USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Միայն Հյուսիս-Հարավի վերջնական կառուցումից հետո հնարավոր կլինի Հայաստանը միացնել չինական և միջազգային այլ ճանապարհային ցանցերին»

«Միայն Հյուսիս-Հարավի վերջնական կառուցումից  հետո հնարավոր կլինի Հայաստանը միացնել չինական և միջազգային այլ ճանապարհային ցանցերին»
23.10.2018 | 08:51

Հայաստանի համար Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նշանակության մասին զրուցում ենք քաղաքագիտության թեկնածու (Նանծինի համալսարան, Չինաստան), «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի գծով խորհրդատու ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։

-Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը որքանո՞վ է կարևոր մեր երկրի համար։
-Հյուսիս-Հարավն ունի ռազմավարական երկու նշանակություն՝ ներքին և արտաքին։
Նախ տեսնենք, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ, եթե հաշվի առնենք միայն ներհայաստանյան զարգացումների գործոնը, բայց մինչ այդ կարևոր է փաստել, որ համաշխարհայնացման, ազատ տեղաշարժի, ազատ առևտրի ժամանակաշրջան համարվող 21-րդ դարում անհնար է զարգացնել որևէ երկրի տնտեսություն առանց ներքին ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, որոնք էլ իրենց հերթին կհամակցվեն արտաքին աշխարհի հետ։ Յուրաքանչյուր երկրի տնտեսական աճի ապահովման մեջ զգալի դեր է խաղում բարձրորակ և արագընթաց ճանապարհների ցանցը, քանի որ դրանք անմիջականորեն նպաստում են արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ բնագավառների տարբեր ճյուղերի միջև բնականոն և ներդաշնակ աշխատանքին։ Մինչդեռ ճանապարհների բացակայությունը կամ վատ վիճակը հանգեցնում են բեռնափոխադրումների թանկացմանը, ժամանակի կորստին, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ապրանքի վերջնական գնագոյացման վրա։ ՈՒստի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի վերջնական և ամբողջական շահագործումն անմիջականորեն կնպաստի Հայաստանի տնտեսության աճին։ Քանի որ Հայաստանի հյուսիսից հարավ ընկած բնակավայրերում գործունեություն ծավալող գործարարները հնարավորություն կունենան զարգացնելու համագործակցությունը, սեփական արտադրանքը հեշտությամբ կհասցնեն մյուս քաղաքների, գյուղերի շուկաներ, կիջնի բեռնափոխադրումների արժեքը, կհեշտանա մարդկանց տեղաշարժը, կզարգանա նաև ներքին տուրիզմը։ Վերոհիշյալ հանգամանքները կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, Հայաստանի ներքին շուկայում գործունեություն ծավալելը հետաքրքիր կդառնա նաև արտաքին ներդրողների համար։
-Հյուսիս-Հարավի լոկալ նշանակությունից խոսեցիք, իսկ ի՞նչ արտաքին նշանակություն ունի այն մեր երկրի համար։
-Հայաստանի հարակից տարածաշրջաններում կառուցվում են ճանապարհներ, երկաթգծեր, բայց պետք է փաստել, որ որոշ տարածաշրջանային ուժերի վարած քաղաքականության և Հայաստանի նախկին պասիվության պատճառով դրանք շրջանցում են Հայաստանը։ Միջազգային տրանսպորտային ուղիներից դուրս մնալը սպառնալիք է՝ ուղղված Հայաստանի ազգային անվտանգությանը։ Հյուսիս-Հարավի վերջնական շահագործման միջոցով պետք է փորձել ճեղքել շրջափակումը և միանալ միջազգային ճանապարհային ցանցին։ Քանի որ Հյուսիս-Հարավը համագործակցային բնույթ է կրում, ապա այս ծրագրի շուրջ կարելի է ակնկալել և ստանալ միջազգային հանրության աջակցությունը։
Պետք է փաստել, որ ներկայումս ընթանում են աշխարհաքաղաքական ծանր գործընթացներ։ Եվրասիական տարածաշրջանում կան հիմնական երկու ինտեգրացիոն ծրագրեր՝ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն, ինչպես նաև մեկ այլ ինտեգրացիոն նախաձեռնություն՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»։ Նշվածներից յուրաքանչյուրն ունի իր տրանսպորտային կոմունիկացիաների զարգացման բաղադրիչը։ Ըստ վերոհիշյալ ինտեգրացիոն գործընթացների նպատակների՝ ճանապարհային և երկաթգծային ցանցերի զարգացման շնորհիվ ասիական տնտեսությունները պետք է կապվեն եվրոպականի հետ։
Եթե Հայաստանը հաջողությամբ ավարտի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, հնարավորություն կստանա լիովին ընդգրկվելու չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքում, կամրապնդի իր դիրքերը ԵՄ-ի TRASECA ծրագրում և այլ համաշխարհային ճանապարհային ցանցերում։ Վերոհիշյալ հանգամանքներն իրենց հերթին կնպաստեն տնտեսության աճին։
-Դուք նշեցիք, որ Հյուսիս-Հարավ ծրագրի շուրջ կարելի է ակնկալել և ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ Ո՞ր երկրներին է ձեռնտու ճանապարհային այս միջանցքի կառուցումը։
-Հյուսիս-Հարավը ձեռնտու է այսօր Եվրասիական մայրցամաքում խաղացող երեք հիմնական ուժերին. դրանք են ԵՄ-ն, ԵԱՏՄ-ն և Չինաստանը։ Եթե հաշվի առնենք նաև, որ զարգանում է Մումբայից դեպի Մոսկվա ձգվող միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, ապա կտեսնենք, որ Հայաստանը նույնպես հնարավորություն կունենա Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը կառուցելուց հետո առաջարկելու, որ այն ընդգրկվի այդ ծրագրի մեջ։ Հայաստանը մեծ հնարավորություն կունենա, քանի որ Ռուսաստանն է այստեղ առաջատար խաղացողներից մեկը, և պաշտոնական Մոսկվան նույնպես շահագրգռված կլինի Հայաստանի Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցմամբ։ Ճիշտ է, այսօր ՀՀ-ն լարված հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, սակայն այս խնդիրներն էլ վաղ թե ուշ պետք է լուծվեն։ Հայաստանը, կառուցելով այս ճանապարհը, ևս մեկ անգամ հնարավորություն կունենա բազմակողմ և երկկողմ հարաբերություններում առավելություն ստանալու և իր տարածքը կապելու այլ երկրների հետ։ Սա միջազգային առումով կարևոր նախաձեռնություն է։ Եվ մենք՝ հայերս, պետք է այս ծրագիրը դնենք այլ նշաձողի վրա, Հյուսիս-Հարավ ծրագրի բարեհաջող իրականացման գործում պետք է ներգրավել թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի կարող ուժերը։ Պետք է փաստել, որ ծրագիրը համահայկական կարևոր նշանակություն ունի. սա միայն X գյուղը Y ավանի հետ կապող ճանապարհ չէ։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող ուղի է, որն անմիջականորեն առնչվում է նաև Հայաստանի անվտանգությանը։ Պետք է նշել, որ ժամանակակից պատերազմներում հաղթանակներ տանելու համար անհրաժեշտ է զորքերի և սպառազինությունների արագ տեղաշարժ, և այս համատեքստում Հյուսիս-հարավը մեծապես կամրապնդի նաև Հայաստանի անվտանգությունն ու հայկական զինված ուժերի մարտունակությունը։ Չմոռանանք, որ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ պատերազմական իրավիճակում, ուստի բարձրորակ ճանապարհային ցանցի ստեղծումն առաջնահերթություն է, որը հաղթանակի հասնելու կարևոր հիմնասյուներից մեկը կարող է դառնալ։ Այնպես որ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, պետք է նպաստել Հայաստանի «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի իրագործմանը, հասարակության շրջանում մեծացնել ծրագրի հանդեպ վստահությունը, Հայաստանում և Սփյուռքում այն ներկայացնել որպես համազգային նպատակ, որի իրագործումը կմեծացնի Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը, կամրապնդի անվտանգությունը, կզարգացնի տնտեսությունը։
-Դուք Ձեր խոսքում նշեցիք Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մասին։ Մեր հարևանները՝ Ադրբեջան, Վրաստան, «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում ընդգրկվելու համար արդեն հստակ քայլեր են արել և իրենց ծրագրերում էապես առաջ անցել Հայաստանից։
-Հայաստանը, այո, որոշակիորեն ուշացել է։ Հայաստանը ժամանակ է կորցրել, աշխատանքի ոչ ճիշտ կառավարումը, չինական կողմի հետ նախկինում տարված անարդյունավետ դիվանագիտությունը հիմնական պատճառներն են։ Բայց սա դեռ չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք, պետք է հստակ ռազմավարություն մշակել և փորձել ընդգրկվել նաև չինական նախաձեռնության տնտեսական կարևոր նշանակություն ունեցող տրանսպորտային միջանցքներում։ Բայց առաջին հերթին մենք առաջարկելու բան պետք է ունենանք մեր գործընկերոջը։ Շատ դժվար է գնալ բանակցությունների, երբ ոչինչ չունես առաջարկելու։ Հայաստանում նույնիսկ կարծիքներ են հնչում, թե առանց Հյուսիս-հարավի իբր կարող ենք ներգրավվել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տրանսպորտային միջանցքների մեջ։ Նման բան անհնար է։ Միայն Հյուսիս-Հարավի վերջնական կառուցումից հետո հնարավոր կլինի Հայաստանը միացնել չինական և միջազգային այլ ճանապարհային ցանցերին։ Հետագայում պետք է իրագործել նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շնորհիվ Հայաստանը կզարգացնի թե՛ տնտեսությունը, թե՛ կմեծացնի աշխարհաքաղաքական նշանակությունը, թե՛ կնպաստի սեփական և միջազգային անվտանգության ամրապնդմանը։
-Հյուսիս-Հարավի կառուցումը զուգահեռաբար կզարգացնի նաև տնտեսության ա՞յլ ճյուղեր։
-Իհարկե, այս շինարարությամբ նաև աշխատատեղեր են ստեղծվում։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում բարձրորակ, ժամանակակից ճանապարհներ չեն կառուցվել, ինչը բերել է նաև ճանապարհաշինության հետ կապված գիտական ճյուղերի հետընթացին։ Հյուսիս-Հարավը կառուցվում է նոր տեխնոլոգիաներով, արտասահմանյան ընկերություններ են մասնակցում կառուցմանը, շինարարության մեջ ներգրավված հայ բանվորները, մասնագետները նաև սովորում են, և այդ գիտելիքը կմնա Հայաստանում, զարգացում կապրեն նաև ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերությունները, ոլորտը հետաքրքիր կդառնա ներդրողների համար։ Հյուսիս-Հարավում ձեռք բերած փորձի, գիտելիքների շնորհիվ հայկական կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու նաև այլ երկրներում կառուցվող ճանապարհների շինարարությանը։ Բացի այդ, տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում լայնորեն կարող են ներգրավվել հանրապետության բուհերը՝ հնագիտական, բնապահպանական, ճարտարագիտության, սոցիոլոգիայի, միջազգային հարաբերությունների, իրավագիտության և այլ ուսումնագիտական ճյուղերով։
-Նախկին իշխանությունների օրոք անորակ շինարարությամբ որքան հնարավոր է վարկաբեկվեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը. ինչպե՞ս պետք է վերականգնվի վստահությունն այս նախագծի նկատմամբ։
-Այստեղ ևս պետք է վերադառնանք ծրագրի վերաիմաստավորմանը։ Եթե մեծ հաշվով նայենք, ապա Հայաստանում ո՞ր ոլորտը վարկաբեկված չէ։ Բայց դա չի նշանակում, թե պետք է փակենք այն բոլոր ոլորտներն ու ծրագրերը, որոնք որոշակիորեն վարկաբեկվել են։ Պետք է սխալների ուղղում կատարել, ամեն ինչ դնել ճիշտ հունի վրա և շարունակել գնալ առաջ։ Պետք է բարեփոխվել, հասկանալ՝ ինչն է առաջնահերթ, ինչը` երկրորդական։ Իսկ Հայաստանում տնտեսությունը զարգացնելու համար Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծումը համազգային առաջնահերթություն է, ուստի պետք է այն հաջողությամբ ավարտել և նպաստել Հայաստանի հզորացմանը։

Զրուցեց
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2578

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao