Դուք փորձում եք Ա կետից հասնել Բ կետը, բայց հայտնվում եք Լ, Օ կամ Տ կետում, մի խոսքով` մոլորվել եք ու չեք կողմնորոշվում: Նեյրոհոգեբան Կետրին Լավդեյն ունի 8 խորհուրդ:
1. Ծրագրեք ձեր երթուղին
Եթե ունեք վայրի լուսանկարները, ուր գնում եք, փորձեք պատկերացնել տարածքն ու ճանապարհը, քարտեզի վրա ուսումնասիրեք բոլոր շրջադարձերը և շարժման ուղղությունը, փորձեք գտնել կողմնորոշիչներ, որ կհիշեք:
2. Մի լարվեք
Փորձեք չլարվել, հուզմունքը միայն մեծացնում է կոգնիտիվ բեռը ու նվազեցնում կողմնորոշվելու ձեր սովորական ունակությունները:
3. Կենտրոնացեք
Հեռախոսազրույցը, նույնիսկ կողմնակի մտքերը ազդում են տեղանքում կողմնորոշվելու ձեր կարողության վրա, աշխատեք չշեղվել ու ուշադիր հետևեք տեղանքին:
4. Գտեք ուղեցույցներ
Փորձեք գտնել նկատելի կամ ծանոթ կառույցներ, որ կողմնորոշիչ դառնան և տեսադաշտից մի կորցրեք: Եթե դուք քաղաքում եք, ուղեցույց են ամենաբարձր կամ անսովոր շենքերը: Ամեն մի շրջադարձին հիշեք` ինչպես եք փոխել ուղղությունը, դա կօգնի մտքով գծել տեղանքի քարտեզը:
5. Շրջվեք
Հաճախ մարդիկ ուշադրություն են դարձնում միայն նրան, ինչ առջևում է: Լավագույնս կողմնորոշվում են նրանք, որ հասցնում են շրջվել ու նկատել` ինչ կա հետևում: Այդ սովորույթը կօգնի, երբ վերադառնաք կամ հետդարձի ճանապարհը փնտրեք:
6. Տեղանքի հետ կապեք հիշողությունը
Այս հնարքը ևս օգտակար է, երբ վերադառնում եք կամ փորձում եք վերհիշել անցած ճանապարհը: Ահա այստեղ կանգնել եք ու ինչ-որ մեկի հետ զրուցել, այստեղ ինչ-որ երաժշտություն եք լսել` այսօրինակ հիշողությունները հետագայում կօգնեն հիշողության մեջ վերականգնել ճանապարհը:
7. Լուսանկարեք
Եթե նույն ճանապարհով եք վերադառնալու, լուսանկարեք տեղանքի ամենաբարդ ու խճճված հատվածները, հետո կարող եք լուսանկարներով կողմնորոշվել:
8. Հիշողության մեջ վերականգնեք անցած ճանապարհը
Փորձեք մտովի անցնել հետդարձի ճանապարհը` պատկերացնելով` ինչպես ու որտեղով եք անցնելու: Այդ վարժությունն ամրացնում է գլխուղեղի նեյրոնային կապերը և ամրացնում ձեր հիշողությունը:
Եթե նորից հայտնվեք փակուղում, չպատկերացնելով` ուր գնալ, կարող եք ձեր սմարթֆոնին դիմել: Բայց օգտագործելով GPS-ը, դուք զրկում եք ձեզ կողմնորոշման բնական ունակությունները զարգացնելու ու մոլորվելու հաճույքից: Բարի ճանապարհ:
BBC
Հ.Գ. Իսկ հիմա փորձեք պատկերացնել, որ խոսքը վերաբերում է ոչ թե անծոնոթ տեղանքում կողմնորոշվելուն, այլ` կյանքում ձեր ճանապարհն անցնելուն: Եվ` բարի ճանապարհ, եթե նույնիսկ մոլորվեք ու ստիպված լինեք հետդարձ որոնել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ