Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի վերջո համաշխարհային միտումների բարիկադի ո՞ր կողմում է վարչապետը

Ի վերջո համաշխարհային միտումների բարիկադի ո՞ր կողմում է վարչապետը
26.10.2018 | 01:02

Հայաստանյան հասարակության, լրատվական և քաղաքական դաշտի ուշադրությունն առաջիկա շաբաթներին, հասկանալի պատճառով, սևեռված է լինելու դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նոր ընտրական օրենսգրքի ընդունման շուրջ ինտրիգի և ընտրական այլ գործընթացների վրա։ Հայաստանյան հանրությունն այս իրադարձությունների հետ է կապում երկրի հետագա զարգացման հույսերը:


Հետաքրքիր է, սակայն, որ մեր դեկտեմբերյան ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում տեղի են ունենալու ընտրություններ, որոնք, թերևս, կարող են առանցքային նշանակություն ունենալ համաշխարհային քաղաքական զարգացումների ու հեռանկարների վրա: Այսօրվա միջազգային թրենդների պարագայում այդ քվեարկությունը գուցե նաև ավելի կարևոր խորհուրդ ունի, քան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները։ Խոսքը, անշուշտ, ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մասին է, ինչը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ միջազգային գործընթացների և, ամենակարևորը, համաշխարհային կառավարող վերնախավերի միջև գլոբալ պրոցեսների հանդեպ ազդեցության մակարդակի վերաբաշխման վրա։ Բնականաբար, ուզենք թե ոչ, այդ ամենն անմիջականորեն ազդելու է նաև հայաստանյան իրադարձությունների վրա։


ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններով լուծվում է համաշխարհային միտումների առումով բավականին կարևոր մի հարց։ Այսօր բավականին լուրջ պայքար է ընթանում, այսպես կոչված, գլոբալիստների և ԱՄՆ-ում այժմ իշխանության ղեկին կանգնած Դոնալդ Թրամփի միջև, որը ներկայացնում է կառավարող վերնախավի այն հատվածը, որն ընդունված է դիրքավորել որպես նեոպահպանողականներ: Ընտրություններից հետո պարզ կդառնա, թե այսօր դեռևս թիվ մեկ գերտերությունում՝ ԱՄՆ-ում, նեոպահպանողականները կկարողանա՞ն պահպանել իշխանությունը, ամրապնդել այն, թե՞ գլոբալիստները ոչ միայն ռևանշ կվերցնեն, այլև փոփոխություն կմտցնեն վերջին տարիներին արձանագրված որոշակի համաշխարհային միտումներում։


Մեր պարագայում օվկիանոսից այն կողմ տեղի ունենալիք ընտրությունը, թերևս, կարևոր է այն առումով, որ Հայաստանում գլոբալիստներն ուղղակիորեն ասոցացվում են հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ։ Վերջինս, ինչպես հայտնի է, գլոբալիստական գործընթացի ազդեցիկ դեմքերից մեկն է և կատաղի պայքար է մղում Թրամփի վարչակազմի դեմ։ Գաղտնիք չէ, որ թե՛ Թրամփը, թե՛ նրա վարչակազմի առանցքային գործիչները Սորոսին համարում են նույնիսկ անձնական թշնամի, և համաշխարհային բոլոր գործընթացները՝ հեղափոխություններ, ներքին խժդժություններ և այլն, որոնք տեղի են ունենում Սորոսի ֆինանսավորմամբ, մեծ կասկածանքով են ընդունվում այսօրվա ԱՄՆ-ի վարչակազմի ու նրա թիկունքում կանգնած նեոպահպանողական համաշխարհային ուժերի կողմից։ Այս առումով զարմանալի չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները, ինչպես վերջերս Նիկոլ Փաշինյանն էր իր հարցազրույցներից մեկում նշել, առայժմ սառը վերաբերմունք են ցուցաբերում ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։ Սա վարչապետի պաշտոնակատարի կողմից փաստի արձանագրում է, որը շատ նման է կիսաճշմարտության։ Ճշմարտության մյուս մասի վերաբերյալ չի բարձրաձայնվում և չի նշվում, թե ինչու է նման սառնություն առաջացել, և ինչու է ամերիկյան վարչախումբը նման կրավորական կեցվածք ընտրել հայաստանյան նոր իշխանությունների նկատմամբ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ թե՛ Սպիտակ տանը, թե՛ աշխարհաքաղաքական այլ կենտրոններում արձանագրել են, որ ՀՀ թավշյա գործընթացներում մեծ դերակատարում են ունեցել այն քաղաքական հոսանքներն ու ուժերը, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի հիմնադրամներից։
Մեզ մոտ ընդունված է Սորոսի հետ կապված քաղաքական գործընթացների քննադատության սլաքներն ուղղել միայն դեպի Ռուսաստան, որի վերաբերմունքը Սորոսի և նրա կողմից ֆինանսավորվող կառույցների նկատմամբ հայտնի է։ ՈՒշագրավ է, որ Ռուսաստանում ընդհանրապես արգելված է սորոսյան հայտնի՝ «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեությունը։


Ռուսական հակասորոսականությունն իհարկե հայտնի է, սակայն այսօր ավելի կարևոր է Թրամփի վարչակազմի և քաղաքական այն ուժերի վերաբերմունքը Սորոսին, որոնք իրականում կանգնած են Դոնալդ Թրամփի հետևում։ Որքանո՞վ են ամերիկյան զարգացումներն ազդելու հայաստանյան իրադարձությունների վրա։ Բանն այն է, որ հեղափոխության առաջին իսկ օրերից ՌԴ-ում հասկացնում էին, որ պաշտոնական Մոսկվան առանձնապես շատ չի անհանգստանում ՀՀ-ում իշխանության փոփոխմամբ, քանի որ համարում է, որ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն դժվար թե տեղի ունենա՝ առաջին հերթին ելնելով Հայաստանի շահերից։ Այնուամենայնիվ, փաստ է, որ Մոսկվան մտահոգված է Սորոսի կողմից ֆինանսավորվող ուժերի ակտիվությամբ, քաղաքական գործընթացների մեջ ներգրավմամբ, հետագայում նաև իշխանության առանցքային օղակներում նրանց նշանակմամբ։ Այս մասին նույնիսկ տեղեկատվական արտահոսքեր էին արվում, թե ամենաբարձր մակարդակի հանդիպումներում անգամ, ներառյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշվում է, որ Փաշինյանի ու նոր իշխանությունների հետ հարաբերությունները պայմանավորված են լինելու Սորոսի կադրերի մաքրման պատրաստակամությամբ։ Եվ այդ նույն տեղեկատվական արտահոսքերում Փաշինյանը միշտ արձագանքել է, որ խնդիրներ այս համատեքստում անշուշտ կան, քանի որ հեղափոխական մեծ թիմում սորոսյան թևի ակտիվիստներն իրենց ավանդն ունեցել են, և որոշակի պարտավորություններ կան այդ կադրերի նկատմամբ։ Սակայն միաժամանակ նաև արձանագրվել է, որ ԱԺ առաջիկա ընտրություններից հետո, երբ այլևս որևէ քաղաքական հոսանքի որևէ բանով պարտական չի լինի, կադրային հարցը կլուծվի։ Եվ Ռուսաստանը կարծես թե բավականին համբերատար սպասում է արտահերթ ընտրություններին ու ՀՀ ապագա կադրային նշանակումներին։ Իհարկե, շատ դեպքերում նույն ՌԴ-ն փորձում է առաջ գցել զարգացումները, ինչպես դա տեղի ունեցավ հայտնի սորոսական և վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանի դեպքում, երբ վերջինս հեռացվեց պաշտոնից։ Ի դեպ, Արսեն Խառատյանին է վերագրվում Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ կապված պատմությունը, որը ոչ միանշանակ արձագանք ստացավ ՀԱՊԿ անդամ երկրներում և հատկապես Ռուսաստանում։


Հակասորոսական պայքարում ակտիվացել է նաև ԱՄՆ-ը։ Թրամփի ոչ պաշտոնական խորհրդատու և ազդեցիկ գործչի համբավ ունեցող Ռուդոլֆ Ջուլիանիի այցն այս առումով շատ հատկանշական է. Ջուլիանին համարվում է հակասորոսյան շարժման գաղափարախոսներից մեկը։ Շատ հետաքրքիր է, որ Ջուլիանին Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ասել է թե՝ կրեմլյան կառույցների կազմակերպած Եվրասիական շաբաթի շրջանակներում։ Սա շատ հետաքրքիր արձանագրում է, որը հուշում է, որ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան նեոպահպանողական ուժերը կարծես ընդհանուր եզրեր են գտել, ընդ որում ոչ միայն եվրասիական թեմայի, այլև Հայաստանում կատարվող ինչ-ինչ գործընթացների շուրջ։


ՈՒշագրավ է, որ Ջուլիանին թեև մասնավոր այցով էր Հայաստանում, սակայն բավական հետաքրքիր հանդիպումներ է ունեցել, այդ թվում` անվտանգության համակարգի պատասխանատուների և ՀՀ պաշտպանության նախարարի հետ։ Սա հուշում է, որ Ջուլիանիի միջոցով ՀՀ իշխանություններին որոշակի ուղերձներ են հղվել։ Նման առաքելություն ունի, թերևս, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի այցելությունը Հայաստան։ Վերջինս նույնպես փորձելու է հասկանալ՝ ի վերջո Փաշինյանն ինչ քաղաքականություն է պատրաստվում վարելու՝ Հայաստանը ինքնուրույն քաղաքականությու՞ն է որդեգրելու, թե՞ փորձելու է տեղավորվել գլոբալիստների քաղաքական նախագծերում, այդ թվում պահպանելով Սորոսի ազդեցությունը Հայաստանում։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ-ի առջև դրվելու են պայմաններ, որ ԱՄՆ-ն ավելի կառուցողական ներդրումային քաղաքականություն կվարի Հայաստանում, եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիկունքին կանգնած ուժերը ի վերջո կողմնորոշվեն, թե որ աշխարհաքաղաքական ուղղության կողմնակիցն են՝ շարունակու՞մ են Սորոսին ապավինել, թե՞ ոչ։ Ջուլիանիի և Բոլթոնի այցերն այս տեսակետից բավականին առանցքային են ու խոսուն։
Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ այս հարցում Կրեմլի և Սպիտակ տան տեսակետները լիովին համընկնում են։ Նեոպահպանողական երկու ուղղությունների թիրախում Ջորջ Սորոսն է, որը Հայաստանում որոշակի ազդեցություն ունի, և, ամենայն հավանականությամբ, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ՌԴ-ին ՀՀ նոր իշխանությունների կողմից տրվել են որոշակի երաշխիքներ, որ ընտրություններից հետո սորոսյան կադրերը տեղ չեն զբաղեցնի կարևորագույն պաշտոններում։ Այս առումով պատահական չեն լրատվական արտահոսքերն այն մասին, թե բավականին լուրջ տարաձայնություններ են սկսվել գործող իշխանության բազմաշերտ թիմում։


Ըստ էության, համաշխարհային միտումները կոտորակվում են նաև հայաստանյան իշխանության ներսում։ Պատահական չէ, որ անընդհատ բարձրաձայնվում է, թե Փաշինյանը կթեթևացնի բազմաշերտ իր կառավարությունը և շատ կադրերի, որոնք ասոցացվում են Սորոսի անվան հետ, կուղարկի խորհրդարան, իսկ կառավարությունում կլինեն և՛ նորերը, և՛ ժամանակին բարիկադի հակառակ կողմում կանգնած մարդիկ, որոնք, սակայն, կարող են արդյունավետ աշխատել և ընդունելի են աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների կողմից։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ