Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջոն Բոլտոն. ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում

Ջոն Բոլտոն. ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում
25.10.2018 | 19:25

«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ։


- Պարոն Բոլտոն, մենք գիտենք, որ Դուք հենց նոր հադիպեցիք Հայաստանի վարչապետի հետ։ Ինչո՞վ կարող եք կիսվել մեզ հետ, ի՞նչ է քննարկվել, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը նոր կառավարությունից։
- Քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ: Վարչապետին ասացի, որ սա ակնհայտորեն շատ ոգևորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխություններից հետո և դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ։ Երբ նման հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, միշտ հնարավորություններ է ընձեռվում՝ լուծելու խմդիրներ, որոնք նախկինում գուցե թվում էին դժվար լուծելի։ Բնականաբար, շատ խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Մինսկի խմբի հովանո ներքո ընթացող գործընթացի մասին, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարևոր դերի մասին, խոսեցինք Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի մասին։ Ես շեշտեցի, որ ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում: Մենք կուզենանք տրամադրել այն աջակցությունը, որ կարող ենք, նաև որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որպեսզի կարողանանք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի՝ երկու կողմից էլ ընդունելի լուծմանը: Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաև ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որ ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում:
- Ձեր նոր արած մեկնաբանության վերաբերյալ մի ճշտող հարց. ինձ թվում է, որ նրա վարկանիշը շատ բարձր է։
- Ես նրան հարցրել եմ՝ ո՞րն է նրա գաղտնիքը։
- Պատրաստվու՞մ եք օգնել այս նոր կառավարությանը հզորացնել ժողովրդավարական հաստատությունները ու, գուցե, որոշ ամերիկյան ներդրումներ ներգրավվել Հայաստան։ Կա՞ն կոնկրետ առաջարկություններ: Կարող ե՞ք պատմել ։
- Այո, մենք խոսեցինք կոնկրետ Հայաստանում ամերիկյան ուղիղ ներդրումների ավելացման հեռանկարի մասին։ Ասացի նրան և նրա խորհրդականներին և ավելի վաղ կայացած հանդիպումների ժամանակ՝ ԱԳ նախարարին, ՊՆ նախարարին, ազգային անվտանգության խորհրդականին, որ ամերիկահայերի համայնքը շատ ուժեղ է և ես կարծում եմ, որ ավելի սերտ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարը հենց մասնավոր հատվածում է, ինչն ավելի լավ է երկարաժամկետ հեռանկարի համար, քան կառավարությունից կառավարություն տրամադրվող աջակցությունը։ Այնպես որ, կան մի քանի բաներ, որ մենք ուզում ենք դիտարկել այնտեղ, և հուսով եմ, որ կկարողանանք ինչ-որ բան սկսել, որովհետև կարծում եմ, որ Հայաստանը որքան ավելի շատ է բաց արտաքին աշխարհի համար և չի սահմանափակվում իր սահմաններով՝ հատկապես ինտերնետի դարում, հնարավոր կլինի հաղթահարել սահմանների հետ կապված որոշակի խնդիրներ, և գուցե ամերիկյան ներդրումները դա դյուրացնելու հնարավոր եղանակ լինեն:
- Պարոն Բոլտոն, կուզենայի Ձեզ մի փիլիսոփայական մի հարց ուղղել, քանի որ ինքս ձեզ փիլիսոփա կհամարեի: Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության վերաբերյալ։ Արդյո՞ք այն ապագա ունի։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի այս տարածաշրջանում, և կան որոշակի մտահոգություններ՝ կապված տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի, Վրաստանի և այլ պետությունների ինքնիշխանության հետ։
- Կարծում եմ, որ առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է։ Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու ԱՄՆ-ի և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։
- Հարցս վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը: Գիտենք, որ անվտանգության առումով Ռուսաստանը այստեղ մեծ խաղացող է։ Բայց որո՞նք են այլընտրանքները տարածաշրջանի երկրների համար։ Դա ՆԱՏՕ-ի անդամակցությո՞ւնն է, ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ հարաբերությունները, թե ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցություն: Որո՞նք են այդ այլընտրանքները։
- Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թվում զենքի վաճառքի բնագավառում։ Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ:
- Դա կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ...
- Այո, հակամարտության պատճառով։ Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է Թրամփի վարչակազմի համար։
- Մյուս կողմից մենք շրջապատված ենք երկրներով, որոնք մինչ օրս բլոկադայի են ենթարկում Հայաստանը։ Ադրբեջանի հետ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով է: Թուրքիան նույնպես, քանի որ շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, շրջափակման մեջ է պահում Հայաստանին: Իրանը մեր ամենամեծ հարևանն է, բայց ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում: Ռուսաստանը նույնպես պատժամիջոցների թիրախ է, բայց Ռուսաստանը մեծ շուկա է, այդ թվում աշխատուժի շուկա է Հայաստանի համար: Որո՞նք են Հայաստանի տարբերակները այստեղ:
- Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները: Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ նա չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից և շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարեւոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի:
- Դուք օրերս հանդիպեցիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ողջ աշխարհը ձեր հանդիպման կադրերն էր ցուցադրում, դուք ծիծաղում էիք այնտեղ: Ինչպե՞ս ընթացավ այն հանդիպումը: Արդյո՞ք կա առաջընթաց ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից, թե՞ պատժամիջոցները լրիվ ուժով կկիրառվեն:
- Մենք քննարկել ենք մի շարք հարցեր: Դա նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև Հելսինկիում կայացած հանդիպմանը հաջորդող հանդիպում էր: Օգոստոսին հանդիպեցի իմ ռուս գործընկերոջը Ժնևում: Այս այցը վերադարձ Մոսկվա էր, ուստի ես հնարավորություն ունեցա հանդիպելու նաև ԱԳ և ՊՆ նախարարների և իհարկե, Պուտինի հետ, և մենք մեկուկեսժամյա քննարկում ունեցանք: Դա շատ պրոֆեսիոնալ, շատ ծավալուն քննարկում էր: Նախագահ Պուտինն ինքն է սպառազինությունների վերահսկման փորձագետ: Այնպես որ մենք երկար քննարկում ունեցանք «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի և նախագահ Թրամփի կողմից հնչեցված ԱՄՆ-ի` այս պայմանագրից դուրս գալու պատճառները: Խոսեցինք սպառազինությունների վերահսկման այլ պայմանավորվածությունների, երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների մասին: Անդրադարձանք Մերձավոր Արեւելքում համակամարտություններին, Իրանի և Հյուսիսային Կորեայում միջուկային ծրագրի մի շարք ասպեկտներին: Կարծում եմ՝ դրանք օգտակար են, որովհետեւ ես համոզված եմ, որ Ռուսաստանը իր արտաքին քաղաքականությունը վարում է իր ազգային շահերի հիման վրա: Եվ ես կարծում եմ, որ մենք հաջողության ենք հասնում Ռուսաստանի հետ, երբ երկու կողմերն էլ անկեղծ են իրենց ազգային շահերի վերաբերյալ: Երբեմն մենք պարզապես համաձայնության չենք հասնի: Սակայն մեկ այլ ժամանակ, երբ խոսենք այս խնդիրների մասին, կկարողանանք:
Այնպես որ, հուսով ենք, որ երկու նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում՝ Զինադադարի շքերթի ժամանակ (նոյեմբերի 11-ին): Կան այլ հնարավորություններ: Ես նախագահ Պուտինին նախագահ Թրամփի հրավերն եմ փոխանցել՝ այցելելու Վաշինգտոն:
- Մենք գիտենք, որ Ձեր կինը աշխատել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում, և Դուք ինչ-որ տեղ նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ընտանիքի մի մասն եք։ Ի՞նչ գիտեք «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մասին: Մեր առաքելության մասին ի՞նչ կարծիք ունեք:
- Կարծում եմ՝ այսօր այդ առաքելությունը շատ-շատ առումներով մնում է կարևոր։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի շատ միջոցներ հատկացնել դրան: Շատ կարևոր է տեղեկատվություն տալ, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը տարբեր խնդիրների վերաբերյալ, պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունենում ԱՄՆ-ում և ինչպես է ազդում աշխարհի այլ մասերի վրա: Մենք շատ երկրներում այլ պետությունների կողմից տարվող շատ ակտիվ քարոզչական արշավների ենք ականատես լինում: Դա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանինը չէ: Այն ամերիկյան լրատվամիջոցների ոգով է ներկայացնում պատմության բոլոր կողմերը: Եվ դա մեր պետության էությունն է: Եվ կարծում եմ՝ «Ազատությունը» ողջ աշխարհին ցույց է տալիս, որ մենք քննարկումներից չենք վախենում, բայց վճռական ենք քարոզչության դեմ պայքարելու հարցում:

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ