Ջեյմի Դեվիս
 

Ահաբեկիչներին ազատող Հայաստանը պատրա՞ստ է ահաբեկչության դեմ պայքարին

Ահաբեկիչներին ազատող Հայաստանը  պատրա՞ստ է ահաբեկչության դեմ պայքարին
23.10.2018 | 08:43

2018 թ. հոկտեմբերի 17-ին ռուսական հերոս-քաղաք Կերչում ողբերգություն է տեղի ունեցել. իբր միայնակ ահաբեկիչը ներխուժել է պոլիտեխնիկական քոլեջ և սպանել 20 հոգու, որոնց թվում եղել են և անչափահաս երեխաներ: Մարդասպանն իբր նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող էր, որը հետո փակվել է կրթահամալիրի գրադարանում և ինքնասպանություն գործել: Վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ, որոնցից 12-ը ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը նշանակում է, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է և մեծանալ: Ռուսաստանը Հայաստան չէ, իհարկե, բայց Կերչում, ինչպես և Ռուսաստանի շատ քաղաքներում, մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ ղրիմցի հայեր են ապրում: Եվ որևէ երաշխիք չկա, որ տուժածների մեջ մեր ժողովրդի ոչ մի ներկայացուցիչ չկա: Իմանալով, որ Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ ղրիմցի հայերը համարվում են Ղրիմի հիմնական ազգերից մեկը, ինչպես նաև տուժած են ճանաչված հետպատերազմյան ճնշումներից, մենք պետք է հասկանանք, որ թերակղզու մյուս հիմնական ժողովուրդների հետ ղրիմցի հայերը նույնպես ցավում են կատարվածի առնչությամբ և միաժամանակ տագնապած են: Իսկ թե ինչու են տագնապած, հասկանալի կդառնա Կերչի ողբերգության իրավիճակային վերլուծություն կատարելուց հետո:


Ինձ զարմացնում է, թե Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՌՔԿ) ինչքան արագ շտապեց ցույց տալ իր մասնագիտական անպիտանությունը և հրաժարվեց ռուսգվարդիայի բարձրագույն պաշտոնյաների՝ հանցագործությանը տված որակավորումից: Ռուսգվարդիան հատուկ կառույց է, որը հենց պատասխանատու է ոչ միայն իրավակարգի, այլև ահաբեկչությունների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացման համար: ՌԴ ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայությունը (ԱԳԶԴԾ) ստեղծվել է Ռուսաստանի ՆԳՆ նախկին ներքին զորքերի հիման վրա: Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար օգտակար կլինի իմանալ, թե իրականում ինչով պետք է ամեն օր զբաղվեն այդպիսի ուժային կառույցի զինծառայողները, որովհետև ընթերցողները կտեսնեն, որ ՆԳՆ ՆԶ-ի (կամ՝ ռուսգվարդիայի) վրա ոչ ոք չի դնում Ռուսաստանի պետական սահմանների պահպանությունը և պարեկությունը: 2015 թ. ապրիլի 5-ից ՌԴ ԱԳԶԴԾ-ի կազմի մեջ են մտցված.
1) ՌԴ ՆԳՆ ներքին զորքերը,
2) շտապ արձագանքման ուժերի և ավիացիայի հատուկ նշանակության կենտրոնը, ինչպես նաև ավիացիոն ստորաբաժանումներ (ՌԴ ՆԳՆ-ից),
3) արագ արձագանքման հատուկ ջոկատներ (ԱԱՀՋ)՝ ՌԴ ՆԳՆ-ի տարածքային մարմիններից,
4) հատուկ նշանակության շարժուն ջոկատներ (ՀՆՇՋ)՝ ՌԴ ՆԳՆ-ի տարածքային մարմիններից,
5) ՌԴ ՆԳՆ կառավարման մարմիններ և ստորաբաժանումներ, որոնք գործունեություն են իրականացնում արտագերատեսչական պահպանության ոլորտում,
6) ՌԴ ՆԳՆ արտոնագրային-թույլատրական աշխատանքների կազմակերպման վարչության (ԱԹԱՎ) կառավարման մարմիններ և ստորաբաժանումներ, որոնք դաշնային պետական վերահսկողություն են իրականացնում մասնավոր պահպանական գործունեության ոլորտում զենքի շրջանառության նկատմամբ (ՌԴ ՆԳՆ-ից),
7) որպես ենթագերատեսչական կազմակերպություն ՌԴ ՆԳՆ-ից ԱԳԶԴԾ-ի տնօրինմանն է հանձնված «Պահպանություն» դաշնային պետական միացյալ ձեռնարկությունը (ՌԴ ՆԳՆ «Պահպանություն» ԴՊՄՁ):


Ռուսգվարդիայի կազմի մեջ մտած ծառայությունների և կառույցների արդեն իսկ թվարկումից կարելի է եզրակացնել, որ Կերչի ահաբեկչությունն ինչ-որ տեղ նաև ռուսգվարդիայի ձախողումն է: Դրանում ավելի են համոզում այդ ուժային կառույցի հիմնական խնդիրները, որոնք հաստատված են օրենքով.
1) մասնակցություն հասարակական կարգի պահպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը,
2) Ռուսաստանի տարածքային ամբողջության և պաշտպանության ապահովում,
3) մշակում և իրականացում, կարգավորում՝ ա) ՌԴ ազգային գվարդիայի զորքերի գործունեության, բ) զենքի շրջանառության, գ) մասնավոր պահպանական գործունեության, դ) արտագերատեսչական պահպանության ոլորտներում,
4) գերատեսչական պահպանության գործունեության վերահսկողություն (բացառությամբ ՌԴ ՊՆ գերատեսչական պահպանության): Եվ ահա ռուսգվարդիայի բարձրաստիճանավորներն ապացույցներով պնդում են, որ պոլիտեխնիկական քոլեջի ողբերգությունն ահաբեկչություն է, հրաձգությունից առաջ ինչ-որ պայթյուն է եղել, իսկ երկու պայթուցիկ սարք ռուսգվարդիայի մասնագետները հասցրել են վնասազերծել: Երկրորդ պայթյունը չի եղել միայն այդ պատճառով: Ռուսգվարդիայի տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Մելիկովի հոկտեմբերի 17-ի սուր ձևակերպումները ոչ լրագրողների տափակ զրաբանությունն է, ոչ էլ ՌՔԿ-ի դուրս տված անհեթեթությունը. «Կարող եմ ասել, որ ռուսգվարդիայի ստորաբաժանումները կատարում են ահաբեկչության հետևանքների վերացման իրենց գործառույթները»: Ըստ նրա, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք:


Այդ ի՞նչ գերպատրաստված ուսանող է եղել: Սկզբում՝ պայթուցիկ սարքի պայթեցում, հետո՝ «արագության վրա» ներխուժում քոլեջ և ոչ անկանոն կրակոցներ, չնայած տուժեցին նաև քոլեջի հետ ամենևին կապ չունեցող անձինք: Մարդասպանը գնում էր «հասցեներով»: «Մինչև արցունքներ հալածված վրիժառուի» ֆանտաստիկ բացատրությունը քննադատության չի դիմանում. մարդասպանը 18 տարեկան է, սպանվածներից շատերը նրանից անհամեմատ փոքր են, նրա կուրսից չեն, նրա հոսքից չեն... Քոլեջի տնօրեն Օլգա Գրեբեննիկովան, որը կատարվածին ականատես չի եղել, հայտարարել է, որ «դա իսկական ահաբեկչություն էր... ինչպես Բեսլանում»: Ըստ նրա, քոլեջից իր գնալուց 5-10 րոպե հետո անհայտ անձինք ներխուժել են շենք և պայթեցում կատարել: Քոլեջի միջանցքներով «վազում էին ավտոմատավոր մարդիկ», «նետում էին ինչ-որ պայթուցիկ փաթեթներ», «բացում էին սենյակները և սպանում պատահածին», պատմել է տնօրենը: Եվ ես հակված եմ հավատալու նրան. նպատակը եղել է հնարավորինս շատ երեխաների սպանությունը, թեև ոչ ամենակրտսեր հասակի, ինչը կատարվել է Բեսլանում 2004 թ. սեպտեմբերի 1-ին: Ահաբեկչության կազմակերպիչները ցանկանում էին ցավ պատճառել Կերչի հնարավորինս մեծ թվով ընտանիքների: Որ դա եղել է ահաբեկչություն, ապացուցում է հետևյալ տեղեկատվությունը. հոկտեմբերի 18-ին հիվանդանոցներում էր գտնվում 44 տուժած, որոնց վիճակը հաջողվեց կայունացնել: 5 դեռահաս ծանր վիճակում էր, ևս 5-ը՝ ծայրահեղ ծանր: Տուժածները հիմնականում ստացել են ականապայթյունային վերքեր: Որոշ հիվանդների վերջույթներն ստիպված անդամահատել են: Կենդանի մնացածներին անհրաժեշտ է և հոգեբանական օգնություն: Իհարկե, մասնագետները կասեն իրենց խոսքը, թե այդ ինչ պայթուցիկ փաթեթներ են և ով է դրանք տրամադրել մարդասպաններին: Ինչպես և այն, թե ինչու քննչական կոմիտեի քննիչներն արագ որոշեցին ահաբեկչության մեղադրանքը վերաորակավորել որպես «զանգվածային սպանություններ», եթե անզեն աչքով էլ նկատելի է, թեկուզ հենց կենդանի մնացածների վերքերի բնույթից, որ եղել է հենց ահաբեկչություն: Չէ՞ որ մարդասպանները ևս երկու պայթյուն էին նախապատրաստել:


Հոկտեմբերի 18-ին ռուսգվարդիայի կարծիքին միացավ նաև Ղրիմի Հանրապետության ղեկավար, Ռուսաստանի հերոս Սերգեյ Աքսյոնովը: Նա պաշտոնապես հայտարարեց, որ միայնակ ուսանողը չէր կարող հրաձգություն և պայթյուն կազմակերպել Կերչում: Եվ հետաքննությունը պարզում է հնարավոր հանցակիցներին: ՈՒկրաինայում 2014 թ. երիտասարդներին սովորեցնում էին «Մոլոտովի կոկտեյլով» շշեր, ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստել և այլն: Կարծում եմ՝ ահաբեկչությունը կազմակերպելուն ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությունը լինելու է աշխատանքային բացատրություններից մեկը: Հասկանում են, որ Ռուսաստանի վրա հարձակումն իրենց ուժից վեր է, իսկ ահաբեկչությամբ կարող են փորձել ապակայունացնել իրադրությունը Ղրիմում: Որտեղ և ինչպես կարող էր ահաբեկիչը հավաքագրվել ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, առանձին հարց է: Բայց ես կասկած չունեմ, որ ինչ-որ մեկը հրահանգավորել է մարդասպանին: Նա գործել է որպես փորձված դիվերսանտ. սկզբում՝ «փաթեթի» պայթեցում, հետո՝ հարձակում և խոցող կրակ, վերջում՝ նահանջելիս, ևս երկու պայթյուն: Այնպես որ, ճիշտ են Գրեբեննիկովան և Աքսյոնովը. ահաբեկիչն ունեցել է հանցակիցներ և հրամանատարներ: Իսկ թե ովքե՞ր...


Բայց այդ ամենը մեդալի միայն երևացող կողմն է: Մինչև ուկրաինական ֆաշիզմի դեմ Ղրիմի ժողովրդի, այդ թվում՝ ղրիմցի հայերի, ապստամբելը և Ռուսաստանին վերամիավորվելը, Ղրիմում, ուկրաինական իշխանությունների թողտվությամբ, ստեղծվել էր ահաբեկիչների ամենաիսկական բազա: Ղրիմում հիմնավորվել էր թուրքական MIT հատուկ ծառայությունը: Թուրքերի և ահաբեկիչների այն տարիների լկտիության մասին մենք տվյալներ էինք ստանում Ղրիմի հայ և հույն համայնքների միջոցով, որոնք տարեցտարի տագնապ էին հնչեցնում, որ Կիևում որոշ ուժեր խրախուսում են թերակղզին թուրքական հատուկ ծառայությունների և հանցագործների «ծվարատեղ» դարձնելը: Մասնավորապես, դեռևս 2000-ականների սկզբում թուրքերը կազմակերպել են չեչեն վահաբականների հարյուրավոր ընտանիքների վերաբնակեցումը Ղրիմում: Թուրքերն ու չեչենները հող և տներ էին գնում Ղրիմում: Պատրաստվում էր Ղրիմի ծավալուն սլավոնազրկում: «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսը» ոչ թե պարզապես թուրքերի «հինգերորդ շարասյունն էր», այլ բացահայտ ահաբեկչական կազմակերպություն, ինչում համոզվելու համար բավական է վերհիշել, թե ինչով էին զբաղված և այժմ էլ զբաղվում մեջլիսի այնպիսի «գործիչներ», ինչպիսիք են Ջեմիլյովը, Չուբարովը և ուրիշներ։ Ի դեպ, հիմա զինյալների դիվերսիոն-ահաբեկչական բազաները, ՈՒկրաինայի իշխանությունների հրամանով, կենտրոնացած են Ղրիմում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ողջ սահմանով մեկ։ Եվ դժվար է իմանալ, թե «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի» քանի թաքնված գործակալ է հիմա` 2018-ին, գործում Ղրիմի Հանրապետությունում։ Էլ չասած այն, որ թերակղզում ակնհայտորեն պահպանվել են ներդրված թուրք գործակալներն ու դիվերսանտները։ Դա «հեքիաթ» չէ. տեղի հայերն ու հույները պնդում են, որ Թուրքիան պատրաստ էր ՈՒկրաինայից «գնելու» թերակղզին, երբեմն նույնիսկ նշվել է «գինը»` մոտ 20 մլրդ դոլար։


Ավելին, այն տարիներին Ղրիմը Թուրքիայի «թեթև ձեռքով» դարձել էր ահաբեկիչ վահաբականների տեղափոխման կայան։ Այստեղից նրանք ցրվում էին տարբեր ուղղություններով` Ռուսաստան, Միջին Ասիա, Եվրոպա, հաճախ էլ մեզ մոտ` Այսրկովկաս։ Վրաստանում նրանք բարեբեր հող գտան Պանկիսի կիրճում։ Ադրբեջանում նրանց նետում էին Արցախի հետ ճակատի գիծ, լուրեր են եղել նաև, որ նրանք հայտնվել են Նախիջևանի զինկազմավորումներում։ Ավաղ, հենց Ղրիմից են ահաբեկիչներ հայտնվել նաև Հայաստանում. վերհիշենք մեր խորհրդարանի գնդակահարությունը 1999 թ.։ Ղրիմում թուրքական MIT-ի և նրա գործակալների անպատիժ գործողությունները հնարավոր էին միայն ուկրաինական իշխանությունների թողտվությամբ և նույնիսկ օգնությամբ։ Ի դեպ հիշեք, որ ՈՒկրաինայի իշխանությունները մատների արանքով էին նայում այն բանին, թե ուկրաինացի նացիստներն ինչպես էին 90-ականներին մեկնում Ադրբեջան և ակտիվորեն մասնակցում Արցախի և սահմանամերձ Հայաստանի հայերի սպանություններին։ Ինչպես և այն, թե Ադրբեջանն ինչպես էր ՈՒկրաինայի քաղաքացիներին իր բանակը հավաքագրում ՈՒկրաինայի պաշտոնական զինկոմիսարիատների միջոցով։


Ղրիմում հայտարարված էր համահանրապետական եռօրյա սուգ։ Ցավակցությունները գալիս էին և գալիս են ամբողջ աշխարհից։ Բեսլանից հետո դա երկրորդ լկտի ահաբեկչությունն է, երբ զանգվածաբար սպանում են ռուս երեխաներին։ Կերչը պատահաբար չի ընտրված. այն Հայրենական մեծ պատերազմում հերոսության կարևոր էջ է, բավական է հիշել, որ Կերչում երկար ժամանակ պարտիզանական զինված դիմադրություն է ցույց տրվել գերմանական ֆաշիստներին։ Ինչ-որ մեկը կարող է հարցնել, թե որն է Կերչի ահաբեկչության իմաստը։ Ռուսների համար Կերչը, հասկանալի է, որ նաև Սևաստոպոլը, ինչպես և Ահվազը իրանցիների համար աննկունության ու թշնամուն ոչնչացնելու վճռականության խորհրդանիշեր են։ Խախտել, կոտրել քաղաքացիական բնակչության բարոյական ոգին. ահա թե ինչի են ձգտում, որպես կանոն, ահաբեկչության կազմակերպիչներն ու ստվերային ղեկավարները, ինչը տեսանք իրանական Ահվազում և ռուսական Կերչում։


Ինչպե՞ս դա կանխարգելել։ Այստեղ խորհելու բան կա և այն մասին, թե Հայաստանը պատրաստ է նման ահաբեկչական պատերազմի։ Ամերիկա պետք չէ հայտնաբերել. ամեն ինչ սկսվում է նրանից, որ ինչ-որ խմբեր սկսում են լկտի անպատժելիությամբ «ավելի շատ ազատություն և ժողովրդավարություն» պահանջել։ Վարձում են ծախու իրավաբանների և նրանց միջոցով բնակչությանը զենք վաճառելու «օրենքներ» ձևակերպում ու անցկացնում։ Կերչի ահաբեկիչն էլ ողբերգությունից մի քանի օր առաջ զենք ձեռք բերելու իրավունք էր ստացել, գնել իբր օդաճնշական հրացան և այլն։ Կարող են առարկել, թե տնօրենուհին խոսում է նաև ավտոմատավորների, ավտոմատային կրակահերթերի մասին։ Ճիշտ է, բայց որպեսզի պայթեցրած փաթեթի ծխաքողարկմամբ ինչ-որ ավտոմատավորներ, օգտագործելով 18-ամյա դիվերսանտ-կամիկաձեին, ներխուժեն շենք, անհրաժեշտ է, որ նա իբր «հանուն վրեժի» դառնա գլխավոր գործող անձ։ Չափազանց եսակենտրոն մարդկանց օգտագործելը շատ վաղուց, մի քանի հազար տարի հայտնի հնարք է։ Միջին դարերի տխրահռչակ իսմայիլականներից և նիզարական-ասասիններից շատերը մտածում էին, թե իրենք Ալլահի կամքի կատարողներն են։ Չնայած նրանց արածները ժամանակակից սահմանումներով կոչվում են «զանգվածային սպանություններ» և «ահաբեկչություն»։
Իսկ մեզ մոտ, «նկատի առնելով փոխված իրավիճակը», բանտերից ազատում են մոլի ահաբեկիչներին։ Ինչու ահաբեկիչնե՞ր։ Թեկուզ նրա համար, որ նրանց ձեռքերին արյուն կա:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan