Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ծառուկյանի հետ համագործակցությունը չենք բացառում»

«Ծառուկյանի հետ համագործակցությունը չենք բացառում»
16.10.2018 | 01:13

«Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ակտիվորեն հետևում է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին: Նա նույնպես այն կարծիքին է, որ նոր կառավարության ձևավորումից ինչ-որ ժամանակ անց արտահերթ ընտրությունների անցկացումն անխուսափելի էր, քանի որ դա հասարակության պահանջն է, ու Ազգային ժողովն այսօր չի ներկայացնում ժողովրդի տրամադրություններն ու ձգտումները, ինչը երկար տևել չի կարող: «Իրատեսը» Լյուդմիլա Սարգսյանի հետ խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության և այլ հարցերի շուրջ:

-Կարծում եմ, որ եթե արտահերթ ընտրությունները գարնանը՝ ապրիլ-մայիսին լինեին, ապա երկրում ու քաղաքական դաշտում խնդիրներն ավելի էին խորանալու,- ասաց տիկին Սարգսյանը։ -Տրամաբանությունն ինձ հուշում էր, թե դրանք պետք է հեղափոխությունից անմիջապես հետո անցկացվեին, բայց քանի որ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու գործընթաց սկսվեց, ենթադրելի էր, որ ընտրությունները կհետաձգվեն: Հուսամ՝ արդեն մինչև հոկտեմբերի վերջ կընդունվի նոր ԸՕ-ն, ու ընտրությունները բարեփոխված օրենսգրքով տեղի կունենան:
-Քաղաքական որոշ ուժեր էլ ասում են, թե ԱԺ-ն վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեր դեռ մայիսին, ու հենց այդ ժամանակ էլ պատք է անցկացվեին արտահերթ ընտրությունները:
-Տարբեր կողմեր միշտ կարող են տարբեր մոտեցում ունենալ հարցերի վերաբերյալ, բայց չեմ կարծում, թե դա իրատեսական տարբերակ կլիներ, քանի որ «Հանրապետականի» կողմից չափից մեծ դիմադրություն կար, ու նման «ավանտյուրայի» Նիկոլ Փաշինյանը չէր գնա: Մյուս կողմից, խորհրդարանի արագ լուծարումը երկիրը նոր ցնցումների առաջ կարող էր կանգնեցնել, որովհետև նախկին իշխանություններին որոշակի ժամանակ էր անհրաժեշտ նոր կարգավիճակին հարմարվելու համար, քանի որ իշխանությունից միանգամից հրաժարվելը հեշտ բան չի:
-Իշխանություններն այժմ ասում են, որ եթե մինչև արտահերթ ընտրությունները լրամշակված ԸՕ-ն պատրաստ չլինի, ապա «կատաստրոֆա» չի լինի, եթե դրանք գործող օրենսգրքով անցկացվեն:
-Այդ տեսակետի հետ համակարծիք չեմ: Պետք է անել հնարավորը, որ գործող խորհրդարանն ընդունի նոր ԸՕ-ն, հետո նոր գնանք արտահերթ ընտրությունների: Կարծում եմ՝ ողջախոհ կգտնվի նաև հանրապետական կուսակցությունն ու առանց լրացուցիչ խնդիրներ առաջացնելու «կողմ» կքվեարկի այդ փոփոխություներին: Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները, այսպես թե այնպես, լինելու են, ուրեմն գերադասելի է, որ դրանք լինեն առանց ռեյտինգայինի (համամասնական բաց ցուցակներով- հեղ.), առավել քիչ ընտրագրավով, խորհրդարան անցնելու ցածր շեմով և այլն: Նոր ԸՕ-ն թույլ կտա, որ խորհրդարանում ներկայացված նվազագույն ուժերի քանակը 3-ի փոխարեն 4-ը լինի, հետևաբար բոլորի շահերից է բխում, որ ապագա Ազգային ժողովը խայտաբղետ լինի:
-Խորհրդարանական նախորդ ընտրություններին պատրաստվում էիք «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցելու, ինչն այդպես էլ չհաջողվեց: Կփորձե՞ք «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության նոր եզրեր գտնել:
-Այո, չեմ բացառում: Այս պահին մեր առջև խնդիր ենք դրել ռեալ նայել ու տեսնել, թե որ թիմում հնարավոր կլինի հաղթարահել անցողիկ շեմը, հակառակ դեպքում, ուղղակի մասնակցությունը մեզ համար չէ: Ընտրության հնարավորությունը սահմանափակ է, քանի որ աշխարհաքաղաքական ուղղվածության, ընդհանուր գաղափարախոսության ու այլ հարցերի հետ կապված խնդիրներ են առաջ գալիս, դրա համար այժմ քննարկում ենք, թե որ ուժի հետ և ինչ ձևաչափով կարող ենք համագործակցել:
-Քաղաքական պայքարի դուրս կգաք ընդդմադիրի՞ դիրքերից, թե՞ իշխանության համակիրի:
-Իշխանամետ քաղաքական ուժերն արդեն բավականին շատ են, բացի այդ, միշտ չէ, որ համաձայն եմ նոր կառավարիչների դիրքորոշումների ու հայացքների հետ: Ենթադրում եմ, որ եթե հայտնվենք Ազգային Ժողովում, ապա բնական ընդդիմություն կարող ենք լինել: Եթե կառավարությունը, ըստ էության, կազմվելու է մեկ քաղաքական ուժով, ապա մնացած բոլոր քաղաքական ուժերը, որ ներկայացված կլինեն խորհրդարանում, ինքնըստինքյան ընդդիմություն կդառնան:

Ճեպազրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ