Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երախտիք և խոնարհում՝ անցյալն ու ներկան կերտող անձանց, նրանց ստեղծած մնայուն արժեքներին

Երախտիք և խոնարհում՝ անցյալն ու ներկան կերտող անձանց, նրանց ստեղծած մնայուն արժեքներին
16.10.2018 | 02:02

Թերթում եմ ՌԱՖԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԻ հեղինակությամբ լույս ընծայված «Արմավիրի մարզ. Տարեգիրք-հանրագիտարան» հատորը և չեմ կարող չթաքցնել հիացմունքս, միևնույն ժամանակ` զարմանքս. որքա՛ն շատ սեր կա նրա մեջ առ իր հայրենի եզերքը, որպիսի՛ խոնարհում անցյալ դարձող մեր օրերն իմաստավորած արմավիրցիների, մարզում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների հանդեպ, նաև մեծ հարգանք ու պատասխանատվություն գալիք սերունդների առջև՝ անուղղակիորեն պատգամելու նրանց ճշմարիտ ապրելու խորհուրդն ու արժանապատիվ կյանքի իմաստությունը՝ կենդանի օրինակների վկայակոչմամբ: Նման գիրքը սովորաբար ունենում է կազմող կամ կազմողների խումբ, սակայն, այս մեծածավալ աշխատանքի պարագայում, Ռաֆայել Սահակյանին միայն իբրև այդպիսին դիտարկելը թերի կլիներ: Այն, որ նա բազմաշնորհ մտավորական և քաղաքացի է, տաղանդավոր գրող՝ բանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս, որ հրաշալի լրագրող և մշակութային գործի կազմակերպիչ է, ով իր ամբողջ աշխատանքային գործունեությունը խարսխել է գրական, մշակութային, կրթական և լրագրողական անխորտակ ջրերում, համոզված եմ, անվարան կհամաձայնեն նրա վաստակին քիչ թե շատ ծանոթ անձինք, հետևաբար, դրա ապացույցի կարիքը չկա: Երկու տասնյակ գրքերի և ժողովածուների հեղինակը, որ ղեկավարում է նաև ՀԳՄ Արմավիրի մարզի բաժանմունքը, ով, եթե ոչ նա, որ հարազատ եզերքի մշտարթուն և անդավաճան բնակիչն ու բազմաթիվ ստեղծարար գործառույթների կազմակերպիչն ու իրագործողն է և, ինչպես ասում են, տասը մատի պես, քաջածանոթ ու իրազեկ է մասնավորապես Հոկտեմբերյան-Արմավիր-Մեծամոր տարածքի պատմությանը և ներկային, ամեն ծառ ու թփին, կարող է իրեն իրավունք վերապահել միայնակ «ներխուժելու» դժվարամատչելի, բազմաշերտ ու բազմաբնույթ մի աշխարհ, և պատվով կատարել իր առջև իր իսկ դրած առաջադրանքը՝ ավելի քան 1500 էջում վերականգնելով մարզի դիմապատկերը՝ հնարավորինս ամբողջական և անաչառ, ինչպես վայել է հանրագիտարանային հրատարակությանը: Ամենայն դրվատանքի արժանի կարևոր մի աշխատանք, որը սովորաբար վեր է մեկ մարդու ուժերից և հնարավորություններից, եթե նա օժտված չէ բավարար իմացությամբ, փորձառությամբ, որոնողական և հավաքչական ունակություններով, աշխատասիրությամբ և համբերությամբ, և եթե այդ ամենին չի գերիշխում անսահման սերն ու նվիրումը առ իր հարազատ հող ու ջուրը, մարդն ու հայրենիքը և, իհարկե, հավատն ու պարտավորությունը իր ստանձնած գործի հանդեպ: Եվ եթե, հավանաբար, անհամեստ չթվալու պատրվակով, իր բնակավայր Հուշակերտ գյուղին նվիրված բառահոդվածում նա չշրջանցեր իր անձը, ապա ընթերցողը կտեղեկացվեր, որ, արհամարհելով բազմաթիվ առիթներ, նա երբեք չլքեց հարազատ գյուղական տունը, հոգին ու միտքը բզկտող Էրգրի Խաստուր գյուղի կարոտին չդավաճանեց՝ այդ կերպ փարատելով վերադարձի տեսլականը, անսասան մնալով իր ուխտին ու սկզբունքներին: Անտարակույս, կպատմեր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հարևանությամբ ապրող գյուղի Հուշակերտ անվանակոչությանն իր անմիջական դերակատարության մասին և այլ ուշագրավ փաստեր իր կյանքից ու գործունեությունից:


Կպատմեր մի հայորդու մասին, ով ծնվել է Թալինում, ապրում է Արմավիրում, սերում Էրգրի Խաստուր գյուղից և մեծ սերն այդ բոլոր հանգրվանների նկատմամբ կրում է իր մեջ ոչ միայն բանաստեղծական զգացականությամբ կամ էպիկական զրույցներով, այլև մատուցելով իր անակնկալ մտահղացումը՝ հանրագիտարան-տարեգրքի ձևով: Սա է լավագույն միջոցը հիշողության կորստից փրկելու այն թվերը, փաստերը, անունները, որոնց գերակշիռ մասը երբևէ չի զետեղվի մեծ հանրագիտարաններում, սակայն արժանի է հիշատակության իր նշանակությամբ, վարքով և գործով, ներդրած ավանդով տեղի սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքում:


Սա է նաև ներկայացվող հանրագիտարանի արժանիքներից մեկը:
Ռաֆայել Սահակյանը մեկ առ մեկ անդրադարձել է մարզի տարածքում գտնվող հիշարժան վայրերին: Հանրագիտարանի յուրաքանչյուր հիմնական բաժին՝ Արմավիրի, Էջմիածնի, Մեծամորի տարածաշրջաններին նվիրված, բացվում է պատմական ակնարկով, տվյալ սահմաններում գտնվող խոշոր հնավայրերի պատմության հետահայաց նկարագրությամբ՝ քարեդարյան ժամանակներից մինչև շուրջ մեկդարյա վաղեմություն ունեցող հիշատակության արժանի փաստեր և անուններ: ՈՒշադրությունից չեն սպրդել պեղումներ կատարող արշավախմբերը, դրանց մասին պահպանված գրավոր վկայությունները, հիշատակարանները և այլ մանրամասներ. Արգիշտիխինիլիից, Էջմիածնից ու Երվանդաշատ մայրաքաղաքից մինչև Հայկական ատոմակայան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր ու թանգարան, մինչև խորդենու մշակություն, բամբակազտիչ գործարանի և այլ կառույցների շինարարություն: Այնուհետև, մարզային բաժանումից հետո նրա ենթակայության տակ անցած երեք խոշոր քաղաքները ներկայացվել են մեկ առ մեկ, պատմական անցյալից մինչև մեր օրերը՝ ներառելով տնտեսության, կրթության և մշակույթի տարբեր ոլորտներ՝ իրենց երախտավորներով, որոնք ուղեկցվում են համապատասխան լուսանկարներով: Նույնը նաև մարզի 94 գյուղական համայնքների պարագայում, որոնց անդրադարձել է առանձին-առանձին, հավատարիմ մնալով փաստերի և իրադարձությունների իսկությունը պահպանելուն որդեգրած սկզբունքին: Եվ որքան արդարացի է հանրագիտարանի հեղինակը, երբ չի խորշում խորհրդային շրջանի նկատմամբ մի շարք «արդարադատների» մերժողական վերաբերմունքի «սպառնալիքներից», և իրերը կոչում է իրենց անվամբ, անդավաճան մնում պատմական իրողությունների նկատմամբ անաչառ սկզբունքայնությանը և ներկայացնում է այն զարգացումն ու զարթոնքը, որ այդ տարիներին ապրել են շրջաններն ու նրանց աշխատավորությունը: Վերջիններս ներկայացված են անխտրական՝ պաշտոնական բարձր աթոռներ զբաղեցնող, թե շարքային աշխատավոր՝ ուսուցիչ, բժիշկ և այլն, միայն թե էական նշանակություն ունեցած լինի նրանց կյանքն ու գործը թեկուզ համայնքային սահմաններում: ՈՒ թեև յուրաքանչուր բնակավայրի պատմություն սկսվում է գեղարվեստական ակնարկին հատուկ պատկերավորությամբ, դրան հաջորդում է տեղեկատվությունը՝ չոր թվերի և փաստերի, անձանց և գերդաստանների հիշատակումով, որոնք առաջընթաց և զարգացում են ապահովել գյուղի, համայնքի, նրա բնակչության կյանքում: Արձանագրված են փաստեր և իրադարձություններ կյանքի, կենսագործունեության բոլոր ոլորտների ընդգրկմամբ:

Ամբողջական անդրադարձ է կատարված հատկապես վերջին հարյուրամյակին, այն ռահվիրաներին, ովքեր ապրեցին ոչ միայն հացիվ: Հեղինակը նախանձախնդիր է ամեն մի նշանակալի իրադարձություն, յուրաքանչյուր անձի չթողնել մոռացության մատնված, ամենայն մանրամասնությամբ՝ զատելով կարևորն անկարևորից, միաժամանակ լինել հակիրճ, չշեղվել հանրագիտարանային նորմերից, որը հաճախ նրան չի հաջողվում, քանի որ մեծ է ցանկությունը ընթերցողին հասու դարձնելու մարզի կայացմանն ու զարգացմանն ի նպաստ դրված ամեն մի քարի պատմությունը՝ այն տեղադրողի կերպարով: Անկեղծ ասած, այս առումով շատ դեպքերում զգացվում է հեղինակի ինքնազսպումը, երբ ասելիքը շատ է, արտահայտման հանրագիտարանային հնարավորությունները՝ սահմանափակ: Հիմնական փաստանյութը վերջին մեկդարյա ժամանակաշրջանին է նվիրված, որի մի զգալի հատվածի ականատեսն ու իրադարձությունների անմիջական մասնակիցն է գրքի հեղինակը, ինչը յուրովի հեշտացրել է որոնման ու հավաքչական, բառահոդվածներ կազմելու աշխատանքները, նաև ամրապնդել անձնական վերաբերմունքի տուրք չտալու և գայթակղությանը դիմակայելու հաստատակամությունը: Այստեղ նրան օգնության են հասել բանիմացությունը և փորձառությունը, որ կուտակվել են աշխատանքային գործունեության տասնամյակների ընթացքում:


Նման լայնածավալ գրականությունն ունի պարբերաբար թարմացվելու անհրաժեշտություն, առաջինը լինելով, բնականաբար, հընթացս կլինի նաև վերանայումների, խմբագրումների և լրացումների կարիք, սակայն այն անհերքելի և անուրանալի փաստ է ոչ միայն մարզի, այլև հանրապետության գրքային կյանքում: Եթե մեր հանրապետության յուրաքանչյուր մարզում գտնվի մեկական բանիմաց և փորձառու նվիրյալ, ով կստանձնի այսօրինակ աշխատանք և պատվով ավարտին կհասցնի այն, մենք կունենանք մեր երկրի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը մարզ առ մարզ ամենայն մանրամասնությամբ և կփոխանցենք այն մեր հետնորդներին ոչ միայն ճանաչողական, այլև դաստիարակչական շեշտադրումներով, որից հետևում է հայտնի ճշմարտության յուրատեսակ փաստումը, թե վաստակավոր մարդու գործն է անմահ՝ իր բարությամբ և հասարակական հնչեղությամբ, որը կապրի դարեդար, մանավանդ որ արդեն իսկ հրատարակվել են տարբեր գյուղերի և բնակավայրերի նվիրված մի շարք գրքեր, որոնք պարունակում են բավականաչափ տեղեկություններ դրանց մասին: Իսկ ներկայացվող հատորը տեղեկատվական համապարփակ սկզբնաղբյուր է մարզի պատմությունն ու այս կամ այն դրվագը, գործչի կյանքն ուսումնասիրողի համար: Այն նույնքան կարևոր է հանրագիտարանի բառահոդվածներում ներկայացված անձանց առումով, քանզի շատ շատերը կարող են և անտեղյակ լինել իրենց նախնյաց ներդրած ջանքերի, այս կամ այն ձեռնարկին մասնակցության և այլ իրողությունների մասին, որը և է իրենց արմատների ճանաչումը:
Այս գիրքն իր ենթատեքստում նաև երախտագիտության և խոնարհումի արտահայտություն է՝ նվիրված անցյալն ու ներկան կերտող անձանց, նրանց ստեղծած մնայուն արժեքներին:
Համոզված եմ՝ երբ գալիք սերունդները հետաքրքրվեն Արմավիրի մարզով, առաջին հերթին դիմելու են այս հրատարակության օգնությանը, իսկ մարզի վերաբերյալ այդ շրջանակներում իրենց թողնված գրական-մշակութային արժեքների մասին դատելիս, իրենց հիշողության մեջ առանձին մի բարձր պատվանդանի, որպես գրավոր հուշարձան, տեսնելու են Ռաֆայել Սահակյանի տքնանքով արարված այս մատյանը, որպես անցալի կամ մեր օրերի կարևոր և մեծարժեք ձեռքբերում, գործ, որը միայն նա կարող էր կյանքի կոչել:

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ