ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Հեղափոխականները պետք է կարողանան խուսափել լուրջ սխալներից»

«Հեղափոխականները պետք է կարողանան խուսափել լուրջ սխալներից»
16.10.2018 | 00:43

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինների հանդեպ հետաքրքիր հանդուրժողականություն ցուցաբերեց, ասաց, թե դեմ է քաղաքական ռասիզմին, որը ենթադրում է հնի ամբողջական քանդում-ավերում։ Կառավարման համակարգում կմնան նաև նոր Հայաստանի «օրենքներով շարժվող» հին կադրերը։ Սա նշանակում է, որ Փաշինյանը և՛ կադրային ռեսուրսի խնդիր ունի, և՛ հեղափոխական կադրերի աշխատանքը նրան այնքան էլ չի բավարարում, այլապես հազիվ թե ՀՀԿ-ն արմատախիլ անող վարչապետը նման զիջումների գնար։ Սրան զուգահեռ ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք, փաստորեն, համամիտ չեն այսօր տարվող քաղաքականությանը և սեփականն են ուզում առաջ մղել, այլապես բազում կուսակցություններ ունեցող երկրում նոր քաղաքական ուժի ստեղծումը առնվազն անհասկանալի է։ Այս թեմաների շուրջ մի քանի հարց ուղղեցինք ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ։

-Պարոն Մելիքյան, Երևանի քաղաքապետի երդման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն առաջնորդվելու ամեն հինը մերժելու, քանդելու, ավերելու մղումով, և իշխանության մեջ նախկինների ներգրավածություն ևս կլինի։ Փաստորեն, վարչապետը հասկացե՞լ է, որ հեղափոխական կադրերով հնարավոր չէ լուրջ փոփոխություններ անել երկրում։
-Թույլ տվեք ՀՀ վարչապետի փոխարեն չասեմ, թե նա ինչպես է գնահատում հեղափոխական կադրերի գործունակության մակարդակը: Ինչ վերաբերում է նախկինների ներգրավվածությանը, ապա այստեղ պետք է սահմանվեն այն չափորոշիչները, որոնց համաձայն հնարավոր կլինի որոշել, թե նախկին վարչակազմերի կորիզը կազմած ո՞ր քաղաքական դեմքերը կամ մասնագետները կարող են դառնալ կոռուպցիայից ու կեղծարարությունից զերծ նոր Հայաստանի կառուցման պատասխանատու մասնակիցներ: Կարծում եմ, օրինակ, այն քաղաքական գործիչները, որոնք իրենց վերահսկողության տակ անցած պետական կառավարման մարմիններում, արտադրական ձեռնարկություններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, բուժհիմնարկներում կամ դպրոցներում անձամբ կամ միջնորդավորված ձևով աշխատակիցների պարտադիր կուսակցականացմանն ուղղված ճնշումներ են բանեցրել, գործ չունեն պետական կառավարման համակարգում: Նույնը վերաբերում է նաև բոլոր այն անհատներին, ովքեր այս կամ այն կերպ կեղծել են տեղական ինքնակառավարման մարմինների կամ համապետական ընտրությունների արդյունքները՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող նախագահից ու անդամներից սկսած: Այսինքն, այս հարցում շատ հստակ սկզբունքներ պետք է գործեն, ոչ թե այս կամ այն քաղաքական կամ պետական գործչի՝ ինչ-որ մարդկանց հանդեպ ունեցած անձնական համակրանքի գործոնը: Էլ չեմ խոսում թալանչիների, կաշառակերների և կաշառատուների մասին, նրանցով պետք է իրավապահներն ու դատարանները զբաղվեն:
-Այս օրերին նոր կուսակցություններ են ստեղծվում, ութ տասնյակից ավելի կուսակցություն ունեցող երկրում ինչու՞ են նոր քաղաքական ուժեր ստեղծվում։
-Պարոն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ կոալիցիոն գործընկերների՝ քաղաքականության ոլորտը մենաշնորհի վերածելուն միտված գործողությունների շնորհիվ, մերօրյա Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար անհատը պարտադիր պետք է կուսակցության անդամ լինի կամ էլ համագործակցի որևէ կուսակցության հետ: Այս է պատճառը, որ քաղաքական ամբիցիաներ ունեցող շատ անհատներ, չցանկանալով անդամակցել գոյություն ունեցող կուսակցություններից որևէ մեկին, ստիպված սեփական կուսակցությունը ստեղծելու տարբերակն են նախընտրում: Չեմ կարող դրա համար նրանց մեղադրել:
-Դուք որևէ ձևաչափով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՞ եք։
-Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել այս հարցի վերաբերյալ: Չեմ բացառում, որ կմասնակցեմ:
-Հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրություններում իշխող կուսակցության արդյունքները և ավագանու պատկերը, ինչպիսի՞ խորհրդարան կունենանք ապագայում։
-Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու հավանականությունը բարձր է: Այդուհանդերձ, մինչև քվեարկության օրը պարոն Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը դեռ շատ խնդիրներ պետք է կարողանա լուծել: Հեղափոխականները պետք է կարողանան խուսափել լուրջ սխալներից, այդ թվում նաև ճիշտ ընտրեն իրենց այն գործընկերներին, ովքեր, չհանդիսանալով կուսակցության անդամ, կկարողանան ուժեղացնել վերջինիս նախընտրական դիրքերը, կավելացնեն նրա հանդեպ հանրային վստահության մակարդակը:

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ