Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Նիկոլ Փաշինյան. Համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար

Նիկոլ Փաշինյան. Համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար
11.10.2018 | 15:25

Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի բացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ լիովին գիտակցում են իրենց վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում են, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։ «Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը։ Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915-ի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է թավշյա հեղափոխության գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ», - ասել է վարչապետը: Նշելով, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է և դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, Փաշինյանն ընդգծել է, որ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։


«Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։ Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար, - ասել է Փաշինյանը՝ շարունակելով, - ՙԱպրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում»։ Վարչապետի խոսքով՝ «Ապրել միասին»-ի ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։
«Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասին»-ի արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։ Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։ Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության», - ասել է Փաշինյանը։


Վարչապետն իր ելույթում նշել է, որ Երևանի գագաթաժողովն անդրադարձ կկատարի նաև սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մոլորակի համար։
«Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում, - ասել է վարչապետը՝ շարունակելով, - կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը»:


Վարչապետի խոսքով՝ դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։
«Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։ Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար», - ասել է Փաշինյանը։


Եզրափակելով վարչապետը դիմել է ֆրանկոֆոն տարածքի երիտասարդներին, ովքեր, ըստ Փաշինյանի, հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան են։ «Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք գագաթաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը», - ասել է վարչապետը։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ