտեր եղավ «Ալավեսը»՝ 1:0: Այս պարտությունը մադրիդցիներին դուրս մղեց առաջին եռյակից, թեպետ ունեցած 14 միավորով ու առաջին իսկ հաջող խաղով «արքայականը» կարող է վերադառնալ նախկին բնագծեր:

ԱՆԳԼԻԱ
Ոչ միայն մառախլապատ Ալբիոնի, այլև եվրոպական ֆուտբոլային մյուս բոլոր գերտերությունների առաջնությունների թիվ մեկ խաղը Լիվերպուլում էր, տեղի համանուն թիմի ու «Մանչեսթեր Սիթիի» միջև: Գոլազուրկ ոչ-ոքին, որ նախախաղյա վերլուծություններում ամենաանհավանական արդյունքն էր համարվում, քանզի երկու թիմերն էլ դավանում են հարձակողական ֆուտբոլ, Պեպ Գվարդիոլայի սաների համար ամրակցված պահեց առաջին հորիզոնականը, իսկ ահա Կլոպի սաները հարկադրված մեկ սանդղակով նահանջեցին, քանզի արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ «Սաուտհեմպտոնին» հաղթած «Չելսին» նույն քսան միավորով, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, խրվեց այդ երկու թիմերի արանքը:
Խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Ֆուլհեմին» հյուր գնացած «Արսենալը»՝ (5:1)՝ թիմին՝ հնարավորություն տալով 18 միավորով դիրքավորվելու չորրորդ հորիզոնականում: Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցել է ողջ խաղին:

ԳԵՐՄԱՆԻԱ
Վերջին երկու խաղում բացառիկ գոլառատ մրցելույթներով աչքի ընկած Դորտմունդի «Բորուսիան» (հիշենք 7:0 հաշվով տնային հաղթանակը «Նյուրնբերգի» ու 4:2 հաշվով արտագնա հաղթանակը «Բայերի» նկատմամբ) անդավաճան մնաց սկզբունքներին ու անցկացրեց հերթական գոլառատ հանդիպումը: Այս անգամ թույլ օղակն «Աուգսբուրգն» էր, որը տանտերերի չորս գոլին պատասխանեց երեքով, ինչը խոսում է այն մասին, որ հյուրերը, այնուամենայնիվ, զոհի հոգեբանությամբ չէին մեկնել Դորտմունդ: Ինչևէ: Հաղթանակը «Բորուսիայի» համար ամրագրած պահեց բունդեսլիգայի առաջին հորիզոնականը:
«Նյուրնբերգի» նկատմամբ հաղթանակն անսասան պահեց և «Լայպցիգի» դիրքերը. 14 միավորով շարունակում է զբաղեցնել աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Նույնքան միավոր է գրանցված և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» անվան դիմաց, որը մատուցեց բունդեսլիգայի ամենախոշոր անակնկալը՝ արտագնայում 3:0 հաշվով պարտության մատնելով «Բավարիային», որն իր համար անսովոր վեցերորդ տեղում է:
Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ մյունխենցիները նախորդ տուրում էլ էին պարտություն կրել: Ի միջի այլոց, «Լայպցիգի» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պես 14-ական միավոր ունեն և «Վերդերն» ու «Հերտան»:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում «Յուվենտուսը» շարունակում է իր անկորուստ ընթացքը: Մնացածների պես «ՈՒդինեզեն» էլ անկարող եղավ դիմանալու թուրինցիների գրոհների թափին: «Ծեր սինյորայի» երկու գոլից մեկի հեղինակը Քրիշտիանու Ռոնալդուն էր:
Տնային խաղում «Սասուոլոյի» նկատմամբ նույն հաշվով հաղթանակ տոնեց նախորդ տուրի անհաջողակը՝ «Նապոլին», սակայն եկեք չմոռանանք, որ նեապոլցիների պարտությամբ ավարտված հանդիպումը առաջնության միանձնյա առաջատարի հետ էր:
ՍՊԱԼ-«Ինտեր» դիմակայությունում տանտերերը չափազանց մոտ էին միավոր վաստակելուն, սակայն Իկարդին ինչպես որ առաջ մղեց իր թիմը, այնպես էլ հաղթական գոլը խփեց: Ութ հանդիպումից հետո «Յուվենտուսը» բացարձակ առաջատարն է, նրանից վեց միավորի հեռավորության վրա է «Նապոլին», որից իր հերթին երկու միավոր պակաս ունի «Ինտերը»:

ՖՐԱՆՍԻԱ
Փոփոխությունները գրեթե ամբողջապես շրջանցեցին դիվիզոնի առաջնությունը: Առաջին երկու հորիզոնականում գտնվող «Պարի Սեն Ժերմենն» ու «Լիլը» հաղթանակով ավարտեցին իրենց հանդիպումները: ՊՍԺ-ն «Լիոնին» պատժեց հինգ չոր գնդակի առավելությամբ (չորսի հեղինակը Կիլիամ Մբապեն է) և ինը խաղից հետո ունի 27 միավոր՝ գնդակների 32:6 փայլուն հարաբերությամբ, «Լիլ»-«Սենտ Էտիեն» մրցակցությունում գրանցվել է 3:1 հաշիվը: Տուրից հետո երրորդ տեղում է սեփական հարկի տակ «Կաննին» պարտության մատնած «Մարսելը»՝ 2:0:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ