Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սա ֆուտբոլ է, որտեղ իշխողը հզոր կրքերն են

Սա ֆուտբոլ է, որտեղ իշխողը հզոր կրքերն են
23.10.2018 | 09:45

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների այս տուրի հանդիպումները նախորդում էին Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկության դիմակայություններին ու չէին կարող չունենալ դրա կնիքը։

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի իններորդ տուրը նախ և առաջ հատկանշական էր վերջին չորս տուրում բացառապես հաղթանակ տոնած «Սևիլիայի» ու նույն այդ վերջին չորսում ընդամենը երեք միավոր վաստակած «Բարսելոնի» մրցակցությամբ։ Դիմակայությունը փայլուն անցկացրած «կապտանռնագույնները» սեփական հարկի տակ դաժան են վարվել առաջատարի հետ։ «Բարսելոնի» կատարմամբ գրանցվել է խոշոր հաշվով հաղթանակ՝ 4։2։
Ինչպես միշտ, թիմի հաղթանակի գործում իր մեծ ներդրումն է ունեցել Մեսին, որը հանդիպման ոչ լրիվ առաջին քսան րոպեում հասցրել է դառնալ թե գոլային փոխանցման, թե գոլի հեղինակ։
Ցավոք, այս հրաշալի ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել՝ կոտրել է ձեռքն ու արագ փոխարինվել։ Բնականաբար նա հարկադրված կլինի բաց թողնել Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում ոչ միայն իտալական «Ինտերի» հետ պատասխան խաղը, այլև մոտ ապագայում սպասվելիք էլ կլասիկոն «Ռեալի» հետ, որի հետ վերջին 11 տարիներից և ոչ մեկը բաց չի թողել Մեսին։ Հուսանք, որ գոնե բուժման կուրսը կարճ կտևի, թե չէ, եթե անկեղծ, ինչ ֆուտբոլ առանց հեքիաթային այս մարզիկի։
Կատալոնյան ակումբը 18 միավորով բարձրացել է աղյուսակի առաջին հորիզոնական։
Տուրն անհաջող է եղել Մադրիդի «Ռեալի» համար, որը սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «Լևանտեին»։ Վերջին երեք տուրում սա «արքայականի» երրորդ անընդմեջ պարտությունն էր։
Համեմատական անհաջողության է մատնվել արտագնայում հանդես եկած Մադրիդի «Աթլետիկոն», որի մրցակիցն է եղել «Վիլիառեալը»՝ 1։1։
17 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հյուրընկալվելիս նվազագույն հաշվով «Սելտայի» նկատմամբ առավելության հասած «Ալավեսը», նրանից մեկական միավոր պակաս ունեն «Սևիլիան» ու «Աթլետիկոն»։


ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումն անշուշտ Լոնդոնի «Չելսիի» ու «Մանչեստր Յունայթեդի» միջև էր։ Հանդիպումն ագրեսիվ սկսած, առաջին խաղակեսը հաղթանակով ավարտած տանտերերը երկրորդ խաղակեսում շատ մոտ են եղել պարտությանը և միայն հավելյալ ժամանակում Բարկլիի խփած գոլը «ազնվականներին» փրկել է պարտությունից՝ 2։2։
Սակայն այս խաղում փոթորիկը միայն խաղադաշտում չի եղել։ «Չելսիի» մարզչական կորպուսից սադրել են Մոուրինիոյին, նա չի կարողացել նյարդերին տիրապետել, պոկվել է, որ պատասխանը տա, ստյուարտները հասցրել են կանխել։ Պորտուգալացու հասցեին տրիբունաներից հետևել են երկրպագուների հիշոցները։ Վերջնականապես կատաղած Մոուրինիոն երեք մատ է ցույց տվել հանդիսատեսին՝ դրանով իսկ հիշեցնելով, որ այդ ինքն է թիմը երեք անգամ հասցրել չեմպիոնական բարձունքի։ Մի խոսքով՝ տհաճ բաներ են եղել, բայց սա ֆուտբոլ է, որտեղ իշխողը հզոր կրքերն են, ու դու թամբին ես այնքան ժամանակ, քանի դեռ թամբին ես։ Ինչևէ։


Արտագնայից երեք միավոր վաստակած է տուն վերադարձել «Լիվերպուլը» (նվազագույն հաշվով պարտության է մատնել «Հադերսֆիլդին»)։ Նույնպիսի արդյունք է գրանցվել «Վեստ Հեմ»-«Տոտենհեմ» մրցակցությունում, որտեղ հաջողակ կողմը դարձյալ եղել են հյուրերը։
Տուրը գոլառատ խաղով է նշանավորել «Մանչեստր Սիթին»՝ հինգ անպատասխան գնդակի առավելությամբ մրցակցությունը շահելով «Բյոռնլիից»։
Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի սաները 23-ական միավորով աղյուսակի առաջին երկու հորիզոնականում են, նրանցից երկուական միավորով հետ է ոչ պակաս խարիզմատիկ մյուս զույգը՝ «Չելսին» ու «Տոտենհեմը»։

ԳԵՐՄԱՆԻԱ
Վերջին երկու անընդմեջ պարտություններից վերջապես սթափվեց ու սեփական երկրպագուին էլ սթափեցրեց Մյունխենի «Բավարիան»՝ «Վոլֆսբուրգի» հետ արտագնա խաղից վերադառնալով երեք միավոր վաստակած՝ 3։1։ Ճիշտ է, այս հաղթանակը երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնին տեղ չապահովեց առաջին հորիզոնականում, սակայն բոլոր դեպքերում 16 միավորը լավ ցատկահարթակ է ավելի վերևներ վստահ նայելու համար։
Երկրորդ-երրորդ հորիզոնականները 17-ական միավորով իրենցով են արել Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթել է «Մայնցին») ու «Վերդերը», որին «Շալկեի» նկատմամբ արտագնա հանդիպումը բերել է երեք միավոր (2։0)։
Հաղթանակների, այն էլ խոշոր հաշվով հաղթանակների իր հիթ շքերթը շարունակել է Դորտմունդի «Բորուսիան»՝ չորս անպատասխան գնդակ խփած վերադառնալով Շտուտգարդի համանուն թիմի հետ ունեցած մրցակցությունից։ «Շալկեի» նկատմամբ արտագնա հանդիպումը «Վերդերին» բերել է ոչ միայն երեք միավոր (2։0), այլև տեղ ապահովել աղյուսակի երկրորդ հորիզոնականում։

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի «Յուվենտուս»-«Ջենովա» դիմակայությունն է անսպասելի վերջաբան ունեցել. հյուրերը Թուրինից հեռացել են միավոր վաստակած՝ 1։1, սակայն թերևս սա էլ չէ այդ հանդիպման գլխավոր իրադարձությունը։ Բացելով խաղի հաշիվը՝ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է եվրոպական առաջատար հինգ ֆուտբոլային տերություններում 400 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը։ Սա հիրավի բացառիկ ցուցանիշ է, որն անհայտ է, թե մեկ էլ ով ու երբ կարող է կրկնել կամ գերազանցել։ Հիշեցնենք, որ մինչև «ծեր սինյորային» անդամագրվելը Ռոնալդուն հանդես է եկել անգլիական «Մանչեստր Յունայթեդում» ու Մադրիդի «Ռեալում»։
«Յուվենտուսի» այս հարաբերական վրիպումից առավելագույնս է օգտվել «Նապոլին»՝ հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով «ՈՒդինեզեին» ու 21 միավորով շարունակելով մնալ երկրորդ հորիզոնականում։ «Յուվեն» ունի 25 միավոր։
Ա սերիայի առաջնության երրորդ հորիզոնականում հանգրվանելու հայտ էր ներկայացրել արտագնայում 2։0 հաշվով «Պարմային» պարտության մատնած «Լացիոն»՝ 18 միավոր։ Նրան այնտեղից կարող էր դուրս մղել միայն «Ինտերը», եթե սեփական հարկի տակ կարողանար երեք միավոր վաստակել «Միլանից»։ Տանտերերին դա հաջողվել է անել հավելյալ ժամանակում ու 19 միավորով բարձրանալ երրորդ հորիզոնական։

ՖՐԱՆՍԻԱ
Աշխարհի նորաձևության մայրաքաղաքից «Պարի Սեն Ժերմենը» շտապեց Մանչեստր՝ «Սիթիին» «հեռագրել», որ միայն նրանք չէ, որ գիտեն 5։0 հաշվով հաղթել, որ իրենք էլ «տաքսի» ասվածից գաղափար ունեն։
Դիվիզիոնում իր հաղթանակներով շարունակում է հաճելիորեն զարմացնել «Լիլը», որն իրենով է արել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն ու ոչ մեկին չի պատրաստվում զիջելու։ Այս անգամ նրա զոհն է եղել «Դիժոնը»՝ 1։2։
Երրորդ հորիզոնականում է հայտնվել տնային խաղում երկու անպատասխան գնդակի առավելությամբ «Բորդոյին» պարտության մատնած «Մոնպելիեն»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ