Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստիճանների վրա` ընտրությունից առաջ ու պատմության մեջ

Աստիճանների վրա` ընտրությունից առաջ ու պատմության մեջ
25.10.2018 | 11:10

Երեկ Ազգային ժողովն առաջին քայլն արեց իր ինքնալուծարման ճանապարհին: Ինքնին հասկանալի էր, որ մթնոլորտը նման էր հանգուցյալի հոգեհանգստին, կիսադատարկ դահլիճ ու լուրջ դեմքեր: Այդ պատկերից կտրուկ առանձնանում էին միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, որ անբնական ուրախ էին ու անբնական գործունյա` հարցեր էին տալիս, ինքնագովազդով էին զբաղվում, շողոքորթում ու հաստատում էին` ԲՀԿ-ն չի հասկացել, որ այս ընտրություններում նշանակումներ չեն լինելու, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ է` ով ընտրվեց` ընտրվեց, ով չընտրվեց` չընտրվեց: Այնքան ինքնամոռաց էին իրենց ինքնամատուցման մեջ, որ Սերգեյ Բագրատյանը նույնիսկ բողոքեց, որ իշխանությունը իշխանություն ունի գործադիրում, բայց չունի օրենսդիրում ու դատական համակարգում: Մինչդեռ իր մեկժամանոց ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանրամատչելի բացատրել էր նաև, որ դատական իշխանությունը անկախ պիտի լինի: Բայց դրանք անկարևոր մանրամասներ են ԲՀԿ-ի կյանքից: Գերեզմանային լռություն էր ՀՅԴ-ում, նույնը` ՀՀԿ-ում, միայն Խոսրով Հարությունյանը խախտեց ՀՀԿ-ի լռության օմերտան ու ելույթ ունեցավ: «Ելքը» նույնքան անեռանդ ու անհավես պահպանում էր ընթացակարգը` տալով ոչ այնքան հարցեր, որքան հնարավորություն, որ վարչապետի իր թեկնածուն խոսի այն հարցերից, որոնց չէր հասցրել անդրադառնալ երկարատև ելույթում:


Իվերջո` Ազգային ժողովը 0 կողմ, 1 դեմ ու 11 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց Նիկոլ Փաշինյանին ու սոցցանցերում արագ տարածվեց նոր անեկդոտը` Աննան ասում է ամուսնուն` «Երկու երազ եմ տեսել, մեկը` լավ, մեկը` վատ»: «Պատմի տեսնեմ»` ասում է Նիկոլը: «Էսօր Ազգային ժողովը վարչապետի ուրիշ թեկնածու չառաջադրեց»` ասում է Աննան: «Բա վատը ո՞րն էր»` հարցնում է Նիկոլը ու ստանում պատասխանը` «Քեզ վարչապետ ընտրեցին»: Աննա Հակոբյանի լավ ու վատ երազների կատարման ու չկատարման մի հնարավորություն մնաց` մեկ շաբաթ հետո` արդեն նոյեմբերին, երբ Ազգային ժողովը կանի երկրորդ քայլը իր ինքնալուծարման ճանապարհին: Թվում է` ընթացքն արդեն պարզ է ու այլևս շոկեր կամ աֆտերշոկեր չեն լինի:


ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ վերջին համագործակցությանը իր հարվածը տվեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը` հոկտեմբերի 2-ին արտահերթ պարտիզանական նիստում ընդունած Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի փոփոխությունները ոչ թե վավերացրեց, այլ ուղարկեց Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել Սահմանադրության հետ առերևույթ հակասությունների հարցը: Դա ևս անակնկալ չէր: Հիմա արդեն Սահմանադրական դատարանին է հնարավորություն տրվում մտնել հեղափոխության մեջ` կամ սահմանադրական ճանաչել օրենքը` հաստատելով հավատարմությունը ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռամիասնությանը, որ արդեն չկա, կամ հակասահմանադրական` 7-րդ գումարման խորհրդարանին ազատելով փոփոխություններից, որ խանգարելու են ազատ գործել: Սահմանադրական դատարանը 3 ամիս ժամանակ ունի:


Բայց մինչև ինքնալուծարումը Ազգային ժողովը դեռ ևս մեկ սակրալ քայլ ունի կատարելու` հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստով նորից է քննարկվելու Ընտրական օրենսգիրքը: «Ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» սկզբունքով` ԲՀԿ-ն կամավոր ստանձնեց ու հավաքեց պատգամավորների ստորագրությունները` արտահերթ նիստ գումարելու համար: «Ելքը», բնականաբար, միացավ: ՀՅԴ-ն խռոված` մերժեց: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կառավարությունն իրենց 3 առաջարկները չի ընդունել ու ընդհանրապես ՀՅԴ-ն այն ուժը չէ, որին կարելի է թելադրել: Բայց` հանուն հեղափոխության, հաստատեց, որ նոր քննարկման ժամանակ ևս կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքին: ԲՀԿ-ի այսքան հերոսական ջանքերից հետո ենթադրվում է, որ երկուշաբթի Գագիկ Ծառուկյանը տնից մարզահագուստով դուրս չի գա ու նույնիսկ կգա ԱԺ, հիվանդները կապաքինվեն, ուղևորությունների մեկնածները աշխատանքի կգան ու ԲՀԿ-ն կքվեարկի ամբողջ կազմով: Ելքը` նույնպես: ՀՅԴ-ն արդեն խոստացել է: Մնում է ՀՀԿ-ն, որ ինչպես ինքն է հայտարարում` չունի մեծամասնություն և գոնե մեծամասնության մեջ հասկանում է, որ Ընտրական նոր օրենսգիրքը իր փրկօղակն է` Աժ մտնելու: Ճիշտ է` ռեյտինգային ընտակարգը կվերանա, բայց նոր իրավիճակում նույնիսկ ռեյտինգայինը առանց վարչական ռեսուրսի ու ընտրակաշառքի, մեծ առավելություն չի տալիս, փոխարենը կա կուսակցության համար ընտրական շեմի իջեցում, նվազագույնը ոչ թե 3, այլ 4 կուսակցությունների ներկայացվածություն, որ հնարավորություն է տալիս նույնիսկ 2 տոկոսից ավելի հավաքելու դեպքում մանդատ ստանալ, իջեցնում է ընտրագրավը ու 30 տոկոս դարձնում կանանց ներկայացվածությունը: Մնում է այդ ամենը հանրամատչելի բացատրել ՀՀԿ նախագահին: Սերժ Սարգսյանը բացահայտորեն կուսակցության նախագահից վերածվել է գերեզմանափորի` մինչդեռ ինքը չի ստեղծել ՀՀԿ-ն ու Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի կադրերին «շարքից հանելուց» հետո իր նորելուկներով ոչնչի չի հասնի նվազագույնը մեկ հնգամյակ: Եվ դա ՀՀԿ-ում շատ լավ գիտեն բոլորը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 105 պատգամավորից միայն Սամվել Ալեքսանյանը լսեց վարչապետի կոչը ու նրան դեմ քվեարկեց: Նա, ամենայն հավանականությամբ, հեռանում է քաղաքականությունից: Եվ չի բացառվում, որ նույնը անի Գագիկ Ծառուկյանը: Համենայն դեպս` Նիկոլ Փաշինյանը անորոշության տեղ չթողեց` հայտարարելով`
«Գործարարի ինչի՞ն է պետք գնալ Ազգային ժողով»: Ու հիմա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի գործարարները պիտի որոշեն` իրենց ինչի՞ն է պետք Աժ գնալը` ոչ օրենք են գրում, ոչ ելույթ են ունենում, ոչ նիստերի են գալիս, ոչ էլ հետայսու ԱԺ-ն լինելու է բիզնես անձեռնմխելիության վահան ու իրենց կոնկրետ շահերը սպասարկող կոնկրետ օրենքներ է ընդունելու: Նրանք մայիսից հետո հրապարակավ միացան հեղափոխությանը, իսկ հիմա ինչպե՞ս են վարվելու հեղափոխությնա հետ` վստահելու են ու գնան իրենց գործի՞ն, թե՞ փորձելու են վերահսկել իրենց բիզնես շահերի սպասարկումը խորհրդարանում: Գագիկ Ծառուկյանի պարագան ՀՀԿ-ի գործարարներից մեկ տարբերություն ունի` դատելով ԲՀԿ-ի ինքնամեծար հայտարարություններից` նրանք փայփայում են հույսը, որ 7-րդ գումարման ԱԺ-ի երկրորդ քաղաքական ուժն են լինելու ու քաղաքական դաշտում մնալու են պահեստայինի նստարանին, երբ Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը: Ահա այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը նորից ողջ հասակով կկանգնի «ժողովրդի կողքին»` հերթական ընտրություն լինի, թե արտահերթ: Բայց մի քանի «բայց» կա: Նախ` Նիկոլ Փաշինյանը, դատելով իր ելույթից, չի շտապում քաղաքականությունից հեռանալ: Նույնիսկ լուսավոր ապագա` կուսակցությունները գնում են անցյալի բեռով, իսկ ԲՀԿ-ն ստեղծման պահից եղել է այլևս մերժված համակարգի մասն ու ակտիվ գործող մասը, ուստի արմատական տրանսֆորմացիայի պիտի ենթարկվի` նոր համակարգում տեղ ունենալու համար: Դա նոր ու բոլորովին այլ կուսակցություն պետք է լինի` երկու: Եվ երրորդ` ո՞վ ասաց, որ ընտրողը այս խաղ-խարդավանքները չի տեսնում ու չի հասկանում ու պատրաստ է նորից ԲՀԿ-ին երկրորդը լինելու հնարավորություն տալ` փորձով իմանալով, թե ինչ է լինում հետո: Առավելևս, որ կա «Լույսը», որ բնավ մտադիր չէ, ինչպես Էդուարդ Շարմազանովն էր ձևակերպել` «գրպանային ընդդիմություն» լինել: «Լույսի» խնդիրը ներքին ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան է, որ չկա մյուս կուսակցությունների ծրագրերում` հասկանալի պատճառներով, իսկ դա անկախության ամրապնդման ու տնտեսության ռեալ զարգացման հեռանկար է բացում: Ի վերջո` ժամանակն է, որ արտահերթ ընտրությունների գնացող կուսակցությունները դադարեն մանդատի մասին մտածել ու փորձեն ծրագրել իրենց դերը քաղաքական դաշտում:

Դիտվել է՝ 3229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ