Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բարձր պարիսպների ու չնահանջող անվստահության մասին

Բարձր պարիսպների ու չնահանջող անվստահության մասին
30.10.2018 | 02:03

Ինչքան էլ նոր իշխանություններն ամենատարբեր ամբիոններից հայտարարեն, թե Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն է, այդուհանդերձ, գոնե ըստ քաղաքագիտության տեսության, մեր երկրում սոսկ սահուն իշխանափոխություն է եղել:

Գնալով համոզվում ենք, որ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային ու, առհասարակ, բոլոր ոլորտներում իրավիճակը շարունակում է առաջ մղվել այն նույն ոգով, ինչ նախկինում էր: Ըստ ռուս հայտնի տնտեսագետ Ալեքսանդր Աուզանի՝ վերոնշյալ երևույթը հատուկ է հատկապես փակ հասարակություններին, երբ երկրի տնտեսական զարգացումն ուղիղ համեմատական է իշխանությունների ու հասարակության միջև առկա պարիսպներին:
Ծանոթ-բարեկամներին կարևորագույն պաշտոնների նշանակելու համար նախորդ իշխանություններին անընդհատ մեղադրող նոր իշխանություններն առաջնորդվում են նույն՝ «բա մեր ծանոթին չվստահենք, էլ ու՞մ վստահենք» մտածելակերպով: Հայաստանում անկախացումից ի վեր այս տրամաբանությունը փաստացիորեն չի նահանջում: Իշխանության եկող ուժն իր թիմակցից ու մտերիմից բացի մեկ ուրիշին չի ցանկանում վստահել՝ անկախ տվյալ մարդու փորձից, գիտելիքից ու կարողություններից: Անվստահությունը, փաստորեն, սոցիալական բնազդ ու քաղաքական մտածողություն է դարձել: Դրա ամենավառ ու ամենաանընդունելի դրսևորման ականատեսը եղանք Կապանի ընտրությունների ժամանակ, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությունից հետո անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարակուսանք հայտնեց ընտրությունների ընթացքի առնչությամբ, ինչին էլ հաջորդեցին ՊԵԿ-ի իրականացրած ստուգումները նորընտիր քաղաքապետի եղբորը պատկանող ընկերությունում: Սա արդեն պետական ծառայության ոլորտում քաղաքական անվստահության դրսևորում է:
Վստահության ցուցիչներից են նաև պարիսպների առկայությունն ու դրանց բարձրությունը։ Որքան հաջողակ է չինովնիկը կամ քաղաքականության մեջ արմատներ գցած գործարարը ու որքան լավ է յուրացրել պետական միջոցներն ի շահ իրեն ծառայեցնելու «արհեստը», այնքան բարձր ու շքեղ է նրա առանձնատան պարիսպը: Հատկապես քաղաքամայր Երևանում բարձր պարիսպների պակաս չկա: Սկանդինավյան երկրներում, օրինակ, պարիսպներ չկան առհասարակ, քանի որ այդ երկրի հասարակությունը մերժում, ընդհուպ վիրավորական է համարում պարսպի գաղափարը: Պարիսպն ինքնին փակ լինելու, դիմացինին չվստահելու, ինքդ քեզ ապահովագրելու տրամաբանություն է ենթադրում, իսկ քանի դեռ վստահություն չկա, անիմաստ է խոսել արդարությունից:


Առավել վտանգավոր է հատկապես, երբ պարսպային մտածողությունը տեղափոխվում է վստահության դաշտ: Հայաստանի նախկին իշխանական էլիտաների ստեղծած այդ պարիսպները նորեկները չեն քանդում: Համադրելով բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպը, Կապանի քաղաքապետի ընտրությունները, պետական ավտոպարկի կրճատման և հասարակական տրանսպորտով աշխատանքի գնալու մասին այդպես էլ կյանքի չկոչված հայտարարությունները և այլն՝ արձանագրում ենք, որ նոր կառավարիչներն այժմ ավելի բարձր պարիսպներ կառուցելու հիմքեր են գցում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ