«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Դե՛ն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը»

«Դե՛ն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը»
16.10.2018 | 01:54

Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, նայեցի քո գործերին և զարհուրեցի. դու կճանաչվես երկու գազանների միջև, երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս (Ամբակում. 3; 2)
Առեղծվածային երկու գազանների մասին մենք կարդում ենք նաև Սուրբ Հովհաննես Աստվածաբան Ավետարանչի Հայտնության գրքի 13-րդ գլխում:


Այս գազանները մարգարեությունների ընդհանուր համատեքստում նույնանում են համաշխարհային տիրապետությունների հետ: Երկու գազանները կարելի է դիտարկել որպես մարդկության երազած երկրային դրախտի երկու հակադիր գաղափարախոսություններ, երկու ծայրահեղություններ` համայնավարություն (վարչատիրություն) և ժողովրդավարություն (դրամատիրություն), ստրկատիրություն և ամենաթողություն, կրոնամերժություն և բազմակրոնություն, վերջապես, սուտ և կեղծիք: Ամբակումի գազաններին վարդապետները նույնացրել են անգամ Քրիստոսի երկու կողմերում խաչված ավազակների հետ, ինչը հնարավոր չէ անել Հայտնության գազանների դեպքում: Ամեն պարագայում, Ճշմարտությունը` Քրիստոս, խաչված է մնում երկու գազանների միջև: Ակնհայտ է, որ գազանները հորիզոնական մտածողություն կրող երկրավոր թագավորներ կամ կառավարման համակարգեր են, որոնք իշխում և տիրում են աշխարհի ազգերին երկրի վրա հաստատվելիք «պայծառ» ապագայի տեսլականով կամ «ապրիր այսօր» կարգախոսով` մերժելով Երկնային հավիտենության հնարավորությունը: Կառավարման այդ համակարգերը ճշմարտության կրողը չեն, այլ ճշմարտությունը հալածողներ և խեղաթյուրողներ են: Սակայն, զարմանալիորեն, Աստծո Խոսքը մեզ պատվիրում է հնազանդվել ամենայն իշխանության, քանզի չկա իշխանություն, որ Աստծուց կարգված չլինի. «Ի սեր Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին` որպես գերագույն հեղինակություն ունեցող մեկի, թե՛ կառավարիչներին` որպես նրանից ուղարկվածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին՝ գովում.... Ապրեցե՛ք որպես ազատներ և ազատությունը իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրեցե՛ք որպես Աստծո ծառաներ: Հարգեցե՛ք բոլորին, սիրեցե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվեցե՛ք թագավորներին» (Ա Պետրոս 2;13-17): Պողոս առաքյալը երկրորդում է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում, քանի որ իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի.... ահա թե ինչու հարկեր եք վճարում: Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» Հռոմ. 13;1-7):


Նկատենք, որ առաքյալները խոսում են հեթանոս իշխանությունների մասին և խոսում են մի ժամանակ, երբ կատակոմբաներում ծպտված Եկեղեցին հալածվում էր և չուներ այդ հալածական վիճակից ազատվելու հեռանկար կամ ակնկալիք, որովհետև հալածանքը և փրկությունը նույն կերպ էին ընկալվում: Քրիստոնեական վարդապետության ողջ էությունը կայանում է նեղություններին համբերելու մեջ. նեղվել` չնեղելով միաժամանակ, այլ կերպ անհնար է դավանել Հիսուսին` Աստծո Սերը. «Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն» (Բ Տիմ.3;12): Սա, թվում է, մի տեսակ կրավորականություն է, սակայն միայն առաջին հայացքից: Քրիստոնյայի գործառույթը բոլորովին այլ է. «Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը.... սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի լրումը.... Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ. ուրեմն դե՛ն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը. շարժվենք առաքինությամբ, ինչպես ցերեկով...., զգեստավորվեցե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնին խնամք մի՛ տարեք` ցանկությունները գոհացնելու համար» (Հռոմ. 13;8-14):


Արտաքին հանգամանքներին դիմադրելու և դրանք փոփոխելու փոխարեն քրիստոնյան պետք է լծվի սեփական նկարագրի` Քրիստոսի պատկերով կերտմանը. «Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե. որովհետև մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ. քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (Բ Կորնթ. 4;16-18): Այսինքն, քրիստոնյայի գործունեությունը կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ արտաքին իրողություններն է, որ պետք է փոխվեն քրիստոնյայի ներանձնային ոգորումների` վերանձնայինի փոխակերպման ճանապարհին: Երկրային դրախտի հավատացող, հեղափոխության աստվածաբանություն դավանող քրիստոնյաները ուրանում են Աստծուն, Նրա հայտնված Սերն ու Սրբությունը. «Ճիշտ է այս խոսքը, թե` եթե Քրիստոսի հետ մեռանք, Նրա հետ էլ պիտի ապրենք. եթե համբերենք, Նրա հետ էլ պիտի թագավորենք. և եթե ուրանանք, նա էլ մե՛զ պիտի ուրանա. և եթե հավատարիմ չմնանք, Նա հավատարիմ է մնում, որովհետև Ինքն Իրեն ուրանալ չի կարող» (Բ Տիմ. 2;11-13:)

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ