Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ամբոխի ձեռքով` ժողովրդի դեմ

Ամբոխի ձեռքով` ժողովրդի դեմ
10.10.2018 | 15:55

Որևէ մեկը արձանագրե՞լ է այն իրողությունը, որ այս օրերին բոլորը մոռացել են Հայաստանի հպարտ քաղաքացիներին և, ինչպես ոչ այնքան վաղուցվա անցյալում, սկսել են ապագա խորհրդարանի մանդատները բաժանել, այսինքն` պատգամավորներ նշանակել` չսպասելով նրանց ընտրությանը: Կամ` չընտրվելուն:


«Պատմության աղբանոցը», պարզվում է` դեռ երկար զարդարելու է քաղաքական կյանքը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից հետո հարցազրույց տվեց և ոչ մի խոսք չասաց` ինչու՞ էր իր կուսակցությունը պահանջում ԱԺ կանոնակարգի փոփոխություն: Նա գործի մարդ է և գործի մարդ լինելով` գնաց կառավարություն ու վարչապետի հետ համաձայնագիր, գործնականում` պարտավորագիր ստորագրեց, որ այլևս չի դավադրելու, որ վարչապետի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ-ականները դա անվանում են «ղազագիր»: Իրենց իրավունքն է: Երբ վասալը սյուզերեն է փոխում, նախկին տերը իրավունք ունի կարծիք հայտնել նախկին ծառայի մասին: Իրավիճակն է այդպիսին` Գագիկ Ծառուկյանը պիտի «հանձնվեր» ու հանձնվեց: Նա ոչ միայն մանդատ ու կուսակցություն է կորցնում, նա կայսրություն կարող է կորցնել: Բայց ինչքանո՞վ է այդ համաձայնագիրը նշանակում, որ ԲՀԿ-ն ապահովեց իր տեղը ապագա խորհրդարանում: Նիկոլ Փաշինյա՞նն է ընտրություն կատարելու ընտրողների փոխարեն: Ահա այստեղ է խնդիրը: Ինչու՞ հեղափոխություն եղավ: Քրեաօլիգարխիկ համակարգի կոսմետիկ դիմահարդարման համա՞ր, թե՞ նոր համակարգ կառուցելու, որտեղ հովանավորչությունը, կոռուպցիան, վարչական ռեսուրսները, քավորսանիկախնամիական կապերը չեն հարցեր լուծում, կամ` օրվա կոնյունկտուրան: Որտեղ կա արժեհամակարգ, կան արժեքներ ու կան այդ արժեքների հստակ չափանիշներ, ոչ թե իրավիճակային, պատեհապաշտական լուծումներ: Ո՞ր տարբերակն է իրականում գործում: Մի հավատացեք օրվա լրահոսում հայտնվող տարատեսակ հայտարարություններին, կարևորը այդ հայտարարությունները չեն, այլ սկզբունքները, որ թելադրում են այս ու այն որոշումը:

Հասարակությունը այսօր երկփեղկված է` փոքրամասնությունը մտածող ու մի քանի քայլ առաջ վերլուծելու ունակ մարդիկ են, մեծամասնությունը էյֆորիայի մեջ ուղեղներն անջատած ու համընդհանուր «սիրո ու համերաշխության» ալիքների վրա լողացողները, որ չեն նկատում այդ ալիքների իրական որակը:


Փաստացի` մենք ունենք ժողովուրդ ու ունենք ամբոխ, Ժողովուրդը սպասում է, ամբոխը` գործում: Եվ ամբոխը համաձայն է ամեն ինչի, պատրաստ է ամեն ինչի ու պատասխանատու չէ ոչնչի համար: Ժողովուրդը կրելու է նաև ամբոխի քայլերի պատասխանատվությունը: Ու փաստ չէ, որ ընտրության գնալու է ժողովուրդը, ոչ թե ամբոխը, Այդ դեպքում արդեն միանգամայն հնարավոր է դառնում քվոտավորված ու «կազմակերպված» խորհրդարանի ազատ, արդար, թափանցիիկ ընտրությունը: Այդ դեպքում ԲՀԿ-ի հետքերով ՀՅԴ-ն է կհասնի Նիկոլ Փաշինյանի «համաներմանը» ու կհայտնվի խորհրդարանում` պահպանելով իր քվոտաներն ու իշխանական կարկանդակի մասնաբաժինը: Ո՞վ կա հերթում: Ինչու՞ ոչ, նաև ՀՀԿ-ականները, որ զղջացել ու միացել են հեղափոխությանը` սիրո ու համերաշխության ալիքների փրփուրների վրա: Հետո բոլոր մյուսները, որ եթերից ու թերթերից ճամարտակել են ու ճամարտակում են իրենց կարևորության ու անհրաժեշտության, մյուսների սխալների մասին: Նրանք ունեն ամբոխ ու պայքարում են ամբոխի ձայների համար: Հայաստանում կուսակցությունների կայացմանը այս հարվածը ևս մեկ տասնամյակ նրանց կշպրտի կոնյունկտուրային անորոշության մեջ, երբ գլխավոր սկզբունքը մնում է` ով փող ունի, նա էլ կուսակցություն ունի: Նպատակը, խնդիրը, ծրագիրը 64-րդական նշանակություն ունեն: Իսկ դա նշանակում է, որ շարունակվելու են սովորական մուտիլովկաները, կուսակցափոխությունները, երբ դավանանք չկա, ամեն օր մի աստված կարող ես ունենալ` միշտ էլ ուժեղից ուժեղը կա: Իսկ հետևանքը` հավանական հեղաշրջումների, իշխանափոխությունների ու դավադրությունների վտանգը, որ քաղաքական անկայունության հիմքն է:

Քրեաօլիգարխիկ եռյակի վերարտադրությունը նոր խորհրդարանում հենց այդ հիմքն է ստեղծելու: Ամբոխի ձեռքով` ժողովրդի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանը սքանչելի հնարավորություններով սքանչելի երկիր է, որ երբեք ժամանակ չի գտնում` իմաստավորելու ու ծրագրելու իր ապագան: Հիմա էլ: Աժ արտահերթ ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելը փակուղուց դուրս գալու ելք է, բայց պետք չէ այդ ելքը դարձնել մուտք նոր ճգնաժամերի ու հերթական արտահերթ ընտրությունների համար:
Իշխանության գործը ընդամենը ընտրությունների կազմակերպումն է, ոչ թե կառավարումը: Նույնիսկ` ակամա: Կուսակցությունները պետք է ժողովրդի հետ աշխատեն, ոչ թե իշխանական կուլիսներում մանդատներ հայթայթեն: Իսկ ժողովուրդը վերջապես պիտի հասկանա իր գինն ու արժեքը ու իրեն թույլ չտա ամբոխ դառնալու անմտությունը` վտանգելով պետությունը:

Դիտվել է՝ 2644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ