Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի լիազորությունները

Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի լիազորությունները
13.10.2018 | 21:10

Երևանի նորընտիր քաղաքապետն այսօր հանդիսավոր երդումը սկսեց երևանցիներին ուղղված սիրո խոստովանությամբ: Հայկ Մարությանը երդվեց պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները: Ասաց՝ մեկ առ մեկ հիշում է քարոզարշավի ընթացքում երևանցիներից ստացած հանձնարարությունները, փորձելու են հերթով կատարել:

«Ես խենթանում եմ մեր քաղաքի համար, սիրում եմ առավոտյան նոր ջրված փողոցների թարմ հոտը, աշխատանքի և դասերի շտապող Երևանը: Սա մեր Երևանն է, հրաշք քաղաք՝ հրաշք ճարտարապետությամբ, հրաշք պատմությամբ և հրաշք մարդկանցով: Եվ այսքանից հետո ո՞վ պետք է լինի մարդ, որ դավաճանի այս ամենը: Սիրելի երևանցիներ, շնորհակալ եմ ձեզ վստահության համար», - ասաց Երևանի քաղաքապետը:
Քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևանի թանգարանին: Երևանի խորհրդանիշ լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, Հայկ Մարությանին հանձնեցին Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու մայրաքաղաքի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը: Հանդիսավոր նիստին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ:


Վարչապետ Փաշինյանն ասաց՝ քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր վճարած հարկերը տեղ են հասնում: «Էսօր, այո, մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Մենք պետք է առաջնորդվենք հինը, քաղաքական հինը կամ նախկինում որևէ ներգրավվածություն ունեցած մարդկանց չմերժելու սկզբունքով, մերժելը ես անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը, - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով,- մեր ամենամեծ առաքելությունը եղել է, կա և կշարունակի մնալ մեր երկրի քաղաքացիներին ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ, օգնել, որ մեր երկրի քաղաքացիները ոտքի կանգնեն»:
Հայ Առաքելական եկեղեցու Արարարտյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, դիմելով Երևանի 12-րդ քաղաքապետին, հնչեցրեց թավշա հեղափոխության «Քայլ արա» կարգախոսը․ «Վստահաբար կարող ենք ասել, որ ձեր միասնականության, նվիրումի և համագործակցության շնորհիվ «Քայլ արա, Երևան» տեսլականը կդառնա իրականություն: Քայլ արա, Երևան, քայլ արա, երևանցի, ձեռք ձեռքի բռնած, միասնական քայլքով մոտեցիր Աստծուն, հետևիր նրա գծած ճանապարհներին, որը սիրո ճանապարհն է»:


Երդման արարողությունից հետո Հայկ Մարությանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ կադրային փոփոխություններ լինելու են: Կրկին անդրադառնալով քննադատությանը, թե իրենք բացարձակ մեծամասնություն են քաղաքապետարանում, վստահեցրեց՝ իր թիմի կազմում էլ քիչ չեն ընդդիմադիրները:


Նորընտիր քաղաքապետը հաստատեց, որ Էրեբունի-Երևան տոնակատարությունների ծախսերն իր հորդորով են կրճատվել: «Տոնը վստահաբար չի տուժել և լինելու է շատ շքեղ և շատ հետաքրքիր մեր երևանցիների համար», - վստահեցրեց նա:
«Մենք պրոֆեսիոնալ մարդկանց պետք է գնահատենք, մարդկանց, որոնք անցել են մեծ ճանապարհ և ունեն մեծ ինստիտուցիոնալ հիշողություն և փորձ: Սա շատ կարևոր է», - ասաց քաղաքապետը: Լրագրողների հարցին՝ դա փոխքաղաքապետ Կամո Արեյանի՞ն է վերաբերում, Հայկ Մարությանն արձագանքեց, որ բոլոր փոփոխությունների մասին կասի․«Ես վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր փոփոխությունների մասին առաջինը դուք կիմանաք»:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ֆրակցիայի ներսում այնքան ուժեղ ընդիմություն կա, որ ես անգամ մեկ-մեկ պետք է դիմեմ և «Բարգավաճ Հայաստան» ֆրակցիային, և «Լույս» ֆրակցիային, որ էն որոշումը, որը ես մտածում եմ, որ ճիշտ է, իմ կողմից լինեն»` ասաց Հայկ Մարությանը:

Դիտվել է՝ 3354

Մեկնաբանություններ