Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը
19.10.2018 | 14:10

Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը` ասել է ԱԳնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ ընդունելով ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել համագործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ որպես ԵՄ և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենքի՝ Մնացականյանն արձանագրել է, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանում բարեփոխումները խրախուսելու համար:


ԱԳնախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունն է ՀԸԳՀ-ի արդյունավետ և գործնական կիրարկման ուղղությամբ կառավարության ռեսուրսների մոբիլիզացումը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ազատ և արդար ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների և ԵՄ աջակցությունը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցության հեռանկարները:


Զոհրաբ Մնացականյանը և Թոմաս Մայր-Հարթինգը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները: Երկուստեք ընդգծվել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ