USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Անփորձ, ամեն ինչ մերժող երիտասարդներով կառավարման համակարգը «լցոնելն» ամենամեծ սխալն է»

«Անփորձ, ամեն ինչ մերժող երիտասարդներով կառավարման  համակարգը «լցոնելն» ամենամեծ սխալն է»
19.10.2018 | 01:42

Անկախ Հայաստանի ամենաարհեստավարժ խորհրդարանը համարվում է Գերագույն խորհուրդը։ Հաջորդ գումարման խորհրդարանների որակը զգալիորեն զիջում է առաջինին։ Այսօր կանգնած ենք հերթական խորհրդարանը ձևավորելու շեմին, ի՞նչ պատկեր կունենանք այս անգամ։ Զրուցում ենք ԳԽ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ։

-Արդեն հստակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, մեր քաղաքական դաշտը պատրա՞ստ է այդ ընտրությանը։
-Քաղաքական զարգացումների տրամաբանությունը ենթադրում է, որ պետք է ամրապնդվեն հեղափոխության բերած գաղափարները, արժեքները, ձգտումները: Ասել է՝ հեղափոխության շահերից է բխում ընտրությունների բարձր մակարդակով անցկացումը: Կասկած չկա, որ դրանում համոզված են նաև Փաշինյանն ու իր թիմը: Ընտրությունների որակը կարելի է բնութագրել երկու բաղադրիչով՝ նախ, տեխնիկական իրագործմամբ, ապա քաղաքական բովանդակությամբ: Կարծում եմ, այսքան կարճ ժամկահատվածը բավարար չէ քաղաքական գործոնն ապահովելու համար: Հասարակության ստույգ ձգտումներն ու տրամադրություններն արտահայտող քաղաքական ընտրություններ ապահովելու տեսակետից, ընդհանրապես, նպաստավոր պահ չէ: Բանն այն է, որ երկու տասնամյակ առանց այդ էլ թույլ քաղաքական մշակույթ ունեցող հասարակության կիսատ-պռատ քաղաքական կյանքը ամբողջովին ավերվել է, և քաղաքական մրցակցություն ապահովելն անիմաստ է դարձել: Տեսեք, այնպիսի «փառահեղ» կուսակցություններ, ինչպիսիք են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, որոնցով նախկինում «լցոնվում» էին իշխանության մարմինները՝ խորհրդարանից մինչև ՏԻՄ-եր, քաղաքական կյանքին հրաժեշտ տալու ճամպրուկին են նստած: Նորերը, որոնք ձգտում են զբաղեցնել նրանց տեղը, դժվարությամբ են անցնում նույնիսկ կազմակերպչական առաջին իսկ փուլը: Կուսակցությունները ձևավորվում են գաղափարների կամ լայնածավալ գործողությունների ու նպատակների շուրջ: Հայ հասարակությունը դեռևս խարխափում է անորոշության մեջ: Եթե դեկտեմբերին լինեն ընտրությունները, որակյալ օրենսդիր մարմին չենք կարող ձևավորել: Վախենում եմ՝ զղջանք հապշտապ ընտրություններ անցկացնելու համար: Այսպես հապշտապ ընտրությունների նշանակման մեջ տեսնում եմ նաև կոնյունկտուրային հիմք: Բանն այն է, որ այս օրերին կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացներ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, այն առայսօր չի ներկայացվել, ինչը, իհարկե, կառավարության թերացումն է: Ասպարեզ բերելով ընտրությունների խնդիրը, ենթադրում եմ, որ հասարակության ուշադրությունը որոշ չափով շեղվում է կառավարության գործունեության գնահատման խնդրից: Բացի այդ, գուցե Փաշինյանը զգում է իր թիմի վարկանիշի անկումը և ընտրություններով ցանկանում է ամրացնել դիրքերը:
-Սովորաբար ընտրությունները ենթադրում են գաղափարների, ծրագրերի պայքար։ Իշխող քաղաքական ուժն ի՞նչ գաղափարական հենք ունի։
-Նորմալ էվոլյուցիա ապրած հասարակություններում հենց այդպես էլ կա, նախընտրական պայքարը տեղի է ունենում գաղափարախոսությունների կամ լայնածավալ ծրագրերի շուրջ: Երկրորդեմ` մեր քաղաքական կյանքն ավերված է, ուստի գաղափարական հենք գտնելը այս կամ այն կուսակցության կամ միավորման ծրագրերում կամ ճառերում դժվար գործ է: Ներկայիս քաղաքական դաշտում գաղափարախոսական ուղղությունների բաժանումներ գտնելն առաջին հայացքից գրեթե անհնարին է: Դրանց համար քաղաքագիտության հետազոտական խմբեր են պետք: Նման անորոշ գաղափարախոսությամբ կազմակերպությունների դասին է պատկանում նաև ներկայումս իշխող կազմակերպությունը: Հեղափոխության օրերին առաջ քաշված «սիրո և համերաշխության» կարգախոսը չի կարող գաղափարախոսության քաղաքական հիմք դառնալ: Եթե մի փոքր ճիգ թափենք, կարող ենք տեսնել, որ կառավարող ուժի գաղափարախոսության մեջ գուցե առանձնանում է արդարության գաղափարը: Եկեք ընդունենք, որ շարժման մասնակիցների համոզմունքների ձևավորման մեջ մեծ դեր է ունեցել նախկին ռեժիմի նկատմամբ խոր ու աննահանջ ատելությունը, որով և ձևավորվեց «Մերժիր Սերժին» էությամբ գաղափարազուրկ կարգախոսը: Եվ դեպքերն ավելի արագ զարգացան, քան շարժման ղեկավարությունը կարող էր գաղափարախոսական լուրջ հենք ձևավորել: Նրանց ելույթներում դեռ հիմնարար գաղափարախոսական մտքեր չեն հնչել:
-Ոմանք կարծում են` հինգ ամիսը բավարար էր գոնե որոշ հարցեր կարգավորելու համար, մյուսներն էլ կարծում են` էական փոփոխության համար դա քիչ ժամանակ է։ Ի վերջո, ի՞նչ կարելի էր անել, որ չի իրականացվել այս ընթացքում։
-Հինգ ամիսը բավարար էր միայն գնահատելու կառավարող նոր ուժի ունակություններն ու գործունեության ոճը: Պարզ է, որ այդ կարճ ժամանակահատվածում տնտեսական կամ այլ թռիչք սպասելը միամտություն կլիներ: Այս ընթացքում Փաշինյանի թիմը պիտի հաստատեր նոր բարոյահոգեբանական մթնոլորտ, որից էլ պիտի բխեին քաղաքական ծրագրերը: Բարոյահոգեբանական իրավիճակի բարելավումը, կարելի է ասել, նրանց բավականին հաջողվել է: Այսօր իսկապես ապրում ենք նոր տիպի Հայաստանում. մարդիկ սկսել են հավատալ ապագային, պետական մարմիններին, ղեկավարներին: Եվ վերջապես կուսակցությունները պատրաստվում են քաղաքական պայքարի, ոչ թե, ինչպես նախկինում էր՝ լեզու գտնելու: Բայց դրանց մի մասը դեռ գործում է հին մեթոդով ու մաշում է դեպի Փաշինյան տանող աստիճանները: Այսուհանդերձ, կարծում եմ՝ ավելին կարելի էր անել: Սակայն Փաշինյանն անձամբ և նրա թիմը թերացան, կատարեցին բազմաթիվ սխալներ: Նրանց չհաջողվեց լիարժեք օգտագործել հեղափոխության ընթացքում ձևավորված հանրային, կարելի է ասել համազգային ներուժը:
-Ո՞րն է այս իշխանության ամենամեծ բացթողումը։
-Քանի որ հեղափոխությունները արագ և հախուռն են տեղի ունենում, որպես կանոն, դրանց առաջնորդներն իրենց տրամադրության տակ գաղափարախոսական նվիրյալների ու գիտուն կադրերի շտեմարան չեն ունենում: Նման ցանկ ունենալը երկարատև քաղաքական գործունեության արդյունք կարող է լինել: Այդ խնդրից զերծ չմնաց նաև այս հեղափոխությունը: Հաճախ մարտավարական սխալները ի չիք են դարձնում ռազմավարական հաջողությունների բերած արդյունքը: Փաշինյանը կանգնած է նման իրավիճակին դեմ հանդիման: Կարծես նախարարը պարզապես մի պաշտոնյա է, և ով էլ մի փոքր գրագիտություն ունենա, կկառավարի: Արմատապես սխալ մոտեցում է: ՈՒ երբ այդ սխալ մոտեցմամբ իշխանության եկած ուժը հայտնվում է փոսում, դիմում է մեկ այլ ծայրահեղ քայլի՝ առաջ է մղում նախկին ռեժիմի ծառաներին, որոնք ձևավորվել են անառողջ հասարակական հարաբերությունների մթնոլորտում: Փաշինյանն էլ, կարծում եմ, չի կարողանում հաղթահարել այդ խնդիրը ու սխալ սխալի հետևից է անում: Դրանք կուտակվում են ու հասարակական կարծիք ձևավորում: Վերջին նշանակումը, խոսքս Սյունիքի մարզպետի նշանակման մասին է, այն աստիճանի անհեթեթ էր, որ նույնիսկ բացթողում կոչել չի կարելի: Դա պարզապես վնասարարություն է պետականության նկատմամբ: Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանը չի ուզում հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, և նման նշանակումներ սպասվում են նաև առաջիկայում: Մարդկանց ընտրության գործոնն ամենացավալի խնդիրն է: Անփորձ, ամեն ինչ մերժող երիտասարդներով կառավարման համակարգը «լցոնելը» ամենամեծ սխալն է, որ թույլ տվեց և թույլ է տալիս Փաշինյանը: Մերժելով անցյալի քաղաքական բարքերը` նրանք մերժում են նաև անցյալից եկող ամեն ինչ: Այդպես սխալ է, այդպես չի լինի, տղաներ: Մի տարեք մեզ նոր փորձությունների: Գործերը բարվոք չեն նաև արտաքին հարաբերություններում: Դա հիմնականում պայմանավորված է արտաքին հարաբերությունների նրբությունների թերընկալմամբ:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao