Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ի՞նչ անուն ունի ամբոխը, երբ ժողովուրդը լուռ է

Ի՞նչ անուն ունի ամբոխը, երբ ժողովուրդը լուռ է
24.10.2018 | 11:39

Վեցերերդ գումարման Ազգային ժողովը դարձել է աշխարհի ամենաուրախ թատրոնը, որտեղ բեմադրվում է իրականում ողբերգություն, բայց դերասաններն այնքան են դերի մեջ մտել, որ խորապես հավատում են, թե դա իրենց կյանքն է ու իրենք են գրում պիեսը: Երեկվա օրը սքանչելի կատակերգության թեմա էր, որ գուցե երբևէ գրվի: Նաև այսօրվա պատգամավորների գրչով` նրանք բոլորն էլ հոգում բանաստեղծ են, վատագույն դեպքում` արձակագիր, ծայրահեղ դեպքում` քննադատ, բայց արվեստի մեջ են, այսինքն` քաղաքականության` իրենց հնարավորությունների չափով ու հատկապես ընտրություններից առաջ:


Աշխարհի մեծագույն կատակերգուները կնախանձեին ԲՀԿ պատգամավորներին` դահլիճում ու դահլիճից դուրս դերը փայլուն կատարելու համար: Դրամատուրգների մտքով էլ չէր անցնի նման գլխապտույտ շրջադարձեր` ասենք, իրենց երկրորդական հերոսներից մեկը բեմից հայտարարեր` մենք, որ օրենքներ ենք գրում, մեզ հետ պարոն Ծառուկյանն էլ է գրում, ինքն ամեն ինչից տեղյակ է, իսկ մի երրորդական հերոս բեմից բղավեր, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործություն արել է, անում է ու անելու է, շնորհակալություն ձեզ, պարոն Ծառուկյան: Կամ 64-րդական մի հերոս, որ չես էլ հասկանում` ինչ կապ ունի ԲՀԿ-ի հետ, ասեր` մենք կանք ու լինելու ենք ապագա խորհրդարանում: Կողքից էլ մեկ ուրիշը պարոն Ծառուկյանին զեկուցեր, թե ինքն ինչ է արել: Միով բանիվ, Երևանի ու Հայաստանի բոլոր թատրոնների բոլոր ռեժիսորները ու հատկապես դերասանները հետայսու բեմական վարպետությունը պետք է սովորեն ոչ թե թատերական ինստիտուտներում ու բեմի վրա, այլ` Բաղրամյան 19-ում: Մուտքն ազատ է: Այգին ձերն է: Դահլիճի իրավունք պիտի նվաճել:
Ինչու՞ է ԲՀԿ-ն այդպես խառնվել իրար:


Փաստացի երեկ խորհրդարանում ԲՀԿ-ն փորձեց իր ձեռքը վերցնել ստեղծված իրավիճակից դուրս գալու նախաձեռնությունը ու դուրս եկավ` նույնիսկ արժանանալով ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի շնորհակալությանը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 12-ին պատգամավորների նախաձեռնությամբ կհրավիրվի Աժ արտահերթ նիստ` օրակարգում ունենալով Ընտրական օրենսգրքի ընդունումը:
ՀՅԴ-ն ծանր ու մեծ հայտարարեց, որ հրաժարվել է միանալ ստորագրահավաքին, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրենց 3 առաջարկները չեն ընդունվել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այնուամենայնիվ, կրկնեց, որ եթե նախագիծը կրկին մտնի ԱԺ օրակարգ, իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի:
«Ելքը», բնականաբար» կողմ էր ու կողմ է քվեարկելու:


Երկուշաբթի օրը Նաիրա Զոհրաբյանը հավաստիացնում էր, որ իրենց խմբակցության գրանցված պատգամավորները մոտակայքում են ու արագ կվերադառնան, իսկ երեկ բացատրում էր, որ նրանք օբյեկտիվ պատճառներով չեն մասնակցել քվեարկությանը. «Նապոլեոն Ազիզյանը խիստ վատառողջ էր, ուղղակի նա շատ վատ վիճակում գնացել է տուն, Վարդան Ղուկասյանը, ենթադրելով, որ 5:30 քվեարկություն չի լինելու, արդեն Գյումրիում էր, և տեխնիկապես հնարավոր չէր, որ նա հասներ քվեարկության, պարոն Ծառուկյանը, ես ձեզ արդեն ասացի՝ Ազգային ժողովի դահլիճում էր և պիտի մտներ քվեարկության, իհարկե, մի քիչ ոչ հարմար արտահագուստով, ես եմ հորդորել, որ չմտնի՝ նշելով, որ միևնույն է ձայները բավարար չեն: Վստահեցնում եմ ձեզ, որ երկուշաբթի օրը մենք կունենանք ընդամենը մեկ բացակա՝ դա Հրանտ Մադաթյանն է, որը այս օրերին գտնվում է Ղրիմում»: Եվ ոչ ոք նրան չհարցրեց` եթե Նապոլեոն Ազիզյանը առավոտյան լավ էր, հետո ինչու՞ այդքան վատացավ, կամ` Վարդան Ղուկասյանը նիստի օրը ու նիստի ժամին, այն էլ այդքան կարևոր, ի՞նչ իրավունքով էր Գյումրի գնում, Հրանտ Մադաթյանն ինչու՞ է այս օրերին Ղրիմում: Գագիկ Ծառուկյանի պարագան ընդհանրապես չքննարկենք` մարդը տնից մարզահագուստով դուրս չի գալիս: Վատ բեմադրված ու անհամոզիչ միզանսցեն է: Մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զոհրաբյանը դա պարտավոր է զգալ ու հասկանալ: Հատկապես պաթոսով դատարկ աթոռներին դիմելիս, որ թափուր էին թողել ՀՀԿ-ականները: Իդեպ, չի բացառվում, որ նույն այդ ՀՀԿ-ականները երկուշաբթի օրը, հաշվելով ու պարզելով, որ Ընտրական օրենսգրի նախագիծն առանց իրենց ձայների էլ անցնում է` բացակա չլինեին ու դեմ չքվեարկեին: Համենայն դեպս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը տեղ թողնում էր, որ ՀՀԿ-ականները նաև ազատ քվեարկեին: Իվերջո` նրանք էլ իրենց ելույթներում ընդունում էին, որ օրենսգրքի փոփոխությունները շահեկան են իրենց համար` սկսած ռեյտինգայինը հանելուց (ռեյտինգայիններն առաջինը թռան ՀՀԿ-ից և ընտրակաշառքի բացառման պարագայում այս ընտրակարգը նախկին արդյունավետությամբ չի գործի), Աժ-ում ներկայացված նվազագույն կուսակցությունների թիվը 4 դարձնելուց (որ հնարավորություն է տալիս 2 տոկոսից ավելի ձայներով ԱԺ մտնել) մինչև ընտրագրավի գումարի իջեցում (օլիգարխներ Հայաստանում, պարզվեց, չկան, իսկ եթե չկան, կուսակցությունների ֆինանսավորումն էլ խնդիր է դառնում): Այնպես որ` անցած երկուշաբթի կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագծի տապալման պատիվը որքան ՀՀԿ-ինն է, նույնքան ՀՅԴ-ինը ու ԲՀԿ-ինը: Ավելորդ համեստությունը ոչ մեկին չի զարդարում: Ու չի բացառվում, որ հաջորդ երկուշաբթի նաև կամք ու խելք ունեցող ՀՀԿ-ականները կողմ քվեարկեն ԸՕ-ի նախագծին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչ բեմը` ինչ հանդիսատեսը: Ամենազավեշտալին սոցցանցերում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին ուղղված, մեղմ ասած, լուտանքներն էին` չափդ ճանաչիր ու կշիռդ իմացիր` սկզբունքով առ այն, որ նա հայտարարելով` «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Նիկոլ Փաշինյանին, կոչ էր անում նրան դեմ քվեարկել: Հայաստանի հպարտ քաղաքացիների ոչ ֆեյքային զայրույթը դուխով պոռթկացել էր: Լենա Նազարյանը, իհարկե, հանգամանալից բացատրել էր` ինչու, բայց ու՞մ է դա հետաքրքրում: Այստեղ ավարտվում է կատակերգությունն ու սկսվում է ողբերգությունը` պատգամավորների կերպարանափոխությունները ինչ-որ պատճառաբանություն ունեն ու հասկանալի են, թեև ընդունելի չեն, իսկ նրանց խոսքերին այդօրինակ արձագանքողների՞նը: Եվ նրա՞նք են անվանվում ժողովուրդ ու նրա՞նց է պատկանում իշխանությունը Հայաստանում: Այդ դեպքում ի՞նչ անուն ունի ամբոխը: Եվ ինչու՞ է անմահ ամբոխահաճությունը, երբ ժողովուրդը լուռ է: Սա արդեն նույնիսկ ֆարս չէ, սա դրամա է, որ գրում է այսօր Հայաստանը ինքն իր համար: Ու` ինքը չի կարդում:

Դիտվել է՝ 3174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ