Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանը` նախընտրական շտաբ

Հայաստանը` նախընտրական շտաբ
26.10.2018 | 01:05

Երբ Բեռլինի վեհաժողովից տրտմած ու ձեռնունայն վերադարձած Խրիմյան Հայրիկին հարցրին, թե ինչն էր պատճառը, որ ոչինչ չստացվեց, սրբազանը պատասխանեց.
«ՈՒրիշ ժողովուրդներ այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր»:


Մոտ երկու դար է անցել այդ ժամանակվանից, բայց աշխարհն այսօր էլ, մի տեսակ, չի դադարում «Բեռլինի վեհաժողով» լինելուց, որտեղ ամեն մեկն իր երկաթե շերեփն առած՝ ճաշակում է այն, ինչ ցանկանում է, կամ այն, ինչ հնարավոր է:
Աշխարհում, մասնավորապես մեր տարածաշրջանում, շատ կարևոր քաղաքական զարգացումներ են տեղի ունենում: Հարևան պետություններն արագորեն նոր ձեռքբերումներ են գրանցում դիվանագիտական ու տնտեսական ասպարեզում:
Իսկ մենք ի՞նչ ենք անում, ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում տնտեսական կոլապսից դուրս գալու համար: Բառացիորեն ոչինչ:


Գաղտնիք չէ, որ մեր թիվ մեկ կարևորագույն խնդիրն Արցախն է (չնայած առանց Նախիջևանի դժվար է լինելու որևէ բան ձեռնարկել), որի լուծումն արդեն երեք տասնամյակ, անդառնալի կորուստներ պատճառելով, ձգձվում է: Մինչ օրս դիվանագիտական սեղանի շուրջ ձեռք չենք բերել որևէ շոշափելի փաստաթուղթ, որով կարելի է մեկ քայլ առաջ գնալ հակամարտության կարգավորման հարցում: Իհարկե, սխալ կլինի մտածել, որ Ադրբեջանը ձեռք է բերել կամ հնարավորություն ունի ձեռք բերելու նման փաստաթուղթ, բայց նա զինվում է և շատ լուրջ է զինվում: Չկարողանալով դիվանագիտության ասպարեզում գտնել Արցախ տանող որևէ «կածան», նա ամեն վայրկյան զինվում է: Ռազմական բախման հանգուցալուծումը պարզ է, Ադրբեջանը պարտվելու է, բայց իր կուտակած զենքի ողջ պաշարը մի օր, ուզենք, թե չուզենք, օգտագործելու է:


Օրերս հանրությանը հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ստեղծվել է «օպերատիվ կապ»: Թե ի՞նչ է այն, դժվար է ասել: ՈՒղղակի հարց է ծագում՝ ո՞րն է այդ օպերատիվ կապի բնույթը: Ասենք, եթե Տավուշի մարզում իր այգում աշխատող գյուղացուն կամ բակում խաղացող երեխային ադրբեջանցի դիպուկահարը թիրախավորում է, կամ շփման գծի որևէ հատվածում ջրի գնացած զինվորի ուղղությամբ կրակ են բացում, Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ օպերատիվ կապի միջոցով Իլհամ Ալիևին խնդրել կամ պարտադրել, որ դադարեցվեն սադրանքները: Ավելին, բացասական պատասխան ստանալու դեպքում հնարավոր կլինի՞ Բաքվի խանին «պառկացնել ասֆալտին» կամ «ծեփել պատին»:
Ցավալի է, որ հիշյալ օպերատիվ կապի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը: Քարոզչական դաշտում էլ նույն պատկերն է: Հոկտեմբերի 23-ին ադրբեջանական մամուլը տեղեկություն տարածեց այն մասին, որ Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ Գաել Պերդրիոն հայտնվել է սև ցուցակում, որովհետև, իրենց ձևակերպմամբ, «այցելել է հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի մարզ»: Նույնը օրն ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, խոսելով արցախյան խնդրի մասին, մի քանի անգամ ընդգծված շեշտեց «օկուպացիա» բառը: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին, ռուս պատմաբան, քաղաքագետ Օլեգ Կուզնեցովը, որը վատ հարաբերություններ չունի ադրբեջանցիների հետ, իր ոչ այնքան հայանպաստ ելույթի ընթացքում Գարեգին Նժդեհին անվանեց ֆաշիստ, նացիստ, հանցագործ, իսկ նրա արձանների տեղադրումը՝ օրենքի կոպիտ խախտում:


Հետաքրքիր է՝ ի՞նչ բովանդակությամբ օպերատիվ պատասխան է հնչեցրել պաշտոնական Երևանը: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ «օպերատիվ կապ» հաստատեր Իլհամ Ալիևի հետ, և կոչ աներ նրան, որ իր կառավարության անդամներին կարգի հրավիրի: Եղե՞լ է արձագանք: Պատասխանը բացասական է:
Եթե ոչ վարչապետը, ապա գոնե ԱԳ կամ պաշտպանության նախարարը պարտավոր էին արձագանքել Օլեգ Կուզնեցովի հայտարարությանը, բայց ո՛չ այն եղավ, ո՛չ այն: Իսկ ի՞նչ եղավ:
Ցավալի է, բայց այս և այլ պատասխանատու պահերին Երևանում բոլորն զբաղված էին և հիմա էլ զբաղված են աթոռակռվով: Հենց նմանատիպ աթոռակռվի պատճառով 1993 թ. Ադրբեջանը ճակատում անսպասելի պաշտպանական ճաք տվեց, որն էլ չվրիպեց հայկական ուժերի աչքից:
Այսօր միջազգային հարթակներում թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի առաջն առնելու փոխարեն, Երևանում բացահայտ տուն-տունիկ են խաղում, որն սկսվել է սույն թվականի ապրիլ ամսից և շարունակվում է մինչ օրս:


Նման քաղաքական զարգացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ երկիրը վերածվել է մի մեծ նախընտրական շտաբի, ժողովուրդն էլ բաժանվել է «սևերի» ու «սպիտակների», ու խաղացվում է մի պարտիա, որի էնդշպիլը ոչ մի լավ բան չի խոստանում:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ