USD485.28
EUR552.35
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Oձաբերդում բացվել են երկումետրանոց պատերով կառույցներ

Oձաբերդում  բացվել են երկումետրանոց պատերով կառույցներ
23.10.2018 | 09:26

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ հնավայրում իրականացվող պեղումների մասին «Իրատեսին» պատմում է Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Շուրջ հինգ տարի իրականացվող պեղումները վկայում են՝ հետուրարտական ժամանակաշրջանում Օձաբերդը եղել է տարածաշրջանի կարևոր կենտրոններից մեկը: Այս տարի հնագետներին հաջողվել է երևան հանել երկումետրանոց ամբողջական պատերով կառույցներ:

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԻՆՉ ԵՂԱՎ ՌՈՒՍԱ ԱՌԱՋԻՆԻՑ ՀԵՏՈ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ
Պեղումները սկսել ենք 2014-ից: Հինգ տարին հնագիտական պեղումների համար բավականին քիչ ժամանակահատված է, որպեսզի մենք կարողանանք ամբողջական պատկերացում կազմել հուշարձանի մասին: Իհարկե, դա մեզ թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անել, բայց եթե ֆինանսական միջոցները թույլ տան, այնտեղ պետք է առնվազն տասնյակ տարիներ պեղումներ իրականացնել:
Ո՞րն է մեր խնդիրը: Շատ է արծարծվում, թե ինչու անկում ապրեց Վանի թագավորությունը, ՈՒրարտուն կամ Բիաինիլին, և շատ կարևոր է, թե ինչ եղավ դրանցից հետո: Շատ հաճախ անմիջապես խոսվում է աքեմենյան շրջանի մասին, մինչդեռ ՈՒրարտուի անկման և Աքեմենյան տերության հիմնադրման միջև առնվազն հիսուն-վաթսուն տարվա մի ժամանակահատված բաց է մնում: Մասնագիտական գրականության մեջ այդ ժամանակահատվածը կոչվում է նաև հետուրարտական շրջան: Բացի այդ, մեզ համար շատ կարևոր էր, թե ինչպիսին են եղել տեղականի և ուրարտականի փոխառնչություններն ու փոխհարաբերակցությունը, լինեն դրանք ճարտարապետության, մշակույթի, սոցիալ-տնտեսական, թե այլ ոլորոտում, ինչպես է դրսևորվել ՈՒրարտուն Սևանի հարավային ավազանում: Այս առումով, Օձաբերդը Սևանի հարավային ավազանի ամենակարևոր ուրարտական հուշարձաններից մեկն է: Այն նաև հենակետային դեր է կատարում դեպի Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհի համար, մյուս կողմից էլ հսկում է Վարդենյաց լեռնանցքով դեպի Սևանի հարավային ավազան եկող ճանապարհը: Այսինքն, շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է: Օձաբերդի հյուսիս-արևմտյան քարաժայռերից մեկի վրա է Սևանի ավազանի ամենաընդարձակ ուրարտական արձանագրությունը. այն թողել է Ռուսա Առաջինը: Արձանագրության վերջին հատվածում Վանի թագավորության միապետը տեղեկացնում է, որ այդտեղ նա կառուցել է մի ամրոց, որն անվանել է «Տարերքի աստծո» քաղաք: Այսինքն, ըստ երևույթին, քաղաքը կառուցվել է ի պատիվ Վանի թագավորության դիցարանի երկրորդ գլխավոր աստված Թեյշեբայի: Սևանի ավազանում մեզ հայտնի չէ Ռուսա Առաջինից հետո գահակալած որևէ ուրարտական միապետի արձանագրություն: Այս առումով, մեզ համար շատ կարևոր է հասկանալ՝ ինչ եղավ Ռուսա Առաջինից հետո տարածաշրջանում:


Օձաբերդը բաղկացած է միջնաբերդից, ամրոցից, արտաքին բնակավայրից, կան նաև որոշակի դամբարանային համալիրներ: Մենք հիմնականում կենտրոնացել ենք միջնաբերդում, ամրոցում և արտաքին բնակավայրում, ընդ որում, վերջինս գտնվել է հենց մեր պեղումների շնորհիվ:
Օձաբերդում իրականացված պեղումները բացել են կառույցներ, որոնք գլխավորապես վերաբերում են Ք. ա. 8-6-րդ դարերին, այսինքն, մենք գործ ունենք ուրարտական, հատկապես ուշ և հետուրարտական ժամանակաշրջանների հետ: Մեզ հաջողվել է արձանագրել ուրարտականից հետուրարտական ժամանակաշրջան անցումը: Բացել ենք մի շարք աղյուսներ, որոնք չափերով համապատասխանում են ուրարտական մի շարք բնակավայրերի աղյուսներին, սակայն իրենց բաղադրությամբ խիստ տարբերվում են: Այսինքն,՝ ունենք ուրարտական աղյուսաշինական ավանդույթների տեղական իմիտացիա: Միջնաբերդում, ամրոցում և արտաքին բնակավայրում բացված հետուրարտական կառույցների և շերտերի առկայությունը վկայում է, որ հետուրարտական ժամանակաշրջանում Օձաբերդը եղել է այդ տարածաշրջանի կարևոր կենտրոններից մեկը: Մի ժամանակահատված, որը Հայաստանի հնագիտության քիչ ուսումնասիրված փուլերից է:

ՇԱՏԵՐԻՆ Է ՀԱՃԵԼԻ ԱՅՑԵԼԵԼ ԵՐԿՈՒՄԵՏՐԱՆՈՑ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԵՐՈՎ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Անդրադառնամ այս տարվա պեղումներին: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես պեղումներն իրականացրինք մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ: Պեղումները երկու տեղամասում էին կենտրոնացված՝ արտաքին բնակավայրի հարավ-արևմտյան հատվածում և ամրոցում՝ միջնաբերդից քիչ հյուսիս-արևելք: Ամրոցի պեղումների ընթացքում բացվել են կանոնավոր ճարտարապետությամբ պատերով և մուտքերով, կավածեփ հատակներով կառույցների հատվածներ: Պատերն ունեն մոտ 2 մ բարձրություն և 1,5 մ հաստություն: ՈՒնենք նաև հետաքրքիր շերտագրություն, այդ թվում՝ հրդեհված շերտեր: Հնամարդաբան Ռոման Հովսեփյանն իրականացրել է հնաբուսաբանական հետազոտություններ, գտնվել են գարու, ցորենի, կորեկի, հաճարի բազմաթիվ այրված հատիկներ, որոնք շատ կարևոր տեղեկություն են պարունակում այն ժամանակվա մարդկանց կենցաղի մասին. գտնվել են տարբեր իրեր, ամբողջական սափորիկ, որ կարելի է թվագրել Ք ա 7-5-րդ դարերով, իլիկի գլուխներ, խեցեղենի բազմաթիվ բեկորներ, որոնցից շատերը վերականգնողական աշխատանքներից հետո կարող են ունենալ ամբողջական տեսք: Սենյակները, իհարկե, մասամբ են բացվել, դրանք ավելի մեծ են, եկող տարի ամբողջությամբ կբացենք: Եթե մենք կարողանանք այդ ամենը բացել, ամրակայել և դարձնել հուշարձանի մի մասը, Օձաբերդը կարող է շատ մեծ պոտենցիալ ունեցող հուշարձան դառնալ: Շատերին է հաճելի այցելել երկումետրանոց ամբողջական պատերով հուշարձան, կանոնավոր գեղեցիկ մուտքերով անցնել սենյակից սենյակ և տեսնել՝ ինչ է այնտեղ կատարվել:
Օձաբերդը Արծվանիստ և Ծովինար գյուղերի միջև է գտնվում, և երկու գյուղերից մենք անընդհատ ունենում էինք այցելուներ: Մարդիկ գալիս էին իրենց ընկերների, գյուղ եկած հյուրերի հետ ու ցույց էին տալիս, հպարտանում, որ իրենց մոտ այսպիսի կառույցներով հնավայր է հայտնաբերվել:

ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՕՁԱԲԵՐԴԻՆ ՏՐՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Իմ կարծիքով, խիստ նպատակահարմար կլինի, որ Օձաբերդին տրվի արգելոցի կարգավիճակ: Բարձրացրել ենք այդ հարցը և կարծում ենք, որ գործընթացը պետք է սկսվի, որովհետև ունենք լուրջ խնդիրներ: Գյուղացիները ոչխարներ, կովեր են բերում հինավուրց պատերի վրայով ու վնասում դրանք: Կառույցները մեծապես վտանգվում են մթնոլորտային տեղումներից: Իհարկե, մենք ամրակայում ենք պատերը, բայց դա բավական չէ:
Օձաբերդը, կարծում եմ, պետք է դառնա գործող ենթակառուցվածքներով հուշարձան: Մենք ունենք սեպագիր արձանագրություն, հզոր ամրոց՝ պահպանված պատերով, և եթե այն, ինչ պեղել ենք հինգ տարում, բացենք ու դնենք ցուցանակներ, դա էլ հերիք է, որ այնտեղ այցելած մարդը որոշակի պատկերացում կազմի հնավայրի մասին:
Շատ է խոսվում է այն մասին, որ զբոսաշրջությունն այսօր կարող է դառնալ գերակա ճյուղ մեր տնտեսության մեջ: Մեր հարևան Վրաստանը, տեսեք, ինչպիսի արդյունքներ է գրանցում զբոսաշրջության ոլորտում: Օձաբերդը կարող ենք դիտարկել համալիր ծրագրի մեջ, ստեղծել համապարփակ զբոսաշրջային ծրագիր և այս տարածաշրջանը՝ Արծվանիստ և Ծովինար գյուղերով, ներառել դրա մեջ: Արծվանիստ գյուղում է գտնվում Վանեվանքը՝ 10-րդ դարի սկզբի վանք՝ գեղեցիկ ճարտարապետությամբ, Արծվանիստ ու Ծովինար գյուղերում, կան մինչև այսօր պահպանված հազարաշեն տներ: Կարող է զարգանալ արխե, էկո, ագրո և էքստրիմ զբոսաշրջությունը (մոտակայքում կան քարանձավներ): Ի վերջո, մոտակայքում է գտնվում Սևանա լիճը, կարելի է ստեղծել հանգստյան գոտիներ, գյուղացիները ևս կներգրավվեն և մեծ օգուտ կստանան:

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԱՍԱՑ, ՈՐ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՏՐԱԿՏՈՐՈՎ ՔԱՐԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ՏԱՆԵԼ ՈՒ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՅՈՆՋԱ ՑԱՆԵԼ
Ինչ վերաբերում է արտաքին բնակավարին, այն գտնվում է Օձաբերդից հարավ, ամբողջությամբ տրված է տեղի բնակիչներին՝ որպես տնամերձ տարածք, այսինքն, դա չի մտնում հուշարձանի տարածքի մեջ: Ես չեմ մեղադրում դրանց սեփականատերերին, որովհետև այդ մարդիկ տեղյակ չեն՝ այնտեղ ինչ է եղել: Հարց է՝ ինչու՞ ամրոցին կից տարածքը չեն ներառել հուշարձանի պահպանական գոտու մեջ: 2015-2016 թվականներին շատ դժվարությամբ, Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանի օգնությամբ հաջողվեց պեղել առաջին կացարանները, որովհետև մարդիկ գալիս ասում էին՝ սա մեր տարածքն է, իրավունք չունեք պեղումներ անելու: Այս տարի հզոր պատի հետքեր էին երևում: Մենք բացել ենք երկու մետր հաստությամբ կիսակիկլոպյան պատերով շար, որը, ըստ երևույթին, Օձաբերդի արտաքին բնակավայրի պարսպաշարի մի հատվածն է եղել: ՈՒշ փուլում այստեղ եղել են հելլենիստական շրջանի թաղումներ: Մենք պեղել ենք մեկ խմբային թաղում՝ հինգ անձով, և մեկ կարասային թաղում: Դրանք կարևոր կառույցներ են, որովհետև թվագրվում են հետուրարտական ժամանակաշրջանով, իսկ հետուրարտական շրջանի կառույցներ ոչ միայն Սևանի հարավային ավազանում, այլև ամբողջ Հայկական լեռնաշխարհում քիչ են պեղված: Այդ ժամանանակահատվածը համարվում է Հայաստանի հնագիտության կնճռոտ, լավ չուսումնասիրված շրջաններից մեկը: Պատկերացրեք՝ եթե պեղումներ չանեինք, հողագործական աշխատանքի հետևանքով այդ կառուցները կարող էին ուղղակի վերանալ: Սեփականատերն ասաց, որ ցանկացել է տրակտորով քարերը մի կողմ տանել ու այդ տարածքում յոնջա ցանել: Նա իր իրավունքներն էր պաշտպանում, դիմեց ոստիկանություն, մեզ օգնեց ՊՈԱԿ-ը: Ոստիկանությունը անհետևանք թողեց դիմում-բողոքը: Շատ լավ կլինի, որ օրենքով սահմանված կարգով գտնվեն լուծումներ, ո՛չ գյուղի բնակիչները տուժեն, ո՛չ մեծ պոտենցիալ ունեցող հնավայրը:

ԴՐՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՕՁԱԲԵՐԴԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆ
Հնավայրի մասին հրապարակել ենք հոդվածներ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում: Մի քանի հոդված հրապարակման փուլում է: Օձաբերդում իրականացված հետազոտություններին էր նվիրված մեր արշավախմբի անդամ Արթուր Միքայելյանի մագիստրոսական աշխատանքը, ինչը շատ կարևոր և ոգևորիչ փաստ է: Ընդ որում, պեղումներին մասնակցել և գիտական վերլուծությամբ հանդես գալ կարող են ոչ միայն արշավախմբի անդամները, այլև մեր գործընկերները:
Ինքս զեկույցներով հանդես եմ եկել ԱՄՆ-ում, Ավստրիայում, Հունգարիայում, Վրաստանում, Իրանում: Արձագանքը բավական մեծ է: Օձաբերդի պեղումները մեծ հետաքրքրություն են առաջացրել օտարերկրացի հնագետների շրջանում, Իրանից, Սլովակիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և այլ երկրներից մասնագետներ են միացել տարբեր տարիներին իրականացված հնագիտական աշխատանքներին:

Պատրաստեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao