Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ
20.10.2018 | 23:19

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Սաադ Հարիրիի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքակրթությունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ քննարկմանը: Անշուշտ, մեր երկրների միջև կապերի խորացման և ամրապնդման գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Ձեր հայրը՝ երջանկահիշատակ Ռաֆիկ Հարիրին, ով Հայաստանի մեծ բարեկամն էր», - ասել է նա:

Հարիրին նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը և շահագրգռված է հետագա ամրապնդմամբ: Նա կարևորել է լիբանանահայ համայնքի դերակատարումը Լիբանանի զարգացման, հայ-լիբանանյան կապերի խորացման գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների ներքաղաքական ընթացիկ իրավիճակի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական գործընթացներին, ներկայացրել դրանց արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ներկայիս գործընթացները և սպասվող զարգացումները:
Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև կա քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և պետք է ակտիվ աշխատել տնտեսական բաղադրիչը ևս այդ նշաձողին հասցնելու ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների պաշտպանության պետական երաշխիքների ապահովման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան` պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:


Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընթացքից, որի դրական տեմպին նպաստել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցությունը: Նիկոլ Փաշինյանը ողջունել և կարևորել է լիբանանյան ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանում ներդրումներ կատարելու և Հայաստանի միջոցով երրորդ շուկաներ մուտք գործելու հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կառույցներում հայ-լիբանանյան արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ:


Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:
Նաբիհ Բըրիի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Լիբանանը, ինչպես պատմության ողբերգական պահերին, այնպես էլ այսօր Հայաստանի կողքին է՝ իր նպաստը բերելով Ցեղասպանության հանցագործության դատապարտմանը: Հանդիպման մասնակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը և բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք, և պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում ընթացիկ քաղաքական իրավիճակի և զարգացումների շուրջ:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ