Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրականության դամոկլյան սուրը

Իրականության դամոկլյան սուրը
23.10.2018 | 02:05

Մտքի մարզանքի համար` մի քանի հիշեցում անցած դարերի փիլիսոփաներից. բնությունը սիրում է թաքնվել: Գաղտնի ներդաշնակությունը գերադասելի է բացահայտից: Աչքերն ու ականջները վատ վկաներ են մարդկանց համար, եթե նրանց հոգին բարբարոս է:

Թշնամությունը օրենք է, ամեն ինչ ստեղծվում է թշնամանքի միջով: Պատերազմը բոլորի հայրն է, բոլորի թագավորը` ոմանց հայտարարում է աստվածներ, մյուսներին` մարդիկ, ոմանց ստրուկ է դարձնում, ոմանց` ազատ մարդ: Նույն գետի ջրերը երկրորդ անգամ չես մտնի: Դարը գահին խաղացող մանուկ է, որ ոսկոր է նետում: Ժողովուրդը պետք է պայքարի խախտված օրենքի համար, ինչպես քաղաքի պարիսպներն է պաշտպանում: Ծնվածները դատապարտված են մահվան և դեռ զավակներ են թողնում, որ նոր մահ ծնվի: Բազմիմացությունը խելքը չի ավելացնում: Այս տիեզերքը աստվածներից ոչ մեկը չի ստեղծել, ոչ էլ մարդկանցից, միշտ եղել է, կա ու լինելու է հավերժ կրակ` ժամանակ առ ժամանակ վառվող ու մարող: Սա` իրոք հենց այնպես, որ կապ չունի մեզ հետ ու չի էլ ունենալու երբեք:
Արդեն 7 օր` հոկտեմբերի 16-ից, ապրում ենք առանց վարչապետի, ավելի ստույգ` հրաժարական տված վարչապետի ու կառավարության պայմաններում, որ պաշտոնապես համարվում են ԺՊ` ժամանակավոր պաշտոնակատարներ: Այնքան ԺՊ, որ նույնիսկ Երևանի 2800-ամյակը վարչապետն անցկացնում է… Բեյրութում: Հոկտեմբերի 24-ին Աժ-ն արտահերթ նիստում պիտի վարչապետի թեկնածու առաջադրի ու չընտրի: ԱԺ-ն հիմնական մեծամասնության մեջ այդ գործը կանի մեծ սիրով ու խոր համոզվածությամբ, եթե վարչապետի թեկնածու առաջադրվի ԺՊ Նիկոլ Փաշինյանը: ՈՒրիշ թեկնածու առաջադրվելուց բանավոր ու գրավոր հրաժարվել են ԱԺ քաղաքական ուժերը: Գուցե հայկական պարադոքսի մաս է, որ այսօրվա ԱԺ-ն իրոք չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, բայց չընտրելով նրան մեկ անգամ, հետո` նորից, ի վերջո նպաստելու է վարչապետ դառնալուն: Իսկ պե՞տք է Հայաստանին նման վարչապետ:


1. Ինչ ուզում եք ասեք` Նիկոլ Փաշինյանը մնում է կուսակցապետ ու չի դառնում վարչապետ: Լավ, Երևանի ավագանու ընտրությունների միջոցով նա լուծում էր Աժ արտահերթ ընտրությունները 2019-ի մայիս-հունիսից 2018-ի դեկտեմբեր տեղափոխելու հարցը: Վարչապետը դարձել էր ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի իմիջմեյքերն ու նրա հանրահավաքները վարում էր անձամբ` խնդիր դնելով ապացուցել, որ ՔՊ-ն համահամահամաժողովրդական հեղինակություն ունի: Երևանը պատասխանեց ընտրությանը 44 տոկոս մասնակցությամբ: 44 տոկոսի 81 տոկոսը ձայն տվեց Հայկ Մարությանին: Հայտնի չէ` ի՞նչ է մտածում 56 տոկոսը և ընդհանրապես կգնա՞ ընտրության դեկտեմբերին: Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին 43,28 տոկոս մասնակցությունը հարցն ավելի արդիական է դարձնում` բողոքելիս բողոքում են, ընտրելիս խուսափում են: Իբրև վարչապետ պարտավոր լինելով ընտրությունների կազմակերպիչ լինել միայն` Նիկոլ Փաշինյանը Երևանի ՏԻՄ ընտրություններից հետո նետվեց մարզային ՏԻՄ ընտրությունների քարոզչության գիրկը: Կամ չի վստահում, որ ՔՊ-ն առանց իրեն իր թեկնածուներին հաղթանակի կտանի, կամ շարունակում է խախտել ընտրական օրենսդրությունը` ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ ու գործադրելով վարչական ռեսուրսներ: Եվ բոլորը լռում են: Չգիտես` ինչու՞:


2. Լրատվամիջոցները տիրաժավորում են հեղափոխություն-հակահեղափոխություն հակադրությունը, իրականում ընտրությունները 2019-ից 2018 բերելը քաղաքական հիմնավորում չունի, այլ տնտեսական: Տնտեսությունը շարունակում է մնալ նախկին լրագրողի ամենաթույլ կետը: Կադրերի սովից հետո: Անցած ամիսներին վարչապետը չկարողացավ ստեղծել ապակուսակցական, մասնագիտական տնտեսական թիմ, որ գույքագրեր Հայաստանի տնտեսությունը ու ծրագրեր զարգացման ռեալ ուղղությունները, ոչ թե այն, ինչ լողում է մակերեսին և չի ապահովում տնտեսության իրական զարգացում ու աշխատատեղերի ստեղծում: Այս ժամանակը արդեն կորած է: Փոխարենը տնտեսությունը դարձավ քաղաքականության պատանդը, և պատահական չէ Սամվել Ալեքսանյանի «Դուխով» օղիների շշերի ի հայտ գալը: «Դուխով»-ը այդպես էլ չդարձավ խելքով: Երկու կողմից էլ:

Փոխարենը հնչում են հայտարարություններ, որ արտասահմանյան ներդրումներ չեն արվում Հայաստանի տնտեսության մեջ, որովհետև գործարարները զգուշանում են քաղաքական անկայունությունից: Միայն ընտրություններից հետո կլինեն ներդրումներ: Կլինեն, եթե փոխվի տնտեսության կառուցվածքը: Եթե կառավարություն գան գործիմաց կադրեր ու իրենց բուն խնդիրը համարեն ոլորտի զարգացումը, ոչ թե այս ու այն քաղաքական խնդրի ցուցադրական լուծումը: Եթե վարչապետը դադարի տնտեսական թռիչքների խոստումներ տալ ու ռեալ գնահատի իրավիճակը: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 10-ին Դավիթ Անանյանն ասում էր, որ «տնտեսությունը կանգառ է արել, և առաջիկայում տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլ նաև ռեգրեսի կգնա»: Իսկ նա ՊԵԿ նախագահն է: Տնտեսությունը կանգ է առել, որովհետև չկա տնտեսական քաղաքականություն, և չկա պատկերացում` հետո ի՞նչ ենք անում: Տնտեսության զարգացումը կանգ է առել նաև «մայթերին պառկացնելու» հեռանկարից ու ուժային կառույցների ամեն տեղ ու ամեն ինչում ներկա լինելուց` իրենց բուն գործն անելու փոխարեն: Կա՞ մեկ բիզնես ոլորտ, որտեղ չեն եղել քաղաքական ստուգումներ և հրապարակային վենդետաներ` ձերբակալությունների, գրավով ազատ արձակվելու կամ չարձակվելու արդեն ձանձրացրած տեսարաններով: «Նախորդ հանցավոր ռեժիմն» այսօր ավելի շատ է ներկա մեր կյանքում, քան գործող սիրո ու համերաշխության իշխանությունը: Կա՞ մի հայտնի գործարար, որի դեմ քրեական գործ չի բացվել (յուրայիններին, օրինակ, Խաչատուր Սուքիասյանին չհաշված) ու չի փակվում: Ոչ ներսում, ոչ դրսում բիզնեսը չի սպասում արտահերթ ընտրություններին, բիզնեսը սպասում է` երբ իշխանությունը կավարտի քաղաքական թատրոնը ու թույլ կտա աշխատել` կոռուպցիայի դեմ պայքարի, օրինականության հաստատման (հիմա էլ նոր տրենդ է գտնվել` թմրաբիզնեսի վերացման) սխեմաներով քաղաքական ներկայացումներին վերջ տալով: Բիզնեսը ոչ էլ ցանկանում է քաղաքականություն խցկվել, բայց բիզնեսը իրավունք ունի պետությունից պահանջել աշխատանքի պայմանների ստեղծում, այլապես` ինչի՞ համար է կառավարությունը:

3. Որևէ մեկը մտածե՞լ է` ԵՄ անդամ քանի՞ պետություն է վավերացրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որ ստորագրվեց 2017-ի նոյեմբերին: 28-ից 4-5-ը: Հայաստանում թավշե հեղափոխությունից հետո՞, որ ապրիլ-մայիսին չէր իջնում աշխարհի լրատվամիջոցների առաջին էջերից: Եվ շլացուցիչ արագությամբ սպառեց աշխարհի աչքում ժողովրդավարական երկիր դառնալու ռեսուրսը` արտաքին քաղաքականության մեջ ռևերսներ չանելու ու անփոփոխ կուրսի բազմակի հայտարարություններով: Այսինքն` նույն շլացուցիչ արագությամբ Հայաստանի թավշե հեղափոխությունը համաշխարհային մասշտաբի իրադարձությունից վերածվեց տեղական նշանակության իշխանափոխության: Հնարավո՞ր էր ավելի ճկուն լինել` Ռուսաստան-Արևմուտք այս հարաբերությունների համապատկերում: Պետք էր: Դա էր տնտեսական ներդրումներ ապահովելու ռեալ ճանապարհը` երկրից երկիր ընկած հայ համայնքին համոզելու փոխարեն` մենք հիմա լավն ենք, մենք փոխվել ենք, եկեք հարստացեք ու հարստացրեք: Խնդիրը տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վերաիմաստավորումն է, միայն փողը չէ ու նոր տեխնոլոգիաները, իսկ դա պահանջում է անկախության վերաիմաստավորում, որ նոր Հայաստանում չեն գիտակցում: Եթե գիտակցում են, պատրաստ չեն:


4. Պատրաստ չեն նաև կուսակցությունները: Ցավալի է ընդունել, բայց համարյա ոչ մի կուսակցություն (եզակի բացառություններով) այս օրերին (հրապարակային ելույթների մակարդակում) չի խոսում պետության ապագայի մասին: Պետությունն ու քաղաքացին նորից մղվել են հետին պլան, ու գլխավոր գործող անձինք են դարձել օրընթաց շահն ու նպատակահարմարությունը, փոխհարաբերությունների պարզաբանումը միմյանց հաշվին, սեփական եզակիության ցուցադրությունը: Քաղաքականությունը մնում է ընդարձակ միջանցք, որի վրա են բացվում կարիերայի դռները: Կուսակցությունը մնում է այդ դուռը բացելու ծածկագիրը: Պարզապես ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊ-ն: Կուսակցությունները ստեղծված պայմաններում մտածում են` ի՞նչ կլինի իրենց հետ, ոչ թե` ի՞նչ ունեն ընտրողին ասելու ու տալու: Ցավալի է, բայց որոշումներն էլ ընդունվում են այդ շրջագծում` հեղափոխության զինվորիկը խաղից դուրս է մինչև նոր զորակոչ: Եթե կարիք լինի: Եթե չլինի, մնալու է պահեստազորում:


5. Որևէ մեկը մտածե՞լ է` ի՞նչ է կատարվում նախարարություններում, պետական կառավարման ամբողջ համակարգում` օրը մեկ փոխվող ղեկավարների պարագայում, առավել ևս, երբ ղեկավարները գերազանցապես պատկերացում չունեն ոլորտից ու կառավարման փորձ էլ չունեն: Նրանք բնազդաբար, ինչպես ընդունված է բոլոր թույլ ղեկավարների դեպքում, անվտանգության համար իրենց շրջապատում են յուրայիններով` համարելով, որ նրանք հավատարիմ են, իսկ մնացածը` պոտենցիալ դավադիր: Քանի՞ մարդ է այսօր Հայաստանում գնում աշխատանքի` մտածելով` այսօր ի՞նչ է գալու գլխիս: Իսկ նրանք Հայաստանի հպարտ քաղաքացիներն են, և նրանց առիթով ու չառիթով պետք է ոչ թե սիրել, համբուրել ու նրանց առաջ խոնարհվել, այլ հարգել նրանց արժանապատվությունն ու իրավունքները: Այդ թվում` աշխատանքի: Եվ` ընտրության: Նրանք ընտրող են ու իրավունք ունեն իրենց ձայնը տալ այն ուժին, որ կերաշխավորի սահմանադրական իրավունքների անխախտությունը, ոչ թե կամայական մեկնաբանությունը:


6. Անցումային շրջաններում բերում է բախտախնդիրների բախտը: Նրանց պահանջարկը մեծանում է մինչև կայունության ու որոշակիության հաստատումը: Իսկ ընտրությունները Հայաստանում շատերի համար են բախտախաղ:


7. Եվ քանի դեռ այս ու բազում այլ հարցեր լուծված չեն, չի բացառվում, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին հաջորդեն նոր արտահերթ ընտրություններ, որովհետև պետությունը չի կարող իրեն թույլ տալ կուսակցական ու քաղաքական խաղեր: Պետությունը կառավարելը լայվերի ու լայքերի միջոցով կարճաժամկետ իշխանություն տվող տրենդ է, որի վրա կախված է իրականության դամոկլյան սուրը: Քաղաքականությունը սիրում է թաքնվել, ու տես` սկիզբը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հոկտեմբերի 19-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքի ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին: Երեկ ԱԺ արտահերթ նիստում փաթեթը չընդունվեց. ԸՕ-ն սահմանադրական օրենք է և ընդունվելու համար պետք էր 63 ձայն, կողմ էր 56-ը, դեմ` 3-ը: ՀՅԴ-ն, Ելքը, «Ծառուկյան» խմբակցությունը կողմ էին, օրենքը տապալեց ՀՀԿ-ն` առանց բովանդակային առարկությունների: ՀՀԿ հայտարարությունից բխում էր, որ նեղացել են, որ ԱԺ-ում ձևավորված աշխատանքային խմբի «կարևոր առաջարկներն ամբողջությամբ անտեսվեցին», կառավարությունը ԸՕ նախագիծը Աժ ներկայացրեց հոկտեմբերի 17-ին` միայն 2 օր տալով ծանոթանալու, նույն հապճեպությամբ նախագիծը ներկայացվեց Վենետիկի հանձնաժողով` պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չտալով, չկա նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը: Փաստացի` ՀՀԿ-ն ապացուցեց, որ երկրում կա սահմանադրական ճգնաժամ և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի, փակելով նաև իր առաջ նոր օրենսգրքով բացվող դռները: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն չկարողացավ հաղթահարել իր ներքին ճգնաժամը ու այդ ճգնաժամը պարտադրեց մյուս քաղաքական ուժերին` փորձելով թաքնվել Վենետիկի հանձնաժողովի վահանի տակ: Մինչդեռ Ջանի Բուքիքիոն հայտարարել էր, որ «հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները: Ճանաչում է Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում: Ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ Ընտրական օրենսգիրքը վերանայելիս միջազգային ստանդարտներին հետևելու հանձնառությունը» և նշել էր, որ ԸՕ-ն ընտրություններից 1 տարի առաջ ընդունելու իր վերապահումները «պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև կա կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։ ՀՀԿ-ն կառչեց այդ կետից` իբրև փրկօղակից և մերժեց կոնսենսուսը: Քվեարկությանը իրենց բացակայությամբ նրանք հիմք տվեցին իրենց «բացակա» դնել 7-րդ գումարման ԱԺ-ում: Ափսոս: Կարող էին ավելի խելամիտ լինել:

Դիտվել է՝ 2467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ