USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Հեղափոխությունը վերառողջացնող պրոցես է, եթե դա ճշգրիտ հեղափոխություն է»

«Հեղափոխությունը վերառողջացնող պրոցես է, եթե դա ճշգրիտ հեղափոխություն է»
16.10.2018 | 01:07

«Դրոյի» գործով 1994-ից ցմահ ազատազրկման դատապարտված ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԻ «Աղօթարան» գրքում ամփոփված են հեղինակի՝ բանտում գրած աղոթքներն ու մանրանկարները: Բոլորովին վերջերս Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, դրվագ առ դրվագ ներկայացվեց գրող, նկարիչ, երաժիշտ, ազատամարտիկ, հասարակական գործիչ Արմենակ Մնջոյանի անցած ճանապարհը:
«Իրատեսին» Արմենակ Մնջոյանը փոխանցեց գրքի ստեղծման պատմությունը: Զրուցել ենք նաև երկում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակի, «Դրոյի» գործի վերանայման, ազատության և անազատության սահմանների մասին:

-Մի փոքր պատմեք գրքի ստեղծման մասին: Ինչու՞ որոշեցիք աղոթքները ընթերցողին հասցնել: Ինչպե՞ս կատարեցիք ընտրությունը: Ենթադրում եմ, որ ավելի շատ են եղել դրանք:
-Աղոթքներ կային, բայց դեռ պատրաստ չէին տպագրության: Հրապարակման նպատակ չեմ ունեցել, բայց դրանց մի մասը, որ արդեն պատրաստ էր՝ մուտքագրված, խմբագրված, նկարազարդված, ուղարկեցի նարեկագետ Աշոտ Պետրոսյանին և խնդրեցի, որ դասական ուղղագրության վերածի: Աշոտ Պետրոսյանն ընդառաջեց, բայց խնդրեց՝ նույնությամբ պատրաստեմ, որպեսզի փորձենք հրատարակել: Ես միանգամից համաձայնեցի, քաջ գիտենալով, որ ֆինանսավորում չի լինի, և միևնույն է, չի հրատարակվի: Բայց, ինչպես տեսնում եք, հրատարակվեց՝ անկախ իմ կամքից:
-Ինչպե՞ս են ծնվում աղոթքները:
-Ես այստեղ ձեռքի աշխատանքներ՝ փոքրիկ սրբապատկերներ եմ պատրաստում, և պատրաստման ամբողջ այդ ընթացքն ուղեկցվում է աղոթքով, խնկարկումով, շարական երաժշտությամբ ու ծոմապահությամբ: Աղոթքներն այդ ժամանակ են գրվում, աշխատանքներն ավարտելուն զուգընթաց՝ ասես ստիպված ես լինում ձերբազատվել ներսումդ եղածից:
-Աստծուն մի՞շտ եք հավատացել: Աղոթագրքով ներկայանալը Ձեր ընկերների, հարազատների համար անսպասելի՞ էր:
-Գիտե՞ք, մարդը երբ Աստծո անունը տալիս է, մինչև անգամ եթե ժխտում է, դա արդեն իսկ խոսում է Աստծո գոյության հանդեպ նրա հավատքի մասին: Աստծո գաղափարը մարդու ենթագիտակցության մեջ է ծնված օրից:
-Հաջորդիվ այլ գրքեր կլինե՞ն, թե՞ շարունակելու եք «Աղօթարանը»:
-«Աղօթարանը» շարունակվում է՝ անկախ նրանից, թե զուգահեռաբար ինչ գրքեր կարող են լինել կամ ժամանակին եղել են: ՈՒնեմ անտիպ գրքեր՝ ռազմական ուղղվածությամբ աշխատություն, արցախյան թեմայով պատմվածքներ՝ պատանիների համար: Դրանք պատմական ճշմարտություններ են, ուղղակի գեղարվեստականացրել եմ, որ ավելի հեշտ ընթերցվեն:
-Որտե՞ղ են այդ պատմվածքները:
-Մի ժամանակ համակարգիչներ ունեինք, ամբողջը համակարգիչների մեջ էր։ Հետո, երբ համակարգիչները հանեցին, ինձ մոտ անգամ ձեռագիր սևագրեր չկային, որ դրանց վրա կարողանայի աշխատել, մաքրագրել, հանձնել տպագրության:
-Որտե՞ղ են հիմա դրանք:
-Տանը՝ համակարգիչների մեջ:
-Եթե հնարավորություն լինի, կարելի է վերանայելուց-խմբագրելուց հետո տպագրությա՞ն հանձնել:
-Այո:
-Իսկ ինչու՞ արգելվեցին համակարգիչները:
-Եթե չեմ սխալվում` 2001-ին դիմեցինք հանրապետության նախագահին, (այլ ատյաններ չկային դիմելու, բոլոր խնդիրներն այնտեղ էին լուծվում), խնդրեցինք, որ համակարգիչներ տրամադրեն: Մեզ թույլատրվեց ձեռք բերել համակարգիչներ և օգտվել դրանցից, բայց 2007-2008 թվականներին հավաքեցին իբր ստուգելու նպատակով: Հետո ասացին, որ այլևս չի թույլատրվում համակարգիչներց օգտվել՝ պատճառաբանելով, որ դա կապի, հեռահաղորդակցման միջոց է նաև: Այդպես մենք զրկվեցինք համակարգչից:
-Իսկ թուղթ, գրիչ, մատիտ, յուղաներկ թույլատրվու՞մ է, ունե՞ք: Որովհետև դուք նաև նկարում եք:
-Գունավոր մատիտներ, գրիչներ կան, բայց յուղաներկ՝ ոչ:
-Գրքի շնորհանդեսի ժամանակ ասացին, որ Դուք Ձեր նկարչական աշխատանքները ջնջում եք, հետո նորից նկարում: Ինչու՞, նկարչական պարագաները քի՞չ են, խնայու՞մ եք, թե՞ հոգեբանական վիճակ է:
-Նկարներն այստեղ պահելու իմաստը չեմ հասկանում: Ճիշտ է, ջնջած նկարները բավականին շատ են, բայց շատ նկարներ էլ նվիրում եմ նրանց, ովքեր ուզում են, հետաքրքրված են և կարող են փակցնել իրենց բնակարանների պատերին, նայել, գեղագիտական հաճույք ստանալ:
-Գրական նորություններին, մամուլի հրապարակումներին ծանոթանու՞մ եք:
-Այո, գրքեր, թերթեր ուղարկում են: Օրինակ, ձեր թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը ժամանակ առ ժամանակ նոր լույս տեսած գրականություն է ուղարկում՝ իմ նախասիրություններին ծանոթ լինելով: Մամուլից նախընտրում եմ «Իրատեսն» ու «Առավոտը»:
-Ինչպե՞ս եք գնահատում երկրի ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակը: Գուցե կան բաներ, որ կյանքի արագ ընթացքի, ազատության «սարդոստայնի» մեջ հայտնվածները չե՞ն տեսնում:
-Ինձ ճանաչող մարդիկ կարող են փաստել, որ մոտ երկու-երեք տարի առաջ ես պնդում էի, որ Հայաստանում հեղափոխություն պետք է լինի, դրա կարիքը կա, և կլինի, և անպայմանորեն վերջին թիվը 2018-ն է: Փաստորեն, 2018-ին եղավ: Ինչպես ժամանակին կանխատեսել էի՝ հեղափոխությունը Հայաստանում երկու ուժ կարող էր իրականացնել: Ընդհանրապես, մեկ քաղաքական ուժ էր գործում, իշխանությունն ու ընդդիմությունը մեկ տեղից էին, բայց կային լուսանցքային ուժեր, որոնք քաղաքականության մեջ չէին: Հեղափոխությունը պե՛տք է տեղի ունենար: Շատ կարծիքներ կարող են լինել, որ ֆինանսավորվել է Արևմուտքից կամ որևէ օտար տեղից (գուցե և այդպես է): Բայց ինձ համար անհասկանալի է ընթացքը, համար մեկ քայլը: Լա՛վ, որդեգրել են ռեժիմից ձերբազատվելու քաղաքականություն: Խոսքը օլիգարխիկ ռեժիմի մասին է: Հետո՞ ինչ պետք է արվի, կառուցողական պրոցեսը, երկրի քաղաքական ուղղվածությունը՝ ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, Ադրբեջանի, Ռուսաստանի հետ, ոչինչ հայտնի չէ: Կածես կան հայտարարություններ այն առումով, որ Ռուսաստանի հետ շարունակելու են հարաբերությունները, որ Արցախի խնդիրը պետք է արցախցիները լուծեն, Եվրոպայի հետ ունենք շարունակական գործընթաց: Այդ դեպքում հեղափոխությունն ինչի՞ համար էր:
-Ի՞նչ բեկումնային փոփոխություններ եք ուզում տեսնել:
-Անշարժությունը, լճացումը ճահճացում են բերում: Հեղափոխությունը շարժում է, որ ընթացք է տալիս, վերառողջացնող պրոցես է, եթե դա ճշգրիտ հեղափոխություն է: Եթե մտքի, հոգու, գաղափարական հեղափոխություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ հեղափոխական դրոշներով պիտի նույն տեղում դոփենք և առաջխաղացում չունենանք: ՈՒղղակի դեմքեր կփոխվեն, քաղաքական ուժեր կփոխվեն, իսկ համակարգը կմնա նույնը:
-Դուք Ձեր գրքի շնորհանդեսին հրավիրել էիք «Սասնա ծռերին»: Այդ մասին ասվեց միջոցառման ժամանակ: Չգիտեմ՝ այլ քաղաքական ուժերի, պետական այրերի հրավիրե՞լ էիք: Նկատեցի նաև արդարադատության նախարարին: Հետաքրքիր է՝ այս ոլորտում ի՞նչ փոփոխություներ եք ակնկալում:
-Հրավիրատոմսեր ուղարկել էի և՛ մշակույթի, և՛ քաղաքական, և՛ պետական գործիչների, կուսակցության ներկայացուցիչների, պատգամավորների, երկրի նախագահին, վարչապետին, անկախ նրանից, կմասնակցե՞ն, թե՞ ոչ: Հիմնական մասը, ինչպես ինձ հետո ասացին, կարծես եկել էր, մի մասը չէր եկել, բայց նրանց փոխարեն եկել էին մարդիկ, ովքեր ոչ հրավիրատոմսեր էին ստացել, ոչ էլ գրքեր, ուղղակի լուրն առել էին ու եկել: Պարզ քաղաքացիներ էին և մշակույթի գործիչներ: Դահլիճը 300-տեղանոց է, չէինք կարող ավելի մեծ թվով մարդկանց հրավիրել:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ես շատ կուզենայի, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները հանգեցնեին փոփոխությունների նաև արդարադատության ոլորտում: Մեր ժողովուրդը հոգևոր ժողովուրդ է, և ամենառաջինը, ինչից կառչում է, արդարությունն է: Գուցե լինեն փոփոխություններ՝ մակերեսային, երևացող, բայց ո՛չ խորքային: Եթե մենք որոշել ենք գնալ փոփոխությունների, նախ պետք է դրանք իրականացնողներն իրենք վերափոխված լինեն, ավելի ճիշտ, պետք է անցած լինեն հոգենորոգող վիճակը՝ կատարսիսը, ինչի համար, կարելի է ասել, բավականին ճնշումների միջով պիտի անցած լինեն: Ալմաստը ինչպե՞ս է վերածվում ադամանդի` բարձր ճնշման տակ:
-«Դրոյի գործը» վերանայելու նախադրյալներ տեսնու՞մ եք: Ձեր պատժաժամկետը վերանայելու խնդրանքով պատրաստվու՞մ եք դիմելու համապատասխան մարմինների:
-Նախ` մեզ մի քանի տարի առաջ պաշտոնապես հայտնել էին, որ «Դրոյի գործը» այրվել- ոչնչացվել է այն ժամանակ, երբ արդարադատության շենքում հրդեհ էր բռնկվել, իչին ես այնքան էլ չեմ հավատում: «Դրոյի գործը» վերացվեց, բայց ազգային արխիվում պահպանվել են դատավճիռները: Հիմա, մինչև անգամ եթե վերանայեն, 25 տարի անցել է, բավականին դժվար կլինի: Բայց եթե վերանայվի, բնականաբար, դատավճիռները բեկանվելու են: Նախկին գլխավոր դատախազ, լուսահոգի Հենրիկ Խաչատրյանը, երբ պաշտոնը զբաղեցրեց, 10-15 օր հետո այցելեց մեզ մեկուսարան և հիմնարկության ղեկավարության ներկայությամբ պաշտոնապես հայտարեց. «Ես՝ հանրապետության գլխավոր դատախազս, պաշտոնապես հայտարարում եմ, որ «Դրոյի գործը» 20-րդ դարի իդիոտիզմն է»: Հետո ուսիս թփթփացնելով ասաց. «Մտահոգվելու կարիք չունեք, գործն անձամբ իմ վերահսկողությամբ վերանայվում է, շուտով ազատության մեջ կհայտնվեք»: Դա նույն Հենրիկ Խաչատրյանն էր, որին իր գրասենյակում սպանեցին: Նոր դատախազի նշանակումից հետո գործերը իջեցրին արխիվ, դադարեցրին վերանայումը:
-Ի՞նչ է արել այս ամբողջ ընթացքում ՀՅԴ-ն, Ձեր ընկերները, այսպես ասեմ, փորձե՞լ են օգտագործել իրենց լծակները, ուժը, իշխանությունը և այլն:
-Ընկերներ ասացիք՝ հիշեցի լուսահոգի Իգոր Մուրադյանին: Նա ասում էր. «Ընգերները դաշնակցականներն են, իսկ հընկերներն արդեն բարեկամները՝ ՑՏՉՈՐՌքՌ Ռ ՊՐցջՖÿ: Ընկերները մնացին կուսակցական ընկերներ, այսինքն, կուսակցության ուղղվածության վրա, տվյալ պարագայում կուսակցությունը ինչ որոշի, դրանով էլ կառաջնորդվեն: Իսկ որոշումները կայացնում է դաշնակցական քաղաքական վերնախավը: Երբ կուսակցական անդամներն ըմբոստանում են, հեռացվում են կուսակցությունից: Դա ուրիշ խնդիր էր, որ 94-ին նախագահի հրամանագրով կասեցվեց դաշնակցության գործունեությունը Հայաստանում, ձերբակալվեցին մի շարք դաշնակցականներ, եղան դատեր, հալածանքներ, հետապնդումներ: 95-ի սկզբներին վերաբացվեց դաշնակցությունը, բայց դեռ բռնությունները շարունակվում էին, մարդիկ էին ձերբակալվում ու դատապարտվում: Դաշնակցությունը սկսեց գործել հակադաշնակցական սկզբունքներով: 95-ին վերաբացված դաշնակցությունը բացարձակապես ոչ մի կապ չուներ 94-ին փակված դաշնակցության հետ:
-ՀՅԴ-ի քաղաքական դիրքորոշումն այսօր ինչպե՞ս կգնահատեք:
-Ես չեմ ընդունում, որ Հայաստանում գոյություն ունի դաշնակցություն, ավելի շուտ՝ գոյություն ունի մի կառույց՝ գրպանային կուսակցություն, որ գործում է վարչախմբի անձնական (ո՛չ պետական) շահերը հետապնդելու նպատակով: 95-ից հետո դաշնակցությունը եղավ Լևոն Տեր- Պետրոսյանինը, հետո` Ռոբերտ Քոչարյանինը, հետո` Սերժ Սարգսյանինը, և այսօր, եթե Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից հետո հիմնավորվի, իրենք փորձելու են անպայմանորեն հայտնվել Փաշինյանի կողքին կամ գրպանում: Պետք է ընդգծել՝ բացառությամբ որոշ կուսակցականների, որոնք ավանդապահ, սկզբունքային, նվիրյալ դաշնակցականներ են: Ճիշտ ընկալման համար թող մեկ անգամ ևս աչքի անցկացնեն Հրաչ Տասնապետյանի «Ո՞վ է դաշնակցականը» գիրքը:
-Ասում են՝ իրավիճակ է փոխվել: Կարելի՞ է նորանկախ Հայաստանի պատմությունը բաժանել հեղափոխությունից առաջ ու հետոյի:
-Հեղափոխությունը բեկումնային չէ, բայց բացվել են հնարավորություններ մեր երկրում բեկում մտցնելու: Հեղափոխությունը դասական ճանապարհով տեղի չունեցավ, այլ շատ եզակի, նախադեպը չունեցող վիճակներով: Պատկերացրեք` մարտի մեկին՝ ջարդ, ուժի գործադրում, տասը-տասնմեկ զոհ, և իշխանությունը հրաժարական չէր տալիս: Մյուս պարագայում՝ հանրապետության վարչապետը խաղաղ կերպով հրաժարական տվեց: Տրվել է հնարավորություն, և դա քաղաքական ուժերից չի կախված, այլ հասարակությունից:
-Արցախի ազատագրված տարածքների վերադարձնել-չվերադարձնելու հարցը շարունակում է առանցքային մնալ: Որպես մարտական գործողությունների մասնակից՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հարցի լուծումը:
-Վերլուծական հոդվածներով ես մի քանի անգամ անդրադարձել եմ այդ խնդրին: Իրականում Արցախի խնդիր գոյություն չունի, գոյություն ունի Ադրբեջան շինծու պետության լինել-չլինելու խնդիր: Պետություն, որ ստեղծվել է Խորհրդային Միության շրջանում` Լենինի կողմից:
-Այն, ինչ կուզեիք ասել, բայց չհասցրինք:
-Կուզեի ընդամենը իմանալ՝ մեր հասարակությունը գո՞հ է ստեղծված վիճակից: Եթե մենք Մանվելին ձերբակալեցինք, Ռոբերտին ձերբակալեցինք, Սաշիկին ձերբակալեցինք (չեմ ասում՝ չձերբակալենք), բայց հետո՞ ինչ: Հետոն հայտնի չէ: Չէ՞ որ կան կարող ուժեր, որոնք չէին կարող բիզնեսով զբաղվել, եթե չհամագործակցեին պետական ապարատի հետ: Բայց դրանք կարող ուժեր են, այդ ուժերի հետ ի՞նչ պետք է արվի: Պիտի պատասխանտվությա՞ն ենթարկվեն: Կարծում եմ՝ պիտի նրանց տրվի հնարավորություն՝ շարունակելու իրենց գործեությունը, բայց այս անգամ զուտ երկիրը զարգացնելու նպատակով:
-Շատերը փափագում են Ձեր վերադարձը, կան նաև մարդիկ, որ չեն ուզում Ձեզ ազատության մեջ տեսնել: Ի՞նչ կասեք Ձեզ հավատացողներին ու չհավատացողներին:
-Միշտ էլ այդպես է, միակարծություն չի կարող լինել: Ես այլ կերպ եմ նայում ազատությանն ու անազատությանը: Ես այստեղ շատ ավելի ազատ եմ, քան շատ ու շատ պետական գործիչներ, կուսակցականներ, չակերտավոր մտավորականներ: Ազատությունը, ի վերջո, ֆիզիկական տեղաշարժը չէ, Աշտարակի ձո՞ր պետք է իջնեի, կազինո՞ պետք է գնայի: Գնալիս պիտի իմանաս, թե ուր ես գնում, նպատակ պետք է լինի: Հիմա իրավիճակն այսպիսին է: Այնուամենայնիվ, հոգիս, խիղճս ազատ են: Ես իմ խղճի առաջ մաքուր եմ, ինձ մտահոգող ոչինչ չկա, իմ ազատությունը ոչինչ չի կաշկանդում:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հ.Գ. Զրույցի վերջում Արմենակ Մնջոյանը շնորհակալություն հայտնեց Արա Արծրունուն՝ «Աղօթարան» գրքի մեկենասության համար, Աննա Կոստանյանին՝ շնորհանդեսը կազմակերպելու, վարելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին, ներկա էին շնորհանդեսին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao