Պահանջում ենք անհապաղ կասեցնել այս գործընթացը

Պահանջում ենք անհապաղ կասեցնել այս գործընթացը
19.10.2018 | 02:46

Հայաստանում դեռևս նախկին կառավարության որոշմամբ ներդրվում է առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ: ՀՀ առողջապահության նախարարությունը ակտիվորեն գովազդում է այս համակարգը, թե իբր դրա ներդրման դեպքում նվազեցվում են բժշկական սխալները, տնտեսվում են ծախսերը, մինչդեռ այս համակարգի ներդրման իրական նպատակը թաքցվում է: Այն պարտադրված է վերազգային գաղտնի դեստրուկտիվ կառույցների կողմից, որոնց համար կենսագործունեության ոլորտների էլեկտրոնային կառավարումը (էլեկտրոնային քարտերի միջոցով) գերնպատակի իրագործման՝ «Նոր աշխարհակարգ» կառուցելու կարևորագույն նախապայման (միջոց) է: Այն մարդկանց էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար (թվային ստրկության, տեխնոլոգիական բռնապետության) տանող գործընթացի (էլեկտրոնային դրամ ներդնելու և մարդկանց չիպավորելու) կարևոր մաս (բաղադրիչ) է: Մյուս բաղադրիչներն են՝ անձը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնայնացումը (նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, վարորդական տոմս), որը Հայաստանում գրեթե ամբողջությամբ իրականացված է, բանկային համակարգի էլեկտրոնայնացումը, որը վաղուց իրողություն է, տրանսպորտի էլեկտրոնայնացումը՝ երթևեկությունը միայն էլեկտրոնային տոմսով, որը 2019-ից ցանկանում են Երևանում ներդնել, առևտրի և սպասարկման էլեկտրոնայնացումը (միայն էլեկտրոնային, այսպես ասած, բոնուս քարտով սպասարկում), որը ՀՀ կառավարությունը ցանկանում է իրականություն դարձնել:

Առանձնացնենք առողջապահության ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և գործառության ռիսկերը, վտանգներն ու սպառնալիքները:


1. Խախտվում է պացիենտի գաղտնիության իրավունքը՝ անտեսվում է «Պացիենտների եվրոպական հրովարտակի» 6-րդ կետը (բուժհաստատության բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվողը իրավունք ունի ստանալու իր առողջության մասին տեղեկությունը, այդ տեղեկությունը գաղտնի է և բացառապես նա պետք է այն ստանա), ինչպես նաև «Բնակչության բուժօգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը (հոդված 5, կետ գ), որտեղ նշված է, որ պացիենտի գաղտնիության իրավունքն իր մեջ ներառում է պացիենտի` բժշկի դիմելու փաստի, առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման վերաբերյալ տեղեկությունները: Բուժաշխատողը չպետք է այդ տեղեկությունները տրամադրի որևէ այլ անձի (նաև հարազատներին, բարեկամներին)՝ առանց պացիենտի համաձայնության: Պացիենտն է որոշում, թե ում տրամադրվի իր վերաբերյալ տեղեկությունը: Նաև ՀՀ քրեական օրենսգրքի 145 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում (ազատազրկման տեսքով) անձի առողջության մասին տեղեկությանը տիրապետող բուժաշխատողների կողմից այն տարածելու համար:

Այս համակարգի ներդրման և գործառության դեպքում պացիենտի առողջության վերաբերյալ տեղեկությանը կարող են տիրապետել բժիշկները, ծրագրավորողները, համակարգի, այսպես ասած, «անվտանգությունն» ապահովողները, պետական պաշտոնյաները, ապահովագրական ընկերությունների աշխատողները (հենց վերջիններս են այս ծրագրի լոբբիստները): Այդ տեղեկությանը կարող են տիրապետել նաև ինտերնետի և դավաճանության միջոցով գողության դեպքում:


2. Անխուսափելի է առողջության մասին տվյալների բազայից գողությունը ինտերնետի (ցանկացած համակարգիչ գաղտնի ներթափանցելու հնարավորությամբ մշակված կոմպյուտերային ծրագրերի և հաքերների հարձակման), ինչպեսև բժշկի, ծրագրավորողի կամ պաշտոնյայի դավաճանության միջոցով: Հայտնի և տարածված կոմպյուտերային (նաև հակավիրուսային) ծրագրեր արտադրող ընկերությունները այդ ծրագրերն արտադրելու հենց սկզբից կապված են և՛ Արևմուտքի պետությունների գաղտնի ծառայությունների, և՛ վերազգային գաղտնի կառույցների հետ (դա ապացուցել է Սնոուդենը): Այդ ծրագրերը հատուկ գրվել են այնպես, որպեսզի ցանկացած պահի ինտերնետի միջոցով ցանկացած համակարգիչ գաղտնի ներթափանցելը հնարավոր լինի: Հայտնի է նաև, որ հաքերները բազմիցս կոտրել են ավելի լավ պաշտպանված կազմակերպությունների բազաները (օրինակ, Պենտագոնի սերվերները): Աշխարհում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ անձնական տվյալները գողացվել են, և արդյունքում տուժել են միլիոնավոր մարդիկ: Եվ գնալով ավելի խոցելի են դառնում տեղեկատվական անվտանգության համակարգերը: Այդ ուղղությամբ աշխատում են, օրինակ, ամերիկյան RAND կորպորացիան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և այլն: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները չեն կարող պաշտպանել ՀՀ քաղաքացիների առողջության մասին տվյալների բազան: Կիբերսպառնալիքներից պաշտպանվածության անխոցելի համակարգի ստեղծումը գործնականում անհնար է: Այդ մասին արձանագրված է, օրինակ, «Մինչև 2025 թ. Ռուսաստանի էլեկտրոնային արդյունաբերության զարգացման ռազմավարությունը» ծրագրում: Տնտեսության թվայնացման ծրագրերի քննարկման շրջանակում այդ մասին բազմիցս բարձրաձայնել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների եվրոպական բազմաթիվ փորձագետներ: ՀՀ-ում կիբերսպառնալիքներից պաշտպանության համակարգի բացակայությունն են փաստում նաև «Թվային Հայաստան» հիմնադրամի պատասխանատուները: Ինչպես մյուս պետությունները, ՀՀ-ն նույնպես այդպիսի համակարգ ստեղծելու հնարավորություն երբեք չի ունենալու:

Ըստ առողջապահության ոլորտի (նաև նախարարության) որոշ աշխատակիցների՝ ՀՀ քաղաքացիների առողջության մասին տվյալները հավաքվում են նաև եվրոպական երկրներից մեկում (ՀՀ ԱԱԾ-ն պարտավոր է այս տեղեկությունը ստուգել): ՀՀ քաղաքացիների առողջության մասին տվյալների միջոցով գաղտնի ծառայություններն ու վերազգային գաղտնի կառույցները կհավաքեն (արդեն հավաքում են) հետախուզական տեղեկություններ մեր երկրի ու յուրաքանչյուր քաղաքացու մասին:


3. Էլեկտրոնային տվյալների միասնական բազայում (Էլեկտրոնային բժշկական քարտերում) առկա առողջական վիճակի մասին տեղեկություններից, ինչպես նաև նույնականացման քարտերում, կենսաչափական անձնագրերում և այլ քարտերում (որոնք Հայաստանում կա՛մ ներդրված են, կա՛մ ներդրման ընթացքում են) առկա կենսաչափական այլ բնութագրիչներից (որոնց մասին տեղեկացնում են, օրինակ, էլեկտրոնային ստորագրությունը, մատնահետքը, աչքի ծիածանափայլ թաղանթը) կարող են պարզել ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ հասարակության (ազգի) հոգեբանական և ֆիզիոլոգիական ընդհանուր պատկերը, առանձնահատկությունները, ուժեղ և թույլ կողմերը: Այդ ուղղությամբ աշխատող, ինչպես նաև սոցիալական և հոգեբանական ինժեներիայի տեխնոլոգիաներ մշակող համաշխարհային կենտրոններ են, օրինակ, Տավիստոկի ինստիտուտը, Պալո Ալտոյի վարքային գիտությունների բնագավառում առաջավոր հետազոտությունների կենտրոնը, Միչիգանի համալսարանին կից սոցիալական հետազոտությունների ինստիտուտը և այլն: Այդ արդյունքները կարող են օգտագործել առանձին անհատների, ամբողջ հասարակության ու ազգի դեմ՝ սոցիալական ու հոգեբանական ինժեներիայի և կենսաբանական դիվերսիայի (առողջությանը անդառնալի վնասներ պատճառելու) տեխնոլոգիաներ մշակելու և կիրառելու համար:

4. Հնարավոր է՝ մարդու առողջական վատ վիճակը իր դեմ օգտագործվի (մարդուն աշխատանքի չընդունեն կամ աշխատանքից հեռացնեն ներկայումս կամ նախկինում առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ վատառողջ մարդուն շանտաժի ենթարկեն):


5. Հնարավոր է՝ ապահովագրական ընկերությունները վատառողջ մարդկանց առողջապահական ապահովագրությունը թանկացնեն ու այս համակարգից վատառողջ մարդկանց որոշ խմբերի օգտվելը անմատչելի կամ անհնարին դառնա:


6. Հնարավոր է առողջապահական հաստատությունների գործունեությունը խափանվի՝ առողջության մասին էլեկտրոնային տվյալները անհասանելի դառնան, աղավաղվեն կամ անհետանան (էլեկտրական հոսանքն անջատվելու, համակարգչի անսարքության, համակարգչային սխալի և հաքերային գրոհի պատճառով):


7. Ավելանալու են առողջապահության ծախսերը (բազմաթիվ հզոր համակարգիչների, պլանշետների, սկաներների, մոդեմների, լիցենզիոն ծրագրերի ձեռքբերման, ծրագրավորողների և համակարգը սպասարկողների աշխատավարձի, բժիշկների վերապատրաստման, էլեկտրական հոսանքի համար), մեծանալու է պետական բյուջեի բեռը, հետևաբար՝ ՀՀ արտաքին պարտքը:


8. Խախտվում (արհամարհվում) է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված քրիստոնյաների կրոնի ազատության իրավունքը, սահմանափակվում է կրոնական համոզմունքներն արտահայտելու ազատությունը (նույնականացման և էլեկտրոնային բժշկական քարտեր համատարած պարտադրելով):


9. Մեծանում են ՀՀ-ում էլեկտրոնային դրամ ներդնելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին չիպավորելու հնարավորությունները՝ էլեկտրոնային կառավարման համակարգին (մասնավորապես դրա ենթակառուցվածքին) բնակչությանը սովորեցնելով, վարժեցնելով և քարտը արգելափակելու (առողջապահական համակարգից քաղաքացուն օգտվելուց զրկելու) սպառնալիքը՝ որպես էլեկտրոնային դրամ և մարմնում չիպ ներդնելու միջոց օգտագործելու հնարավորություն ընձեռելով: Այսինքն՝ քաղաքացուն սպառնալու են զրկել պոլիկլինիկայի, հիվանդանոցի, դեղատան ծառայություններից օգտվելու հնարավորություններից, եթե թղթե դրամի փոխարեն էլեկտրոնայինը չընդունի և մարմնում չիպ ներդնելուն չհամաձայնի:
Առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ներդրումը և գործառությունը խախտում են մարդու իրավունքներն ու ազատությունները: Այն չհիմնավորված աղետալի ռիսկ է, աղետալի վնասների հնարավորությամբ սպառնալիք ՀՀ քաղաքացու առողջությանը, պետության, հասարակության ու ազգի անվտանգությանը:
Վերը շարադրված ռիսկերը, վտանգներն ու սպառնալիքները չեն լինի բժշկական թղթե քարտերի դեպքում:


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՍԵՑՆԵԼ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

1. «Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն (նախ.՝ Ս. Սարիբեկյան)
2. Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոն (տն.՝ Ա. Կարապետյան)
3. Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (նախ.՝ Գ. Մանուկյան)
4. Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն (նախ.՝ Մ. Չաքրյան)
5. «Օրենք և կամք» իրավական ՀԿ (նախ.՝ Կ. Կոկայան)
6. «Հաշտարարության, հոգեբանության և իրավունքի կենտրոն» գիտաուսումնական ՀԿ (նախ.՝ Ա. Ամարյան)
7. «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն (նախ.՝ Պ. Մակեյան)
8. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (առաջին քարտուղարի պաշտոնակատար Ե. Ղազարյան)
9. «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություն (նախ.՝ Գ. Հովսեփյան)
10. «Մայր Հայրենիք» կուսակցություն (նախ.՝ Կ. Թումանյան)
11. Համահայկական ծնողական կոմիտե (նախ.՝ Ա. Բոշյան)
12. «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման» միավորում (նախ.՝ Խ. Ստամբոլցյան)
13. «Հանուն Հայրենիքի» հայրենասիրական ՀԿ (նախ.՝ Ն. Ներսիսյան)
14. Համայնքների ռազմավարական ծրագրերի կենտրոն (նախ.՝ Ս. Գրիգորյան)
15. Հայաստանի կոմպոզիտորների միություն (նախ.՝ Ա. Սաթյան)
16. Հայաստանի կանաչների միություն (նախ.՝ Հ. Սանասարյան)
17. «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն (նախ.՝ Ա. Ղազարյան)
18. «Վերականգնում» համահայկական հայրենակցական ՀԿ (նախ.՝ Հ. Հովհաննիսյան)
19. «Բարեփոխում» մշակութային, կրթական ՀԿ (նախ.՝ Կ. Հակոբյան)
20. «Գոյ» բարեգործական հիմնադրամ (նախ. Ս. Հովհաննիսյան)
21. «Առողջ միջավայր» բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման կենտրոն (նախ.՝ Ա. Օհանյան)
22. «Ազատամարտի զինվորներ» ՀԿ (նախ.՝ Խ. Հարությունյան)
23. Ազատամարտի վետերանների միություն (նախ.՝ Հ. Գրիգորյան)

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao