«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«Ինչպես ցեցը վնասում է հագուստին, և որդը` փայտին, այնպես էլ տրտմությունն է վնասակար մարդու սրտին»

«Ինչպես ցեցը վնասում է հագուստին, և որդը` փայտին, այնպես էլ տրտմությունն է վնասակար մարդու սրտին»
26.10.2018 | 00:08

«Որովհետև տրտմությունը, ըստ Աստծո ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթ. 7; 10)։


Այս խոսքերը Պողոս առաքյալն ուղղում է հունական Կորնթոս քաղաքի քրիստոնյաներին, որոնց, նախքան այս ուղերձը, տխրեցրել ու հանդիմանել էր իր նախորդ` առաջին թղթով:
Կորնթոսի քրիստոնյաները նախ տրտմել էին այդ թղթի պատճառով, բայց հետո այդ տրտմությունից ծնվել էին ապաշխարություն, նախանձավորություն առ Աստված և ճշմարտության ուղուն դառնալու կրակոտ ցանկություն: Լսելով իր Տիտոս աշակերտից կորնթացիների ապաշխարության մասին, Պողոս առաքյալն ուրախանում է և գրում իր այս երկրորդ թուղթը, որտեղ խոսում է երկու տեսակ տրտմության մասին. տրտմություն Աստծո ուզած կերպով, որը փրկական է ու աստվածահաճո, և աշխարհիկ կամ շնչավոր տրտմություն, որը կործանարար է ու ոչ աստվածահաճո: Շնչավոր տրտմությունը վնասակար ու վտանգավոր մի վիճակ է, երբ մենք տրտմում ենք ու վշտանում երկրային բաների համար կամ դրանց կորուստով: Իսկ հոգևոր (կամ «Աստծո ուզած կերպով» ) տրտմությունը մեր հոգու փրկության գործին խանգարող, Աստծուց ու սրբություններից մեզ հեռացնող, բարի ընթացքից շեղող, հոգևոր կուրություն և անզգամություն բերող բաներից առաջացած տրտմությունն է, որ սկիզբն է ապաշխարության:


Այսպիսով, սուրբ առաքյալն առաջադրում է տրտմության այս երկու կերպերը, որոնցից յուրաքանչյուրն էլ մարդու կյանքում հնարավոր է և նույնիսկ անխուսափելի: Միաժամանակ առաքյալը զգուշացնում է, որ դրանցից վերջինը կարող է անդառնալի կորուստների պատճառ դառնալ, և դրանից զգուշանալ է պետք, իսկ առաջինը կարող է դեպի ապաշխարություն ու փրկություն տանող ճանապարհի նախադուռ դառնալ:
Այնպես, ինչպես բժիշկը շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է կատարվում հիվանդի հետ, կարողանում է ճիշտ պահին, ճիշտ կերպով մատը ճիշտ վերքի վրա դնել ու ասել, թե ինչպես պետք է բուժել, նույնպես առաքյալը, լինելով հոգևոր բժիշկ, քրիստոնյայի կյանքի ներքին, հոգևոր խոցերի վրա մատ է դնում և ասում. «Սա այսպես պիտի ուղղվի»: Ասում է. «ՈՒրախ եմ, որ իմ նամակից տրտմեցիք, ուրախ եմ, որ իմ նամակը ցավեցրեց ձեզ: ՈՒրախ եմ, որ իմ նամակը հանդիմանություն եղավ, տեսա արդյունքը և հասկացա, որ ճիշտ էր: Այնպես, ինչպես հայրն է խրատում. խրատելիս սիրտը ցավում է, բայց արդյունքն իրեն ուրախացնում է»: Այսպես խրատելիս, իբրև ծնող և իբրև զավակ, մեր զգացողությունները տարբեր են լինում: Զավակը խրատելու ընթացքում կարող է տրտմել ու մտածել, որ իրեն իզուր են խրատում, հանդիմանում, պատժում, նույնիսկ` իրեն չեն սիրում: Բայց ծնողը համոզված է, որ իր խրատը իզուր չէ. պետք չէ, որ իր զավակն անարժեք բաների համար լացի կամ ջանք թափի, այլ պետք է զգա, որ իր այդ ձգտման մեջ ինքը սխալներ է թույլ տալիս և պետք է դրանց համար տրտմի ու զղջա:


Որպես կանոն, տրտմություն առաջանում է, երբ ինչ-որ բանի դատարկությունն է հասկացվում. փիլիսոփայական այն ընկալումը, որ ունայն է ամեն բան: Այնպես, ինչպես որ մարդը փորձում է մարաթոնյան վազքուղին անցնել, բայց, հասնելով վերջնագծին, տեսնում է, որ այն, ինչի համար ինքը վազել է, չկա: Դրա համար հաճախ այն մարդիկ, որոնք հասնում են նպատակակետին, ասում են. «Ընթացքն ավելի քաղցր էր, քան ավարտը»: Իրական ապաշխարությունը վերադարձն է, մտքի փոփոխությամբ հասկանալն է, որ այն, ինչը համարում էինք լավ ու ճիշտ, իրականում դատարկ է ու անօգուտ: Եվ հասկանալը, թե իրականում ինչն է գերագույն բարիքը:


Հոգևոր տրտմության այսպիսի չափանիշների մեջ մենք ևս պետք է տարբերակենք, թե ինչ տրտմություն ենք ունենում: Աստծո կողմից եկած տրտմությունն առժամանակյա տրտմություն է ու հետո վերածվում է ուրախության: Իզուր չէ, որ Տերն այն համեմատում է ծննդաբերող կնոջ տրտմության հետ: Առժամանակյա այս տրտմությունն այն բանի համար է, որ մենք հասկանանք աստվածային հավիտենական արժեքները: Մարդը հասկանում է այս կամ այն բանի դատարկ լինելը, բայց այդպես էլ չի կարողանում գտնել, թե որն էր արժեքավորը: Նա անցողիկ ու հավիտենական չափանիշների մեջ չի կողմնորոշվում և իրեն հայտնաբերում է ամայության մեջ: Այդպիսի տրտմությունը մահ է բերում: Ներքին ամայացումը, անապատացումը մարդուն տանում են հուսահատության: Իսկ Աստծո տրտմությունը մղում է ապաշխարության:


Ով ներսում թույն ունի, ուրեմն իր խնդիրները Քրիստոսին չի հանձնել: Անապատական հայրերից սուրբ Պաիսիոս Աթոսացին ասում է. «Հասկանում եմ, երբ Քրիստոսից հեռու գտնվող մեկն է տրտմության մեջ, սակայն, երբ Քրիստոսին մոտ գտնվողն է տրտմած, չեմ հասկանում, որովհետև, եթե անգամ ցավ ունենա, Քրիստոսն այդ ցավը քաղցրացնում է... Տխրությունն Աստծուց հոգևոր ուրախություն է և հոգուն մխիթարություն է բերում, այնինչ տխրությունը, որ Աստծուց չէ, մարդուն մտատանջության և անելանելի վիճակի է հասցնում... ՈՒրախությունը Քրիստոսինն է, տրտմությունը` սատանայինը»:


Տրտմությունն ու հուսահատությունը մեծագույն մեղքեր են. ներքուստ կրծելով մարդու սիրտը, նրան կորստյան են մատնում: «Ինչպես ցեցը վնասում է հագուստին, և որդը` փայտին, այնպես էլ տրտմությունն է վնասակար մարդու սրտին» (Առակ. 25; 20): Կյանքում ինչ-ինչ փորձություններ տեսած մարդը, ով չի ապավինում Աստծուն, չի հուսում և հավատում Նրան իր կյանքի դժվարին օրերին, ակամա հայտնվում է տրտմության մեջ` կորցնելով կենսուրախությունը, հույսն առ Աստված: Մինչդեռ չկա մի դժվարություն, փորձություն, որն Աստծո օգնությամբ մարդը չկարողանա հաղթահարել: Չկա մի մեղք, որն անկեղծ խոստովանության ու ապաշխարության դեպքում Աստված թողության չարժանացնի: Քրիստոնյայի համար տրտմության դեմ պայքարի լավագույն միջոցն աստվածճանաչողությունն է, որովհետև նա գիտակցում է, որ նեղություններն ու տրտմությունն իր կյանքի անբաժանելի մասն են, որոնք հաղթահարվում են հավատքով ու համբերությամբ: Այս հավատքով ու համբերությամբ ձեռք բերված հաղթանակն է, որ բերում է տրտմությանը հաջորդող հոգևոր ուրախությունը: Այն հավիտենական է և չի կարող համեմատվել այս աշխարհի անցողիկ ուրախության հետ, որը միաժամանակ կարող է պարուրել մարդուն, իսկ կորուստի դեպքում` ցավ ու դառնություն պատճառել: Իսկ հոգևոր ուրախությունը վերերկրային է և տարբեր է սովորական երկրային զվարթությունից: Աստված մեր մեջ տրտմություն է դրել ոչ այն բանի համար, որ կործանենք մեզ, այլ որպեսզի դրանից մեծագույն օգուտ քաղենք: Տրտմություններն ու փորձությունները, մեզ պատահած տխրությունները, ոչ պակաս քան բարիքները, բացահայտում են մեր նկատմամբ ունեցած Աստծո խնամակալությունը: Թախիծն ու տրտմությունն այն բանի համար չեն, որ մենք վշտանանք մահվան, հարստության կորուստի կամ նման այլ բաների առիթով, այլ որպեսզի օգտվենք դրանից, քավենք մեր մեղքերը: Տրտմողը պետք է վշտանա ոչ այն բանի համար, որ ինքը պատժվում է, այլ այն բանի համար, որ իր մեղքերով բարկացնում է Աստծուն: ՈՒրեմն, քրիստոնյան, եթե նա տրտմում է, կարող է ունենալ երկու առիթ. կամ եթե ինքն է զայրացնում Աստծուն, կամ եթե նույնը անում է իր մերձավորը: Մենք պետք է այնպես հոգ տանենք իրար, ինչպես հոգ ենք տանում ինքներս մեզ և գթանք մեր մերձավորներին ճիշտ այնպես, ինչպես Աստված` մեզ: Իսկապես, ոչ ոք իրեն այնպես չի գթում, ինչպես Աստված ամենքիս, Ով մեզանից ավելի շատ է ցանկանում, որ մեզ ոչ մի չարիք կամ տրտմություն չպատահի: Նրան փառք, ամեն:


Տեր Պարգև քհն. ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ