Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նորից ունենալու ենք ամբողջովին մեկ ուժից կախված օրենսդիր մարմին»

«Նորից ունենալու ենք ամբողջովին մեկ ուժից կախված օրենսդիր մարմին»
26.10.2018 | 00:56

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ եթե բոլորովին այլ որակի իշխանություն է ձևավորվում, դրան զուգահեռ նոր որակի ընդդիմություն պետք է առաջանա: Ըստ նրա՝ ընդդիմադիրի այդ բեռն այժմ իր վրա է ցանկանում վերցնել հանրապետական կուսակցությունը, որը, երկար ժամանակ լինելով իշխանություն, վերջապես հնարավորություն ունի զգալու ընդդիմադիր լինելու համը: Մեզ հետ զրույցում ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ասաց, թե համաձայն չէ այն մտքի հետ, որ ՀՀԿ-ն իսպառ պետք է վերանա քաղաքական դաշտից. դա առնվազն ռեալ չէ, իսկ ասածի վառ օրինակը ՀՀՇ-ի վերելքը, անկումն ու մինչ օրս գոյություն ունենալն է:

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին կամ 2018-ի ապրիլ-մայիսին անցկացնելու երկու տարբերակներն էլ հավասարապես ընկալելի են ինձ համար,- ասաց տիկին Ալավերդյանը։- Առկա դրական ու բացասական փաստարկները կարելի է նժարին դնել ու տեսնել, որ երկու տարբերակի համախոհներն անվերջ կարող են վիճել այդ հարցի շուրջ: Անշուշտ, միջազգային փորձն ասում է, որ ինչքան էլ քիչ փոփոխություններ անես օրենսգրքում, միևնույնն է՝ այն պետք է կիրառես ընդունելուց հետո նվազագույնը մի քանի ամիս կամ մեկ տարի անց: Մյուս կողմից էլ, իշխանության եկած ուժը տարբեր հիմնավորումներից զատ մտահոգություն ունի, որ եթե հետաձգվեն ընտրությունները, ապա մինչև մայիս կարող են ձայների մեծ մասը կորցնել: Անկեղծ ասած, ես այդ կարծիքին չեմ, քանի որ մենք նախադեպն ունենք, երբ իշխանության ներկայացուցիչները տարիներ շարունակ կարողացել են պահպանել այդ հրապուրանքը: Մեր ազգը զգայական է, հրապուրանքը երկար ժամանակ չի նահանջի: Անգամ այն սխալները, որոնք կարող են գործել նոր կառավարիչները, իշխանափոխությամբ հիացած մարդկանց դեռ երկար ժամանակ չեն հիասթափեցնի: Հակառակը, հավանական բոլոր սխալները կվերագրվեն հեղափոխությանը դիմադրող ուժերին:
Այդ ենթադրութամբ՝ եթե ընտրությունները մայիսին կայանային, ապա գործող իշխանությունները կարող էին ասել նաև, թե ամեն բան արել են միջազգային պրակտիկայի համաձայն՝ քաղաքական դաշտի մյուս թիմերին նույնպես քննարկելու և պատրաստվելու ժամանակ տրամադրելով:
Այժմ ես նկատում եմ, որ կատարվում է ժողովրդի ակտիվ մասի ուղղորդված կամքի թելադրանքը, ու նոր իշխանությունները ակամա նպաստում են նոր ընդդիմության կերտմանը: Իշխանությունների ակնհայտ շտապողականությունն ու ժողովրդի ակտիվ մասի ճնշումն ի գործ դնելն արագացնում են ընդդիմադիր դաշտի ձևավորման գործընթացը:
-Շտապողականությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ հենց իշխանության մեջ ընդդիմություն առաջանա:
-Ըստ իս՝ մեզ սպասում են բուռն զարգացումներ պառլամենտից դուրս։ Ինչու: Իշխող նոր քաղաքական ուժը հեղափոխությունը տարածում է ընդլայնման ճանապարհով, ոչ թե այն խորացնելով: Բայց այդ խորությունը ապահովվում է ոչ թե թե ցուցադրական, պարզունակ գործողություններով կամ հռչակագրային բնույթի կուսակցական հայեցակարգերով ու հայտարարություններով, այլ աշխարհաքաղաքական օրակարգի ձևավորման և անընդմեջ փոփոխվող հասարակական ու իրական պահանջների ներքո: Պահանջված այդ խորությունը ապահովող ուժերը ձևավորվելու են հիմնականում պառլամենտից դուրս, քանի որ իրապես նոր ընդդիմության ձևավորման ու քաղաքական նոր մշակույթի համար ժամանակ է պետք:
Հեղափոխությունն ընդլայնելու ցանկությունը կարելի բացատրել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավներին վարչապետի անմիջական մասնակցությամբ: Միանում եմ վարչապետին և ողջունում Կապանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Բայց երբ գործող վարչապետը հայտարարում է, որ կառավարությունը չպետք է խառնվի ու չի խառնվել ընտրություններին, իմ մեջ տպավորություն է ստեղծվում, թե նա թերագնահատում է իր զբաղեցրած պաշտոնը: Նա կառավարության անդամ է, ու իր մասնակցությունը քարոզարշավին կառավարության ընդգրկումն է այդ գործընթացներին:
-Նույն ձևով նաև ՀՀԿ-ն էր ուզում նույնիսկ ամենափոքր գյուղում իր համայնքապետն ունենալ:
-Բոլորը գիտեն, որ իշխանություն վերցնելը երբեմն այնքան դժվար չէ, որ քան հետագայում իշխանություն պահելը: Նոր իշխանությունները, հնարավոր է, փորձ չունենալու պատճառով է, որ առաջնորդվում են նախկինների գորճելաոճով: Փաշինյանի ուղղակի մասնակցությունն ընտրություններին, անգամ այդպիսի ներգրավումն արգելող պոզիտիվ իրավունքի գրավոր նորմի բացակայության պայմաններում, աննախադեպ է քաղաքական պրակտիկայում: Այո, բոլոր հին ու նորագույն մեթոդներն օրինականացվելու ու գործի են դրվելու, որպեսզի կառավարման բոլոր օղակներում լինեն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, և, ամենայն հավանականությամբ, մենք նորից ունենալու ենք ամբողջովին մեկ ուժից կախված օրենսդիր մարմին:
Տարօրինակ եմ համարում նաև «Ելքի» ներկայացուցիչների հայտարարությունները առ այն, որ նրանք կողմ են պառլամենտում կայուն մեծամասնություն ունենալուն, իսկ դա փաստում է, որ «Ելքն» ամբողջովին պաշտպանում է մեկ ուժի մենաշնորհային իշխանության գաղափարը՝ խուսափելով իրական պառլամենտարիզմից: Նայենք Գերմանիայի օրինակը, թե ինչ դժվար ճանապարհ է անցնում քաղաքական դաշտը կառավարություն ձևավորելիս, բայց ինչքան ուժեղ է այնտեղ պառլամենտական համակարգը:
-Այսինքն, նոր իշխանությունը նույնպես ուզում է ունենալ կայուն երկու երրորդը, այն էլ՝ մեկ քաղաքական ուժով:
-Ցավոք, այո: Եվ ես չեմ կարող չնշել «Ելքի» մյուս երկու ուժերի տարօրինակ հայտարարությունը, երբ ասում են, թե «այն, ինչ ձեռք է տալիս վարչապետին, ձեռք է տալիս նաև մեզ»: Դա ևս վկայում է առկա քաղաքական մշակույթի ոչ պատշաճ մակարդակի մասին: Ես, ջատագովը լինելով ներքաղաքական ու հասարական դաշտի արմատական փոփոխությունների, ամեն անգամ հորդորում եմ բոլորին վերանայել իրենց հռետորաբանությունը: Քաղաքական ուժերը պարտավոր են խոսել ու օգտագործել այն հռետորաբանությունը, որն իրենց դրականորեն կտարբերի նախորդներից, ու հենց հեղափոխության ջատագովներն ու իրապես իրավական պետության կայացման համար պայքարող հանրությունը քաղաքական ուժերից պետք է պահանջեն վերանայել հռետորաբանությունն ու գորճելաոճը:
-Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը չընդունվեց խորհրդարանում, և այդ իրողությունն իշխանությունները, այսպես ասած, թեթև տարան: Փաշինյանը ո՛չ հանրահավաք հրավիրեց, ո՛չ կտրուկ քննադատեց, այլ ասաց, որ ինչ գնով էլ լինի, նույնիսկ գործող ԸՕ-ով դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրությունների գնալ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ դա նաև իրենց շահերից է բխում:
-Կարող ենք ենթադրել, այո, որովհետև նոր կառավարիչներն իրենց համար բացահայտում են այն ռեսուրսը, որն առկա է գործող օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ: Քաղաքական մենաշնորհները վտանգավոր են նրանով, որ իշխանության ձեռքում են որոշում ընդունելու լծակները, ինչն էլ պատճառ է դառնում, որ իշխանություններն արագ յուրացնեն զբաղեցրած դիրքն ամրապնդելու բոլոր, այդ թվում նաև բացասական, հնարքները:
Եկեք խոստովանենք նաև, որ նորերի համար առայժմ լսելի չեն հմուտ մասնագետների ու փորձագետների կարծիքները, որ կարող էին օգտակար լինել ինչպես Ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ, այնպես էլ վաղուց սպասված այլ նորմատիվային ակտերում փոփոխություններ մշակելիս: Պետք է հասկանանք, որ մեր երկրում առկա է այնպիսի մասնագիտական, փորձագիտական ու բարոյական ներուժ, որից նոր իշխանություններն առայժմ չեն օգտվել, այնինչ դրա ներգրավումը կառավարման ոլորտում շեշտակիորեն կբարձրացներ հայտարարված փոփոխութունների արդյունավետությունը:


Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ