«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Այնպե՛ս խոսեցեք և այնպե՛ս գործեցեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու»

«Այնպե՛ս խոսեցեք և այնպե՛ս գործեցեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու»
19.10.2018 | 00:16

«Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների մեջ, որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության՝ հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ:
Նրանց թվում և մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով և կատարում մարմնի ու մտքի ցանկությունները, և իսկապես Աստծո բարկության արժանի մարդիկ էինք ուրիշների նման: Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, Իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով» (Եփես. 2; 1-5)։


Երբ կարդում ենք Աստծո խոսքը, ասես ուր որ է պետք է հպվենք երանությանը, բայց ավաղ, մեր ամեն մի հերթական քայլը մեզ մոտեցնում է այդ երանությունից մեզ բաժանող մեր իսկ անտարբերությամբ, կամապաշտությամբ, աշխարհասիրությամբ բացված անդունդին, որի խորին խավարում վխտում են օդային տիրակալները: Աստծո Խոսքը դառնում է մեր հեղգության հանդիմանությունը և կեղծիքի դատապարտությունը: Մենք պատասխան ենք տալու բոլոր նրանց համար, ում հետ չենք կիսել Քրիստոսի սերը և քաղցրությունը: «Իմ լուծը ձեզ վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը` թեթև» (Մատթ. 11;29): Քրիստոնյա լինելը ամենադյուրին և ամենադժվար, ամենապարզ և ամենաբարդ, ամենահասանելի և անմատչելի իրողությունն է: Քրիստոնեության ՈՒսուցիչը միայն բարոյախրատական քարոզներ չտվեց մարդկությանը, Նա տվեց Ինքն Իրեն: Նա սոսկ ապրելու ճիշտ կերպը չավանդեց, Նա Ինքը Ճշմարիտ Կյանքն է: Նա պարզապես ուղենիշ չէ, այլ հենց ՈՒղին: Մեզ մնում է քայլել դեպի... անդու՞նդը: Ինչո՞վ ենք այն կամրջելու, երբ հրաժարվում ենք ուսել մեր խաչը: Հիսուս հրաժարվեց երկրային փառքից, և Նրան խաչեցին. Նա իրենց երազած Մեսիան չէր, որ պիտի ազատեր նրանց հռոմեական լծից: Քրիստոսին խաչելուց տասնամյակներ անց հրեաները ստացան իրենց երազած զինված ապստամբությունը, որը խեղդվեց արյան մեջ, և համաձայն Տիրոջ խոսքի, Երուսաղեմը ավերվեց, իսկ տաճարից մնաց միայն արևմտյան պատը, որ այսօր կոչվում է Լացի պատ։ Կարելի է երևակայել միայն, թե երբեմնի Արուսյակը ի՜նչ կրակոտ ճառեր է արտասանել հրեշտակների դասերի առաջ, որոնց մեկ երրորդ մասը, ի վերջո, ապստամբեց Կատարյալի դեմ:


Քրիստոնեության մեջ ամենակատարյալ առաքինությունը սերն է, իսկ ամենամեծ մեղքը չսիրելն է: Երբ սիրում ենք մեկին, երբեք չենք դատում և ջանում ենք քողարկել նրա ակնհայտ հանցանքներն ու զանցանքները և անգամ դրանք ներկայացնել իբրև օրինակելի առաքինություններ, իսկ երբ չենք սիրում մեկին, նրա ամենասովորական մարդկային թուլությունները հանրայնացնում և որակում ենք որպես մահացու մեղքեր: Քրիստոնեությունը պատվիրում է սիրել անգամ թշնամիներին, ուր մնաց, թե եղբայրներին: «Ապա եթե կատարեք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ, լավ եք անում: Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին. որովհետև Նա, ով ասաց, թե՝ Չպիտի սպանես, նաև ասաց, թե՝ Եւ չպիտի շնանաս, քանզի, եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ: Այնպե՛ս խոսեցեք և այնպե՛ս գործեցեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2;8-13):
ՈՒրիշներին խելք սովորեցնող իմաստակներին առաքյալը առաջարկում է. «Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող նա, բարի ընթացքով, ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը: Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը: Այս իմաստությունը ի վերուստ չի իջած, այլ երկրավոր է, մարմնավոր և դիվային. որովհետև, ուր հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան:


Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության: Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3;13-18):
Ժակ Ֆրեսկոն` մի շատ անհավատ մարդ, որը մահացավ անցած տարի հարյուրամյա հասակում, իր ելույթներից մեկում ասել է. «Քրիստոնյաները իրենց կյանքով ու կենցաղով են փաստում, որ քրիստոնեական գաղափարները անիրագործելի են»:
Կարդա՛նք Աստծո Խոսքը. «Սպանեցե՛ք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները.... Այժմ դուք ևս թոթափեցե՛ք այդ բոլորը՝ բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյություն և խեղկատակություն՝ ձեր բերաններից: Մի՛ ստեք միմյանց. հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի... Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ, հագե՛ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արե՛ք և դուք: Եվ այս բոլորի վրա հագե՛ք սերը, որ կապն է կատարելության: Եվ ինչ որ անեք խոսքով և գործով, բոլորն արե՛ք Տեր Հիսուսի անունով. գոհությո՛ւն մատուցեցեք Նրանով Աստծուն և Հորը» (Կող. 3;5-10, 12-14, 17):
Կայիափան շատ վատն էր, Հերովդեսն անտանելի էր, Բարաբբան ավազակ էր, Հուդան մատնիչ էր.... բայց խաչվեց Քրիստոս:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ