Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հեղափոխության» ղարաբաղյան պատկերը

«Հեղափոխության» ղարաբաղյան պատկերը
23.10.2018 | 01:56

Տարածաշրջանային սպասումները չեն կարող շրջանցել Ղարաբաղյան խնդիրը։ Իզուր չէ, որ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», առնչվում են ոչ միայն մենթալ պլանի, արժեհամակարգային փոխակերպումներին, Ռուսաստանից Հայաստանն անջրպետելու խնդիրներին, այլև, առաջին հերթին, Ղարաբաղյան հիմնահարցին։


Իզուր չեն ավելի «պինդ» աչք ունեցողները «հետք» տեսնում ամբողջական իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու ռուսական, ամերիկյան և եվրոպական լռության ու «սպասումների» մեջ, ինչի հատակում շա՜տ մեծ «բլիթ» ստացած Փաշինյանը ստիպված կլինի ուժային կենտրոնների փափուկ ազդեցության ներքո գնալ լուծումների, որի մասին չերկմտեց անչափ բաց տեքստով խոսել «հեռացող» դեսպան միստր Միլզը, բարբառելով՝ անխուսափելի է «գրավյալ հողերի մի մասի հանձնումը»։ Ընդ որում՝ խաղաղության և ո՛չ կարգավիճակի դիմաց, ինչն արձանագրված է նրա հիշեցրած «Մադրիդյան սկզբունքներում»։


Չմաքոքենք խնդիրը Փաշինյան-Ալիևի «վերելակային» հանդիպման արդյունքներով, երբ Փաշինյանը դեֆակտո անձամբ ստանձնեց Վիեննա-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններն ի չիք դարձնելու առաքելությունը, սահմանին դրվելիք տեղորոշիչ սարքերի գործառույթը՝ հրահանգելով ղարաբաղյան ուժերին (երբ քանիցս հայտարարել էր, որ Ղարաբաղն առանձին սուբստանց է) չկրակել, պահպանել խաղաղություն։ Ինչի՞ դիմաց՝ չենք հարցնում, անցնում ենք առաջ, արձանագրելու՝ պարոն Միլզի «անկեղծացումն» արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկրների «անկեղծացման» դոզավորումն էր, թե՞ միայն ԱՄՆ-ն է այդպես «կարծում»։ Դատելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի լռությունից, պետք է ասել՝ այո, կարծես։ Դատելով Էմանուել Մակրոնի Հայաստան սպասվելիք պաշտոնական այցն աշխատանքային դարձնելուց, ապա և՝ Ադրբեջան սպասվելիք այցը չեղարկելուց (հիշենք, որ նման մի այց էլ Վ. Պուտինը չեղարկեց՝ հակառակ ուղղությամբ. նա էլ Ադրբեջանից չեկավ Հայաստան), պետք է արձանագրել՝ «ընդերքում» լուրջ գործընթաց է խլրտում Ղարաբաղի շուրջ, ճիշտ է, ոչ վերջնականապես պարզեցված կոնտուրներով, այնուհանդերձ, «հող» է նախապատրաստվում հարցի լուծման, այսպես ասած, «հողերի» վերադարձի համար, ինչի դիմաց, դժվար է ասել։
Որովհետև (անկեղծ լինենք), որքան էլ Փաշինյանն առանձնանա վերելակում Ալիևի հետ, որքան էլ տիկին Աննան մեսիջներ հղի ադրբեջանական կանանց և Մեհրիբան խանումին, և, ըստ չար լեզուների, ստանա Մեհրիբանից հրապարակման չենթակա ջերմ պատասխաններ, Նիկոլը չի գնա այդ քայլին։ Որովհետև նա տիրապետում է իշխանությունն ատամներով, բոլոր չակրաներով, բջջային մակարդակում պահելու բարձր արվեստին և լավ գիտի՝ ինչ կնստի իր վրա նման քայլը, եթե փորձի այն անել։ Որքան էլ առկա է պնդումը, որ երեք հոգով Գյումրիից Երևան եկած, առանց մի ճյուղի կոտրման վարչապետ դարձած, անսահմանափակ իշխանություն «վաստակած», պառլամենտը նույնքան փափուկ ու սահուն իրենով արած այս «պարտիան» այլ «խաղաղացողներ» չունի, այնուամենայնիվ, փաստենք՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում, և խաղի իրական մոդերատորները նրանից սպասելիքներ ունեն, լուրջ սպասելիքներ։
Դառնալով Ղարաբաղյան խնդրում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոնսենսուսին, մեզ թույլ տանք պնդել, որ կա նման համաձայնություն՝ դատելով Ռուսաստանի կազմակերպած «վերելակային» հանդիպման ամերիկյան ողջույնից նաև։ Խնդիրը ամերիկա-ռուսական տանդեմում կրկին առնչվում է շփման գոտում տեղակայվելիք բերետների գույնին՝ ում խաղաղապահներն են կանգնելու շփման գծում՝ ռուսակա՞ն, խա՞ռը, թե՞ սա եղել է ու կա հարցերի հարցը։

Երբ այս խնդրի շուրջ մեծ խաղացողները համաձայնության գան, լուծումը սարերի հետևում չի լինի՝ պատերազմի (Աստված մի արասցե) կամ զիջումներ պարտադրելու ճանապարհով։
Նկատենք, որ մինչ այժմ գեոխաղացողները (չանտեսենք նաև Իրանը) այդ հարցում չեն եկել համաձայնության, ինչն էլ դարձել է ստատուս քվոյի պահպանման հիմնական գրավականներից մեկը։ Սակայն տարածաշրջանային փոփոխվող քարտեզի ու խաղի նոր պայմաններում, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող տեղաշարժերի, Իրանի շուրջ աղեղի ստեղծման համայնապատկերում, չի բացառվում, որ գերագույն գեոխաղացողները կարողանան պայմանավորվել նաև այդ հարցի շուրջ։
Այս դեպքում Հայաստանին կմնա լոկ ձգել ամրակապերը՝ դիմակայելու ցանկացած մարտահրավերի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ