«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թատրոնը պետք է անի այն, ինչ եկեղեցին, միայն ավելի լավ

Թատրոնը պետք է անի այն,  ինչ եկեղեցին, միայն ավելի լավ
26.10.2018 | 02:26

Որպես ոչ անտարբեր և անտեղյակ հանդիսատես, ամիսներ առաջ իմ նկատառումները հասցեագրել էի ՀՀ մշակույթի նախարարին: Արձագանքը եղավ քար լռությունը: Փորձեցի հասկանալ, արդարացնել տիկին Մակունցի զբաղվածությունը, բայց… Շաբաթներ անց չհաշտվեցի այն մտքի հետ, որ նախարարությունում չի գտնվել մեկը կամ ի հայտ եկածը ժամանակ չի ունեցել պատասխանելու մանկավարժիս, ու չեմ թաքցնում, անտարբերությունն աստիճանաբար վերածվեց վիրավորանքի, որովհետև աշակերտներիս հետ քննարկել էինք նամակի բովանդակությունը, և դա կոլեկտիվ տպավորության արդյունք էր: ՈՒ հիմա հարկ եմ համարում հիշեցնել. նպատակս ամենևին էլ իմ սիրելի սունդուկյանցիներին փնովելը չէ, այլ իրական պատկերը ներկայացնելը: Անդրադառնալիս ցավով եմ գրում, որովհետև մայր թատրոնն իմ «բնօրրանն» է եղել, և միշտ հպարտացել եմ աճեմյանական դպրոցով:
Ընթացքում շատ ջրեր են հոսել:


Նոր տնօրենության մուտքով նկատելի են ոչ միանշանակ ընդունվող փոփոխություններ թե՛ խաղացանկում, թե՛ շենքային պայմաններում և թե՛ տոմսերի արժեքներում:
Դասավանդելով գրականություն՝ իմ սրբազան պարտքն եմ համարել առաջնային գծում պահել աշակերտների գեղագիտական դաստիարակությունը: Չէ՞ որ գրականությունն արվեստ է, իսկ մինչ առաջին քայլերը դեպի մշակութային օջախներ, աշակերտներին ծանոթացրել եմ թատրոնում պահանջվող վարվելաձևի կանոններին:


Աշխատանքային կենսափորձից ելնելով՝ պարբերաբար հայ գրականության դասերը անցկացրել եմ թատրոնում. Ցանկացած ներկայացումից հետո աշակերտները յուրովի են ընկալել տվյալ հեղինակին, անցնելիք դասի թեման, ուստի մենք պարտավոր ենք բեմից միշտ լսել արտահայտիչ խոսք՝ ճիշտ շեշտադրությամբ, ասմունք և փորձել վերցնել գեղեցիկը, որովհետև թատրոնն ինքը կենդանի լեզու է, շունչ, բեմ և հանդիսատես, բայց, ցավոք սրտի, ինն ամիս շարունակ աշակերտներով տեղում դոփեցինք, որովհետև խաղացանկում միայն Արմեն Էլբակյանի և նրա դստեր բեմադրած ներկայացումներն էին՝ «Մուսալեռ», «Պեպո», «Մեծապատիվ մուրացկաններ», «Հարսնացու հյուսիսից», «Սառցե սիրտը» (մուլտֆիլմի կրկնօրինակը): Երբ զանգել եմ թատրոն և հետաքրքրվել ընթացիկ խաղացանկով, նույն բանն եմ լսել. «դահլիճն արդեն գնված է» (բառացի մեջբերում է): Լավ է, որ տոմսերը կանխավ իրացված են, բայց ինչպե՞ս…


Երևանից դուրս, այդ թվում և մեր մարզում բաժանված տոմսերը ակադեմիական թատրոնի տոմսերին չեն համապատասխանում ո՛չ տեսքով, ո՛չ գնարժեքով: Օրինակ, երբ ձեռք բերած «Մուսալեռ» ներկայացման (ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին) և մեր դպրոց մարզպետարանից ուղարկած տոմսերը (ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, ցերեկային ներկայացում՝ դասապրոցեսի հաշվին) համեմատեցի, տարբերվում էին, և կար գնային տարբերություն: Իմ վերցրած տոմսերի արժեքը 1000 դրամ էր (երեկոյան ներկ., օթյակաշարք), իսկ նույն տեղի տոմսերը (ցերեկային ներկ.,)՝ 1500 դրամ: Դպրոցում գլուխ բարձրացրին կասկածը և ինչուն: Ավելացնեմ նաև, որ այդ նույն ամսում թատրոնում ավելի շատ ցերեկային ներկայացումներ էին, քան երեկոյան, փաստորեն, թատրոնի «ցեխը» աշխատում է միայն ցերեկը՝ այն դարձնելով պատանի հանդիսատեսի թատրոն:


Կարծում եմ, թատրոնի տնօրենությունը, թատերաշրջանի բացումից սկսած, մի նպատակ է ունեցել՝ ժողովուրդ բերել և դահլիճ լցնել: Բայց մայր թատրոնի դահլիճը տոնավաճառի տաղավար չէ, որ միայն առևտրով զբաղվեն և պլանային առաջադրանք կատարեն: Այո՛, հարկավոր է դպրոցականներին բերել թատրոն, բայց ոչ ամբողջ դահլիճը լցնել պատահական մարդկանցով, որոնք թատրոնը դիտում են որպես իրենց «գեղի կլուբ»: Ասածիս վկայությունը հենց «Մուսալեռ» ներկայացման ժամանակ դահլիճում հնչած ռեպլիկները, սուլոցներն ու տեղին-անտեղի ծափահարություններն էին:


Տպավորությունս այնպիսին է, որ ազգային ակադեմիական թատրոնը դարձել է մի քանի մարդկանց մասնավոր սեփականությունը՝ Արմեն Էլբակյան-Լիլի-Աննա Էլբակյան… Իմ սուբյեկտիվ կարծիքով, Աննա Էլբակյանը լավ դերասանուհի է թե՛ խաղով, թե՛ արտաքինով (կինոյում հարմար է), սակայն ոչ մայր թատրոնի բեմի համար, որովհետև նա ձայն չունի, իսկ եղածը և հևոցը ականջ են սղոցում, ամֆիթատրոնում նստած հանդիսատեսը չի լսում նրա խոսքը, քանի որ խաղընկերները խլացնում են նրան:
Ես վկան եմ նաև թատերաշրջանի բացման օրվա, երբ սփյուռքահայ հանդիսատեսները մի քանի անգամ բղավեցին. «Քիչ մը բարձր, բան մը չի լսվեր», հետո իրար նայեցին ու լքեցին դահլիճը:


Թատրոնն այն տաճարն է, ուր պետք է մուտք գործել ամենայն երկյուղածությամբ և դուրս գալ հոգեկան մեծ բավարարվածությամբ: Ի միջի այլոց, «Հարսնացու հյուսիսից» ներկայացման պրեմիերային, հարգարժան տնօրեն, Ձեզ տեսա, թե ինչպես էիք հրճվանքով նորանշանակ նախարարին ցույց տալիս բարեփոխված տոմսարկղը, բայց մոռացաք մի անկյուն, քանի որ այնտեղ ազդագրերում կրկին Արմեն Էլբակյանն էր իր ներկայացումներով, կարծես մինչ այդ թատրոնում ոչինչ չի եղել:


Տեղափոխվելով այլ ոլորտ, շարունակենք մեր քայլերը դեպի հանդերձարան: Ստանիսլավսկին է ասել. «Թատրոնը սկսվում է հանդերձարանից»: Իսկ այստեղ, հակառակ իմաստին, ձեզ բարեհամբույր ժպիտով կդիմավորի հսկիչ-ջուր վաճառողը: Այո՛, եթե թատրոնը սկսվում է հանդերձարանից, ապա այդտեղից սկսվում է շշերով ջրի վաճառքը (100-դրամանոցը՝ 200 դրամ), երբ ջրի կարիք ունեցողների համար շենքի ներսում կա ցայտաղբյուր, բայց փակ վիճակում: Դե ե՛կ, ուսուցի՛չ, ի՞նչ ասես աշակերտին, երբ նախապես զգուշացրել ես՝ չի կարելի դահլիճ մտնել ջրի, հյութի շշերով, կոնֆետներով, խրթխրթան ձողիկներով, իսկ նա նախասրահում տեսնում է թատերական աշխարհի մտացածին բիզնեսը:
Ոչ վաղ անցյալում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում մեզ համար շատ կարևոր և բացառիկ ներկայացումներ կային, որոնք նպաստում էին դպրոցականի մարդ տեսակի ձևավորմանը, քննադատական և վերլուծական կարողությունների զարգացմանը, հայրենասիրական ոգու առկայծմանը, հոգևոր արժեքների և անհատի հոգևոր որակների ձևավորմանը: Եթե աշակերտն անգամ գեղարվեստական գրականությունը կարդացած չէր լինում, ապա գոնե մասնակցում էր ներկայացմանը և պատկերացում կազմում գրական նյութի մասին: Թվարկեմ չմոռացված մի շարք ներկայացումներ՝ «Մեծ լռություն» (Դ. Վարուժան), «Անվերջ վերադարձ» (Պ. Սևակ), «Համլետ» (Շեքսպիր). (Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում), «Պատվի համար» (Շիրվանզադե), «Ռուզան» (Մուրացան), «Հին աստվածներ» (Լևոն Շանթ), «Ջոն արքա» (Շեքսպիր), «100 տարի անց» (Պ. Զեյթունցյան), «Արծվաբույն» (Սունդուկյանի անվ. թատրոն): Խոստովանեմ, վերոհիշյալ ներկայացումներից հետո դահլիճից դուրս էինք գալիս նոր մտահայեցությամբ, մի նոր ոգևորվածությամբ, սակայն մոտ մեկ տարի է, ինչ այլ տպավորություն ենք ստանում:
Մի անմեկնելի փաստ. Մեծ եղեռնի նախօրեին Սունդուկյանում չներկայացվեց «Ոտքի՛, դատարանն է գալիս» բեմադրությունը՝ նվիրված Սողոմոն Թեհլերյանին, երբ 30 և ավելի տարիներ չի իջել բեմից, իսկ ամեն նոր սերունդ հուզված, ազգային վեհ արժանապատվությամբ, արցունքախառը դեմքով օրը շարունակել է մոմավառությամբ դեպի Ծիծեռնակաբերդ: Միգուցե պատճառաբանեն՝ «մաշված» ներկայացում է, իսկ մի՞թե հնանում են ազգասիրությունը և հայրենասիրությունը։


Ցանկացած թատերասեր հստակ գիտի, որ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին դրամատիկական թատրոնում ներկայացում կա, և վստահ կարող է, կանխավ տոմս ամրագրելով, գնալ թատրոն, որովհետև խաղացանկը ժանրային առումով բազմազան է, իսկ հանդիսատեսը՝ պատշաճ մակարդակի: Նույնը չի կարելի ասել մայր թատրոնի մասին:
Հասկանալի է տնօրենության նոր խաղի ընթացքը. այդ ներկայացումների պահանջարկը չկա, որպեսզի շարունակվեն միայն էլբակյանական ներկայացումները, իսկ իրենք էլ շարունակեն իրենց գործը՝ դահլիճ լցնեն: Բայց ախր թատրո՜նը…
Վերջերս, իսկ ավելի ստույգ, հոկտեմբերի 14-ին, 70-80 աշակերտներիս հետ կրկին եղանք թատրոնում: Ազդագրում նկատելի փոփոխություններ տեսանք, թարմացված խաղացանկով, մեծ ու լուսավոր ազդագրերը հույսեր արթնացրին, բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչու են մի ներկայացման գովազդային 4-5 վահանակները կողք կողքի փակցնում խտրականության սկզբունքով: Իսկ ներսում, «Պեպո» ներկայացման առաջին գործողության ժամանակ, դահլիճում անհանգիստ էր, փոքր երեխայի լաց ու ծնողի անտարբերություն:
Հարկադրված դիմեցի հսկիչներին, գլխավոր ադմինիստրատորին: Առիթ հանդիսացավ, որ դժգոհությունս հայտնեի նաև տնօրենի տեղակալ ոմն Հրաչ անունով երիտասարդին, որից հետո երկրորդ գործողությունը նայեցինք հանգիստ պայմաններում:


Փաստորեն ստացվում է, որ այսօր թատրոնում հանդիսատեսն իր քմահաճույքն է թելադրում հեռախոսազանգերով, պարբերաբար հեռախոսին նայելով, ծամոն ճտճտացնելով, կլկլոցով ջուր կամ հյութ խմելով, ընտանյոք հանդերձ ներկայացման գալով (3-10 տարեկան երեխաներ) և մերթ ընդ մերթ երեխաներին պետքարան վազեցնելով: Այս ամենը տեսնելով՝ լռե՞լ… Գուցե տնօրենությունը միջոցնե՞ր ձեռնարկի «նոր հայերի» համար և ազդագրի տեսքով ներկայացնի ու պահանջի թատրոնում պահպանել վարվելակերպի կանոնները:
Յուրաքանչյուր թատրոն, ժամանակի պահանջները նկատի ունենալով, պետք է երբեմն քննադատաբար նայի իր ստեղծագործական ծրագրերին, սկզբունքներին և չափանիշներին, պահպանի իր լավագույն ավանդույթները: Հարկավոր է վերականգնել թատրոնի նկատմամբ նվիրվածությունը, ակնածանքն ու սերը։ Հիշենք արժանապատիվ վանեցու՝ Խրիմյան Հայրիկի խոսքերը.
«Ազգը պահող Սուրբ երրորդություն եկեղեցի-դպրոց-թատրոն»։
Թատրոնն անում է այն, ինչ եկեղեցին, միայն ավելի լավ:


Անուշ ՇԱՀԻՆՅԱՆ
Մանկավարժ

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ